Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Տեխնոլոգիական մագնատները դարձել են Հոլիվուդի նոր մանյակները. ինչո՞ւ է Սիլիկոնային հովիտն այժմ սարսուռ առաջացնում

22:23, 17 սեպտեմբերի

Հոլիվուդյան իրականության մեջ Սիլիկոնային հովիտը եկել է ոչ թե մարդկությանը փրկելու, այլ լոգարանում նրան մորթելու համար, գրում է Washington Post-ը։

Այս շաբաթ թողարկված նոր ֆիլմի թրեյլերում ուսապարկով մի տղամարդ իջնում է աղոտ լուսավորված աստիճաններով, քայլում խոնավ ստորգետնյա միջանցքով և հայտնվում մի բունկերում, որի պատերը պատված են ամենատարբեր զենքերով։ Ֆոնին հնչում է լարված երաժշտություն, լույսը կապտավուն է, իսկ մոնտաժը դիտավորյալ շփոթեցնում է դիտողին։ Վերջում տղամարդը տհաճ ու սարսռեցնող ժպտում է և փսփսում. «Այնքա՜ն ուրախ եմ սա տեսնելու համար»։

Կարելի է կարծել, թե սա սերիական մարդասպանի մասին կենսագրական ֆիլմի թրեյլեր է։ Բայց իրականում սա «տեխնո-բրոյի» մասին ֆիլմի թիզեր է՝ վերջին շաբաթների այն մի քանի նախագծերից մեկը, որտեղ Սիլիկոնային հովտի պատմությունը ներկայացվում է որպես իսկական սարսափ ֆիլմ։

Այս ժանրը կարելի է անվանել «Սիլիկոնային սպանդ Վյազերի փողոցում», «Տեխասյան սպանդ էլեկտրասղոցով. պիտչ-դեք» կամ «Չարիքի սերմանողը. ներդրումային փուլ»։

Ի դեպ, քանի որ «Արհեստականը» ֆիլմը նվիրված է OpenAI-ին, դրան կսազի նաև «Սեմ (Ալթմանի) որդին» անվանումը։

Տեսարաններից մեկում Էնդրյու Գարֆիլդը, ով մարմնավորում է Սեմ Ալթմանին, ճչում է դատարկության մեջ։ Մեկ այլ տեսարանում նա մեղմորեն ասում է. «Ոլորտները կփլուզվեն»՝ այնպիսի ելևէջներով, որոնք սովորաբար նախատեսված են օրորոցայինների կամ մտերմիկ զրույցների համար։

Այս թրեյլերներն արտացոլում են մեր ներկայիս տրամադրությունները և այն, թե ինչպես են փոխվել հասարակության հարաբերությունները տեխնոլոգիաների և դրանք ստեղծող մարդկանց հետ։

Մեզ այլևս չի հետաքրքրում «Սիլիկոնային հովիտ» սերիալի կամ 2010 թվականի «Սոցիալական ցանց» ֆիլմի Սիլիկոնային հովիտը՝ մի փոքր ծիծաղելի մի աշխարհ, որտեղ ապրում էին ուշադրության կարիք ունեցող հանճարները՝ շղթայով ֆլիսե կոֆտաներով։

Մեզ էլ այդքան չեն հետաքրքրում նաև 2025 թվականի «Լեռնագագաթ» ֆիլմի նման սև կատակերգությունները, որտեղ Ալպերում գտնվող գլխավոր տնօրենի առանձնատունը վերածվում էր Այն Ռանդի փիլիսոփայության շուրջ կատակի։

2026 թվականի տեխնոլոգիական աշխարհի հոլիվուդյան տարբերակում տեխնոլոգիաները եկել են ոչ թե մեզ օգնելու կամ պարզապես նյարդայնացնելու համար։ Դրանք եկել են լոգարանում մեզ մորթելու՝ սեփական մոր հագուստը հագին։

Աարոն Սորկինի «Սոցիալական ցանց» ֆիլմի շարունակությունը հանդիսացող «Սոցիալական հատուցում» ֆիլմի թրեյլերում, որի գործողությունները ծավալվում են 16 տարի անց, իմիջմեյքերը Դջերեմի Ստրոնգի մարմնավորած Մարկ Ցուկերբերգին սովորեցնում է ավելի մարդկային տեսք ունենալ։

«Սկսեք թեթև գլխով անելուց, որպեսզի ցույց տաք Ձեր հետաքրքրվածությունը»,— ասում է նա Facebook-ի հիմնադրին, ով անշարժ նստած է սեղանի շուրջ։

Նա սկսում է գլխով անել այնպիսի մարդու պես, ով ուր որ է ձեզ խնդրելու է «քսուքը դնել զամբյուղի մեջ»։

«Այո, մի փոքր ավելի մեղմ»,— ջղաձգորեն հուշում է խորհրդատուն։ Բայց մենք արդեն խորասուզվել ենք սարսռազդու հովտի մեջ։

