Ի՞նչ է մնում մարդուց, երբ ընտրությունը սահմանափակվում է սեփական փրկությամբ։ Իսկ կարո՞ղ է սովորական մարդը ծայրահեղ իրավիճակում վերածվել մեկի, ում ինքն էր դատապարտում։
Այս հարցերի շուրջ է կառուցված Հայկ Կբեյանի նոր ֆիլմը՝ Վահե Քաչայի «Գիշատիչների խնջույքը» ստեղծագործության էկրանավորումը։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել «ՀանդArt» մշակութային այգում։
Քաչայի պատմության հիմքում 1942 թվականի օկուպացված Փարիզն է։ Հերոսները հայտնվում են մի իրավիճակում, որտեղ նախկին հարաբերություններն ու բարեկամությունը աստիճանաբար կորցնում են իրենց նշանակությունը, իսկ վախը սկսում է ղեկավարել մարդկանց որոշումները։ Ֆիլմն էլ հենց այդ հոգեբանական սահմանագիծն է փորձում ուսումնասիրել՝ առանց հեշտ պատասխանների բաժանելու հերոսներին «լավերի» ու «վատերի»։

Ռեժիսոր Հայկ Կբեյանը պատմում է, որ ստեղծագործությանը ծանոթացել է ընկերոջ՝ Գևորգի խորհրդով։ Նրա համար Քաչայի գործը գրավիչ է դարձել հատկապես մարդկային հոգեբանությունը բացահայտելու հնարավորությամբ։ Կբեյանի համոզմամբ՝ դասական ստեղծագործությունների ուժը նաև այն է, որ ժամանակի ընթացքում չեն կորցնում իրենց արդիականությունը։
Ֆիլմի ամբողջական տարբերակը բաղկացած է չորս մասից, սակայն պրեմիերայի ընթացքում հանդիսատեսին ներկայացվել է դրանցից կազմված կրճատված՝ մեկ ամբողջական ֆիլմի տարբերակը։ Ռեժիսորի խոսքով՝ ֆիլմի գլխավոր նպատակներից մեկն այն է, որ հանդիսատեսը ոչ միայն հետևի հերոսների վարքագծին, այլև ինքն իրեն հարց տա՝ ինչպե՞ս կվարվեր նույն հանգամանքներում։

«ՀանդArt»-ում ֆիլմի ցուցադրությունը նույնպես խորհրդանշական նշանակություն ունի։ Այգի-թատրոնի հիմնադիր, ռեժիսոր և դերասան Տիգրան Գյուլումյանը նշում է, որ իրենց հարթակը կենտրոնացած է հայկական ստեղծագործությունների վրա։ Այդ պատճառով հայկական գրական ստեղծագործության հիման վրա ստեղծված ֆիլմի ցուցադրությունը բնական շարունակություն է իրենց ձևավորած ավանդույթի։
Գյուլումյանի խոսքով՝ ֆիլմը մտածելու առիթ է տալիս։ Այն ցույց է տալիս, թե ինչպես կարող են ծայրահեղ հանգամանքները նույնիսկ մտերիմ մարդկանց ստիպել վերանայել միմյանց հանդեպ վերաբերմունքը։ Նրա ձևակերպմամբ՝ նման իրավիճակում մարդիկ «պատռում են դիմակները», իսկ սեփական կյանքը փրկելու ցանկությունը կարող է մարդուն հասցնել նրան, որ վնասի դիմացինին։
Էկրանին տարբեր կերպարներով հանդես են գալիս Մկրտիչ Արզումանյանը, Սոս Ջանիբեկյանը, Էմմա Մանուկյանը, Ալբերտ Սաֆարյանը, Էլեն Գևորգյանը, Վիլեն Սարգսյանը, Վարշամ Գևորգյանը և Հայկ Սարգսյանը։

Մկրտիչ Արզումանյանը մարմնավորում է սպայի կերպարը։ Դերին պատրաստվելիս դերասանը ուսումնասիրել է տվյալ ժամանակաշրջանի սպաների կերպարներն ու վարքագիծը՝ կերպարին առավել համոզիչ մոտենալու համար։
Արզումանյանի համար ֆիլմի ամենակարևոր շերտերից մեկը հենց մարդու վարքագիծն է ճգնաժամային պայմաններում։ Նրա խոսքով՝ առաջին հայացքից հանդիսատեսը կարող է հերոսների գործողությունները դատապարտել, սակայն դժվար է վստահ ասել, թե նույն իրավիճակում ինքը ինչպես կվարվեր։
«Ֆիլմը մարդկանց մասին է, առաջին հայացքից ոչ ոք իրեն չի տեսնում այդ իրավիճակում, մեղադրում են, որ ինչ վատ մարդիկ են, որ իրար փորձում են ոչնչացնել, բայց չենք կարող ասել, թե մեզնից յուրաքանչյուրն ինչպես կվարվեր այդ վիճակում»,- նշեց դերասանը։
Սյուժեի առանցքային լարվածությունը ստեղծվում է այն պահին, երբ սպան հոգեբանական ճնշման միջոցով ստիպում է խնջույքի մասնակիցներին որոշել, թե իրենցից ով պետք է հանձնվի պատանդ։ Այս ընտրությունը վերածվում է ոչ միայն կյանքի ու մահվան հարցի, այլև մարդկային հարաբերությունների փորձության։
Արզումանյանը նաև ընդգծում է ստեղծագործական թիմի աշխատանքը՝ նշելով, որ Կբեյանի հետ սա իր չորրորդ համագործակցությունն է։

Ֆիլմի սցենարի ադապտացիան կատարել է Անահիտ Աղասարյանը։ Էկրանավորման ընթացքում պահպանվել է ստեղծագործության հիմնական հոգեբանական առանցքը, սակայն փոխվել են գործողությունների ժամանակն ու վայրը։ Այսպիսով՝ ֆիլմը հեռանում է պատմական կոնկրետ միջավայրից և ավելի մեծ ուշադրություն է դարձնում հերոսների ներաշխարհին ու նրանց ապրումներին։
«Գիշատիչների խնջույքը» արդյունքում դառնում է ոչ միայն պատերազմի կամ օկուպացիայի մասին պատմություն։ Այն մարդու ընտրության մասին է այն պահին, երբ սովորական բարոյական կանոնները բախվում են գոյատևելու բնազդին։ Եվ հենց այդտեղ էլ ֆիլմը հարց է ուղղում հանդիսատեսին՝ եթե ընտրությունը քոնն է լինելու, ո՞ւմ կփրկես՝ ինքդ քեզ, թե՞ դիմացինին։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:30, 9 սեպտեմբերի
Երբ հանգամանքները բացահայտում են մարդկանց. «Գիշատիչների խնջույքը» ֆիլմի պրեմիերան՝ «ՀանդArt»-ում16:30, 9 սեպտեմբերի
Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է16:29, 9 սեպտեմբերի
The Guardian. Բորիս Ջոնսոնի դեմքով տղաբ. ինչո՞ւ ընդհանրապես գողանալ Ռենուարը15:49, 9 սեպտեմբերի
Labubu-ի և LVMH-ի հանդիպումը. Pop Mart-ը Փարիզում բացում է իր գլխավոր խանութը15:22, 9 սեպտեմբերի
Ու՞ր է անհետացել Լեդի Գագան. Երգչուհու անհետացումը գաղտնի հարսանիքի մասին լուրեր է առաջացրել14:37, 9 սեպտեմբերի
Գործող «Միս Ավստրիա»-ն հանկարծամահ է եղել 22 տարեկանում14:10, 9 սեպտեմբերի
Քարդի Բին ցուցադրել է հետույքի վրա 15,000 դոլարանոց ադամանդե պիրսինգը13:22, 9 սեպտեմբերի
«Ոչ մի համբույր». Բիլլի Բոլդուինը խոստացել է այլևս երբեք չաշխատել Շերոն Սթոունի հետ12:38, 9 սեպտեմբերի
Գվինեթ Փելթրոուն պատմել է, թե ինչպես է ստեղծել իր վիրուսային «հեշտոցի բույրով» մոմը12:17, 9 սեպտեմբերի
Նիկոլաս Քեյջի շքեղ 10.5 միլիոն դոլարանոց առանձնատունը գրեթե փլուզվել էր հսկայական փոսի պատճառով11:51, 9 սեպտեմբերի
Թրամփի շքեղ նվերները երիտասարդ օգնականներին. յուրաքանչյուրը ստացել է 45,000 դոլար11:36, 9 սեպտեմբերի
Իլոն Մասկը երեխաներ էր ուզում «քաղաքացիական պատերազմից առաջ», իսկ լռության համար առաջարկում էր 40 մլն դոլար. նախկին ընկերուհու ցնցող խոստովանությունները