Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

«Հայաստանում սիրում են մեծ շուքով հայտնվել: Մեզ խորթ է զուսպ լինելը»․ Աննա Սաթյանը՝ օծանելիքի, հայկական բույրերի և սեփական հաճույքի համար բույր ընտրելու մշակույթի մասին

19:27, 28 նոյեմբերի

Յուրաքանչյուր մարդ ունի իր սիրելի բույրը։ Մեկի համար դա սուրճի, տաքացած ասֆալտի և ծաղկած ծառերի հոտն է, մյուսի համար՝ որոշակի օծանելիք, որին կարելի է հանդիպել ամեն քայլափոխի, և որն աննկատ դառնում է հավաքական հիշողության մի մասը։ Օրինակ՝ Երևանում կարելի է ծանոթ քաղցր, փայտային և արևելյան բույրեր զգալ դեռևս մինչև դրանց կրողներին տեսնելը։ Բայց ինչո՞ւ են որոշ բույրեր դառնում քաղաքի ամենապահանջված օծանելիքները, իսկ մյուսները մնում են քչերի նախընտրությունը։ Ինչո՞ւ են Հայաստանում այդքան սիրում երկար պահպանվող և ընդգծված հետք թողնող օծանելիքները, և արդյո՞ք թանկարժեք սրվակն անպայման լավ ճաշակի նշան է։

Այս հարցերի շուրջ զրուցել ենք Աննա Սաթյանի հետ՝ լրագրող և satyan_lifestyle բլոգի հեղինակ, որի բովանդակության մեջ օծանելիքն աստիճանաբար գլխավոր տեղն է զբաղեցրել։ Ժամանակին նրա ծանոթությունը բույրերի աշխարհին սահմանափակվում էր տարբեր առիթների համար նախատեսված մի քանի սրվակով։ Այսօր նա օծանելիք է հավաքում, ուսումնասիրում բուրային կոմպոզիցիաները և սիրով իր բացահայտումներով կիսվում լսարանի հետ։

сатян3.jpg (72 KB)

Աննա, որքան հասկանում եմ՝ սկզբում սա պարզապես անձնական հետաքրքրություն էր, այլ ոչ թե սեփական բլոգը զարգացնելու նպատակ։

Այո՛, ես երբեք մասնագիտորեն չեմ զբաղվել օծանելիքով։ Նախկինում օծանելիք ընտրելիս բավականին պարզ մոտեցում ունեի․ հոտոտում էի, փորձում, հավանում և գնում։ Ինձ դուր էր գալիս տարբեր առիթների համար մի քանի բույր ունենալ՝ պայմանականորեն ասած, չորս սրվակ։

Իսկ 2023 թվականին միանգամայն պատահական սկսեցի ավելի խորությամբ հետաքրքրվել այս թեմայով։ Լսեցի օծանելիքի երկու սիրահարների փոդքասթը։ Սկսեցի հետևել նրանց զրույցներին և զուգահեռներ անցկացնել սննդի հետ։ Այդ ժամանակ քննարկում էին գուրմանային բույրերը՝ վանիլի, կակաոյի, շոկոլադի և տարբեր աղանդերների նոտաներով կոմպոզիցիաները։

Ինձ հետաքրքրեց։ Սկսեցի կարդալ, լսել, պատվիրել օծանելիքի փոքր փորձանմուշներ՝ տարբեր բույրերին ծանոթանալու համար. անիմաստ է մեծ սրվակներ գնելն ու հետո գուցե չօգտվելը։ Այդպես աստիճանաբար սկսեցի խորանալ այս թեմայի մեջ։ Բայց ինձ փորձագետ չեմ համարում. մեծ սիրահար և հավաքորդ եմ։ Կան մարդիկ, որոնք լուրջ մասնագիտական կրթություն են ստացել, ավարտել օծանելիքի դպրոցներ։ Դա պատրաստվածության բոլորովին այլ մակարդակ է։

Իսկ հիմա բոլորը ձեզի՞ց են խորհուրդ հարցնում։

Անընդհատ (ժպտում է)։ Հարցնում են՝ ինչն իրենց կհամապատասխանի, ինչ բույր ընտրել ձմռան կամ ամռան համար, արժե՞ արդյոք գնել այս կամ այն սրվակը։ Բայց սա բավականին պատասխանատու և նույնիսկ վտանգավոր պարտավորություն է։ Յուրաքանչյուր մարդու հոտառությունն անհատական է։ Այն, ինչ ինձ անչափ դուր է գալիս, կարող է մեկ ուրիշին ընդհանրապես դուր չգալ։

