Սեպտեմբերին Լոս Անջելեսի հեղինակավոր Greek Theatre-ում կայացավ «Նախնիների կանչը» (“Echoes of Our Ancestors”) բացառիկ համերգ-ներկայացումը, որը հարգանքի տուրք էր հայոց պատմությանը։ Նախագծի հեղինակն ու բեմադրիչը Արման Նշանյանն է, իսկ պրոդյուսերը՝ Ասկո Հակոբյանը։ Երկուսն էլ միավորել էին մի շարք ճանաչված արվեստագետների, որոնց թվում էր նաև երգիչ Սևակ Ամրոյանը։ Վերջինս, արդեն հայրենիքում, NEWS.am STYLE-ի հետ կիսվել է իր տպավորություններով՝ պատմելով այս հզոր մշակութային իրադարձության մասին, որտեղ ինքն ամենաշատ ելույթ ունեցած արտիստներից մեկն էր։

«Երբ Արմանն ու Ասկոն ինձ հրավիրեցին մասնակցելու, սկզբում չէի պատկերացնում, թե ինչ է սպասվում։ Բայց երբ տեսա՝ ինչքան մանրակրկիտ է ամեն ինչ արվում, հասկացա, որ սա պարզապես համերգ չէ։ Դա վեգասյան շոուի մակարդակի բեմադրություն էր՝ ամեն մանրուքի մասին մտածված։ Եզակի էր նաև այն, որ բոլոր մասնակիցների համար հատուկ հագուստներ էին կարվել։ Սա իսկապես բացառիկ նախագիծ էր թե՛ մասնակիցների բազմազանությամբ, թե՛ որակով, որն այսօր հազվադեպ է հանդիպում, հատկապես խմբային բեմադրություններում։ Ինձ համար մեծ պատիվ էր նույն բեմը կիսել նման անունների հետ»,– ասում է երգիչը։
Նրա խոսքով՝ իրեն չէր վախեցրել տարբեր ժանրերի արտիստների՝ մեկ բեմում միավորելու գաղափարը․ նա լիովին վստահել էր կազմակերպիչների տեսլականին։

«Հայոց պատմությանն այս ձևաչափով անդրադառնալու միտքը շատ ոգևորող էր։ Գրեթե մյուզիքլային ձևաչափը նորություն էր մեր մշակույթի համար։ Ի վերջո, նման մասշտաբի նախագծի միշտ չէ, որ կարող ես մասնակցել։ Ամեն ինչ հրաշալի էր՝ սկսած բեմից մինչև հագուստները։ Նույնիսկ հեռավորությունը չէր խանգարել․ մարդիկ կարողացել էին իդեալական հագուստներ ստեղծել՝ պարզապես չափսերով առաջնորդվելով (ժպտում է)»։
Ամրոյանը նաև առանձնացրեց համերգի դիրիժոր Սերգեյ Սմբատյանի դերը՝ ընդգծելով նրա վարպետությունը և պրոֆեսիոնալ մոտեցումը։
«Մենք ունեինք և սիմֆոնիկ նվագախումբ, և ժողովրդական գործիքներ։ Սերգեյ Սմբատյանի շնորհիվ համերգը դարձավ իսկապես հրաշալի։ Միայն 1-2 փորձ էինք արել, բայց արդյունքը հիանալի էր։ Սա վկայում է նրա վարպետության բարձր մակարդակի մասին։ Այդքան արտիստների, այդքան երգերի դեպքում նման ներդաշնակությունը խոսում է բացառիկ կազմակերպվածության մասին։ Համերգը ստացվեց բոլորի՝ Սմբատյանի, երաժիշտների, արտիստների ու կազմակերպիչների ջանքերի շնորհիվ։ Սմբատյանը միավորողն էր, իսկ մենք՝ նրա ստեղծած հնչյունային հրաշքի մասնակիցները»։
Սևակ Ամրոյանը համերգի ընթացքում երեք ելույթ է ունեցել՝ յուրաքանչյուրը տարբեր կերպարով և բեմադրական լուծումով։
«Առաջին ելույթում կատարեցի «Յարխուշտան»՝ բեմում պարողների հետ էի: Երկրորդ ելույթս եղավ իմ ընկերների՝ Արմեն Դավթյանի և Սուրեն Ավոյանի հետ, ովքեր այժմ ապրում են ԱՄՆ-ում։ Նրանց հետ համատեղ ելույթն իմ առաջարկն էր Արման Նշանյանին․ խորհրդանշական էր, քանի որ միասին «Ժողովրդական երգիչ» նախագծում մեծ ճանապարհ ենք անցել։ Երրորդ ելույթը Սերժ Թանկյանի հետ զուգերգն էր՝ «Ամպերը»: Ներկայացրինք այն աստղերի ներքո՝ 6000 հանդիսատեսի առջև։ Մթնոլորտը բառերով նկարագրել չի լինի։ Բոլորը նշում էին, որ նման մասշտաբի և որակի մշակութային իրադարձություն Լոս Անջելեսում չէր եղել։ Կարծում եմ՝ նույնիսկ Երևանում նման մակարդակի համերգ հազվադեպ է անցկացվում։ Եթե նախագիծը շարունակություն ունենա, մեծ սիրով կմասնակցեմ»։

Երգչի խոսքով՝ այս համերգը նաև հիանալի առիթ էր Սերժ Թանկյանի հետ իրենց համատեղ ստեղծագործությունը կրկին ներկայացնելու համար։
«Մինչ այս պահը մենք «Ամպերը» կատարել էինք «STARMUS VI» միջազգային փառատոնի շրջանակում։ Այն բացառիկ համերգ էր՝ բացառիկ երաժիշտներով։ STARMUS-ը հիմնադրել են աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանն ու լեգենդար Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը։ Այդ օրն էլ էինք երգը ներկայացրել սիմֆոնիկ նվագակցությամբ։ Ի դեպ, հենց Սերժն էր առաջարկել, որ ես ևս մասնակցեմ։ Նա նշել էր, որ ցանկանում է միասին հանդես գանք։ Դա ինձ համար մեծ պատիվ էր։ Այդ միջոցառման ընթացքում Սերժն ինձ ծանոթացրեց Բրայան Մեյի հետ՝ բացառիկ հանդիպում, որը բոլորին չի տրվում։ Շատ շնորհակալ եմ Սերժին՝ վստահության և բարեկամության համար։ Դա փոխադարձ հարգանք է»։
Թեպետ միասին հաճախ չեն բեմ բարձրանում, Ամրոյանը վստահեցնում է, որ Թանկյանի հետ ձևավորվել է ջերմ և անկեղծ ընկերություն։
«Թանկյանն իմ լավ ընկերներից մեկն է։ Չնայած իր աստղային կարգավիճակին՝ նա շատ պարզ և համեստ մարդ է։ Մեր համագործակցությունը մեզ դարձրեց իսկական ընկերներ։ Մենք ընտանիքներով ենք մտերիմ։ Համերգի ընթացքում ունեինք նաև կարևոր ուղերձ՝ խաղաղության և ներդաշնակության մասին»:
Երգիչը նշեց, որ նրանք արդեն մտածում են նոր զուգերգի մասին։

