Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

«Հյուսած ամուսինը». երբ հասարակությունը չամուսնացած կանանց հասցնում է ծայրահեղ քայլերի

18:30, 29 նոյեմբերի

«Ոմանք գտնում են սերը, մյուսներն այն ստեղծում են»։

Կարծես ֆիլմի հեղինակները որոշել են այս արտահայտությունը վերածել բառացի իրականության։ Չէ՞ որ եթե այդպես էլ չի հաջողվում հանդիպել համապատասխան տղամարդու, կարելի է, պարզվում է, դիմել զամբյուղագործին և պատվիրել սեփական ամուսնուն։ Ճիշտ է, կա մի փոքրիկ նրբություն․ նա հյուսված է ուռենու ճյուղերից։

Դեռևս ֆիլմի պրեմիերայից առաջ այն գրավեց ուշադրությունը՝ շնորհիվ առաջին թրեյլերի։ Եվ, անկեղծ ասած, այն բավականին երկիմաստ տպավորություն էր թողնում․ միայնակ կինը կրքոտ սիրային վայելքներ է ապրում մի տղամարդու հետ, որին բառացիորեն հյուսել են զամբյուղի նման, իսկ գյուղի բնակչուհիները չեն կարողանում որոշել՝ շոկի՞ մեջ են, թե՞ նախանձում են նրան։ Նման կադրերից հետո ակամա հարց է առաջանում՝ որքանո՞վ հեռու կարող է գնալ այս ֆիլմը։ Համաձայնեք՝ սյուժեի մեկնարկն ավելի քան արտասովոր է։ Եվ եթե սկզբում այս ամենը բացահայտ անհեթեթություն է թվում, ապա ֆիլմի ընթացքում հասկանում ես, որ դրա հետևում շատ ավելի հետաքրքիր պատմություն է թաքնված։

Ֆիլմի հիմքում բրիտանացի գրող Ուրսուլա Ուիլս-Ջոնսի «The Wicker Husband» («Հյուսած ամուսինը») պատմվածքն է։ Պատմության կենտրոնում Ձկնորսուհին է (Օլիվիա Քոլման), որն ապրում է մենակ՝ ծովափնյա գյուղի ծայրամասում։ Հարևանները նրան հանգիստ չեն տալիս․ նրանց նյարդայնացնում են նրա արտաքինը, ձկան համառ հոտը և, իհարկե, ամուսնու բացակայությունը։ Տեղացիների համար նա գրեթե կատարյալ ծաղրի առարկա է՝ մի կին, որը չի տեղավորվում այն պատկերացումների շրջանակում, թե ինչպիսին պետք է լինի պատշաճ կինը։

Ի դեպ, ֆիլմի հերոսուհին նման խոսակցությունների կատարյալ հերոսուհի կարող էր դառնալ նաև հայկական հասարակության մեջ։ Մեզանում այն չամուսնացած կանանց, որոնք, շրջապատի կարծիքով, չափազանց երկար ժամանակ չեն ամուսնանում, հաճախ պիտակավորում են «տանը մնացած» արտահայտությամբ։ Այդ բառերի հետևում թաքնված են հարազատների անվերջ հարցերը, չպահանջված խորհուրդներն ու որոշ մարդկանց գրեթե սրբազան համոզմունքը, թե կնոջ երջանկությունն անպայման պետք է սկսվի հարսանիքից։ Ցանկալի է՝ մինչև այն պահը, երբ մորաքույրը հերթական ընտանեկան սեղանի շուրջ վերջնականապես կկորցնի հույսը։

Սակայն Ձկնորսուհին որոշում է չսպասել ընտանեկան հերթական խորհրդին և չփորձել համապատասխանել ուրիշների սպասումներին։ Մի օր նա այցելում է տեղի Զամբյուղագործին (Փիթեր Դինքլեյջ)։ Նրա խնդրանքը բավականին անսովոր է․ հյուսել իր համար ամուսին։ Այսպես նրա կյանքում հայտնվում է Հյուսած ամուսինը (Ալեքսանդր Սկարսգարդ)։

Առանձին ուշադրության է արժանի ֆիլմի հեղինակների որոշումը՝ հերոսներին չտալ սովորական անձնանուններ։ Մեր առջև Ձկնորսուհին է, Զամբյուղագործը, Հացթուխը, Հացթուխի կինը, Դերձակը և գյուղի մյուս բնակիչները։ Նրանք կարծես առանձին անհատներ չեն, այլ հասարակական դերեր, որոնց համար հասարակությունն ի սկզբանե որոշել է իրենց տեղը։ Յուրաքանչյուրն ունի իր գործառույթը, պարտականություններն ու պատկերացումները, թե ինչպես է պետք ապրել։ Եվ փորձիր միայն դուրս գալ այդ համակարգի սահմաններից։

Ֆիլմի տեսողական աշխարհն ինքնին առանձին հաճույք է։ Գունային լուծումները, օպերատորական աշխատանքը, դեկորները, գեղեցիկ զգեստներն ու ծովափնյա գյուղի ընդհանուր մթնոլորտը ստեղծում են մեծահասակների համար նախատեսված իսկական մռայլ հեքիաթի տպավորություն՝ սեքսով և այնպիսի կրքով, որ գործը հասնում է նույնիսկ կոտրված մահճակալի։ Այո՛, պարզվում է՝ նույնիսկ ուռենու ճյուղերից հյուսված տղամարդը կարող է կնոջը բավականին բուռն ընտանեկան կյանք պարգևել։ Ֆիլմը դիտելուց հետո ակամա մտածում ես՝ գուցե իդեալական տղամարդուն իսկապե՞ս ավելի հեշտ է հյուսել, քան գտնել։

