Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Նատալինան՝ միջազգային բեմերի, «DON’T STOP»-ի հաջողության և իր ընտրած ճանապարհի մասին

17:05, 16 սեպտեմբերի

13 տարեկանում Նատալինան արդեն ունի այնպիսի փորձ, որի մասին շատերը սկսում են երազել տարիներ անց։ Նա մասնակցել է միջազգային մրցույթների, ներկայացրել Հայաստանը և հասցրել է իր անունը ճանաչելի դարձնել նաև միջազգային հարթակներում։ Սակայն, չնայած տարիքին, Նատալինան իրեն միայն երեխա չի համարում․ երաժշտությունը նրա կյանքում վաղուց արդեն պարզապես սիրելի զբաղմունք չէ, այլ ճանապարհ, որը նա գիտակցված ընտրել է։

Նատալինան NEWS.am STYLE-ին պատմել է նոր՝ «DON’T STOP» տեսահոլովակի շուրջ դրական արձագանքների, միջազգային բեմերում Հայաստանը ներկայացնելու պատասխանատվության, քննադատության նկատմամբ վերաբերմունքի ու այն մասին, թե որքանով է երաժշտական ճանապարհը փոխել իր դեռահաս տարիները․ 

35289747-0ba3-47d9-99bf-6554a84850a0.jpeg (89 KB)

Նատալինա, 13 տարեկանում արդեն Հայաստանը ներկայացրել ես միջազգային նախագծերում։ Քեզ ավելի շատ երեխա՞ ես զգում, թե՞ արդեն արտիստ։

Իհարկե, 13 տարեկանում դեռ երեխա ես համարվում։ Բայց երբ հետ ես նայում ու հասկանում, թե որքան բան ես արդեն հասցրել անել, բնականաբար, ինչ-որ չափով քեզ նաև արտիստ ես զգում։ Ես էլ ինձ այդպես եմ զգում․ միաժամանակ գիտակցում եմ, որ դեռ երեխա եմ, բայց նաև արդեն ունեմ իմ մասնագիտական ճանապարհը։

Ե՞րբ հասկացար, որ երգելը քեզ համար պարզապես հոբբի չէ։

Կարծում եմ՝ այդ գիտակցումը հատկապես եկավ այն ժամանակ, երբ սահմանամերձ բնակավայրում երեխաների համար մենահամերգ ունեցա։ Այդ օրը հասկացա, որ երգն ինձ համար պարզապես զբաղմունք չէ։ Ես արդեն դրան վերաբերվում եմ որպես մասնագիտության և հասկանում եմ, որ դա շատ ավելին է, քան հոբբի, որով կարելի է ազատ ժամանակ զբաղվել։

Իսկ ո՞վ առաջինը նկատեց քո երաժշտական ունակությունները։

Երաժշտության նկատմամբ սերս շատ վաղ տարիքից էր նկատելի։ Նույնիսկ երբ ձեռքիս սովորական խաղալիք կամ սանր էր լինում, պատկերացնում էի, որ դա միկրոֆոն է, ու սկսում էի երգել։

Կարծում եմ՝ առաջին մարդկանցից մեկը, ով իսկապես նկատեց այդ առանձնահատուկ սերը, իմ մորաքույրն էր։ Նա միշտ ասում էր, որ գեղեցիկ ձայն ունեմ և տեսնում էր, թե որքան մեծ է իմ հետաքրքրությունը երաժշտության նկատմամբ։

63260a5c-347b-462a-bdb0-dba7b25a7b3f.jpeg (97 KB)

Ի՞նչ ես զգում, երբ միջազգային բեմում հնչում է «Armenia» անունը։

Այդ պահին առաջին հերթին մեծ պատասխանատվություն եմ զգում։ Գիտակցում եմ, որ ես ներկայացնում եմ իմ երկիրը, և ինձ համար շատ կարևոր է դա անել հնարավորինս լավ։

Միաժամանակ դա մեծ հպարտություն է։ «Armenia» անունը լսելիս հասկանում եմ, որ այդ բեմում միայն իմ անունը չէ, որ ներկայացվում է․ ես նաև իմ երկիրն եմ ներկայացնում։

Միջազգային մրցույթներին մասնակցելիս երբևէ վախեցե՞լ ես բեմ դուրս գալուց։

Ես շատ մեծ պատասխանատվությամբ էի մոտեցել «Sanremo Junior»-ին, որովհետև հասկանում էի՝ որքան հեղինակավոր և ճանաչված մրցույթ է։ Գիտեի, որ այնտեղ մասնակցելը հեշտ չէ, և այդ գիտակցումն ինձ վրա մեծ պատասխանատվություն էր դնում։

Չեմ կարող ասել, որ վախ էի զգում։ Ավելի շատ մեծ պատասխանատվություն էի զգում, որը շատ ավելի ուժեղ էր, քան մյուս մրցույթների ժամանակ։

Իսկ բեմ բարձրանալուց առաջ լարվո՞ւմ ես։

Կարծում եմ՝ այդ երկու զգացողություններն էլ ունենում եմ՝ և՛ լարվածություն, և՛ հաճելի սպասում։ Բայց ամեն ինչ փոխվում է հենց բեմ բարձրանալուց հետո։ Երբ կանգնում եմ բեմում և սկսում եմ երգել, լարվածությունն ամբողջությամբ անցնում է։

Այդ պահին արդեն պարզապես հաճույք եմ ստանում այն ամենից, ինչ անում եմ, և կենտրոնանում եմ դրական զգացողությունների վրա։

Քո նոր «DON’T STOP» տեսահոլովակն արդեն հարյուր հազարավոր դիտումներ ունի։ Ինչպե՞ս ես գնահատում արձագանքները։

Այսօր մարդիկ շատ ազատ են արտահայտում իրենց կարծիքը սոցիալական ցանցերում, և ցանկացած աշխատանքի դեպքում կարելի է տեսնել թե՛ դրական, թե՛ բացասական արձագանքներ։ Ես, սակայն, մինչ այս պահը չեմ հանդիպել որևէ բացասական կարծիքի կամ մեկնաբանության մեր աշխատանքի վերաբերյալ։

Ընկերներս, հարազատներս, նույնիսկ այն մարդիկ, ովքեր պարզապես սոցիալական ցանցերում տեսել են տեսահոլովակից հատվածներ, ռիլեր կամ բեքստեյջ, շատ դրական են արձագանքել։ Այդ աջակցությունն ինձ համար շատ կարևոր է և, իհարկե, ոգևորում է շարունակել աշխատել։

83df79da-c6b9-4c75-9e47-8866b3d504f3.jpeg (122 KB)

Քննադատությունը հեշտությամբ ընդունո՞ւմ ես։

Ես փորձում եմ առաջին հերթին հասկանալ՝ ինչի համար են ինձ քննադատում։ Եթե քննադատությունն իսկապես հիմնավորված է և համապատասխանում է իրականությանը, փորձում եմ ոչ թե վիրավորվել, այլ հասկանալ՝ ինչի վրա պետք է աշխատեմ։

Ինձ համար կարևոր է տեսնել սեփական բացերը և աշխատել դրանց վրա, որպեսզի նույն թերությունը հաջորդ անգամ չկրկնեմ։ Չեմ հիշում դեպք, երբ քննադատության պատճառով լաց լինեի։

Ծնողներդ այդ հարցում ինչպե՞ս են վերաբերվում քեզ։ Ավելի շատ քաջալերո՞ւմ են, թե՞ կարողանում են նաև անկեղծ ասել, որ ինչ-որ բան լավ չի ստացվել։

Նրանք անսահման շատ են ինձ քաջալերում, և այդ աջակցությունն ինձ համար շատ կարևոր է։ Բայց միևնույն ժամանակ նրանք երբեք չեն փորձում պարզապես հաճոյանալ ինձ։ Եթե ինչ-որ տեղ թերանում եմ, անպայման ասում են դրա մասին։

Ես դա շատ նորմալ եմ ընդունում։ Փորձում եմ հասկանալ՝ ինչն եմ սխալ արել և աշխատել դրա վրա, որպեսզի հաջորդ անգամ նույն թերացումը չկրկնեմ։

Երաժշտական ճանապարհը ստիպե՞լ է քեզ հրաժարվել սովորական դեռահասական կյանքից։

Այո, որոշ բաներից ստիպված եմ եղել հրաժարվել։ Օրինակ՝ դպրոցական էքսկուրսիաներից կամ բակային խաղերից։ Բայց չեմ կարծում, որ դրանք պարզապես կորուստներ են։ Ես այդ բացը լրացրել եմ այն ամենով, ինչ իսկապես սիրում եմ անել։

Երբ զբաղվում ես մի բանով, որն անկեղծորեն սիրում ես, որոշ սահմանափակումներ ավելի հեշտ ես ընդունում։

Իսկ ընկերներդ քեզ տեսնո՞ւմ են որպես երգչուհի, թե՞ պարզապես իրենց ընկեր Նատալինային։

Առօրյայում ես նրանց հետ շատ անմիջական եմ շփվում, և նրանք ինձ առաջին հերթին որպես իրենց ընկեր են տեսնում։ Երբ միասին ենք, կարծում եմ՝ նրանց համար իմ արտիստ լինելն այդքան էլ կարևոր չէ։

Բայց երբ խոսքը մասնագիտական գործունեության մասին է, նրանք արդեն ինձ տեսնում են որպես արտիստ և երգչուհի։

Դպրոցում ճանաչված լինելը երբևէ անհարմար իրավիճակներ ստեղծե՞լ է։

Ոչ, կարծում եմ՝ երբեք։ Ընդհակառակը՝ ես շատ եմ սիրում ճանաչված լինել, այնպես որ ինձ համար դա անհարմարություն չէ։

Քո տարիքում շատերը դեռ չգիտեն՝ ինչ են ուզում անել ապագայում։ Դու արդեն վստահ գիտե՞ս, որ ուզում ես երգչուհի դառնալ։

Այս պահին իմ գլխում իսկապես ընդամենը մեկ մասնագիտություն կա, և դա այն է, որով հիմա զբաղվում եմ։ Ես ինձ ապագայում էլ հենց այս ճանապարհի վրա եմ պատկերացնում։

Կարելի է ասել՝ ներսումս վստահություն ունեմ, որ երաժշտությունը լինելու է իմ ճանապարհը։ Երգչուհու մասնագիտությունն այն միակ մասնագիտությունն է, որը ես այսօր պատկերացնում եմ որպես իմ ապագա։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search