сатян1.jpg (141 KB)

Կարծիք կա, որ բույրը շատ բան է պատմում այն կրողի բնավորության մասին։ Դուք նման օրինաչափություն նկատե՞լ եք։

Ես չէի ցանկանա օծանելիքն ուղղակիորեն կապել մարդու բնավորության հետ։ Մարդը կարող է բնավորությամբ բոլորովին տհաճ լինել, բայց միևնույն ժամանակ հրաշալի օծանելիք օգտագործել։ Եվ հակառակը։ Ավելի շուտ կխոսեի խառնվածքի, անհատականության և ընդհանուր կերպարի մասին։

Օրինակ՝ նուրբ, թեթև ու եթերային կերպար ունեցող աղջկան հաճախ սազում են փոշենման, նրբագեղ և խնամքի միջոցներ հիշեցնող բույրերը։ Էքստրավագանտ կնոջը կամ տղամարդուն կարող են հրաշալի սազել հագեցած փայտային և ուդային բույրերը։ Դրանք դառնում են նրանց արտաքին կերպարի շարունակությունը։

Օծանելիքը նկարագրելիս հաճախ տեսողական զուգորդումներ են օգտագործում։ Երեկոյան զգեստ, բարձրակրունկ կոշիկներ, սանրվածք․ անմիջապես հասկանում ես, որ բույրը հանդիսավոր է։ Կամ, հակառակը՝ երկար զգեստ, սանդալներ, ծովափ․ արդեն պատկերացնում ես ավելի հանգիստ ու անկաշկանդ բույր։

Եկեք խոսենք Երևանի մասին։ Եթե փորձենք քաղաքը նկարագրել օծանելիքի միջոցով, ինչի՞ հոտ ունի այն։ Ի՞նչ բույրեր են ամենից հաճախ հանդիպում փողոցներում։

Ինձ թվում է՝ մեզ մոտ գերակշռում է որոշակի արևելյան երանգը։ Ընդ որում՝ պարտադիր չէ, որ խոսքը արաբական օծանելիքի մասին լինի։ Պարզապես կարծրատիպ կա. եթե գումար ես ծախսում օծանելիքի վրա, ապա այն պետք է երկար պահպանվի, ընդգծված բուրային հետք թողնի և լավ տարածվի օդում, որպեսզի սենյակ մտնես, և շրջապատողներն անմիջապես հասկանան, որ ինչ-որ մեկը եկել է։ Մենք սիրում ենք մեծ շուքով հայտնվել։ Մեզ այնքան էլ հարազատ չեն զուսպ, թափանցիկ և հազիվ զգացվող բույրերը։

Իհարկե, կան մարդիկ, որոնք նախընտրում են փափուկ ու ոչ աչքի ընկնող բույրեր։ Բայց եթե խոսենք ընդհանուր պատկերի մասին, ապա ինձ համար Երևանը ամենապահանջված օծանելիքների բույրն ունի։

Մի ժամանակ Baccarat Rouge 540-ի մեծ տարածման ալիք կար։ Մի քանի տարի առաջ այն կարելի էր բառացիորեն ամենուր զգալ։ Հիմա ավելի հազվադեպ եմ հանդիպում այդ բույրին։ Հավանաբար այն պատճառով, որ չափազանց տարածված է դարձել։ Ես ինքս էլ սիրում եմ այն, ունեմ կարմիր սրվակը, բայց մի պահ պարզապես մի կողմ դրեցի․ ուզում էի մի փոքր տարբերվել մյուսներից։

Հիմա, ինձ թվում է, առաջին տեղում Ganymede-ն է։ Դեռևս մեծ ժողովրդականություն են վայելում Tom Ford-ի Lost Cherry-ն և դրա ավելի ծխային տարբերակը՝ Cherry Smoke-ը։ Հայ կանայք սիրում են Montale-ը։ Հաճախ եմ նկատում նաև գուրմանային կոմպոզիցիաներ՝ վանիլի, սուրճի և աղանդերային նոտաներով։

Իսկ տղամարդիկ ի՞նչ են նախընտրում։

Տղամարդկանց շրջանում հաճախ նկատում եմ հակվածություն դեպի փայտային, ուդային և ավելի ծանր բույրերը։ Օրինակ՝ Tom Ford-ի Oud Wood-ը, Louis Vuitton-ի Ambre Nomad-ը, Clive Christian-ի օծանելիքները։ Դրանք թանկարժեք, ճանաչելի ապրանքանիշեր են, որոնք ընկալվում են որպես որոշակի կարգավիճակի նշան։

Այսինքն՝ մեզ մոտ բույրը երբեմն դառնում է նաև բարեկեցությունը ցուցադրելու միջո՞ց։

Այո՛, մեզ մոտ շքեղության նկատմամբ որոշակի հակվածություն կա։ Մարդը կարող է շատ հասարակ հագնված լինել, բայց միայն այն փաստը, որ նրա տանը Clive Christian-ի օծանելիքի սրվակ կա, արդեն ընկալվում է որպես կարգավիճակի ցուցիչ։

Միևնույն ժամանակ, թանկարժեք օծանելիքի մեջ ես ոչ մի վատ բան չեմ տեսնում։ Ինձ նույնպես շատ բան է դուր գալիս թե՛ լյուքս, թե՛ նիշային օծանելիքի աշխարհից։ Պարզապես պետք չէ շփոթել գինն ու որակը։

сатян2.jpg (105 KB)

Արդյո՞ք գինն է որոշում բույրի որակը։ Լավ օծանելիքն անպայման պետք է թա՞նկ լինի։

Պարտադիր չէ։ Կան բազմաթիվ շատ թանկարժեք բույրեր, որոնք ընդհանրապես աչքի չեն ընկնում երկարակեցությամբ։ Բայց դա չի նշանակում, որ դրանք վատն են։ Պարզապես ի սկզբանե նպատակ չի եղել ստեղծել այնպիսի կոմպոզիցիա, որը 24 ժամ կպահպանվի և կլցնի ամբողջ տարածքը։

Գինը ձևավորվում է բազմաթիվ գործոններից՝ բաղադրիչների որակից, արտադրության վայրից, օծանելիքի հեղինակի անունից և վարձատրությունից, սրվակից ու փաթեթավորումից։ Բայց բարձր գինը չի երաշխավորում, որ բույրը հենց այն կլինի, ինչ ձեզ հարկավոր է։

Կա նաև բավականին մատչելի նիշային օծանելիք։ Օրինակ՝ Mancera-ն համեմատաբար մատչելի գնային հատվածի լավ ներկայացուցիչ է։ Այդ պատճառով ես միշտ խորհուրդ եմ տալիս առաջին հերթին առաջնորդվել սեփական զգացողություններով։

Իսկ պատահո՞ւմ է, որ մարդը թանկարժեք օծանելիք է գնում, որն իրեն ընդհանրապես չի սազում։

Իհարկե՛։ Եվ նման բան տեղի է ունենում շատ ավելի հաճախ, քան կարելի է պատկերացնել։ Երբեմն մարդուն պարզապես ասում են․ «Սա քո բույրն է, անպայման պետք է գնես»։ Կամ նա թանկարժեք սրվակ է նվեր ստանում և սկսում օգտագործել այն, նույնիսկ եթե բույրն այնքան էլ դուր չի գալիս։

Ես ինքս մի քանի անգամ փորձել եմ ինձ համոզել, որ ինձ սազում է այն օծանելիքը, որը գնել էի սեփական անմտության պատճառով։ Մտածում ես՝ այդքան գումար եմ ծախսել, ինչպե՞ս կարող եմ չօգտագործել։ Բայց ժամանակի ընթացքում հասկանում ես, որ այդ բույրը պարզապես քոնը չէ։ Եվ ոչ մի բարձր գին չի կարող դա փոխել։

Ինչպե՞ս եք գնահատում հայկական օծանելիքի արտադրությունը։ Մեզ մոտ սեփական ապրանքանիշեր են ի հայտ գալիս, բայց որքանո՞վ են դրանք արդեն կայացած։

Ես չեմ պատրաստվում դատել, թե ում ինչն է պակասում։ Ինձ թվում է՝ նախ պետք է մարդկանց հնարավորություն տալ իրենց գործն անելու, հետո միայն քննադատել։

Ինձ ծանոթ ապրանքանիշերից կարող եմ առանձնացնել Voskanian-ը։ Կան նաև այլ հետաքրքիր անուններ, որոնց հետևում կանգնած են օծանելիքի գործով ոգևորված և նվիրված մարդիկ։

