«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Նկարիչ, որին Հայաստանը պատրաստ չէ. Վահիդ Շարաֆյանը կրոնի, մերկության, կանացի մարմնի և երեսպաշտության մասին

12:12, 9 նոյեմբերի

Երբ ես կապ հաստատեցի Վահիդ Շարաֆյանի հետ, որը ծնունդով Իրանի Սպահան քաղաքից նկարիչ է, նա գտնվում էր Բալիում։ Մենք պայմանավորվել էինք կարճ զրույցի շուրջ, բայց զրույցը շատ ավելի երկար տևեց։ Շատ էին այն թեմաները, որոնց շուրջ չէր կարելի չխոսել. արվեստ, կրոն, մարմին, ֆեմինիզմ, նեոլիբերալիզմ, քաջություն, որ լինես այն ինչ կաս։ Վահիդը խոսում էր այդ ամենի մասին անկեղծորեն, առանց ետ նայելու և առանց չհասկացվելու վախի։

Արվեստ՝ ժառանգություն արյան մեջ

IMG_3037.jpeg (122 KB)

«Իմ պապիկը մանրանկարիչ էր, իսկ քեռիս դարձավ իմ առաջին ուսուցիչը, երբ ես վեց տարեկան էի», – հիշում է Վահիդը։ – «Մեր ընտանիքը միշտ լի է եղել ստեղծագործ մարդկանցով՝ ճարտարապետներով, կոլեկցիոներներով, նկարիչներով։ Հայրս հնաոճ իրերի խանութ ուներ։ Ես մեծացել եմ արվեստի, ներկերի հոտի և հին նկարների մեջ։ Դա մի մթնոլորտ էր, որում անհնար էր նկարիչ չդառնալ»։

IMG_3038.jpeg (169 KB)

Նրա մանկության կենտրոնական դեմքը եղել և մնում է մայրը՝ դերձակուհի և ծաղկավաճառ՝ ձևի և ճաշակի բնածին զգացողությամբ։ «Նա հագուստ էր կարում մեր համար, ընտանիքի համար։ Բայց նա դա անում էր այնպիսի սիրով, որ ես ժամերով խորասուզվեցի նրա ամսագրերի մեջ՝ Burda, Vogue, 80-ականներ... Դրանք բոլորը կանայք էին՝ գծեր, լույս, դիրքեր։ Կարծում եմ, որ հենց այդ ժամանակ էլ արթնացավ իմ գեղեցկության զգացումը »։

«Ես չունեմ մեկ ուղղություն», - խոստովանում է նա։ «Ես անընդհատ փոխվում եմ։ Բայց կանանց պատկերող իմ պատկերավոր նկարներում ես անկեղծորեն խոստովանում եմ. ես սիրում եմ կանանց։ Նրանք տիեզերքի ամենատպավորիչ արարածներն են»։

IMG_3039.jpeg (146 KB)

Անկախությունից և նորաձևությունից ազատության մասին

Նկարչին հաճախ դասում են «ժամանակակից պարսկական ալիքին». համենայնդեպս, ես այդպես էի կարծում՝ ծանոթանալով նրա կենսագրությանը, բայց նա միայն ժպտաց ի պատասխան. «Ես անկախ եմ։ Ես շատ բան եմ արել իրանական արվեստի տեսարանի համար, բայց ես ինձ չեմ դասում ոչ մի շարժման։ Իմ կյանքն ու իմ արվեստը մեկն են։ Ես չեմ հետևում թրենդներին, ինձ չի հետաքրքրում մեյնսթրիմը։ Ես պարզապես անում եմ այն, ինչ ուզում եմ։ Ով հավանում է՝ լավ։ Ով ոչ՝ նույնը։ Դա ինձանից բխող բնական արտահայտություն է»։

Նրա ազատությունը տարիների ընթացքում տառապանքով ձեռք բերված համոզմունք է։ Վահիդը կանանց դիմանկարների շարք է ստեղծում 2018 թվականից։

IMG_3040.jpeg (140 KB)

«Սկզբում ես պարզապես մոտենում էի աղջիկներին և հարցնում, արդյոք նրանք չեն ցանկանա՞ դառնալ նկարի մաս։ Հետո ամեն ինչ ավելի հեշտ դարձավ. շատերն ինքնուրույն էին ինձ գրում, ցանկանում էին լինել իմ մուսան։ Կարծում եմ, որ իմ նկարները տարբերվում են այլ պատկերային նկարիչների գործերից, որոնք անում են միայն միապաղաղ ակադեմիական անհոգի բաներ»։

Նա անընդհատ ճամփորդում է և յուրաքանչյուր երկրում գտնում է ոգեշնչող կանանց։ Բայց խոստովանում է՝ նույնիսկ XXI դարում մերկությունը դեռևս վախեցնում է։ «Ինձ համար մերկությունը բնական է։ Մերկ լինելը նշանակում է լինել այն ինչ կաս։ Մենք ծնվում ենք մերկ։ Բայց հասարակությունը դրանից տաբու ստեղծեց։ Երբ տղամարդիկ սկսեցին գերակշռել, նրանք սկսեցին «փակել» կանանց։ Մյուս կողմից էլ կրոնը, որը նույնպես ղեկավարում էին տղամարդիկ։ Դա մշակույթ չէ, դա վախ է և վերահսկողություն»։

IMG_3041.jpeg (115 KB)

«Ես պարզապես անում եմ այն, ինչը գեղեցիկ եմ համարում։ Իմ համար մերկությունը բնական է։ Մերկ լինելը նշանակում է լինել այն՝ ինչ կաս։ Մենք ծնվում ենք մերկ։ Երբ Armenian Art Community-ն հրապարակեց իմ նկարները, ես մի շարք ատելություն, մեկնաբանություններ, վիրավորանքներ ստացա։ Ես հասկացա, որ հայ հասարակությունը դեռևս մեծ մասամբ ավանդապաշտ է, այնտեղ շատ տաբուներ կան, հատկապես մարմնի շուրջ։ Ինձ անվանում էին այլասերված, սեքսիստ, միզոգեն, ֆեթֆոբ՝ ինչ ասես չէին անվանում։ Բայց այս ամենը արվեստի և պատմության էությունը չհասկանալուց է։ Նրանք գաղափար անգամ չունեն, որ ես ցույց եմ տալիս կնոջ գեղեցկությունը, մի բան ինչը գեղագիտորեն հրաշալի է»։

Նա չի պաշտպանվում, այլ պարզապես արձանագրում է այն իրականությունը, որը ներկայումս զարգանում է մեր շուրջ։ Մեր զրույցի ընթացքում ես հասկանում էի, որ Վահիդի համար կինը մեկ այլ տիեզերք է, որտեղ բնական գեղեցկությունը դառնում է ազատության մի ձև։

Ֆեմինիզմի, հիջաբի և քաղաքակրթության երեսպաշտության մասին

IMG_3042.jpeg (116 KB)

«Ժամանակակից ֆեմինիստները հաճախ պաշտպանում են հիջաբը՝ ասելով, որ դա «իրենց ընտրությունն է», – ասում է նա։ – Բայց դա ընտրություն չէ։ Դա պարտադրված նորմ է։ Աղջիկներին մանկուց սովորեցնում են, որ ընտանիքի պատիվը կախված է ծածկված գլխից։ Եթե դուստրը առանց հիջաբ է, դու «թույլ տղամարդ» ես։ Դա մշակույթ չէ, դա վերահսկողություն է։ Աշխարհում կան միլիարդավոր մուսուլման կանայք, իսկ հարուստ մուսուլմանական երկրները, ինչպիսիք են Կատարը, Սաուդյան Արաբիան, Էմիրությունները, կարևոր հաճախորդներ են շքեղ ապրանքանիշերի համար՝ Louis Vuitton, Dior և այլն։ Նրանք հիջաբով կանանց համար շարքեր են ստեղծում, քանի որ դա հսկայական շուկա է։ Եթե հեղափոխություն տեղի ունենա հիջաբի դեմ, նրանք կկորցնեն միլիոնավոր հաճախորդներ։ Այդ իսկ պատճառով, երբ Իրանում կանայք դուրս եկան բողոքի ակցիայի, գրեթե ոչ մի արևմտյան ֆեմինիստական ձայն չաջակցեց նրանց։ Ամեն ինչ կախված է փողից»։

«Բոդիպոզիտիվիզմ» և հարմարավետության մարքեթինգ

«Ինձ հաճախ հարցնում են. ինչո՞ւ չկան «պլյուս-սայզ» մոդելներ։ Որովհետև նրբակազմությունը գեղեցիկ է և առողջ։ Ավելորդ քաշը նորմա չէ։ Այդ ամբողջ «բոդիպոզիտիվ» շարժումը հնարված է, որպեսզի ավելի շատ բուրգերներ վաճառվեն», – կատակում է Վահիդը։

IMG_3043.jpeg (130 KB)