«Դեռ նախապատրաստական աշխատանքներ չենք սկսել, բայց որոշել ենք՝ պետք է ունենանք ևս մեկ համատեղ երգ։ Ժամկետների մասին խոսել վաղ է, բայց համոզված եմ՝ այն կդառնա ոչ պակաս ազդեցիկ։ «Ամպերը» զուգերգից հետո մինչ օրս օտարազգի մարդիկ գրում են ինձ, կիսվում տպավորություններով։ Երաժշտությունն իսկապես սահմաններ չունի։ Հպարտ եմ, որ մեր համագործակցությունը նոր լսարան ձևավորեց, որն այսօր հետաքրքրվում է հայկական երաժշտությամբ։ Միջազգային մամուլն էլ արձագանքեց՝ ներառյալ “Rolling Stone”-ը։ Դա մեծացնում է պատասխանատվությունն ու պարտավորությունը՝ շարունակել նույն որակով»:
Ներկա պահին Սևակ Ամրոյանը Հայաստանում է և ակտիվորեն զբաղված է նոր երգերի ստեղծմամբ։ Երգիչը պատմեց, որ իր նոր երգերից մեկի խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, իսկ երաժշտությունը գրել է ԴերՀովան։
«Այս երգի վրա սկսեցինք աշխատել դեռ «Ազգային երգիչ» նախագծի շրջանակում, որտեղ Ավետի հետ ժյուրի էինք։ Համոզված եմ, որ այն մեծ հաջողություն կունենա։ Ավետը, ի դեպ, նաև «Յարխուշտա» երգի խոսքերի հեղինակն է», -նշեց Ամրոյանը։
Երգիչը հավելեց, որ ժյուրիի կազմում լինելը յուրահատուկ փորձ էր․
«Շատ հաճելի և միաժամանակ պարտավորեցնող էր լինել այն նախագծի ժյուրիի կազմում, որտեղ տարիներ առաջ ինքդ ես եղել մասնակից և հաղթող։ Մեծ պատիվ էր երկու եթերաշրջան շարունակ ժյուրիի կազմում լինելը»։
Բացի նոր երգից, Սևակ Ամրոյանը պատրաստում է ևս մեկ երաժշտական անակնկալ․
«Զուգահեռաբար աշխատում եմ նաև մի հին համշենական երգի վրա, որը ներկայացնելու եմ նոր գործիքավորմամբ»։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 25 սեպտեմբերի
90 տարեկան, 19 տիտղոս և երազանքի մարմին. ճապոնացի բոդիբիլդերը չի պատրաստվում ծերանալ22:17, 25 սեպտեմբերի
Աշխարհի ամենաթանկ վիսկիի շիշը վերադարձել է աճուրդի, և այն կարող է գերազանցել սեփական ռեկորդը21:10, 25 սեպտեմբերի
Max Mara-ն գերզբաղված կանանց համար նոր հավաքածու է ներկայացրել20:22, 25 սեպտեմբերի
Բրիտանացի գիտնականները պարզել են, թե ինչու են չափազանց առատաձեռն տղամարդիկ վախեցնում կանանց19:18, 25 սեպտեմբերի
Ինչպիսի՞ն է ապագայի Երևանը, և արդյո՞ք քաղաքները կնախագծվեն արհեստական բանականության կողմից. SHARE Armenia 2026-ի կարևորագույն պահերը16:16, 25 սեպտեմբերի
«Նա հիմա երիտասարդ տղամարդ է». Մելանյա Թրամփը ակնարկել է 20-ամյա Բարոնի հետ հարաբերությունների փոփոխությունների մասին15:47, 25 սեպտեմբերի

15:24, 25 սեպտեմբերի
Էդ Շիրանը կորցրել է գրեթե կես միլիոն հետևորդ Մաքքլմորի շուրջ ծագած վեճերի պատճառով14:37, 25 սեպտեմբերի
Լորեն Սանչեսը Սպիտակ տանը ընթրիքի ժամանակ ցուցադրել է իր՝ աչքի ընկնող կազմվածքը14:33, 25 սեպտեմբերի
Շերոն Սթոունը հայտարարել է, որ ինքը սեքս-խորհրդանիշի կերպարը թողել է անցյալում. «Ես այդ ճանապարհն անցել եմ»14:16, 25 սեպտեմբերի
Քիմ Քարդաշյանը պատահաբար բացահայտել է Լյուիս Համիլթոնի մականունը13:30, 25 սեպտեմբերի
Գոհար Ավետիսյանը՝ դերասանուհու դերում, Զիրոյանը՝ Արկադի Դումիկյանի կերպարում, իսկ կարմիր գորգին՝ հարսանեկան անակնկալ. կայացավ «Մեկ in Մեկ» ֆիլմի պրեմիերան