Մեկ այլ օրինակ է Իլոն Մասկի մասին պատմող «Մասկ» վավերագրական ֆիլմը։ Այն այնքան երկար է, որ ցուցադրելու են ընդմիջումով։ Թրեյլերում արձակման նախապատրաստվող հրթիռի կադրերն ուղեկցվում են հետևյալ ձայնով. «Սա մի մարդ է, ով խելագարվել է»։

Հրթիռն ընկնում է ու բռնկվում. «Իլոնը միջուկային ռումբ է»։

Ակնհայտ է, որ Մասկը չի մասնակցել ֆիլմի ստեղծմանը։ Շատ ավելի դժվար է բացատրել այն ծաղրանկարային չարագործ կերպարը, որով ներկայացված է Էլիզաբեթ Հոլմսը (Սիլիկոնային հովտի նախկին աստղը, արյան անալիզների ոլորտում հեղափոխություն խոստացող Theranos-ի հիմնադիրը, որի ընկերությունը բացահայտումից հետո փլուզվեց, իսկ ինքը դատապարտվեց ներդրողների դեմ խարդախության համար) Թելուրայդի փառատոնում անսպասելիորեն հայտնված «Դու ամեն ինչ տեսնում ես» վավերագրական ֆիլմում։

Ոչ ոք անգամ չգիտեր, որ Հոլմսի մասին ֆիլմ է պատրաստվում, երբ հանկարծ էկրանին հայտնվեց Theranos-ի շնորհազուրկ ղեկավարը՝ տարիներ շարունակ ուղիղ ռեժիսոր Նաթան Ֆիլդերի աչքերի մեջ նայելով։

«Ես ձեզ հետ շփվում եմ որպես մարդու»,— ասում է նա՝ առանց աչք թարթելու։

Ինչը, իհարկե, ամենևին էլ կասկածելի չէ։ Այդպես չէ՞, մարդիկ։

Հնարավոր է՝ ֆիլմի ամբողջական տարբերակում կան պահեր, երբ Հոլմսն անկեղծ է թվում, կամ գոնե ամեն երեկո մողեսի չի վերածվում։ Լայն հանրության համար ֆիլմը լույս կտեսնի միայն հոկտեմբերի կեսերին, և այդ ժամանակ հանդիսատեսը կկարողանա սեփական կարծիքը կազմել։

Բայց այն փաստը, որ հենց այդ պահերը չեն հայտնվել թրեյլերում, ակնհայտորեն պատահական չէ։ Հեղինակները ցանկանում են Հոլմսին ցույց տալ ոչ թե պարզապես որպես դաշնային բանտում տասնամյա պատիժ կրող խաբեբա, այլ որպես մութ ու գրեթե չարագույժ մի ուժ։

Դեռ վերջերս Հոլիվուդն ավելի շատ ծաղրում էր ժամանակակից տեխնոլոգիաների աշխարհը։

Նոր թրեյլերները վկայում են փոփոխության մասին. եթե ոչ բուն պատմությունների, ապա գոնե դրանք հանդիսատեսին մատուցելու ձևի մեջ։

Այժմ Հոլիվուդն աշխատում է մի իրականության հետ, որտեղ արհեստական բանականության ոլորտի խոշորագույն ընկերություններից մեկի՝ Anthropic-ի հետազոտողը հայտարարում է հեռանալու մասին՝ պնդելով, թե ընկերությունը «խաղում է մեր կյանքի հետ»։ Իսկ նրա գործընկերը հենց հաջորդ օրը գրում է, որ ԱԲ-ն ընդունակ է ոչնչացնել մարդկությանը և անձամբ առաջիկա տասնամյակում նման սցենարի հավանականությունը գնահատում է ավելի քան 10%։

Բայց ինքնին տեխնոլոգիան նյութական չէ, իսկ այն սարսափը, որն այն պոտենցիալ պարունակում է, դեռևս հստակ ուղեգծեր չունի և նման չէ որևէ բանի, ինչին մարդկությունը նախկինում բախվել է։

Ուստի Հոլիվուդը մեզ վախեցնում է իրեն քաջ հայտնի միակ եղանակով՝ մթությունից անսպասելի հարձակմամբ։

Այն օրեցօր հզորացող տեխնոլոգիան ստեղծած մսից ու արյունից մարդկանց վերածում է կացնով դուռը ջարդող հրեշների, մինչ մենք մյուս կողմում կծկվում ենք անկյունում՝ չհասկանալով, թե ինչպես պաշտպանվել և նույնիսկ լավ չգիտակցելով, թե հանուն ինչի կամ ում դեմ ենք պայքարում։

Էնդրյու Գարֆիլդը նստած է զենքերով լի սենյակում, Ջերեմի Ստրոնգը՝ տնօրենների նիստերի դահլիճում։ Իսկ մենք բոլորս հայտնվել ենք «Անիծյալների գյուղում»։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search