Կցանկանայի նշել նաև իսպանական Avii Parfums ապրանքանիշը, որի հիմնադիրն Արթուր Գրիգորյանն է։ Սա հետաքրքիր գաղափարախոսությամբ լավ պատրաստված օծանելիք է։ Կա նաև մեկ այլ իսպանական ապրանքանիշ՝ Voce di Sensi-ն, որը հիմնադրել է մեր հայրենակից Դավիթ Հովհաննիսյանը։ Voce di Sensi-ն ունի շատ որակյալ և հետաքրքիր կոմպոզիցիաներ։ Հրաշալի է, որ մարդիկ ստեղծում են սեփական ապրանքանիշերը, մասնակցում ցուցահանդեսների և ներկայանում աշխարհին։

Կարելի՞ է արդեն խոսել հայկական օծանելիքի սեփական ոճի մասին։

Ինձ թվում է՝ այն աստիճանաբար ձևավորվում է։ Եվ հենց վերոնշյալ ապրանքանիշերն են նպաստում դրա ձևավորմանը։ Ինձ դուր է գալիս, որ հայկական որոշ կոմպոզիցիաներ եվրոպական հնչողություն ունեն։ Պետք չէ կարծել, թե հայկական օծանելիքն անպայման պետք է նռան, չամանի կամ բացառապես ազգային որևէ բանի հոտ ունենա։ Սա չափազանց նեղ պատկերացում է։

Մենք պետք է ավելի լայն նայենք մեր սեփական արդյունաբերությանը։ Հայկական ապրանքանիշը միանգամայն կարող է ստեղծել նրբագեղ եվրոպական կոմպոզիցիաներ՝ միևնույն ժամանակ հայկական մնալով իր ծագմամբ, գաղափարով և այն մարդկանց շնորհիվ, որոնք կանգնած են դրա հետևում։

Կարո՞ղ եք ցույց տալ մի բույր, որում, Ձեր կարծիքով, արդեն զգացվում է Երևանի հետ այդ կապը։

Ահա, օրինակ, Voskanian-ի «Կանաչ երեկո» բույրը։ Այն նվիրված է երևանյան ամռանը, ամառային երեկոյին։

сатян.jpg (107 KB)

Շատ է հիշեցնում ձմերուկի համով մաստակ։

Շատ մոտ եք։ Այստեղ իսկապես կան ձմերուկի և սեխի նոտաներ, ինչպես նաև խավարծիլ։ Այն թթվաշ երանգ է հաղորդում և բույրին մի փոքր անսովոր կանաչ հնչողություն տալիս։ Արդյունքում ստացվում է ամառային երեկոյի զգացողություն։ Ես շատ եմ սիրում այն օգտագործել ամռանը, երբ երեկոյան դուրս ես գալիս ինչ-որ տեղ նստելու։ Այդ բույրն իսկապես փոխանցում է այդ տրամադրությունը։

Ապրանքանիշն ունի նաև Pêche Chyprée բույրը։ Այն, գիտեք, շիպրային, մի փոքր լիմոնադ հիշեցնող դեղձի բույր է։ Շատ հետաքրքիր կոմպոզիցիա է։

Մենք արդեն խոսեցինք այն մասին, որ Երևանում կան օծանելիքի սեփական բեսթսելլերները։ Բայց ինչո՞ւ են որոշ բույրեր այդքան տարածվում։ Ինչպե՞ս է ստացվում, որ հանկարծ նույն սրվակը հայտնվում է յուրաքանչյուր երկրորդ մարդու մոտ։

Նախ պետք է ընդունել, որ շատ բեսթսելլերներ իսկապես լավն են։ Նույն Baccarat Rouge-ը կամ Ganymede-ն որակյալ կոմպոզիցիաներ են։ Բայց  իրենց դերն են խաղում մարքեթինգը, խանութների աշխատանքը, ծանոթների խորհուրդները և համացանցը։ Խանութը բերում է տվյալ օծանելիքը, սկսում այն առաջարկել գնորդներին։ Մեկը փորձում է, պատմում մյուսին։ Հետո համացանցում հայտնվում է հերթական տեսությունը կամ ակնարկը, և վերջ․ սկսվում է տարածման ալիքը։

Բացի այդ, ոչ բոլորն են ցանկանում խորանալ օծանելիքի կոմպոզիցիայի կառուցվածքի մեջ։ Մարդկանց մեծամասնության համար ավելի հեշտ է մտնել խանութ, փորձել տարածված բույրը և գնել այն։ Դա նման է հագուստին․ նորաձև են դառնում լոֆերները, և բոլորը սկսում են լոֆեր կրել։

