Ռոբերտ Պատինսոնի՝ նոր Ջեյմս Բոնդի կերպարով հայտնվելը անսպասելի ինտրիգ է առաջացրել շքեղ ժամացույցների աշխարհում։ Դերասանին գործակալ 007-ի դերում ներկայացնող պաշտոնական լուսանկարում նրա դաստակին ժամացույց չի եղել։ Կոլեկցիոներների և ժամագործական ոլորտի ներկայացուցիչների շրջանում դա հարց է առաջացրել․ արդյո՞ք հայտնի լրտեսը պատրաստվում է հրաժարվել իր ավանդական Omega ժամացույցներից և նախապատվությունը տալ Jaeger-LeCoultre-ին, գրում է The Wall Street Journal-ը։
Գրեթե 30 տարի Omega Seamaster ժամացույցները Ջեյմս Բոնդի կերպարի անբաժանելի մասն են եղել։ Ամեն ինչ սկսվել է 1995 թվականին, երբ «Ոսկե աչք» (GoldenEye) ֆիլմում Փիրս Բրոսնանը առաջին անգամ հանդես է եկել գործակալ 007-ի դերում՝ դաստակին կրելով Seamaster Diver 300M մոդելը։ Այդ ժամանակից ի վեր բրենդի և կինոֆրանշիզայի համագործակցությունը դարձել է շքեղության ոլորտում մարքեթինգի ամենահաջողված օրինակներից մեկը։
Սակայն նոր Բոնդը կապ ունի նաև մեկ այլ ժամագործական տան հետ։ Սեպտեմբերին Jaeger-LeCoultre-ն Ռոբերտ Պատինսոնին հայտարարել է իր ապրանքանիշի դեսպան։ Հետևաբար, դերասանի պաշտոնական լուսանկարում ժամացույցի բացակայությունը ենթադրությունների տեղիք է տվել, որ առաջիկա ֆիլմում հայտնի լրտեսը կարող է երեք տասնամյակ անց առաջին անգամ հրաժարվել Omega-ից։
Omega-ի սեփականատեր շվեյցարական Swatch Group ընկերության համար նման հեռանկարը կարող է լուրջ հարված լինել։ Բրենդն առանց այդ էլ դժվար ժամանակաշրջան է ապրում․ Morgan Stanley-ի գնահատականներով՝ 2025 թվականին նրա վաճառքները նվազել են 8 տոկոսով։ Միևնույն ժամանակ, Bernstein-ի վերլուծաբանների տվյալներով՝ Swatch Group-ի ամբողջ գործառնական շահույթի գրեթե կեսն ապահովում է հենց Omega-ն։
Այն մասին, թե որքան արժեքավոր է եղել Ջեյմս Բոնդի հետ կապը բրենդի համար, վկայում են «Ոսկե աչք» ֆիլմի թողարկումից հետո գրանցված արդյունքները։ LuxeConsult խորհրդատվական ընկերության հիմնադիր Օլիվեր Մյուլլերի խոսքով, որը 1997-2001 թվականներին աշխատել է Omega-ում, ֆիլմի պրեմիերայից անմիջապես հետո Seamaster Diver 300M մոդելի վաճառքներն աճել են մոտ հինգ անգամ։ Նույնիսկ երկու տարի անց դրանք 30-40 տոկոսով բարձր էին ֆիլմի թողարկումից առաջ գրանցված ցուցանիշից։
Այսօր Omega-ն բախվում է ավելի լայնածավալ խնդրի․ շքեղ ժամացույցների շուկայի միջին գնային հատվածը աստիճանաբար կորցնում է իր գնորդներին։ Բրենդի մոդելների մեծ մասն արժե 8-10 հազար դոլար։ Jaeger-LeCoultre-ի ժամացույցները սովորաբար մի փոքր ավելի թանկ են, սակայն նույնպես հիմնականում պատկանում են պրեմիում շուկայի միջին գնային հատվածին։
Տնտեսական բևեռացման պայմաններում սպառողներն ավելի ու ավելի հաճախ ընտրում են կա՛մ մատչելի ապրանքանիշեր, կա՛մ բացառիկ թանկարժեք ժամացույցներ։ 59 հազար դոլարը գերազանցող մոդելների պահանջարկն արագ աճում է։ Morgan Stanley-ի տվյալներով՝ անցյալ տարի այս հատվածին բաժին է ընկել շվեյցարական շքեղ ժամացույցների շուկայի ընդհանուր աճի 89 տոկոսը, թեև վաճառված մոդելների ընդհանուր թվի մեջ դրանց մասնաբաժինը կազմել է ընդամենը 1,4 տոկոս։
Այս միտումի հիմնական շահառուներն են դարձել Rolex-ը, Patek Philippe-ը, Audemars Piguet-ն ու Richard Mille-ը։ Շվեյցարական շուկայում այս ապրանքանիշերի համատեղ մասնաբաժինը 2019 թվականի 36,7 տոկոսից 2025 թվականին հասել է 49 տոկոսի։
Միևնույն ժամանակ, այն գնորդները, որոնք նախկինում կարևոր իրադարձության առիթով պատրաստ էին մոտ 8 հազար դոլար ծախսել Omega ժամացույց գնելու համար, այժմ ավելի հաճախ նախընտրում են մատչելի այլընտրանքներ։ Օրինակ՝ ճապոնական Grand Seiko-ն առաջարկում է տեխնոլոգիապես առաջադեմ մոդելներ՝ 3-5 հազար դոլար արժողությամբ։ Երիտասարդ սերունդն էլ հետաքրքրություն է ցուցաբերում Cartier-ի նկատմամբ, որի ժամացույցների մեկնարկային գինը մոտ 3800 դոլար է։
Omega-ի և Jaeger-LeCoultre-ի համար լրացուցիչ խոչընդոտ է դարձել նաև օգտագործված ժամացույցների շուկան։ Կոլեկցիոներները նոր մոդել գնելուց առաջ ավելի հաճախ ուսումնասիրում են դրա հետագա վերավաճառքի արժեքը։ WatchCharts-ի տվյալներով՝ սեպտեմբերին երկրորդային շուկայում Omega ժամացույցները վաճառվել են միջինում 32 տոկոսով ավելի էժան, քան դրանց սկզբնական մանրածախ գինը։
Պատինսոնի՝ Բոնդի դերում հայտնվելը կարող էր ֆրանշիզայի նկատմամբ ավելի երիտասարդ լսարանի հետաքրքրություն առաջացնել և Omega-ին նոր գնորդներ ներգրավել։ Սակայն նախկին ազդեցությանը հասնելն այժմ ավելի դժվար կլինի, քանի որ բրենդի տարեկան վաճառքներն արդեն գերազանցում են 2 միլիարդ դոլարը։
Jaeger-LeCoultre-ի համար Բոնդի հետ համագործակցությունը ճանաչելիությունը կտրուկ բարձրացնելու հնարավորություն կդառնար։ Եթե բրենդը նոր ֆիլմում գործակալ 007-ի ժամացույցի պաշտոնական մատակարարի կարգավիճակ ստանա, այն կարող է հասնել հանրաճանաչության բոլորովին նոր մակարդակի։ Սակայն նույնիսկ առանց այդ համագործակցության՝ Պատինսոնի հետ գործընկերությունն արդեն լրացուցիչ ուշադրություն է գրավում ապրանքանիշի նկատմամբ։ Մասնավորապես, դերասանը Jaeger-LeCoultre-ի ժամացույցով է ներկայացել ապրիլին կայացած «Դրամա» (The Drama) ֆիլմի պրեմիերային։
Միևնույն ժամանակ, ժամագործական տունը պետք է ավելացնի իր վաճառքների ծավալը։ Դրա արտադրությունն առանձնանում է բարձր ինքնարժեքով․ շվեյցարական հեղինակավոր ժամագործական արտադրամասերը, որպես կանոն, ժամացույցներն ու դրանց բազմաթիվ բաղադրիչներն արտադրում են ինքնուրույն։ Բիզնեսի նման մոդելը պահանջում է արտադրության մեծ ծավալներ, որպեսզի հաստատուն ծախսերը բաշխվեն ավելի մեծ թվով արտադրանքի վրա։
Օլիվեր Մյուլլերի գնահատականներով՝ անցյալ տարի Jaeger-LeCoultre-ն վաճառել է շուրջ 78 հազար ժամացույց՝ 2017 թվականի 110 հազարի դիմաց։ Morgan Stanley-ն ընկերության գործառնական շահութաբերությունը գնահատում է ընդամենը 3,6 տոկոս։ Omega-ի արտադրության ծավալների առումով իրավիճակն ավելի բարդ է․ վաճառքները 2017 թվականի 730 հազար ժամացույցից անցյալ տարի նվազել են մինչև 460 հազար։
Այնուամենայնիվ, Jaeger-LeCoultre-ն Richemont խմբի մաս է կազմում, որին պատկանում են նաև այլ ազդեցիկ ապրանքանիշեր, առաջին հերթին՝ Cartier և Van Cleef & Arpels ոսկերչական տները։ Հենց ոսկերչական ուղղության հաջողությունն է օգնում փոխհատուցել ժամացույցներ արտադրող որոշ ապրանքանիշերի թույլ արդյունքները։ Վերջին երեք տարիներին Richemont-ի բաժնետոմսերն ավելի քան 50 տոկոսով թանկացել են, մինչդեռ Swatch Group-ի բաժնետոմսերը կորցրել են իրենց արժեքի շուրջ 20 տոկոսը։
Այսպիսով, Ջեյմս Բոնդի՝ Omega-ից Jaeger-LeCoultre հնարավոր անցումը կարևոր իրադարձություն կդառնա երկու ընկերությունների համար, սակայն խաղադրույքներն ու հնարավոր հետևանքները նրանց համար տարբեր են։ Richemont-ի համար դա հաճելի հավելում կլինի, որը կարող է ամրապնդել իր ապրանքանիշերից մեկի դիրքերը։ Իսկ Swatch Group-ի համար գործակալ 007-ի հետ գրեթե 30-ամյա կապի պահպանումը կարող է շատ ավելի մեծ նշանակություն ունենալ, հատկապես Omega-ի ներկայիս դժվարությունների ֆոնին։
Առայժմ, սակայն, նոր Ջեյմս Բոնդի ժամացույցը մնում է առեղծված։ Եվ հենց այս անորոշությունն է Ռոբերտ Պատինսոնի դաստակը վերածել ժամագործական ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում հայտնված թեմայի։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 23 նոյեմբերի
Ջեյմս Բոնդի դաստակն առանց ժամացույցի է․ Omega-ի և Jaeger-LeCoultre-ի պայքարը նոր գործակալ 007-ի համար թեժանում է19:18, 23 նոյեմբերի
Նապոլեոնի հիմնադրած ամրոցում հասունացած պանիրը ճանաչվել է աշխարհում լավագույնը․ այն երկու տարի պահվել է նախկին ռազմական ամրոցի նկուղներում18:30, 23 նոյեմբերի
Մի անուն, և ընկերական երեկոն այլևս նույնը չէ․ «Անունը»՝ Մալյանի թատրոնի բեմում16:16, 23 նոյեմբերի
Տղամարդիկ վճարում են GTA 6-ի հերոսուհու AI կրկնօրինակների հետ վիրտուալ ժամադրությունների համար․ ստեղծողները ամսական վաստակում են մինչև 40 հազար դոլար15:45, 23 նոյեմբերի
Արամ Ասատրյանի մասին ֆիլմի նկարահանումները մոտենում են ավարտին․ ֆիլմը կինոթատրոններում կլինի փետրվարի 4-ից (ֆոտո)15:25, 23 նոյեմբերի
«Վիկինգը»՝ գաղտնի անցյալով․ Շվեդիայի քաղաքապետարանի ղեկավարը նախկինում նկարահանվել է մեծահասակների համար նախատեսված ֆիլմերում14:38, 23 նոյեմբերի
Սկեսուրը վերադառնո՞ւմ է․ Ջենիֆեր Լոպեսն ու Ջեյն Ֆոնդան քննարկում են հանրահայտ կատակերգության շարունակության նկարահանման հնարավորությունը14:24, 23 նոյեմբերի
Բրյուս Ուիլիսի դուստրը քննադատություններից հետո հեռացրել է հոր հետ հուզիչ լուսանկարը13:32, 23 նոյեմբերի
Վեց տարի տևած սիրո պատմությունն ավարտվեց․ Սոֆի Լորենի որդին բաժանվել է վրացի գեղեցկուհի Մարիամ Շարմանաշվիլիից13:13, 23 նոյեմբերի
Կրակոտ շոուն վերածվել է մղձավանջի. պարողը բոցավառվելով ընկել է բեմից Աշերի և Քրիս Բրաունի համերգի ժամանակ12:22, 23 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը Լաս Վեգասում կազմակերպել է սադրիչ ֆոտոսեսիա. Վինտաժ Dior տաբատ, կարմիր կաշի և համարձակ կերպարներ12:07, 23 նոյեմբերի
Արքայազն Ուիլյամը վրեժ է ծրագրում Հարրիի և Մեգանի դեմ. ապագա թագավորը կարող է զրկել նրանց և նրանց երեխաներին թագավորական տիտղոսներից