2010 թ-ին եթերում հայտնվեց «10+10» հայ-վրացական հեռուստանախագիծը, որը հետաքրքրեց հեռուստադիտողին հայ եւ վրացի երգիչների դուետներով: Շոուի մասնակիցներից էր նաեւ Վրաստանում եւ Հունաստանում հայտնի երգչուհի Նինի Շերմադինին, որը դուետով հանդես էր գալիս Անդրեի հետ: Երգիչները նախագծից հետո ներկայացրեցին «Ով, սիրուն, սիրուն» երգի տեսահոլովակը, որից հետո Անդրեի եւ Նինիի հնարավոր սիրավեպի մասին շշուկներ տարածվեցին: Վերջերս նրանք կրկին հանդիպեցին, այս անգամ՝ Միացյալ Նահանգներում: Երգիչների մտերմիկ լուսանկարները նոր շունչ հաղորդեցին տարածված խոսակցություններին:
NEWS.am STYLE-ը զրուցել է Նինիի հետ «10+10» նախագծի, Հայաստանում անցկացրած օրերի եւ Անդրեի հետ իրական հարաբերությունների մասին.
-Նինի, Հայաստանում քեզ սկսեցին ճանաչել «10+10» նախագծից հետո. հայտնի է նաեւ, որ մասնակցել ես հունական X Factor -ին: Կպատմե՞ս՝ ինչպես է սկսվել քո երաժշտական ուղին:
-Նախ՝ շատ շնորհակալ եմ հարցազրույցի հրավերի համար։ Ես ծնվել եմ Թբիլիսիում, բայց ծանր ժամանակների պատճառով մայրս ուղարկել է ինձ տատիկիս ու պապիկիս մոտ՝ Կախեթի։ Այնտեղ էլ մեծացա ու սկսեցի երգել։ Տատիկս հաճախ ասում է, որ ես մինչեւ խոսել սովորելս արդեն երգում էի։ Երեք տարեկան հասակում առաջին անգամ մասնակցեցի համերգի։ Առաջին մրցույթը, որին մասնակցել եմ, Իտալիայում էր, որտեղ ես նվաճեցի 1-ին տեղը։ Իսկ հետո՝ 2005 թ-ին, մասնակցեցի «Նոր ալիք» մրցույթին, ու այդպես շարունակ․․․
-2010 թ-ին, նախագծին մասնակցելու նպատակով, եկար Հայաստան: Ինչպիսի՞ տպավորություններ ունեցար մեր երկրից:
-Դե, ես մեծացել եմ Հավլաբար թաղամասին շատ մոտ, որտեղ շատ հայեր են բնակվում։ Այսպիսով՝ ձեր մշակույթն ու լեզուն ինձ շատ ծանոթ էին։ Ես սիրում եմ ձեր երկիրը, մարդկանց, շատ հայ ընկերներ ունեմ։ Ինձ համար շատ կարեւոր էր այդ նախագծին մասնակցելը, որտեղ ես զգում էի հայերի ջերմությունն ու աջակցությունը։ Ես իսկապես դա գնահատում եմ։
-«10+10» -ում քո զուգընկերն Անդրեն էր: Մի փոքր խոսիր ձեր համատեղ աշխատանքից:
-Ես բախտավոր եմ, որ հանդիպել եմ Անդրեին։ Նա լավագույն զույգն էր՝ պարտաճանաչ, տաղանդավոր, ազնիվ, կազմակերպված, բարի եւ շատ պրոֆեսիոնալ։ Նրա հետ աշխատելն իրոք հաճելի էր։
-Գիտեմ, որ Անդրեի հետ վերջերս հանդիպել եք նաեւ Միացյալ Նահանգներում: Ի դեպ, երբ ձեր համատեղ լուսանկարները հայտնվեցին համացանցում, Անդրեի երկրպագուները սկսեցին խոսել ձեր հնարավոր սիրավեպի մասին: Ինչպիսի՞ն են իրականում ձեր հարաբերությունները:
-Նախկինում էլ «Ով, սիրուն, սիրուն» տեսահոլովակից հետո նման խոսակցություններ տարածվեցին, իսկ այսօր դրանք շարունակվում են (ժպտում է)։ Դե, ի՞նչ ասեմ բամբասանքների մասին։ Հայտնի մարդկանց դեպքում դա նորմալ բան է։ Դրանք ինձ նույնիսկ դուր են գալիս (ծիծաղում է)։ Շատ զվարճալի է․․․ Մենք լավ ընկերներ ենք, ու հուսով եմ՝ մեր ընկերությունը դեռ երկար կշարունակվի։ Ես հարգում եմ Անդրեին՝ որպես հրաշալի անձնավորություն, լավ երգիչ ու ընկեր։ Նույնը նրա կողմից եմ զգում։
-Վերջերս Եվրոպայի ուշադրության կենտրոնում կրկին «Եվրատեսիլ»-ն էր: Երբեւէ այդ մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցե՞լ ես:
-Հմ, ես հաստատ չեմ հրաժարվի, եթե մեր երկիրը որոշի, որ ես պետք է մեկնեմ «Եվրատեսիլ»։
-Իսկ ի՞նչ կասես այն մասին, որ այս տարի Վրաստանը չանցավ եզրափակիչ փուլ: Մամուլի կենտրոնում, օրինակ, մենք՝ լրագրողներս, բավականին զարմացած էինք…
-Ես էլ դա իրոք չեմ հասկանում։ Թամարան մեր երկրի լավագույն երգչուհիներից է։ Ես էլ ձեզ պես զարմացած էի, երբ նա չանցավ եզրափակիչ փուլ։
-Լավ, խոսենք կրկին «10+10»-ից, որի ընթացքում կատարել ես նաեւ հայկական երգեր: Հե՞շտ ես սովորել հայերեն:
-Քանի որ հայկական միջավայրում եմ մեծացել, ես քիչ, թե շատ հասկանում եմ ձեր լեզուն։ Կարող եք Անդրեից հարցնել (ծիծաղում է)։ Այնպես որ՝ այո, բառերը հիշում եմ եւ ինձ համար հեշտ էր սովորելը։ Նա ինձ ասում է, որ ես իրենից լավ եմ հայերեն խոսում (ծիծաղում է)։
-Կցանկանայի՞ր կրկին լինել Հայաստանում:
-Դեռ չգիտեմ՝ երբ, բայց սիրով կրկին կգայի Հայաստան։ Իսկապես, շատ եմ կարոտել․․․
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով