61-ամյա իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվել մարտահրավեր նետել Հոլիվուդում տարիքային կարծրատիպերին, ինչու չի վախենում կինոյում մերկ տեսարաններից և ինչ տպավորություններ են մնացել Մել Գիբսոնի հետ համագործակցությունից։ Աստղն իր հիշողություններով կիսվել է Մարաքեշի կինոփառատոնի շրջանակում կայացած ստեղծագործական հանդիպման ժամանակ, որը կազմակերպել էր Variety ամսագիրը։
Բելուչին իր անունն է թողել Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմաշարի պատմության մեջ՝ նկարահանվելով Սեմ Մենդեսի «007․ ՍՊԵԿՏՐ» ֆիլմում։ Նկարահանումների ժամանակ նա 50 տարեկան էր, ինչի շնորհիվ դարձավ Ջեյմս Բոնդի սիրելի կնոջ դերը մարմնավորած ամենատարեց դերասանուհին։ Ինքը՝ Մոնիկան, կարծում է, որ այդ ընտրությունը կարևոր քայլ էր կինոարդյունաբերության մեջ տարիքային նախապաշարմունքները հաղթահարելու ճանապարհին։
Դերասանուհու խոսքով՝ ռեժիսոր Սեմ Մենդեսը ցանկացել է էկրանին ներկայացնել հասուն կնոջ կերպար և նրան առաջարկել է անսովոր ու ուժեղ դեր, որը կարող էր յուրօրինակ հեղափոխություն դառնալ ֆիլմաշարի համար։
«Ես 50 տարեկան էի և նախկինում երբեք չէի տեսել 50-ամյա Բոնդի աղջկա։ Կարծում եմ՝ ես ամենատարեց կինն եմ՝ տիկինը կամ աղջիկը, որ երբևէ հանդես է եկել Բոնդի ֆիլմերում»,-ժպիտով նշել է Բելուչին։
Դերասանուհին խոստովանել է, որ 50 տարեկանում կյանքի նոր փուլին անցնելը հեշտ չի եղել։ Սակայն հենց «007․ ՍՊԵԿՏՐ» և Էմիր Կուստուրիցայի «Կաթնային ճանապարհով» ֆիլմերում դերերն են օգնել նրան հաղթահարել այդ շրջանը և բացահայտել մասնագիտական նոր հնարավորություններ։
Բելուչին անդրադարձել է նաև կինոյում մերկ տեսարաններին՝ ընդգծելով, որ դրանք ամոթալի կամ նվաստացուցիչ չի համարում, եթե արդարացված են ստեղծագործության դրամատուրգիայով։
Հիշելով Ջուզեպպե Տորնատորեի «Մալենա» ֆիլմում իր հայտնի դերը՝ դերասանուհին պատմել է, որ հանգիստ է վերաբերվել տեսախցիկի առաջ մերկանալու անհրաժեշտությանը։ Նրա խոսքով՝ մոդելային բիզնեսում ձեռք բերած փորձն օգնել է իրեն ազատ զգալ սեփական մարմնում։
«Ես կինո եմ եկել նորաձևության աշխարհից, ուստի սեփական մարմնի նկատմամբ որոշակի ազատություն ունեի, որը ձեռք էի բերել նախորդ աշխատանքիս շնորհիվ»,-բացատրել է նա։
Բելուչին համոզված է, որ մերկությունը կարող է կարևոր գեղարվեստական միջոց լինել՝ կերպարն ավելի խորությամբ բացահայտելու համար։
«Երբ մարմնավորում ես որևէ դեր, և մերկությունը դրա մասն է կազմում, դա պարզապես աշխատանքային գործիք է։ Դա ինքն իրեն ցուցադրելու միջոց չէ։ Իրականում այն յուրօրինակ զգեստ է, որն օգնում է կերպարին կենդանանալ»,-հայտարարել է դերասանուհին։
Առանձին անդրադառնալով Մել Գիբսոնի «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմի նկարահանումներին՝ Բելուչին հիշել է, թե ինչպես է մարմնավորել Մարիամ Մագդաղենացուն։ Չնայած 2004 թվականին ֆիլմի թողարկումից հետո առաջացած հակասական արձագանքներին՝ դերասանուհին չի զղջում նախագծին մասնակցելու համար։
Նրա խոսքով՝ այդ ժամանակ իրեն առաջարկել են նկարահանվել մեկ այլ մարտաֆիլմում, սակայն նա նախընտրել է համագործակցել Գիբսոնի հետ, քանի որ վաղուց ցանկանում էր ծանոթանալ նրա ռեժիսորական մեթոդին։
«Ես ցանկանում էի աշխատել Մել Գիբսոնի հետ։ Տեսել էի նրա ֆիլմերը, որոնք ինձ դուր էին եկել, և սա մի փորձ էր, որը ես իսկապես ցանկանում էի ունենալ»,-պատմել է նա։
Բելուչին Գիբսոնին անվանել է անհավանական ռեժիսոր, որը հիանալի է կարողանում աշխատել դերասանների հետ։ Նա նաև հաստատել է, որ նրա հետ քննարկել է «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմի շարունակությունը՝ «Քրիստոսի հարությունը» երկմասանոց նախագիծը, որի վրա ռեժիսորն այժմ աշխատում է։
Դերասանուհին չի թաքցնում, որ վերջին տարիներին իր վերաբերմունքը մասնագիտության նկատմամբ փոխվել է։ Եթե նախկինում նրա կարիերան մեծապես պայմանավորված էր հայտնի տղամարդ ռեժիսորների, այդ թվում՝ Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի, Ջուզեպպե Տորնատորեի, Գասպար Նոեի և Դեյվիդ Լինչի հետ համագործակցությամբ, ապա այժմ նա հաճույքով աշխատում է նաև կին ռեժիսորների հետ։
