Շվեդիայում անսովոր սկանդալ է ծագել․ երկրի հյուսիսում գտնվող Յոկկմոկի համայնքի ղեկավար Լարս Էրիկսոնը պարզվել է, որ նախկինում նկարահանվել է մեծահասակների համար նախատեսված ֆիլմերում՝ հանդես գալով «Վիկինգ» կեղծանվամբ։ Նրա անցյալը բացահայտվել է լրագրողական հետաքննության արդյունքում, ինչից հետո պաշտոնյան զրկվել է զբաղեցրած պաշտոնից։ Այժմ շվեդական փոքրիկ քաղաքի պատմությունը քննարկվում է երկրի սահմաններից շատ հեռու։
56-ամյա Էրիկսոնը ղեկավարում էր Շվեդիայի հյուսիսում գտնվող Յոկկմոկի համայնքը։ Մինչ այդ նա եղել է Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր՝ ներկայացնելով Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, իսկ 2024 թվականի փետրվարին զբաղեցրել է տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի պաշտոնը։
Նրա նախկին գործունեության մասին հայտնի է դարձել հոկտեմբերին, երբ համացանցում կրկին հայտնվել են նրա մասնակցությամբ բացահայտ տեսանյութեր։ Պարզվել է, որ նախկինում Էրիկսոնը նկարահանվել է մեծահասակների համար նախատեսված ֆիլմերում և զբաղվել դրանց արտադրությամբ ԱՄՆ-ում՝ օգտագործելով Հանս կեղծանունը։
Այս պատմությունը բացահայտելու հարցում առանցքային դեր է ունեցել մեծահասակների համար նախատեսված ֆիլմերի արդյունաբերության մրցանակաբաշխություններից մեկի լուսանկարը, որը կարելի է համարել այդ ոլորտի յուրօրինակ «Օսկար»։ Շվեդ լրագրող Էլլիկա Նիլսոնը նկատել է արտաքին նմանություն ոլորտի ներկայացուցիչներից մեկի և համայնքի ղեկավարի միջև։ Սակայն միայն արտաքին նմանությունը բավարար չէր՝ հաստատելու համար, որ խոսքը նույն անձի մասին է։
«Իմ ձեռքի տակ միայն մի լուսանկար էր, որտեղ Յոկկմոկի համայնքի ղեկավարը զարմանալիորեն նման էր մեծահասակների համար նախատեսված ֆիլմերում նկարահանվող դերասանին։ Դա բավարար չէր ապացուցելու համար, որ նրանք նույն մարդն են»,- Daily Mail-ին պատմել է լրագրողը։
Ավելի ուշ Էրիկսոնը գրավոր հաստատել է, որ իսկապես նկարահանվել է այդ ֆիլմերում։ Շվեդական SVT հեռուստաընկերության տվյալներով՝ 2018-2026 թվականներին նրա մասնակցությամբ թողարկվել է ութ ֆիլմ։
Միևնույն ժամանակ պաշտոնյան պնդում է, որ 2022 թվականին դադարեցրել է գործունեությունն այդ ոլորտում, իսկ հին տեսանյութերի կրկին հրապարակվելը տեղի է ունեցել առանց իր վերահսկողության։
Ինչո՞ւ պաշտոնյան հեռացվեց պաշտոնից նկարահանումներիցտարիներ անց
Սկզբում համայնքի իշխանությունները չէին պարզաբանում Էրիկսոնին պաշտոնից հեռացնելու պատճառները՝ կատարվածը ներկայացնելով որպես կադրային հարց։ Սակայն լրագրողական հետաքննության հրապարակումից հետո պաշտոնյաները հայտարարեցին, որ նրա անցյալը կարող է անվտանգության սպառնալիք ներկայացնել։
Յոկկմոկը ռազմավարական նշանակություն ունի Շվեդիայի համար՝ շնորհիվ իր հիդրոէներգետիկ ենթակառուցվածքների և ազգային անվտանգության հետ կապված օբյեկտների։ Տեղական իշխանությունները մտավախություն ունեն, որ համայնքի ղեկավարի նախկին գործունեությունը կարող է նրան խոցելի դարձնել օտարերկրյա պետությունների, առաջին հերթին՝ Ռուսաստանի կողմից հնարավոր շանտաժի համար։
«Չափազանց կարևոր է, որ բարձր պաշտոն զբաղեցնող ղեկավարը չհայտնվի շանտաժի ենթարկվելու վտանգի առաջ»,- հայտարարել է համայնքի խորհրդական Ռոլանդ Բոմանը։
Ուփսալայի համալսարանի վարչական իրավունքի պրոֆեսոր Օլե Լունդինը նույնպես նշել է, որ նման համայնքի ղեկավարի խոցելիությունը կարող է անվտանգության տեսանկյունից խնդիրներ առաջացնել։
Ինքը՝ Էրիկսոնը, կտրականապես համաձայն չէ նման մտահոգությունների հետ։ Նա ընդգծում է, որ նկարահանումներն օրինական են եղել, ավարտվել են պաշտոնում նշանակվելուց շատ առաջ և չպետք է որևէ ազդեցություն ունենան իր մասնագիտական գործունեության վրա։
«Հաշվի առնելով, որ խոսքը օրինական, թեև հասարակության կողմից դեռևս տաբու համարվող գործունեության մասին է, որը դադարեցվել է համայնքում աշխատելու իրավունք ստանալուց ավելի քան երկու տարի առաջ, ինձ համար դժվար է հասկանալ, թե դա ինչ կապ ունի իմ ներկայիս պաշտոնի հետ»,- հայտարարել է նա։
Ի վերջո, նոյեմբերի 3-ին համայնքի ղեկավարությունն ու Էրիկսոնը համաձայնության են եկել աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու շուրջ։ Որպես փոխհատուցում նախկին ղեկավարը ստացել է շուրջ 44,5 հազար դոլար, ինչը համարժեք է յոթ ամսվա աշխատավարձին։
Փոքրիկ քաղաքում քննարկում են սկանդալը
Պատմությունը լայն արձագանք է ստացել և տարակարծություններ առաջացրել շուրջ 4600 բնակիչ ունեցող Յոկկմոկում։ Ոմանք զարմացած են տեղի ունեցածից, մյուսները կատարվածին հումորով են վերաբերվում, իսկ երրորդները կարծում են, որ մարդու օրինական անցյալը չպետք է օգտագործվի նրա դեմ, եթե նա օրենք չի խախտել։
Տեղի որոշ բնակիչներ կատակում են, որ այս սկանդալի շնորհիվ իրենց քաղաքը վերջապես հայտնվել է միջազգային ուշադրության կենտրոնում։ Սակայն համայնքի նախկին խորհրդական Հենրիկ Բլինդը խոստովանել է, որ նման ճանաչումն իրեն ամենևին էլ չի ուրախացնում։
«Սա այնպիսի ճանաչում չէ, որին մենք ձգտում ենք։ Մենք չենք ուզում, որ մեզ ճանաչեն հենց այս պատճառով։ Այժմ պետք է առաջ նայել և խոսել Յոկկմոկի մյուս առավելությունների մասին՝ հիասքանչ բնության և հրաշալի մարդկանց»,- նշել է նա։
Բլինդի խոսքով՝ համայնքի ղեկավարությունը Էրիկսոնի մասնագիտական գործունեության վերաբերյալ հարցեր ուներ դեռևս մինչև նրա անցյալի մասին տեղեկությունների բացահայտումը։ Բացի այդ, նախկին գործընկերը պնդում է, որ աշխատանքի ընդունվելու հարցազրույցի ժամանակ թեկնածուին ուղիղ հարց են տվել՝ արդյոք նրա կենսագրության մեջ կան հանգամանքներ, որոնց մասին ապագա գործատուն պետք է իմանա։
«Նա պատասխանել է՝ ոչ»,- պատմել է Բլինդը։
Այժմ համայնքի ղեկավարությունը հանձնարարել է կադրերի բաժնին վերանայել ղեկավար պաշտոնների թեկնածուների ստուգման ընթացակարգերը։
Ինքը՝ Էրիկսոնը, շարունակում է պնդել, որ իր նախկին գործունեությունը չպետք է պաշտոնանկության հիմք դառնար։ Ավելին՝ նա նշում է, որ երբ շվեդ լրագրողներն առաջին անգամ իրեն դիմել են այս պատմությունը մեկնաբանելու խնդրանքով, ինքը չի թաքցրել իր նախկին գործունեությունը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:45, 23 նոյեմբերի
Արամ Ասատրյանի մասին ֆիլմի նկարահանումները մոտենում են ավարտին․ ֆիլմը կինոթատրոններում կլինի փետրվարի 4-ից (ֆոտո)15:25, 23 նոյեմբերի
«Վիկինգը»՝ գաղտնի անցյալով․ Շվեդիայի քաղաքապետարանի ղեկավարը նախկինում նկարահանվել է մեծահասակների համար նախատեսված ֆիլմերում14:38, 23 նոյեմբերի
Սկեսուրը վերադառնո՞ւմ է․ Ջենիֆեր Լոպեսն ու Ջեյն Ֆոնդան քննարկում են հանրահայտ կատակերգության շարունակության նկարահանման հնարավորությունը14:24, 23 նոյեմբերի
Բրյուս Ուիլիսի դուստրը քննադատություններից հետո հեռացրել է հոր հետ հուզիչ լուսանկարը13:32, 23 նոյեմբերի
Վեց տարի տևած սիրո պատմությունն ավարտվեց․ Սոֆի Լորենի որդին բաժանվել է վրացի գեղեցկուհի Մարիամ Շարմանաշվիլիից13:13, 23 նոյեմբերի
Կրակոտ շոուն վերածվել է մղձավանջի. պարողը բոցավառվելով ընկել է բեմից Աշերի և Քրիս Բրաունի համերգի ժամանակ12:22, 23 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը Լաս Վեգասում կազմակերպել է սադրիչ ֆոտոսեսիա. Վինտաժ Dior տաբատ, կարմիր կաշի և համարձակ կերպարներ12:07, 23 նոյեմբերի
Արքայազն Ուիլյամը վրեժ է ծրագրում Հարրիի և Մեգանի դեմ. ապագա թագավորը կարող է զրկել նրանց և նրանց երեխաներին թագավորական տիտղոսներից11:30, 23 նոյեմբերի
Քվենտին Տարանտինոն և նրա կինը՝ Դանիելան, երրորդ երեխային են ունեցել11:08, 23 նոյեմբերի

10:30, 23 նոյեմբերի
Մայլի Սայրուսը իր հարսանեկան ֆոտոշարքից հազվագյուտ կադրեր է հրապարակել09:00, 23 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