Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Միլիոնանոց բաճկոնն ու միջին տարիքի ճգնաժամը. ինչու է Nvidia-ի նախկին ղեկավարի ֆիրմային ոճը դարձել ծաղրի առարկա  

19:30, 14 նոյեմբերի

Սև կաշվե բաճկոնը գրեթե երկու տասնամյակ եղել է Nvidia-ի հիմնադիր և նախկին ղեկավար Ջենսեն Հուանգի այցեքարտը։ Այն դարձել էր նրա կերպարի նույնքան անբաժանելի մասը, որքան Սթիվ Ջոբսի սև բարձրօձիք սվիտերը կամ Մարկ Ցուկերբերգի շապիկները։ Սակայն միլիարդատիրոջ ենթադրյալ սիրային կապերի շուրջ բռնկված աղմկահարույց սկանդալից հետո նրա սիրելի հագուստն անսպասելիորեն դարձավ ծաղրի առարկա. այժմ այն անվանում են միջին տարիքի ճգնաժամի խորհրդանիշ, գրում է The Guardian-ը։

Այս շաբաթ Հուանգը հեռացավ տեխնոլոգիական հսկայի ղեկավարի պաշտոնից՝ մի քանի ենթադրյալ սիրավեպերի մասին հրապարակումների ֆոնին։ Դրանից գրեթե անմիջապես հետո համացանցի օգտատերերի ուշադրությունը սևեռվեց նրա անփոփոխ զգեստապահարանի վրա։

The Cut ամսագիրը հոդված էր հրապարակել «Ջենսեն Հուանգի կաշվե բաճկոններն իրենից շուտ խոստովանեցին» սադրիչ վերնագրով՝ ակնարկելով թանկարժեք հագուստի հանդեպ միլիարդատիրոջ սիրո և նրա ենթադրյալ դավաճանությունների միջև եղած կապը։ Իսկ The New York Times-ի լրագրող Անանդ Գիրիդհարադասը հարց էր բարձրացրել. արդյո՞ք միջին տարիքի տղամարդու հագին թանկարժեք կաշվե բաճկոնը չի դարձել սիրային թակարդում հայտնված զոհի նոր խորհրդանիշ։

Սոցիալական ցանցերն արագորեն հափշտակեցին այս թեման։ Օգտատերերը հումորային մեմեր են հրապարակում, այդ թվում՝ արհեստական բանականության ստեղծած մի պատկեր, որտեղ կաշվե բաճկոնը՝ որպես սգո նշան, կիսով չափ իջեցված է Իլոն Մասկի SpaceX տիեզերական ընկերության գլխավոր գրասենյակի մոտ գտնվող դրոշաձողի վրա։ Տարածվել էր նաև Հուանգի մեկ այլ կեղծ լուսանկար՝ մետաղե գամերով բաճկոնով, որը շատերն իրական էին կարծել։

Չեն շրջանցվել նաև ամուսնալուծված հայրերի մասին կատակները։ «Ջենսենի կաշվե բաճկոնի շուրջ քննարկումներն ինձ հիշեցրին, թե ինչպես երկու տարի առաջ երեկույթի գնացի իմ սիրելի բայքերական բաճկոնով, իսկ մտերիմ ընկերս ասաց. "Հիանալի բաճկոն է։ Ափսոս, որ ամուսնալուծվել ես"»,- գրել է X-ի օգտատերերից մեկը։

Ինքը՝ Հուանգը, բազմիցս խոսել է կաշվե բաճկոնների հանդեպ իր սիրո մասին։ Սեպտեմբերին CBS-ին տված հարցազրույցում նա խոստովանել էր, որ իր զգեստապահարանում 30-ից 40 նման բաճկոն կա։ Նրա խոսքով՝ դրանք ընտրելու հարցում իրեն օգնում է կինը՝ Լորին։

Միլիարդատիրոջ հավաքածուն ներառում է ամենատարբեր տարբերակներ՝ բազմաթիվ շղթաներով կիպ բայքերական մոդելներից մինչև կոկորդիլոսի կաշվի դաջվածքով և ավելի զուսպ ու լակոնիկ ձևվածքով բաճկոններ։ Հուանգը դրանք կրում էր տեխնոլոգիական համաժողովների, աշխարհիկ միջոցառումների և Nvidia-ի շնորհանդեսների ժամանակ։ 2021 թվականին նա նույնիսկ հայտնվեց Time ամսագրի շապիկին՝ Tom Ford ապրանքանիշի սև կաշվե բաճկոնով։

Հուլիսին նրա Tom Ford բաճկոններից մեկը՝ գործարարի ինքնագրով, Sotheby's բարեգործական աճուրդում վաճառվեց 960 հազար դոլարով՝ նախնական արժեքից ավելի քան տասն անգամ թանկ։

Գրող և ոճաբան Փիթեր Բիվանի կարծիքով՝ կաշվե բաճկոնը Հուանգի համար սեփական կերպարին մի փոքր ըմբոստ ոգի հաղորդելու միջոց է դարձել։

Հագուստի այս տեսակի պատմությունն իսկապես սերտորեն կապված է բողոքի և ռոքնռոլի մշակույթի հետ։ 1953 թվականին Մառլոն Բրանդոն «Վայրենին» ֆիլմում լայն ճանաչում բերեց սև բայքերական բաճկոնին։ Ջեյմս Դինն այն դարձրեց իր էկրանային ու առօրյա կերպարի անբաժան մասը, իսկ Դևիդ Բոուին կաշվե բաճկոնով հայտնվեց 1977 թվականի Heroes ալբոմի շապիկին։ Ավելի ուշ այս ոճն ամրապնդեցին Պատրիկ Սուեյզին՝ «Կեղտոտ պարերում», Ջոն Տրավոլտան՝ «Բրիոլինում», և Հարիսոն Ֆորդը՝ Ինդիանա Ջոնսի կերպարում։