«Երբ Chanel-ը, Versace-ն կամ Gucci-ն գեր մոդելներ են դուրս բերում, դա բարության դրսևորում չէ, այլ մարքեթինգ։ Նրանք հորինել են «բոլոր մարմինները գեղեցիկ են» կարգախոսը։ Բայց դա ճիշտ չէ։ Ոչ բոլոր մարմիններն են առողջ և ոչ բոլորն են գեղեցիկ։ Նման կարգախոսների պատճառով կանանց համոզում են, որ ոչինչ պետք չէ փոխել և դա պարզապես ձեռնտու է կորպորացիաներին։ Որովհետև որքան քիչ է մարդ մտածում իր մասին, այնքան շատ է սպառում։ Նույն բանն է տեղի ունենում նաև արվեստի աշխարհում։ Արտ-տեսարանը չի կարող զարգանալ առանց քննադատության։ Բայց այսօր ամեն ինչ հանգեցնում են «հանդիսատեսի ճաշակին»՝ ասելով, որ բոլորի ճաշակները տարբեր են։ Այո՛, բայց պետք է հիշել. որոշ ճաշակներ սարսափելի են, քանի որ դրանք կրթված չեն արվեստի և գեղեցկության պատմությամբ»։

Ցանկության բնույթը և արվեստի ազնվությունը

Ես ուղղակիորեն հարցրի նրան արձագանքների և քննադատությունների մասին և նա նույնքան ուղիղ պատասխանեց ինձ. «Նույնիսկ եթե ինձ այլասերված են անվանում, դա ինձ չի վիրավորում։ Տղամարդն իր բնույթով «այլասերված է», եթե ուզում եք։ Գիտե՞ք, կան տեսահոլովակներ, որտեղ երեք տարեկան փոքրիկն իսկապես չի կարողանում հայացքը կտրել գրավիչ աղջկանից՝ կարճ, զվարճալի տեսանյութեր երկու-երեք տարեկան երեխաների մասնակցությամբ։ Դա մեր բնույթի մեջ է։ Եվ եթե տղամարդը բացարձակապես նման ձգողություն չի զգում, նրա հետ ինչ-որ բան այն չէ։ Ես ասում եմ. այո՛, լավ, թող ես «այլասերված» լինեմ, բայց որպես քաղաքակիրթ մարդ, ես պարտավոր եմ վերահսկել իմ ցանկությունները՝ «այլասերված լինելու» և «զզվելի լինելու» միջև բաժանարար գիծ կա։ Իմպուլսը ինքնին ոչ ոքի չի վնասում։ Ճիշտ նույն կերպ իմ աշխատանքներն անվանում են էրոտիկ։ Եվ ո՞րն է խնդիրը»։

IMG_3044.jpeg (98 KB)

«Այն, ինչ ինձ իսկապես դուր է գալիս իմ նկարներում, այն է, որ դրանք տեխնիկապես հիանալի են արված և իմ կյանքի մի մասն են։ Եվ ես չեմ ստում դրանցում, – շարունակում է Վահիդը։ – Իսկ այսօր արթ-տեսարանում միայն կեղծիք է։ Մարդիկ իրենց մասին ամեն ինչ հորինում են, միայն թե հայտնվեն արթ-աշխարհում։ Սա հատկապես նկատելի է Նյու Յորքում և Լոս Անջելեսում, որտեղ ես ապրում և աշխատում եմ։ Ես բազավորվում եմ Բրուքլինի և Լոս Անջելեսի միջև, թեև շատ եմ ճամփորդում։ Անկեղծ ասած, արթ-տեսարանը միջակ է։ Ես շատ մարդկանց եմ ճանաչում, որոնք փոխել են նույնիսկ իրենց ինքնությունը, միայն թե մասնակցեն ցուցահանդեսին կամ հայտնվեն պատկերասրահում», – նա դա ասում է այնքանհոգնած մարդու նման, ով շատ է տեսել տարբեր երևակայական հանճարների։

«70-ականներին և 80-ականներին նկարիչները պարզապես վերցնում ու անում էին՝ նկարում էին, ստեղծում էին այն, ինչ բխում էր իրենց կյանքից։ Արվեստը ծնվում էր ներսից։ Իսկ հիմա, դեպքերի 90%-ում, ամեն ինչ թելադրում են մեդիաները․ ասացին «BLM»՝ և տասնյակ նկարիչներ սկսեցին նկարել սևամորթ կանանց, խոսեցին «շեյմինգի» մասին և նկարիչների ամբոխները շտապեցին պատկերել գեր աղջիկների։ Դա զզվելի է, երբ դու չունես սեփական արժանապատվություն և կապ սեփական արվեստի հետ։ Արվեստը քո կենդանի կյանքի հոգին է։ Այն ծնվում է երազներից, կարոտից և իսկական զգացմունքներից՝ կարևոր չէ՝ մութ, տխուր կամ հրաշալի, բայց միշտ անմեղ։ Ինչպե՞ս կարելի է դրանով առևտուր անել»։

Կովկասի, Հայաստանի և գիտակցության սահմանների մասին

IMG_3045-1.jpeg (137 KB)

«Պահպանողականությունը վատ է, – ասում է նա վստահաբար։ – Armenian Art Community-ի էջը երբեմն օգնություն է ցուցաբերում ինձ՝ հրապարակելով իմ նկարները, բայց մեկնաբանություններում մարդիկ հաճախ հարձակվում են ինձ վրա։ Դրանք կարդալը երբեմն զվարճալի է, բայց ինձ տխուր է լինում նրանց համար։ Միևնույն ժամանակ, ես ունեմ Հայաստանից ընկերներ՝ բաց, ժամանակակից։ Նրանցից մեկը մոդել Լյուսի Յոսեֆյանն է, ում ես երկու անգամ նկարել եմ։ Նույնիսկ պահպանողական մշակույթում կան նման բացառություններ, հասկանո՞ւմ եք»։

Նա վստահ է, որ սահմանները գոյություն ունեն միայն գլխում։ «Երբ մարդը ճամփորդում է, կարդում է, տեսնում է աշխարհը, գիտակցությունը լայնանում է։ Նույնիսկ եթե դու մեծացել ես պահպանողական երկրում, կարելի է ազատ լինել։ Գլխավորը՝ չվախենալ փորձից և պահպանել տրամաբանությունը, իսկ տրամաբանությունը հենց այն է, ինչ մեզանից խլել է կրոնը։ Ինչպես ասել է Նիցշեն. «Այն, ինչ ընդունվում է առանց բանականության, չի կարող մերժվել բանականությամբ»։ Շատերի համար կրոնի խնդիրը հենց դրանում է»։

Հենց այդ պատճառով էլ Հայաստանում ցուցահանդես ունենալու միտքը Վահիդին գրեթե անիրագործելի է թվում, համենայնդեպս՝ այսօրվա դրությամբ։

«Ռիսկի դիմել չեմ ուզում։ Մեկնաբանություններից պարզ է դառնում, որ իմ արվեստը այնտեղ ուրախությամբ չեն ընդունում։ Ես կնախընտրեի ցուցահանդես չկազմակերպել Հայաստանում։ Փոխարենը, կողքին է Թբիլիսին, Վրաստանը, որտեղ արթ-տեսարանն ակնհայտորեն ավելի ազատ է։ Եվ, այնուամենայնիվ, ես եղել եմ Հայաստանում, այո՛. մարդիկ շատ գեղեցիկ ու բարի են, հյուրընկալությունը՝ ցնցող»։

IMG_3046-1.jpeg (89 KB)

Ինչու է անկեղծությունը արվեստի ամենաարմատական ձևը

«Ես չեմ մտածում հանրության արձագանքի մասին, – ասում է Վահիդը։ – Ես նկարում եմ այն, ինչը միաժամանակ քնարական է, գեղեցիկ և առեղծվածային։ Ես մեծացել եմ ինտելեկտուալ գեղարվեստական միջավայրում։ Մանկուց տեսել եմ տան պատերին իմ պապի նյու-նկարները։ Թերթել եմ մայրիկիս նորաձևության ամսագրերը։ Հայրս ասում էր. «Մեր արյան փոխարեն ներկ կա»։ Դա իմ արյան մեջ է։ Ինձ չի անհանգստացնում, թե ինչ է մտածում հանդիսատեսը։ Ես մտածում եմ միայն այն մասին, որ գլուխգործոց ստեղծեմ։ Յուրաքանչյուր նոր աշխատանք ես նկարում եմ այնպես, կարծես այն վերջինն է իմ կյանքում»։

«Պետք է մարզել աչքերը։ Դա աշխատանք է՝ թե՛ մտքի, թե՛ հայացքի համար։ Շատերը, ովքեր հեռու են արվեստից, շոկ են ապրում, երբ հայտնվում են իմ էջում։ Բայց կան նաև այնպիսիք, ովքեր արտթ-միջավայրից չեն, բայց նուրբ աչք ունեն. նրանք տեսնում են միայն գեղեցկությունն ու անկեղծորեն ուրախանում։ Որովհետև դա գեղեցիկ է։ Ով չգիտի նայել, տեսնում է միայն շոկ։ Իսկ ով տեսնում է սրտով՝ տեսնում է գեղեցկությունը»։

Հարցազրույցը վարել է Լիանա Աղաջանյանը

Լուսանկարները՝ Լուկա Կաչչապուոտի, Լորա Մորո


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search