Նրանց թվում Բելուչին առանձնացրել է Ալիս Ռորվախերին, Ռեբեկա Միլլերին, Կաուտեր Բեն Հանիային և Լեա Միսիուսին։ Նրա կարծիքով՝ կին ռեժիսորների, սցենարիստների և նկարահանող խմբերի կին մասնագետների թվի աճը ժամանակակից կինոարդյունաբերության կարևորագույն փոփոխություններից մեկն է։
Նա նաև նշել է, որ տարիքի հետ իրեն սկսել են առաջարկել ավելի բազմազան դերեր, որոնք հնարավորություն են տալիս բացահայտելու իր անհատականության նոր կողմերը։
«Մեր մարմինը աշխատանքային գործիք է։ Այն փոխվում է, և դրա հետ փոխվում են նաև դերերը։ Տարիքի հետ մենք փորձ ենք ձեռք բերում և կյանքի մասին պատմությունները ներկայացնում այլ կերպ»,-պարզաբանել է դերասանուհին։
Բելուչին ընդգծել է, որ այսօր կանանց համար 40 տարեկանից հետո կարիերան շարունակելը շատ ավելի հեշտ է, քան մի քանի տասնամյակ առաջ։ Որպես օրինակ՝ նա նշել է Սյուզան Սարանդոնին, Ջուդի Դենչին, Ջեյմի Լի Քերթիսին և Մերիլ Սթրիփին, որոնք ապացուցել են, որ տարիքը չի խանգարում դերասանուհիներին ստանալ վառ ու բարդ դերեր։
Չնայած հագեցած կարիերային և Հոլիվուդում ունեցած ճանաչմանը՝ Բելուչին երբեք չի ձգտել տեղափոխվել ԱՄՆ։ Նա խոստովանել է, որ իրեն առաջին հերթին եվրոպացի է զգում և նախընտրում է ապրել Փարիզի ու Հռոմի միջև։
«Ես սիրում եմ կինոն, բայց կյանքն ավելի շատ եմ սիրում»,-խոստովանել է աստղը։
Նրա խոսքով՝ տարիների ընթացքում ավելի ու ավելի է արժևորում պարզ բաները՝ ընտանիքը, ընկերներին և նկարահանման հրապարակներից հեռու սովորական առօրյայով ապրելու հնարավորությունը։
Հանդիպման ավարտին Բելուչին հանդես է եկել մեծ կինոէկրանի պաշտպանության դիրքերից՝ կինեմատոգրաֆիան անվանելով մարդկային մշակույթի կարևորագույն բաղադրիչներից մեկը։
«Հուսով եմ՝ կինոն երբեք չի անհետանա, որովհետև անկեղծորեն հավատում եմ, որ այն մարդկությանն անհրաժեշտ մշակութային արժեքներից մեկն է»,-հայտարարել է դերասանուհին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:14, 28 նոյեմբերի
Մոնիկա Բելուչին 50 տարեկանում մարտահրավեր է նետել Հոլիվուդին․ «Բոնդի ամենատարեց աղջիկը» պատմել է մերկ տեսարանների և Մել Գիբսոնի հետ աշխատանքի մասին14:22, 28 նոյեմբերի
«Ցանկանում էի միլիոնավոր մարդկանց հայր դառնալ». Dolce & Gabbana-ի մոդելը հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ սերմնաբջիջների դոնորության պատճառով13:07, 28 նոյեմբերի
Եվրոպայի տեսարաններով լի լոգանք, շամպայն և 105 հազար դոլար արժողությամբ անձնական վագոն․ Քեթի Փերին և Ջասթին Թրյուդոն շքեղ ռոմանտիկ ուղևորություն են կազմակերպել «Արևելյան էքսպրեսով»12:12, 28 նոյեմբերի
Նիկոլ Շերզինգերը խզել է նշանադրությունը՝ յոթ տարվա հարաբերություններից հետո․ ո՞վ է եղել բաժանման նախաձեռնողը11:20, 28 նոյեմբերի
«Ի՞նչ է ձեզ հետ կատարվում». Դոնալդ Թրամփ կրտսերը քննադատել է Netflix-ին՝ Գոհաբանության օրվա կապակցությամբ կանանց մասնակցությամբ համբույրի տեսարան հրապարակելու համար10:30, 28 նոյեմբերի
Սիմոն Աբգարյանը կգլխավորի Փարիզի լեգենդար թատրոններից մեկը՝ Théâtre du Soleil-ը09:00, 28 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 27 նոյեմբերի
Նեյմարը ֆուտբոլային խաղադաշտը փոխում է օծանելիքի բիզնեսով․ բրազիլացի աստղը Դուբայի ապրանքանիշի համար նոր բույր կստեղծի22:19, 27 նոյեմբերի
Ի՞նչ են կարդում միլիարդատերերը քնելուց առաջ21:30, 27 նոյեմբերի
Louis Vuitton-ը՝ խաչմերուկում․ ինչու է շքեղության աշխարհի ամենահարուստ ապրանքանիշը կորցնում իր գրավչությունը20:21, 27 նոյեմբերի
Շքեղությունը՝ աղբանոցից․ ինչու են դիզայներները պատռված ջինսերն ու կեղտոտ կոշիկները հազարավոր դոլարներով վաճառում19:27, 27 նոյեմբերի
Փարիզը կորցնում է իր փայլը հարուստների աչքերում․ անկարգությունները հարվածել են շքեղության բուտիկներին և վանել զբոսաշրջիկներին