Ավանդական գործնական կոստյումի փոխարեն սև կաշվե բաճկոն ընտրելով՝ Հուանգը կարծես ընդգծում էր, որ ինքը սովորական կորպորատիվ ղեկավար չէ, այլ անկախ առաջնորդ, որը չի պատրաստվում շարժվել ընդունված կանոններով։

«Ըստ էության, Հուանգն ասում է. "Ես սովորական միլիարդատեր-ղեկավար չեմ։ Ես սեփական ոճն ունեցող, 'զիլ' միլիարդատեր-ղեկավար եմ"»,- պարզաբանում է Բիվանը։

Հոկտեմբերին CBS-ին տված հարցազրույցում գործարարը խոսել էր նաև սև հագուստի հանդեպ իր նախասիրության զուտ գործնական պատճառի մասին։ Նրա խոսքով՝ միանման ոճն օգնում է խուսափել ամեն օր բազմաթիվ մանր որոշումներ կայացնելու հոգնեցուցիչ անհրաժեշտությունից։

«Սևը ընտրության բացակայությունն է։ Հաճելի է ամեն օր նույն բանը հագնել, որովհետև անակնկալներ չեն լինում։ Այլ մարդիկ ստիպված են լինում երեք-չորս որոշում կայացնել, իսկ ես ինձ ազատել եմ դրանից։ Առավոտյան արթնանալով՝ կարող եմ միանգամից կենտրոնանալ իսկապես կարևոր հարցերի վրա»,- բացատրել է նա։

Կաշվե բաճկոնների հանդեպ նրա սերն աննկատ չէր մնացել նաև տեխնոլոգիական ոլորտի գործընկերների շրջանում։ 2024 թվականին Մարկ Ցուկերբերգը լուսանկար էր հրապարակել, որտեղ ինքն ու Հուանգը փոխանակվել էին բաճկոններով։ Ավելի ուշ՝ Կոլորադոյում կայացած Siggraph համաժողովի ժամանակ, Meta-ի հիմնադիրը նրան ևս մեկ բաճկոն էր նվիրել։

«Այն սև է, կաշվե, ոչխարի մորթուց երիզներով։ Սա իսկական ոճ է։ Այս տղային հաստատ նաև շղթա է պետք»,- կատակել էր Ցուկերբերգը։

Ի պատասխան՝ Հուանգը նրան էր նվիրել իր սև բաճկոնը, որն այդ օրը հագին էր։ Նա նշել էր, որ կինն այն հատուկ է գնել՝ ի հիշատակ այդ համաժողովի։ «Հիմա այն ավելի թանկ արժե, քանի որ արդեն հագած է»,- նկատել էր Ցուկերբերգը՝ փորձելով նվերը։

Սակայն, ինչպես կարծում է Բիվանը, անգամ ամենաթանկարժեք դիզայներական հագուստը չի երաշխավորում անթերի կերպար։ Նրա խոսքով՝ Հուանգի բաճկոններն իսկապես այն մոդելներից են, որոնք բարձր կգնահատեին նորաձևության գիտակները։ Բայց բոլորովին նոր՝ նոր գնված կաշվե բաճկոնը հաճախ չափազանց արհեստական է դիտվում և արագորեն սկսում է ասոցացվել միջին տարիքի ճգնաժամի հետ։

Նման հագուստ ընտրելիս տղամարդկանց հիմնական սխալներն են չափազանց փայլը, նորության տպավորությունն ու չափից դուրս կիպ ձևվածքը։ Որպես անհաջող համադրության օրինակ՝ ոճաբանը նշում է հեռուստահաղորդավար Ջերեմի Քլարկսոնին, որը նախընտրում է սև կաշվե բաճկոնը կրել լայնացող ջինսերի հետ։

Բոլորովին այլ տեսք ունեն այն տղամարդիկ, որոնք իսկապես կարողացել են կաշվե բաճկոնը դարձնել իրենց ոճի օրգանական մասը։ Լեննի Կրավիցը, որը Հուանգի նման արդեն անցել է 60-ի սահմանը, նախընտրում է մաշվածության էֆեկտով հնեցված մոդելներ։ Ջոն Մալկովիչն ընտրում է ազատ ձևվածքով շագանակագույն բաճկոններ, իսկ ռեփեր A$AP Rocky-ն կաշվե բոմբերը դարձրել է իր զգեստապահարանի գլխավոր տարրերից մեկը։

Նրանց, ում պակասում է երիտասարդական ավյունը կամ ռոք-աստղի բնական խարիզման, Բիվանը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել Harrington ոճի բամբակյա բաճկոններին։ Նրա կարծիքով՝ դրանք թույլ են տալիս պահպանել նույն անկաշկանդ կերպարը, բայց առանց միջին տարիքի ճգնաժամի հետ կապված զուգորդումների։

Այդուհանդերձ, հնարավոր է, որ ինքը՝ Հուանգը, ստիպված լինի վերանայել իր տարիների սովորությունն արդեն հաջորդ շաբաթ։ Եթե տեխնոլոգիական համաժողովների ժամանակ սև կաշվե բաճկոնն օգնում էր նրան տպավորիչ ու անկաշկանդ տեսք ունենալ, ապա ԱՄՆ Կոնգրեսի լսումներին, որտեղ նա պետք է ցուցմունք տա, նման կերպարը կարող է բոլորովին անտեղի դիտվել։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search