Դուք հետաքրքիր միտք արտահայտեցիք․ Հայաստանում սիրում են ընդգծված բույրեր։ Իսկ ինչպիսի՞ն է օծանելիքի մշակույթն արտերկրում։ Տարբերություն նկատե՞լ եք։

Շատ մեծ տարբերություն կա։ Եվրոպայում ցերեկային ժամերին շատ ավելի հազվադեպ կարելի է հանդիպել վառ, ծանր կոմպոզիցիաների։ Մարդիկ փորձում են ավելորդ ուշադրություն չգրավել։ Երեկոյան, օրինակ, լավ ռեստորանում կարելի է հանդիպել հրաշալի օծանելիք օգտագործող տղամարդկանց և կանանց, բայց նույնիսկ այդ բույրերը պարտադիր չէ, որ շատ ընդգծված լինեն։

Դա կարող է լինել շատ թանկարժեք, բարդ կոմպոզիցիա, որը շրջապատողներն անգամ գրեթե չեն զգում։

Այսինքն՝ խոսքը ոչ այնքան կոնկրետ ապրանքանիշերի, որքան օծանելիքի նկատմամբ վերաբերմունքի մասի՞ն է։

Հենց այդպես։ Օծանելիքն անձնական բան է։ Այն պետք է դուր գա քեզ, և դու պետք է քեզ հարմարավետ զգաս այն կրելիս։ Միակ բանը, որ պետք է հիշել, չափի զգացումն է։ Չափազանցությունը կարող է փչացնել նույնիսկ ամենագեղեցիկ օծանելիքի տպավորությունը։

Ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ տարածված բույրերին որոշակի սոցիալական պիտակներ են վերագրում։ Օրինակ՝ մի օծանելիք համարվում է լավ ճաշակի նշան, մյուսը՝ հակառակը։

Ես շատ չեմ սիրում նման բաները։ Հաճախ կարելի է լսել․ «Սա գեղջկական բույր է», «Սա միայն որոշակի տիպի աղջիկներն են օգտագործում»։ Բայց ինչո՞ւ։ Մարդուն դուր է գալիս այդ կոմպոզիցիան, նա կարող է իրեն թույլ տալ այն գնել, և հրաշալի է։

Ինձ թվում է՝ նման կարծրատիպերը հատկապես տարածված են ԱՊՀ երկրներում։ Արտերկրում ես շատ ավելի հազվադեպ եմ հանդիպել նման վերաբերմունքի։ Եթե մարդը Baccarat կամ Ganymede է օգտագործում, շրջապատը կարող է պարզապես ասել, որ նա լավ բույր ունի։ Ոչ ոք չի փորձի սրվակի միջոցով որոշել նրա սոցիալական կարգավիճակը։

Այդ պատճառով ես խորհուրդ չէի տա մարդուն դատել նրա օգտագործած օծանելիքով։

Հիմա ձմեռն է մոտենում։ Արժե՞ արդյոք ամառային բույրերը մի կողմ դնել և անցնել ավելի տաք կոմպոզիցիաների։

Ո՛չ։ Ես միշտ ասում եմ, որ շատ ամառային բույրեր ձմռանը պարզապես շքեղ են բացահայտվում։ Հատկապես ցիտրուսային կոմպոզիցիաները, որոնք ամռանը կարող են շատ արագ ցնդել։ Ցուրտ եղանակին դրանք երբեմն շատ ավելի հետաքրքիր են բացահայտվում։

Իհարկե, ձմռանը հաճախ ուզում ես ինչ-որ հարմարավետ ու ջերմ բան՝ վանիլ, դարչին, սուրճ, տոնկա, քաշմիրի և փայտային նոտաներ։ Գեղեցիկ են հնչում փոշենման կոմպոզիցիաները և որոշ պիստակային բույրեր։

Չեմ կարծում, որ օծանելիքը պետք է խստորեն բաժանել ամառայինի և ձմեռայինի։ Այլ հարց է, որ շոգ եղանակին ծանր ձմեռային բույրը կարող է բառացիորեն խեղդել շրջապատողներին։ Իսկ թարմ ամառային օծանելիքը ձմռանը կարող է շատ հաճելի՝ արձակուրդի մասին նոստալգիկ զգացողություն պարգևել։

Գլխավորը կոմպոզիցիաները մաշկի վրա փորձելն է ու հետո միայն գնելը, որպեսզի արդյունքում կրեք այն, ինչն իսկապես դուր է գալիս։