Սակայն այս ողջ գեղագիտության և սադրիչ սյուժեի հետևում բավականին խայթող պատմություն է թաքնված։ Ձկնորսուհին վերջապես երջանիկ է դառնում։ Ընդ որում՝ ոչ թե հոգու խորքում, այլ բացահայտ և բոլորի աչքի առաջ։ Նա չի թաքցնում ամուսնուն, չի ամաչում նրանից և չի փորձում շրջապատին բացատրել, թե ինչու է հենց այդպիսի կյանքի ուղեկից ընտրել։

Եվ հենց դա է սկսում նյարդայնացնել գյուղի բնակիչներին։

Մարդիկ, որոնք տարիներ շարունակ Ձկնորսուհուն դժբախտ էին համարում, հանկարծ հայտնաբերում են, որ նա միանգամայն գոհ է իր կյանքից։ Ավելին՝ նրա երջանկությունը չի տեղավորվում հասարակության ընդունած ոչ մի կաղապարի մեջ։ Ամուսինը լվանում է հագուստը, զբաղվում տան առօրյա գործերով և վերանորոգմամբ, իսկ կինը ձկնորսությամբ է զբաղվում, առևտուր անում և ապահովում ընտանիքը։ Նրանց հարաբերությունների այս ներդաշնակության մեջ սերն իսկապես ծաղկում է, և դա սարսափելիորեն նյարդայնացնում է գյուղի բնակիչներին։

Եվ այստեղ մի հետաքրքիր հարց է առաջանում․ ինչո՞ւ է ուրիշի երջանկությունն այդքան նյարդայնացնում նրանց, ովքեր դրա հետ բացարձակապես կապ չունեն։

Ամենահետաքրքիրն այն է, որ Ձկնորսուհին գրեթե չի փոխվում։ Նա շարունակում է մնալ նույն կինը, որից ձկան և ջրիմուռների հոտ է գալիս, որին նախկինում ծաղրում էին և տարօրինակ համարում։ Նա չի շտապում նոր զգեստապահարան ձեռք բերել, չի փորձում հարևանների աչքում ավելի գրավիչ դառնալ։ Փոխվել է ոչ թե ինքը, այլ նրա կյանքը։

Ֆիլմի առանձին հեգնանքը թաքնված է հենց Հյուսած ամուսնու կերպարի մեջ։ Մինչ որոշ կանայք տարիներ շարունակ փորձում են գտնել իդեալական զուգընկերոջը, մեր հերոսուհին պարզապես պատվիրում է նրան՝ ստանալով թունավոր առնականության կատարյալ հակապատկերը։ Ուռենու ճյուղերից ստեղծված տղամարդը զերծ է հասարակական նախապաշարմունքների բեռից և, ի տարբերություն գյուղի սովորական տղամարդկանց, հոգատար ու նրբանկատ է իր սիրելիի հանդեպ։

Եվ այս գրոտեսկային մոտեցման հետևում բավականին հուզիչ պատմություն է թաքնված։ Ձկնորսուհին չի փնտրում ուրիշների հավանությունը, չի փորձում ապացուցել, որ արժանի է սիրո, և մտադիր չէ փոխել ինքն իրեն՝ վերջապես շրջապատի համար հարմարավետ մարդ դառնալու նպատակով։ Նա պարզապես ցանկանում է ապրել այնպես, ինչպես ինքն է ուզում։

Եվ մի՞թե դա այդքան վրդովեցուցիչ ցանկություն է։ Ո՛չ, որովհետև ֆիլմի գլխավոր ուղերձն այն է, որ անհարմար, հասարակության չափանիշներին չհամապատասխանող կինը նույնպես արժանի է սիրո։

«Հյուսած ամուսինը» մեծահասակների համար նախատեսված այն հեքիաթն է, որտեղ կա ամեն ինչ՝ սեր, խանդ, սեքս, կիրք, հումոր և մի փոքր խելահեղություն։ Գեղեցիկ պատկերն այստեղ հարևանություն է անում բավականին անսպասելի անկողնային տեսարանների հետ, իսկ կնոջ և նրա արտասովոր ամուսնու մասին պատմության հետևում թաքնված է շատ ավելի ծանոթ մի թեմա՝ հասարակական նախապաշարմունքներն ու ուրիշների միջամտությունը անձնական կյանքին։

Խորհուրդ ենք տալիս դիտել նրանց, ովքեր հոգնել են կանխատեսելի սիրային պատմություններից և ցանկանում են իսկապես անսովոր մի բան տեսնել։ Այստեղ կարելի է և՛ ծիծաղել, և՛ զարմանալ, և՛ մի փոքր խորհել։ Իսկ ամենակարևորը՝ ևս մեկ անգամ համոզվել, որ երբեմն շրջապատին ուրիշի երջանկությունն անհամեմատ ավելի շատ է նյարդայնացնում, քան սեփական դժբախտությունը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search