«Ֆորմուլա 1»-ի լեգենդար արշավորդ Միխայել Շումախերի կինը՝ Կորինան, տևական դադարից հետո առաջին անգամ անկեղծորեն պատմել է իր կյանքի մասին՝ ամուսնու հետ գրեթե 13 տարի առաջ տեղի ունեցած ողբերգական դժբախտ պատահարից հետո։
Կորինան դարձել է Netflix-ի նոր՝ «Schumacher '94: The Birth of a Legend» վավերագրական ֆիլմի հերոսուհիներից մեկը, որը նվիրված է Շումախերի համար ճակատագրական 1994 թվականի մրցաշրջանին։ Հենց այդ ժամանակ գերմանացի արշավորդը Benetton-ի կազմում նվաճեց «Ֆորմուլա 1»-ի իր առաջին չեմպիոնական տիտղոսը։
Ֆիլմը պատմում է Շումախերի սրընթաց վերելքի մասին, բայց միևնույն ժամանակ եզակի հնարավորություն է տալիս ծանոթանալու նրա կնոջ անձնական կյանքին՝ 1990-ականներին նրանց սիրավեպի սկզբից մինչև այն դժվարին պայքարը, որը սկսվեց 2013 թվականի դեկտեմբերի 29-ից հետո։
Կորինան շարունակում է մնալ Միխայելին խնամող գլխավոր անձը։ Նրան օգնում են բուժքույրերի ու թերապևտների թիմը, որոնք ապահովում են շուրջօրյա խնամք։ Այս բոլոր տարիներին նա խստորեն գաղտնի է պահել ամուսնու անձնական կյանքը և գրեթե չի խոսել նրա առողջական վիճակի մասին։
Նոր վավերագրական ֆիլմում Կորինայի հայտնվելը այն հազվագյուտ առիթներից էր, երբ նա հրապարակավ խոսեց ողբերգությունից հետո իր կյանքի մասին։
Նոր ֆիլմում Կորինան հիշել է իրենց հարաբերությունների սկիզբը և պատմել Փոլա Աբդուլի «Rush Rush» երգի մասին, որը ժամանակին շատ հոգեհարազատ էր երկուսին էլ։
«Այն ժամանակ դա մեր երգն էր։ Երբ այսօր լսում եմ այն, լաց եմ լինում»,- խոստովանել է նա։
Կորինան նաև պատմել է, որ մայրը սկզբում կտրականապես դեմ է եղել Միխայելի հետ իր հարաբերություններին։
«Մայրս միանգամայն դեմ էր։ Միխայելն անընդհատ քարթինգի վազքուղում էր և միշտ մյուսներին դուրս էր հրում այնտեղից»,- հիշում է նա։
Կորինայի խոսքով՝ մայրը հաճախ էր կրկնում. «Մի հատ Շումախերին նայեք։ Նրանց տանը քարթինգի վազքուղի կա, նրանք վռնդում են բոլորին, ովքեր ինչ-որ բան այնպես չեն անում, իսկ հիմա նա դեռ մարդկանց էլ է դուրս հրում»։
Ֆիլմում Կորինան հիշել է նաև Միխայելի կյանքից զվարճալի դրվագներ՝ կապված երկրպագուների նամակների հետ։ Նրա խոսքով՝ Յուտա անունով մի երիտասարդ երկրպագուհի նամակների հետ միասին անընդհատ ներքնազգեստ էր ուղարկում։
«Նա շատ նամակներ էր ստանում։ Եվ մի աղջկանից, որը նամակի հետ միշտ ներքնազգեստ էր ուղարկում։ Նրա անունը Յուտա էր։ Ինչ-որ պահի «Դե արի, Յուտա» արտահայտությունը դարձավ նրա սիրելի խոսքը»,- պատմել է նա։
57-ամյա Շումախերի ներկայիս վիճակի մասին վավերագրական ֆիլմում ոչինչ չի ասվում։ Սակայն Կորինան նկատելիորեն հուզվում է, երբ հիշում է 1994 թվականի իրադարձությունները։
«Իմ սիրտը բաբախում է նրա համար, երբ նա հաղթում է։ Եվ երբ պարտվում է։ Սիրտս միշտ նրա հետ է։ Երբ կողքիդ է մեկը, ում ամեն օր անհամբեր սպասում ես, դա հիասքանչ է»,- ասում է նա։
Այս տարվա սկզբին հաղորդվում էր, որ Շումախերն այլևս գամված չէ անկողնուն։ Ընտանիքին մոտ կանգնած աղբյուրների տվյալներով՝ այժմ նա կարողանում է նստել հաշմանդամի սայլակին։
Միևնույն ժամանակ, ընտանիքը շարունակում է խստորեն պահպանել նրա անձնական կյանքի գաղտնիությունը։ Ֆրանսիական Մերիբել լեռնադահուկային հանգստավայրի մոտ քարերին ընկնելու հետևանքով ստացած գանգուղեղային վնասվածքից հետո Շումախերը գրեթե ամբողջությամբ անհետացավ հանրային դաշտից։
Որոշ նախկին աշխատակիցների՝ ծանր վիճակում գտնվող մարզիկի լուսանկարները վաճառելու փորձերն անցյալ տարի ավարտվեցին նրանց համար մեղադրական դատավճիռներով։ Լուրերն այն մասին, թե իբր Շումախերը պետք է ներկա գտնվեր իր դստեր՝ Ջինայի հարսանիքին 2024 թվականին, նույնպես չեն հաստատվել։
Տարբեր տարիներին մարզիկի վիճակի մասին ամենատարբեր լուրեր են շրջանառվել։ Մասնավորապես, նշվում էր, որ նա կարող է գտնվել պսևդոկոմայի վիճակում կամ տառապել «փակված մարդու» համախտանիշով, որի ժամանակ մարդը մնում է գիտակցության մեջ և լիովին հասկանում է կատարվածը, բայց գրեթե չի կարողանում արձագանքել այլ կերպ, քան աչքերի շարժումով։
Սակայն, ինչպես նշում է պարբերականը, մի քանի աղբյուրներ հերքել են նաև այս վարկածը։
Դեռևս 2021 թվականի «Schumacher» վավերագրական ֆիլմում Կորինան ասում էր, որ ամուսինը շարունակում է մնալ ընտանիքի կողքին։ «Միխայելն այստեղ է։ Նա ուրիշ է, բայց նա այստեղ է, և դա մեզ ուժ է տալիս։ Կարծում եմ, որ նա ամեն օր շարունակում է ինձ ցույց տալ, թե որքան ուժեղ է ինքը»,- ասել էր նա։
«Մենք միասին ապրում ենք տանը։ Զբաղվում ենք թերապիայով։ Անում ենք ամեն հնարավորը, որպեսզի Միխայելն իրեն ավելի լավ զգա և հարմարավետ լինի։ Եվ պարզապես փորձում ենք այնպես անել, որ նա զգա մեր ընտանիքը, մեր կապը։ Մենք փորձում ենք շարունակել ապրել որպես ընտանիք՝ այնպես, ինչպես Միխայելը սիրում էր և մինչև հիմա էլ սիրում է։ Եվ մենք շարունակում ենք ապրել։ Ինձ համար շատ կարևոր է, որ նա կարողանա հնարավորինս վայելել իր անձնական կյանքը։ Միխայելը միշտ պաշտպանել է մեզ, իսկ հիմա մենք ենք պաշտպանում նրան»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:36, 26 սեպտեմբերի
«Բարի գալուստ Ամերիկա». Թրամփի 15-ամյա թոռնուհին իր անթերի չինարենով գրավել է Սի Ցզինպինին11:18, 26 սեպտեմբերի
Gucci-ի վաճառողուհուց մինչև նորաձևության աստղ. Ջորջինա Ռոդրիգեսը նվաճել է Միլանը համարձակ մինի-կոստյումով10:30, 26 սեպտեմբերի
«Երբ լսում եմ մեր երգը, լաց եմ լինում». Միխայել Շումախերի կինը 12 տարվա մեջ առաջին անգամ խոսել է իր ցավի մասին09:10, 26 սեպտեմբերի
«Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ՓԲԸ-ն նշեց իր գործունեության 30-ամյա հոբելյանը Հայաստանում09:00, 26 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 25 սեպտեմբերի
90 տարեկան, 19 տիտղոս և երազանքի մարմին. ճապոնացի բոդիբիլդերը չի պատրաստվում ծերանալ22:17, 25 սեպտեմբերի
Աշխարհի ամենաթանկ վիսկիի շիշը վերադարձել է աճուրդի, և այն կարող է գերազանցել սեփական ռեկորդը21:10, 25 սեպտեմբերի
Max Mara-ն գերզբաղված կանանց համար նոր հավաքածու է ներկայացրել20:22, 25 սեպտեմբերի
Բրիտանացի գիտնականները պարզել են, թե ինչու են չափազանց առատաձեռն տղամարդիկ վախեցնում կանանց19:18, 25 սեպտեմբերի
Ինչպիսի՞ն է ապագայի Երևանը, և արդյո՞ք քաղաքները կնախագծվեն արհեստական բանականության կողմից. SHARE Armenia 2026-ի կարևորագույն պահերը16:16, 25 սեպտեմբերի
«Նա հիմա երիտասարդ տղամարդ է». Մելանյա Թրամփը ակնարկել է 20-ամյա Բարոնի հետ հարաբերությունների փոփոխությունների մասին15:47, 25 սեպտեմբերի