Անցնենք գործնական կողմին։ Երբ մարդը մտնում է խանութ՝ օծանելիք ընտրելու նպատակով, ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնի։ Կա՞ն կանոններ, որոնց մասին շատերը չգիտեն։

Առաջին հերթին պետք չէ փորձել միանգամից տասը կամ տասնհինգ բույր հոտոտել։ Մի քանի կոմպոզիցիայից հետո հոտառությունը սկսում է հոգնել, և դու այլևս չես կարողանում նորմալ տարբերել բույրերը։

Ես պարտադիր չեմ համարում նաև սուրճի հատիկները, որոնք խանութներում հաճախ առաջարկում են հոտառությունը վերականգնելու համար։ Ավելի լավ է ընդմիջում անել, դուրս գալ մաքուր օդի, մի փոքր ջուր խմել։

Երկրորդ՝ երբեք մի սահմանափակվեք բլոթերով, այսինքն՝ օծանելիքը փորձելու համար նախատեսված թղթե շերտիկով։ Թղթի վրա բույրը մի կերպ է հնչում, իսկ մաշկի վրա՝ բոլորովին այլ։ Առաջին տպավորությունը կարելի է ստանալ բլոթերի միջոցով, բայց վերջնական որոշումը պետք է կայացնել միայն մաշկի վրա փորձելուց հետո։

Եվ ևս մեկ բան․ մի գնեք օծանելիքն առաջին ծանոթությունից անմիջապես հետո։ Դուրս եկեք խանութից, մի փոքր շրջեք, հնարավորություն տվեք կոմպոզիցիային ամբողջությամբ բացահայտվելու։ Մտածեք մի քանի ժամ։ Չէ՞ որ դուք գնում եք ոչ թե պարզապես գեղեցիկ սրվակ, այլ բույր, որը գուցե ամեն օր կրելու եք։

Դուք նշեցիք, որ մեր խանութներում երբեմն չափազանց ակտիվորեն բեսթսելլերներ են առաջարկում։

Այո՛, և սա խնդիրներից մեկն է։ Երբեմն դեռ նոր ես մտնում խանութ, իսկ քեզ արդեն սկսում են առաջարկել այն, ինչ պետք է վաճառել։ Ընդ որում՝ երբեմն խորհրդատուն ինքն էլ բավականաչափ լավ չգիտի տվյալ կոմպոզիցիան։

Ինձ համար սա լուրջ ազդանշան է։ Եթե մարդն աշխատում է օծանելիքի ոլորտում, պետք է հասկանա, թե ինչ է վաճառում․ իմանա ապրանքանիշը, դրա ստեղծման պատմությունը, կոմպոզիցիայի առանձնահատկությունները և գոնե հիմնական նոտաները։

Ինձ թվում է՝ խորհրդատուներին պետք է այդ ամենը սովորեցնել։ Մարդը խանութ է գալիս ոչ թե պարզապես գեղեցիկ տուփ գնելու համար։ Նա ցանկանում է հասկանալ, թե կոնկրետ ինչ է ձեռք բերում։

Ստացվում է՝ Եվրոպայում և մեզ մոտ՝ Հայաստանում, Կովկասում ու Արևելքում, օծանելիքի նկատմամբ վերաբերմունքի բավական նկատելի տարբերություն կա։

Այո՛։ Եվրոպայում մարդիկ ավելի հաճախ օծանելիք են օգտագործում իրենց համար։ Դա անձնական բան է, մի բան, որը քեզ դուր է գալիս, որի մեջ քեզ հարմարավետ ես զգում։ Դու բույրն առաջին հերթին ընտրում ես սեփական հաճույքի համար։

Իսկ մեզ մոտ, ինձ թվում է, իրավիճակը մի փոքր այլ է։ Այստեղ հաճախ օծանելիք են օգտագործում այնպես, որ շրջապատողներն էլ զգան դրա բույրը։ Որպեսզի մտնես սենյակ, և բոլորը հասկանան, որ դու եկել ես։ Մի խոսքով՝ այնտեղ օծանելիքն անձնական բան է, այն, ինչ քեզ է դուր գալիս, ինչից դու ես հաճույք ստանում։ Իսկ այստեղ՝ որպեսզի բոլորին «լավ լինի»։ (Ծիծաղում ենք)։

Զրուցեց՝ Լիանա Աղաջանյանը

Լուսանկարները՝ Մարիանա Հակոբյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search