Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Շարմ էլ Շեյխ կամ, այնուամենայնիվ, Ա՞րմ էլ Շեյխ

12:12, 13 հունվարի

Այս տարի Ամանորը նշող մեր հայրենակիցները 3 ճամբարի էին բաժանվել՝ թբիլիսյան, ծաղկաձորյան եւ... եգիպտոսյան: Առաջին երկուսի համար ոչինչ չեմ ասի, իսկ ահա նրան, թե այս տարի մերոնք ինչպես էին գրոհել Շարմ էլ Շեյխը (կամ, ինչպես կատակեց մեր ընկերը՝ Արմ էլ Շեյխը) անձամբ եմ հետեւել՝ սկսած «Զվարթնոց» օդանավակայանից, ավարտած այս դյութիչ ափի հյուրանոցներով: Ի դեպ, Կարմիր ծովի գեղեցկությունը հայ զբոսաշրջիկներին, կարծես, ամենից քիչ էր հուզում... Բայց ամեն ինչի մասին հերթով՝ այդ վայրերը բազմիցս «նվաճած» վաստակավոր զբոսաշրջիկի ներկայացմամբ:

Նախ նշեմ, որ այս ձմռանն այստեղ լողալն այնքան էլ հաճելի չէ: Ջրից դուրս գալուց հետո սառնոտ է: Ուստի ստացվում է միանգամայն պասիվ հանգիստ՝ ափին պարզապես պառկում ու ծովին ես նայում: Անձամբ ինձ դա էլ է բավարարում:

Բայց ափին դեռ պետք է հասնել, եւ այս ճանապարհին փորձությունները մեծաթիվ են: Խորհուրդ եմ տալիս տուրգործակալություն ընտրելիս առավելագույն բծախնդիր լինել. նույնիսկ նրանք, որոնք երդվում են, որ նշված ուղղության մասին ամեն ինչ գիտեն, իրենց նվազագույնը գերագնահատում են: Իսկ առավելագույնը՝ ստում: Ձեզ կարող են հավաստիացնել, որ իբր «հյուրանոցը լավն է, 5-աստղանի» եւ լռեն համարի մաշված կահույքի, այն մասին, որ այն մաքրում են իմիջիայլոց...

Այն մասին, որ պատը չգիտես որտեղից խոնավություն է ներծծում՝ «ծնելով» ծեփի պղպջակներ: Կամ այն մասին, որ լոգարանում ջրատարը չի գործում: Տհաճ է, որ այս ամենի համար դեռ վճարում էլ ես եւ մեծ փողեր: Արդյոք Եգիպտոսում կարգին հյուրանոցներ կա՞ն: Կա՛ն: Դրանք լյուքս դասի հյուրանոցներն են, որտեղ ծառայությունն, իհարկե, Four Seasons-ի նման չէ, բայցեւայնպես որակյալ է: Գները, հասկանալի է, խայթող են, ուստի մեծ ընտանիքով այնտեղ ուղեւորվելը ձեռնտու չէ: Բայց եթե երկուսով եք եւ ցանկանում եք ռոմանտիկ մեկուսացած հանգիստ, տուրօպերատորից պահանջեք ձեզ ուղղորդել: Ի դեպ, հատուկ չեմ նշում հանգստավայրերն ու գործակալությունները. կարծում եմ, որ յուրաքանչյուրը պետք է ինքնուրույն անցնի այս դժվարին ճանապարհը՝ փորձի ու սխալների միջով:

Եվս մի ծանր փորձություն են օդանավերը, որոնք սպասարկում են չարթերային չվերթները: Օդանավն այնքան հին է, որ բազկաթոռներին անգամ մոխրամաններ կան: Այսինքն՝ մենք 3 ժամ ճոճվում էինք ռարիտետային այս սարքի մեջ... Առաձին պատմություն է չվերթի գրանցումը: Իմանալով, որ օնլայն-չեքինն անհնար է, եւ քիչ թե շատ կարգին տեղ ստանալը խնդրահարույց է լինելու, մենք երեխաների հետ օդանավակայան եկանք շատ շուտ, կանգնակին մոտեցանք առաջինը: Բայց, միեւնույն է, մեզ նստեցրին այնտեղ, որտեղ անհրաժեշտ համարեցին: Դատելով այն բանից, թե հետո օդանավում ինչ էր կատարվում, կային մարդիկ, որոնք այդ մասին մտածել էին միանգամայն այլ, զարտուղի ճանապարհով:

«Զվարթնոց» օդանավակայանում հունվարի 1-ին աներեւակայելի բան էր կատարվում: Հետաձգվեցին Եգիպտոսի միանգամից մի քանի չվերթներ՝ դա պատճառաբանելով եղանակային պայմաններով: Տուրգործակալությունից քնահարամ աղջիկը ամեն ինչի մեղավոր համարեց մառախուղը, չնայած մյուս օդանավերը հանգիստ թռչում էին եւ վայրէջք կատարում: Արդյունքում արձակուրդի առաջին օրն անհուսալիորեն կորած էր. 4 ժամ սպասելուց հետո, առավոտյան 9-ի փոխարեն՝ մենք հոգնած ու նյարդայնացած Շարմ էլ Շեյխ հասանք տեղական ժամանակով ցերեկը 2-ին: Եթե սրան էլ հավելենք եգիպտական անձնագրային ստուգման կետում տիրող խառնաշփոթը, մինչեւ հյուրանոց տրանսֆերը եւ տեղում երկարատեւ գրանցումը, ապա համարում հայտնվեցինք գրեթե 5-ին: Դրանից բացի, հյուրանոցի ճարպիկ աշխատակիցը դեռ մեզ «գցեց»՝ առաջարկելով ավել վճարի դիմաց ծովի տեսարանով համար:

Ծովի տեսարանն աննշան էր, բայց պարզաբանման չդիմեցինք: Ի՞նչ իմաստ ուներ: Վերջիվերջո, կարող էինք եւ խարդավանքը կանխել՝ չէ՞ որ առաջին անգամ չէինք այստեղ:

Չգիտեմ՝ դուք ինչ կարծիքի եք, բայց ես համոզված եմ, որ երեւանյան տուրգործակալություններում այս բոլոր ռիսկերի մասին պարտավոր են նախապես զգուշացնել: Պարտավոր են պարզել, թե ինչ կարգի հանգիստ ու հյուրանոց դուր կգա այս կամ այն հաճախորդին, այլ ոչ թե պարտադրել այն, ինչ բոլորին...Արդեն հասկանալի է, որ հրաժարվեցին մեր կորած օրը փոխհատուցել: Տուրգործակալությունում ասացին՝ ֆորս-մաժոր է, եւ վերջ:

Առանձին թեմա է մերոնց պահվածքն օդանավակայանում, թռիչքի ժամանակ եւ հյուրանոցում: Եվ բանն այն չէ, որ ես հայրենասեր չեմ: Հակառակը՝ ինձ համար անկեղծորեն վիրավորական էր: Վիրավորական էր այն պատճառով, թե ինչ հեգնանքով էին մեզ նայում այլ երկրների ուղեւորները: Այն պատճառով, որ հաղթանդամ տղամարդը չգիտի, որ երբ օդանավը բարձրություն է հավաքում, կարիք չկա հիստերիկ կերպով սեղմել ուղեկցորդին կանչող կոճակը, իսկ հետո նրա վրա բղավել. «Արի հլը»: Վիրավորական էր այն պատճառով, թե հայ զբոսաշրջիկներին ինչպիսի զարմանքով էին նայում մյուս հանգստացողները. մերոնք ճաշելու էին գնում բացառապես դյուրակիր բարձրախոսներով, որոնցից ամբողջ շրջակայքում լսվում էր՝ «Չունի աշխարհը քեզ նման»: Մերոնք մատուցողներին դիմում էին միայն «Հեյ, հո...արի ստե» բառերով, միաժամանակ՝ նրանց տգեղ ձեւով ծաղրելով: Վիրավորական էր այն պատճառով, որ հասուն մարդիկ չգիտեն, որ տգեղ է սկայպում ամբողջ լողափի համար լսելի բղավելը եւ ձիու պես խրխնջալը: Որ վայրենություն է ռեստորանում սեղանը որպես քեզ պատկանող «սահմանագծելը», հատկապես, որ սեղանները շատ են, եւ ռեստորանն էլ «միշլենյան» չի: Վիրավորական էր, որ հասուն հայրիկներն ու մայրիկները իրենց զավակներին հրում էին ուտելիքին մոտ՝ ձեւացնելով, թե հերթը չեն նկատում: Մի խոսքով՝ անհարմարության զգացումը մշտական էր...

Որեւէ մեկը կասի, որ տեղացիներն իրենց ավելի լավ չեն պահում: Եվ մասամբ իրավացի կլինի: Սա ձեզ ասում եմ ես՝ մարդ, որը բազմիցս իր տեղն է ցույց տվել լկտիացած տուրօպերատորներին, հյուրանոցների կենվորներին ու անձնակազմին: Ընդհանրապես, ուզես թե ոչ, առաջին օրերը պրոֆիլակտիկ են ստացվում՝ դու մշտապես փորձում ես ինչ որ խնդիրներ շտկել, նյարդայնանում ես՝ հասկանալով, որ ի վերջո եկել ես հանգստանալու, այլ ոչ թե վիճելու:

«Ընդունելու փուլը» սկսվում է գրեթե երկրորդ օրը, երբ նայում ես աներեւակայելի Կարմիր ծովին եւ միեւնույն է դառնում՝ սենյակդ մաքրել են, թե ոչ, օդորակիչը նորոգել են, թե համարը դարձյալ շոգեբաղնիք է, սրբիչը փոխել են, թե կրկին մոռացել: Հանկարծ ամեն ինչ երկրորդ պլան է մղվում, ամեն ինչ փուչ ու ունայն դառնում. գոյություն ունեն միայն այս ցնցող խութերը, խելահեղ գեղեցկության ձկնիկները,

մանգոյի ֆրեշը եւ փոքրիկ բուրավետ կիտրոններով սմուզին, գոյություն ունեն ծովային նրբահամ խորտիկները՝ ի դեպ, առավել քան մատչելի գներով: Ինձ, օրինակ, շատ է դուր գալիս «Fares» ռեստորանը…  

Եվ էլ ավելի լավ է, երբ մտածում ես, որ երեխան զբաղված է մանկական ակումբում կամ ճողփում է ջրում եւ ամեն առիթով քեզ չի անհանգստացնում: Երբ հասկանում ես, որ կարթնանաս, ու առավոտյան կրկին կլինի ծովը եւ այս ամենը:

Հնարավոր է՝ քեզ հետո էլի «կգցեն» ծովային զբոսանքի խայծով, ինչպես մեզ պատահեց նախանցյալ տարի. 60 մարդու համար նախատեսված զբոսանավը բեռնել էին 100-ից ավելի ուղեւորով, եւ մենք ստիպված էինք հեռանալ: Բացառված չէ նաեւ, որ տեղացի մի տղա քո երեխային ոտքով կխփի եւ կկոտրի նրա ատամը… Բայց հավատացեք, հենց ձեր զավակի հետ դիմակը հագնեք ու լողաք դեպի խութերը, դա էլ կմոռանաք: Ի դեպ, չկայացած ծովային շրջագայության փողը, թեկուզ եւ մասնակի, մենք պոկեցինք, իսկ այն տղային զայրացած մայրը ինչպես հարկն է պատժեց: Կարճ ասած՝ արդարությունը հաղթանակեց...

Ես չգիտեմ, թե ինչու եմ սիրում եգիպտական հանգիստը: Իսկապես չգիտեմ: Այստեղ առանձնաես փայլուն սերվիս չկա, ալկոհոլը նոսրացված է, սենյակներն առավել հաճախ այն չեն, ինչ լուսանկարներում է պատկերված: Մեր յուրաքանչյուր այցելությունը թեթեւակի պարզաբանմամբ է սկսվում: Իսկ այս անգամ էքստրիմին հավելվեցին նաեւ մեր բազմաթիվ հայրենակիցները: Բայց գրողը տանի, ես այստեղ ինձ լավ եմ զգում: Ինչպես կասեին քոմեդիքլաբյան «Չեխովի անվան դուետի» հերոսները. «Դու ինձ վատ ես ճանաչում: Ես կարող եմ կես տարի գինի խմել եւ նայել մայրամուտին»:

Ուստի ես անպայման մի օր կրկին կգամ այստեղ, իհարկե՝ հաշվի առնելով բոլոր ռիսկերն ու բացասական կողմերը: Եվ դարձյալ կլինեն մայրամուտ, գինի, խութեր, ծիածանագույն ձկնիկներ եւ ծովային այլ զարմանահրաշ բաներ, կլինի դայվինգ կամ սքայ-դայվինգ, կլինի անհավատալի համեղության լոբսթեր եւ թարմացնող մանգոյի ֆրեշ:

Ի դեպ, մի խորհուրդ. այստեղի մանգոն աննման է, ամենատարբեր տեսակների, հուշանվերների եւ բրելոկների փոխարեն՝ մանգո գնեք: Չեք զղջա:

Էհ, ինչ ասեմ, ընդհանրապես ոչ մի բանի համար չեք զղջա, եթե ապահովագրվեք նեգատիվից, որը, մեծ հաշվով, ամենուրեք էլ կա: Ով-ով, մենք հո դրան տեղյակ ենք...

Աննա Սաթյան

Ֆոտո - հեղինակային, 

Scubadiverlife, Fares Seafood Restaurant 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել