Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող Րաֆֆի Գալստյանը վերադարձել է Հայաստան և մտադիր է իր ստեղծագործական նոր փուլը կառուցել հենց հայրենիքում։ Եվրոպայում անցկացրած ամիսներից հետո արտիստը որոշել է այլևս երկարաժամկետ շրջագայությունների չմեկնել և իր գիտելիքն ու փորձը ներդնել հայկական բալետի զարգացման գործում։
Վերջին երկու տարիներին պարողը մեծամասամբ բնակվել և աշխատել է Ֆրանսիայում։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում նա ասում է՝ այդ շրջանը կարևոր փորձ է եղել ոչ միայն մասնագիտական, այլև ֆիզիկական ու հոգեբանական առումով։

«Այնտեղ աշխատելը ինձ մեծ փորձ տվեց՝ և մասնագիտական, և ֆիզիկապես, և հոգեպես։ Ձեռք բերեցի նոր ծանոթություններ, որոնք շատ կարևոր եմ համարում, քանի որ այդ կապերը հնարավորություն են տալիս հասնել ավելիին»,- նշում է նա։
Սակայն արտիստը վստահեցնում է՝ դեռ մեկնելուց առաջ ասել էր, որ վերադառնալու է, և այսօր իր խոստումը կատարել է։
«Ես բազմիցս նշել էի, որ գնալու եմ վերադառնալու նպատակով։ Վերադարձել եմ հայրենիք, և իմ հետագա մեծ նպատակները ցանկանում եմ իրականացնել հենց այստեղ, որպեսզի օգուտ տամ իմ երկրին, իմ թատրոնին, հայկական բալետին»,- ասում է նա։
Գալստյանի խոսքով՝ արտերկրում ձեռք բերած փորձն ու կապերը պետք է ծառայեն սեփական երկրին։ Այդ պատճառով էլ այժմ նա ցանկություն չունի երկար ժամանակով հեռանալու Հայաստանից։

Թեև արտիստը շարունակում է ստանալ միջազգային առաջարկներ, դրանք հիմնականում կարճաժամկետ բնույթ են կրելու։ Արդեն հոկտեմբերին նա Մոլդովայի թատրոնի հրավերով հանդես կգա «Սպարտակ» բալետով, սակայն երկարատև շրջագայությունները ներկայում նրա ծրագրերում չեն։
Պարողի որոշման վրա ազդել են նաև կյանքի որոշ խորհրդանշական դրվագներ։ Նա հիշում է, որ փետրվարին, երբ ընդամենը մի քանի օրով վերադարձել էր Երևան՝ ներկայացումներում մասնակցելու համար, օպերային թատրոնի երկարամյա աշխատակից Ջեմմա տատիկը, որը ցավոք կյանքից հեռացել է, հիվանդանոցից նրան նամակ էր գրել՝ խնդրելով վերադառնալ հայրենիք և չլքել այն։
«Դա մեծ ազդեցություն թողեց ինձ վրա։ Այդ նշաններից մեկն էր, որ ստիպեց վերանայել շատ բաներ։ Երբեմն պետք է կանգնես և լսես, թե կյանքը քեզ ուր է ուղղորդում, հակառակ դեպքում կարող ես պարզապես անդադար աշխատել ու մի օր հասկանալ, որ տարիներն անցել են»,- խոստովանում է նա։
Արտիստի համոզմամբ՝ ստեղծագործող մարդը պետք է աշխատի այնտեղ, որտեղ իրեն գնահատում և հարգում են։
«Մարդը չպետք է աշխատի այնտեղ, որտեղ իրեն չեն գնահատում։ Արվեստագետին պետք չէ վանդակի մեջ դնել։ Այդ հարգանքն ու ազատությունը ես ունեմ իմ թատրոնում, ինչի համար անչափ շնորհակալ եմ»,- ասում է Գալստյանը՝ ընդգծելով, որ արտերկրում ունեցած բոլոր փորձառություններից Հայաստան է բերել միայն դրականը։

Այս օրերին մենապարողը զբաղված է օպերային թատրոնի խաղացանկով, իսկ հունիսն ու հուլիսը նրա համար բավական հագեցած են։ Միևնույն ժամանակ նա ծրագրում է իր գործունեությունը չսահմանափակել միայն բալետային բեմով։
«Կլինեն նաև ֆիլմեր, հեռուստանախագծեր, սակայն դրանց մասին դեռ վաղ է խոսել»,- նշում է նա։
Բացի այդ, Րաֆֆի Գալստյանը ներկայում աշխատում է հատուկ ծրագրի վրա, որը միտված է հայկական բալետի զարգացմանը։ Թե ինչ նախաձեռնության մասին է խոսքը, արտիստը խոստանում է բացահայտել ավելի ուշ։
Այսպիսով, միջազգային փորձով հարստացած պարողը վերադարձել է Հայաստան ոչ միայն բեմ վերադառնալու, այլև սեփական փորձը հայրենի մշակույթի զարգացմանը ծառայեցնելու նպատակով։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի

12:21, 7 նոյեմբերի
«Բրիջերթոնների» աստղ Սաբրինա Բարթլեթն ամուսնացել է Տոսկանայում. շքեղ հարսանիք ու հուզիչ կադրեր11:18, 7 նոյեմբերի
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ընդամենը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել OnlyFans-ում10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