Կիմի Անտոնելիի հաղթարշավը, որը դարձավ «Ֆորմուլա 1»-ի պատմության ամենաերիտասարդ աշխարհի չեմպիոնն ու 73 տարվա ընթացքում առաջին իտալացին, կրկին ուշադրություն է հրավիրել «Ferrari»-ի վաղեմի գաղտնիքի վրա. ինչո՞ւ է լեգենդար թիմը տասնամյակներ շարունակ գոյատևում առանց չեմպիոնական տիտղոսի համար պայքարելու ունակ իտալացի արշավորդների։
Ամենահայտնի վարկածներից մեկը կապված է 1957 թվականին «Mille Miglia» մրցարշավի ժամանակ տեղի ունեցած ողբերգության հետ։ Վերջնագծից 40 մղոնից էլ պակաս հեռավորության վրա մարկիզ Ալֆոնսո դե Պորտագոյի վարած «Ferrari 335 S»-ը, առջևի անվադողի պայթելու հետևանքով, կորցրել էր կառավարումը։ Մեքենան բախվել էր էլեկտրասյանը, մխրճվել հանդիսատեսի ամբոխի մեջ և կանգ առել առվակում։ Զոհվել էին արշավորդը, նրա շտուրման Էդմունդ Նելսոնը և ինը հանդիսատես, որոնցից հինգը՝ երեխաներ։ Եվս մոտ 20 մարդ վիրավորվել էր, գրում է «Telegraph»-ը։
Աղետից հետո Իտալիայի իշխանություններն արգելեցին «Mille Miglia»-ն և ընդհանուր օգտագործման ճանապարհներին անցկացվող մյուս մրցարշավները։ «Ferrari»-ի հիմնադիր Էնցո Ֆերարիին մեղադրեցին անզգուշությամբ մահ պատճառելու և անփութության մեջ։ Վատիկանի «L’Osservatore Romano» թերթը սուր քննադատական հոդված հրապարակեց՝ նրան անվանելով «արդյունաբերական Սատուրն» և համեմատելով սեփական զավակներին խժռող հռոմեական աստծու հետ։
Դրանից հետո տասնամյակներ շարունակ լուրեր էին շրջանառվում, թե Պիոս XII պապն Էնցո Ֆերարիի հետ գաղտնի համաձայնություն է ձեռք բերել․ ընկերությունը կկարողանա շարունակել մասնակցությունը մրցարշավներին, եթե դադարի իտալացի արշավորդների ներգրավել։ Սակայն գաղտնի համաձայնագրի մասին վարկածը փաստերով չի հաստատվում․ իտալացիները ողբերգությունից հետո էլ շարունակել են հանդես գալ «Ferrari»-ի կազմում։
Այդուհանդերձ, տասնամյակներ շարունակ թիմի գլխավոր հաջողություններն իսկապես կապված էին հիմնականում օտարերկրացի արշավորդների հետ։ «Ferrari»-ի կազմում տարբեր տարիների հանդես են եկել ավստրիացի Նիկի Լաուդան, գերմանացի Միխայել Շումախերը, իսպանացի Ֆեռնանդո Ալոնսոն և բրիտանացի Լյուիս Հեմիլթոնը։ Թիմի կազմում աշխարհի վերջին չեմպիոնը դարձել է ֆինն Կիմի Ռայկոնենը՝ 2007 թվականին։
Հոդվածի հեղինակ Թոմ Քերին Էնցո Ֆերարիի զգուշավորությունը կապում է անձնական ողբերգությունների շարքի հետ։ 1955 թվականին Մոնցայում մարզումների ժամանակ զոհվեց Ալբերտո Ասկարին՝ նրան հարազատ մի արշավորդ, որին Ֆերարին գրեթե որդու պես էր ընդունում։ Մեկ տարի անց մկանային դիստրոֆիայից մահացավ նրա որդին՝ Դինոն, որն ընդամենը 24 տարեկան էր։ Հեղինակի կարծիքով՝ այս կորուստները ստիպեցին Էնցոյին հուզական հեռավորություն պահպանել արշավորդներից։
Այսօր «Ferrari»-ի խնդիրը կարող է կապված լինել երիտասարդ իտալացի տաղանդների որոնման և զարգացման ոչ բավարար արդյունավետության հետ։ Անտոնելիի հաջողությունները կրկին այս հարցն են բարձրացրել․ նա հայտնվեց ոչ թե «Ferrari»-ի, այլ «Mercedes»-ի երիտասարդական ծրագրում։ Նրա հայրը պնդում էր, որ «Ferrari»-ի նախկին ղեկավար Մաուրիցիո Արիվաբենեն մերժել է որդու թեկնածությունը։
