Աշխարհի ամենահարուստ մարդիկ լիցքաթափվելու համար գնալով ավելի հաճախ են անսովոր տարբերակ ընտրում․ հինգաստղանի հյուրանոցների, մասնավոր վիլլաների և սպա-հանգստավայրերի փոխարեն նրանք ուղևորվում են Յուտա նահանգի անապատ, որտեղ ստիպված են մոռանալ սովորական հարմարավետության մասին և սովորել գոյատևել գրեթե զրոյից։ Այստեղ չկան անձնական խոհարարներ, փափուկ մահճակալներ և անգամ բջջային հեռախոսներ։ Կա միայն խստաշունչ բնություն, ծանր փորձություններ և բացառապես սեփական ուժերին ապավինելու անհրաժեշտություն։
Նման հանգստի ամենաարտասովոր վայրերից մեկը դարձել է Boulder Outdoor Survival School-ը (BOSS)՝ գոյատևման դպրոցը, որը հիմնադրվել է 1968 թվականին։ Դրա ծրագրերը գրավում են ունևոր ձեռնարկատերերի, խոշոր ընկերությունների ղեկավարների և համաշխարհային աստղերի։ Դպրոցի հրահանգիչներին դիմած հայտնիների թվում է նաև դերասան Թոմ Հենքսը, որը պատրաստվում էր «Լքվածը» (Cast Away) ֆիլմի նկարահանումներին։ Դպրոցի մասնագետներն անգամ աշխատել են նկարահանման հրապարակում՝ օգնելով գոյատևման տեսարանները հնարավորինս արժանահավատ դարձնել։
BOSS-ը գտնվում է Յուտա նահանգի փոքրիկ Բոուլդեր քաղաքի մոտակայքում։ Դրա բազան բոլորովին նման չէ էլիտար քաղաքամերձ ակումբի․ մի քանի պարզ շինություն, յուրտեր, ճյուղերից պատրաստված ծածկեր և խմելու ջրի աղբյուր։ Մասնակիցները քնում են ավազի վրա՝ ծածկվելով ընդամենը մեկ վերմակով, իսկ հրահանգիչներն ապրում են վրաններում կամ սեփական ֆուրգոններում։ Միլիոնատերերի համար այստեղ որևէ արտոնություն նախատեսված չէ։
Դպրոցի փիլիսոփայությունը ձևակերպված է չափազանց պարզ․ «Իմանալ ավելին, կրել ավելի քիչ»։ Մասնակիցներին սովորեցնում են կողմնորոշվել տեղանքում, կրակ ստանալ, կացարաններ կառուցել, մաքրել ջուրը և օգտագործել բնական ռեսուրսները։ Ընդ որում, գլխավոր նպատակը ոչ այնքան գոյատևման հմտություններին տիրապետելն է, որքան սեփական հոգեբանական կայունությունը ստուգելը, անորոշությանը դիմակայել սովորելը և ներսում այնպիսի ուժեր բացահայտելը, որոնց մասին մարդը նախկինում գաղափար անգամ չի ունեցել։
The Times-ի լրագրող Դիանա Մաքլինը որոշել է անձամբ անցնել Wilderness Navigator երկշաբաթյա դասընթացը։ Արշավից առաջ նրանից վերցրել են հեռախոսն ու ժամացույցը, իսկ կոսմետիկայից, լապտերներից և նավիգացիոն ժամանակակից սարքերից օգտվելն արգելվել է։ Դպրոցը չի թույլատրում անգամ տեղորոշման հատուկ սարքեր կրել։ Արտակարգ իրավիճակների դեպքում մասնակիցները թողնում են իրենց կոշիկների ներբանների դրոշմը, որպեսզի հնարավոր լինի նրանց գտնել հետքերով։
Առաջին օրերն իսկական փորձություն էին։ Մասնակիցները ստիպված էին յուրացնել կոորդինատները, որոշել հորիզոնի կողմերը, օգտվել կողմնացույցից և կողմնորոշվել աստղերով։ Նրանք սովորում էին սոճու փշերից անկողին պատրաստել, մաքրել առվակների ջուրը, դանակ գործածել և պոնչոյից ու պարակորդից (ամուր նեյլոնե պարան) ժամանակավոր ծածկեր կառուցել։ Ցնցուղ չկար, իսկ լվացվել թույլատրվում էր խիստ սահմանափակումներով՝ բնական ջրային աղբյուրները չաղտոտելու համար։
Օրերն անցնում էին անտառներով, մարգագետիններով և քարքարոտ լանջերով հյուծիչ արշավների մեջ։ Ամենածանր փորձություններից մեկը անծանոթ տեղանքում կողմնորոշվելն էր․ մասնակիցները պետք է ինքնուրույն երթուղիներ գծեին, ապա առաջնորդեին խմբին։ Լրագրողը խոստովանել է, որ երբեմն կասկածում էր՝ կկարողանա՞ արդյոք դիմանալ մինչև ծրագրի ավարտը։
Եվ սա գովազդային պատմության պարզապես տպավորիչ դրվագ չէ։ Ոմանք իսկապես լքում են դպրոցը ժամանակից շուտ։ Մի մասը չի դիմանում ընտանիքի կարոտին, մյուսները չեն կարողանում հաղթահարել միայնությունը ինքնուրույն արշավների ժամանակ։ Տնօրենի տեղակալ Փերի Թանկրեդիի խոսքով՝ մասնակիցներից մեկը հեռացել է զուտ այն պատճառով, որ իրեն պակասում էր էլեկտրոնային փոստը։ Դեպքեր են եղել, երբ ծրագիրը կիսատ են թողել անգամ նախկին զինվորականները։
Հրահանգիչներից մեկը պատմել է մեկ այլ ուշագրավ դեպքի մասին․ միլիարդատերերից մեկը, որին փորձությունները չափազանց ծանր են թվացել, ուսապարկում արբանյակային հեռախոս է թաքցրած եղել և անապատ է կանչել իր անձնական ուղղաթիռը։ Սակայն նման պատմությունները չեն փոխում BOSS-ի սկզբունքները․ երթուղու վրա բոլորը հավասար են՝ անկախ բանկային հաշվի պարունակությունից։ Ինչպես բացատրում էր դպրոցի նախկին տնօրեն Ջեյ Քարսոնը, ամպրոպը մարդուն չի շրջանցի միայն այն պատճառով, որ նա կես միլիարդ դոլարի կարողություն ունի։
Քարսոնն ինքն էլ այդ դասընթացն անցել է 2021 թվականին։ Ավելի ուշ նա դարձել է հրահանգիչ և դպրոցում ձեռք բերած հոգեբանական տոկունությունն է համարում այն գործոնը, որն իրեն օգնել է հաղթահարել ծանր անձնական կորուստը․ 2025 թվականի անտառային հրդեհների ժամանակ Լոս Անջելեսում գտնվող նրա տունն ամբողջությամբ այրվել էր։
Այդուհանդերձ, էքստրեմալ արշավները գրավում են ոչ միայն միլիարդատերերին ու բիզնեսի ղեկավարներին։ «Չարլիի հրեշտակները» ֆիլմի նկարահանումներից առաջ դպրոցում իրենց յոթնօրյա դասընթացն են անցել Դրյու Բերիմորը, Լյուսի Լյուն և Քեմերոն Դիասը։ BOSS-ի ծրագրերը նախատեսված են պատրաստվածության տարբեր մակարդակների համար և կարող են տևել մեկ շաբաթից մինչև 28 օր։ Ամենաերկարատև արշավը համարվում է ֆիզիկապես ամենաբարդը։
The Times-ի լրագրողը նկարագրել է նաև իր ճամփորդության գագաթնակետը՝ չորսօրյա միայնակ արշավը։ Մասնակիցներին երթուղու վրա թողնում էին առանց հրահանգիչների, և նրանք ստիպված էին ինքնուրույն ճանապարհ գտնել, ջուր հայթայթել և գիշերակաց կազմակերպել։ Մաքլինն ընկել է հորդառատ անձրևների տակ, հաղթահարել զառիթափ լանջեր, շփոթվել ուղենիշների հարցում և բազմիցս կասկածել՝ արդյոք ճի՞շտ է որոշել իր գտնվելու վայրը։ Գիշերը նրա կացարանի մոտ խշշում էին մանր կրծողները՝ փորձելով հասնել սննդի պաշարներին։
Սակայն հենց միայնությունը, որն ի սկզբանե վախեցնող էր թվում, ի վերջո դարձավ նրա ամենաարժեքավոր տպավորություններից մեկը։ Առանց ժամացույցի ու հեռախոսի նա աստիճանաբար դադարեց մտահոգվել ժամանակի մասին և սովորեց ինքնուրույն որոշումներ կայացնել։ Վերջին օրը լրագրողին հաջողվեց ինքնուրույն գտնել պայմանավորված հանդիպման վայր տանող ճանապարհը և մասնակիցներից առաջինը հասնել վերջնագծին։
Շրջանավարտների և հրահանգիչների կարծիքով՝ նման արշավների գլխավոր արժեքը խարույկ վառելու կամ ծածկ կառուցելու հմտությունը չէ։ Դրանք օգնում են մարդուն բացահայտել ներքին խիզախությունը, սովորել խուճապի չմատնվել անհայտության առջև և հասկանալ, թե ինչի է նա ընդունակ իր սովորական կյանքի սահմաններից դուրս։
Դպրոցը շարունակում է զարգացնել իր ծրագրերը, այդ թվում՝ հատուկ արշավներ կանանց համար։ 2027 թվականին նախատեսված է 14 օր տևողությամբ առանձին կանացի արշավ։ Նույն տարվա համար Wilderness Navigator դասընթացի արժեքը սահմանված է 4380 եվրո, իսկ կանանց դաշտային արշավինը՝ 4280 եվրո։
Կարծես թե համաշխարհային էլիտայի որոշ ներկայացուցիչների համար այսօր իսկական շքեղությունը ոչ թե էլ ավելի մեծ հարմարավետություն ստանալն է, այլ դրանից ժամանակավորապես լիովին հրաժարվելու հնարավորությունը՝ ստուգելու համար, թե արդյոք կկարողանան յոլա գնալ առանց այն ամենի, ինչին այդքան սովոր են։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:26, 16 նոյեմբերի
Հրաժարում շքեղությունից՝ հանուն գոյատևման․ ինչո՞ւ են միլիարդատերերն ու Թոմ Հենքսը մեկնում անապատ՝ իրենց տոկունությունը փորձելու16:28, 16 նոյեմբերի
Yandex Music-ը սկսում է համագործակցել հայ արտիստների հետ․ առաջին հատուկ նախագիծը՝ Սևակ Խանաղյանի «Голоса» («Ձայներ») երգի կենդանի կատարումը օդապարիկում16:18, 16 նոյեմբերի
Սիրային կապ ավելի քան 200 տղամարդու հետ և ծխախոտ՝ մեկը մյուսի հետևից․ ո՞վ էր «Կաբարեի» իրական Սալի Բոուլզը15:23, 16 նոյեմբերի
«Նեշվիլի ամենաատելի մարզիկի կնոջը» ծաղրել են փառքի հետևից ընկնելու և ձախողված նախագծերի համար14:37, 16 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնը՝ Ջեյմս Բոնդի դերի գլխավոր հավակնորդ․ դերասանին ամենախոշոր հոնորարն են առաջարկել14:14, 16 նոյեմբերի
«Ես քո հայրն եմ» տեսարանից Դարթ Վեյդերի լուսային թուրը վաճառվել է 4,9 մլն դոլարով13:28, 16 նոյեմբերի
Մեգան Ֆոքսը՝ «առնետ», Անջելինա Ջոլին՝ «գորտ». TikTok-ում տարօրինակ թրենդ է տարածվում12:40, 16 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը կերպարանափոխվել է Louis Vuitton-ի բուժքրոջ12:22, 16 նոյեմբերի
Ջեֆ Բեզոսի սիրելի նախագծի արժեքը գերազանցել է 1 մլրդ ֆունտ ստեռլինգը. «Մատանիների տիրակալը» դարձել է պատմության մեջ ամենաթանկարժեք սերիալը11:38, 16 նոյեմբերի
«Ես պաշտում եմ նրան». Դոնալդ Թրամփի թոռնուհին պատմել է մոր նոր զուգընկերոջ՝ Թայգեր Վուդսի հետ իր հարաբերությունների մասին11:17, 16 նոյեմբերի
«Այլասերվածներն՝ ամբաստանյալի աթոռին». OnlyFans-ի աստղը դատավարություն է կազմակերպել իրեն ձանձրացնող երկրպագուների նկատմամբ10:30, 16 նոյեմբերի
«Չափազանց անճար է դավաճանելու համար»․ Nvidia-ի նախկին ղեկավարի շուրջ ծագած սկանդալի ֆոնին Ցուկերբերգին անվանել են «վերջին հավատարիմ միլիարդատեր»