Այժմ Իտալիայում մտավախություն ունեն, որ թիմը կարող է բաց թողնել նաև հաջորդ հեռանկարային արշավորդին։ 11-ամյա Նիկոլո Պերիկոն, որին արդեն մեծ տաղանդ են անվանում, համաձայնագիր է ստորագրել «Mercedes»-ի հետ։ Մինչդեռ «Ferrari»-ին առայժմ չի հաջողվել պատրաստել սեփական երիտասարդ իտալացի արշավորդին, որը կարող է հավակնել հիմնական թիմում տեղ զբաղեցնելուն։
Անտոնելին արդեն հետաքրքրություն է առաջացնում «Ferrari»-ում։ Էնցո Ֆերարիի որդին՝ Պիեռոն, խոստովանել է, որ երազում է նրան տեսնել թիմի կարմիր համազգեստով։ «Ferrari»-ի նախկին նախագահ Լուկա դի Մոնտեձեմոլոն նույնպես ափսոսանք է հայտնել, որ Մեքսիկայում իտալացին չէր ներկայացնում թիմը։
Սակայն «Mercedes»-ի ղեկավար Տոտո Վոլֆը կարծում է, որ Անտոնելիի հաջողությունը բազմամյա համակարգված աշխատանքի արդյունք է։ Նրա խոսքով՝ «Mercedes»-ն ինը տարի աջակցել է արշավորդին ու նրա ընտանիքին, ապահովել նրա նախապատրաստությունը, ֆինանսավորել կարիերան և ընձեռել այնպիսի հնարավորություններ, որոնք մյուս թիմերը գուցե չկարողանային տալ։
Հնարավոր է՝ «Ferrari»-ին դեռ հաջողվի շտկել իրավիճակը։ Մինչ այդ Իտալիայում տեղեկություններ են հայտնվել, որ կաթոլիկություն դավանող Անտոնելին շուտով կարող է հանդիպել Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ։ Նյութի հեղինակը հեգնանքով ենթադրում է՝ գուցե Վատիկանը կրկին ստիպված լինի միջամտել, այս անգամ՝ օգնելու «Ferrari»-ին իտալացի արշավորդին իր շարքերը բերել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:27, 10 նոյեմբերի
Հռոմի պապը, 1957 թվականի ողբերգությունն ու 69-ամյա դավադրությունը. ինչո՞ւ «Ferrari»-ն իտալացի արշավորդների չի վերցնում16:33, 10 նոյեմբերի
26 տարի սպասում և հարսանիք. 84-ամյա միլիարդատեր Մայքլ Բլումբերգը ամուսնացել է իր սիրելիի հետ15:28, 10 նոյեմբերի
«Լրտեսուհու» հետ սիրավեպը կարող է Nvidia-ի գործադիր տնօրենին արժենալ 60 մլրդ դոլար և կարիերա. Ջենսեն Հուանգը հայտնվել է կրկնակի սկանդալի մեջ14:37, 10 նոյեմբերի
Անկախ ժամագործի տրիումֆը. քիչ հայտնի ապրանքանիշը արժանացել է «Ժամացուցային արվեստի Օսկար»-ին14:17, 10 նոյեմբերի
«Մասկի փողերը չօգնեցին». Ռոբերտ Դե Նիրոն ծաղրել է միլիարդատիրոջը նրա մասին ֆիլմի ցուցադրության ժամանակ13:43, 10 նոյեմբերի
Բիանկա Սենսորին կրկին ցնցել է իր համարձակ կերպարով՝ Լոս Անջելեսում գնումներ անելիս13:10, 10 նոյեմբերի
Փոլ Մաքքարթնին դարձել է միլիարդատեր և միացել է աշխարհի երեք ամենահարուստ երաժիշտներին12:31, 10 նոյեմբերի
Երեք հայ ընդգրկվել է Լոս Անջելեսի 34 ազդեցիկ տղամարդկանց ցանկում․ «Los Angeles Magazine»12:21, 10 նոյեմբերի
Մեծ Բրիտանիա վերադառնալը թանկ է նստում. Արքայազն Հարրին հրաժարվել է ԱՄՆ-ում 1 միլիոն դոլար աշխատավարձից11:39, 10 նոյեմբերի
Դասթին Հոֆմանը բացահայտել է, թե ինչպես է ատրճանակով զինված խանդոտ ամուսինը բռնացրել իրեն կնոջ հետ անկողնում11:17, 10 նոյեմբերի
Ռոբ Քարդաշյանը պատրաստ է բացահայտել ընտանեկան գաղտնիքները և խոսել իր դժվարությունների մասին. Դա հունից հանել է Քրիս Ջեններին10:30, 10 նոյեմբերի
«Քայլող մեռյալը». Ռասել Բրենդը խիստ դատավճիռ է ստացել բրիտանական բանտում՝ դատապարտվելով 10 տարվա ազատազրկման