Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«Փարիզում մոդել լինելն ու Եվրոպայում ապրելը շատ զիլ է, բայց ինձ համար ավելի կարեւոր են ընտանիքն ու ընկերները». Լուսինե Թովմասյան

12:14, 7 մայիսի

Կարծես երեկ էր. ամբողջ Հայաստանը հեռուստացույցի էկրաններին գամված հետեւում էր Փարիզից գեղեկության մրցույթի հեռարձակմանը եւ կանգնած ծափահարում էր մեր Լուսինե Թովմասյանին, որը դարձավ «Վիցե-միսս Եվրոպա-2005»-ը: Հմայիչ ժպիտով այս փխրուն գեղեցկուհին նշաձող սահմանեց, որն «անցնել» դեռեւս չի հաջողվել մեր ոչ մի հայրենակցի: Այսօր՝ 14 տարի անց, մեկ գավաթ սուրճի շուրջ հիմա արդեն հայտնի հեռուստահաղորդավարուհի, մոդել, մայրիկ եւ կին Լուսինե Թովմասյանը բարությամբ է հիշում այդ տարիները. նրա խոսքում ափսոսանք չկա, իսկ հնչերանգը գրեթե զուրկ է կարոտաբաղձային նոտաներից: Այո՛, դա եղել է, եւ եղել է հոյակապ… «Մրցույթն ինձ համար հրաշալի իրադարձություն էր՝ առաջին հերթին այն պատճառով, որ իմ երկիրն էի ներկայացնում: Անչափ անհանգստացնող է գիտակցումը, որ դու ուղիղ եթերում ես, բոլորն արդյունք են սպասում, քո Հայրենիքը շունչը պահած հետեւում է»,- ասում է նա:

Տեղյակ եմ, որ մրցույթից առաջ դու արդեն մոդելային պատկառելի պորտֆոլիո ունեիր… Եվ սկսել ես Տոկիոյում...

Նախ նշեմ, որ երբ ընտանիքում ավագ քույր կա, ձգտում ես նրան նմանվել, ամեն ինչում նրան ես կրկնօրինակում: Դե ահա, ես էլ գնացի Իրինայի հետքերով, որը 2001 թվականին դարձել էր «Միսս Հայաստանը»: Մի խոսքով, կարիերաս բավականին վաղ է սկսվել, եւ ընտանիքում այս հեռանկարին սկզբում մեծ զգուշավորությամբ էին վերաբերվում: Ինձ այդ ճանապարհն առաջարկեց մեր վաղեմի բարեկամը, այդ ժամանակ աշխարհահռչակ IMG մոդելային գործակալության ԱՊՀ-ում ներկայացուցիչ Տիգրան Խաչատրյանը: Սակայն ամեն ինչ միանգամից տեղի չունեցավ, մենք բավականին երկար շփվում էինք ընտանիքներով, մինչեւ ծնողներս, մասնավորապես մայրս վճռեց ինձ 15 տարեկանում թույլ տալ մեկնել օվկիանոսից անդին՝ Տոկիո: Ճապոնիայում մոդելների աշխատանքը «մանկապարտեզի» նման մի բան է: Տոկիոյից սկսելը ճիշտ է, այս քաղաքն ինձ պատրաստեց Եվրոպայի համար: Մտածում եմ, որ եթե միանգամից Փարիզում հայտնվեի, շատ ավելի դժվար կլիներ, իսկ այսպես անցումը սահուն ստացվեց: Եվ գուցե այս պատճառով Տոկիոն Եվրոպայից ավելի քիչ մտապահվեց, որտեղ արդեն այլ մակարդակ էր, մասնագիտության հանդեպ ավելի լուրջ վերաբերմունք, աշխատանքի ավելի խիստ ռիթմ: Բայց հենց այնտեղ ես չափազանց մեծ հաճույք ստացա ե՛ւ լուսանկարվելուց, ե՛ւ catwalk-երից, ե՛ւ քաղաքների մթնոլորտից, որտեղ ապրել եւ աշխատել եմ (սկզբում Փարիզում, հետո Միլանում):

Եվրոպայում ինչպիսի՞ գրաֆիկ ունեիր:

Պահանջարկ ունեցող մոդելները, որպես կանոն, ամեն օր 15-20 քասթինգ են անցնում: Եվ դու պետք է ինքդ ճիշտ ծրագրես քո գրաֆիկը, որ ամեն տեղ հասցնես՝ հաշվի առնելով մետրոն, հեռավորությունները եւ այլն: Այնուհետեւ սկսվում է Fashion Week-ը եւ օրվա ընթացքում երբեմն երեք ցուցադրություն ես ունենում: Սա ծանր է եւ ոչ միայն ֆիզիկական ծանրաբեռնվածության իմաստով: Դրան հավելիր դեմքիդ մաշկի, մազերի վրա եղած «ծանրաբեռնվածությունը»... Քեզ համար կերպար են ստեղծել, դու շարանցման մեջ ես, հետո վազում ես մյուս ցուցադրությանը՝ այս ամենը լվալով ու քանդելով: Իսկ այնտեղ գրիմ են անում եւ կրկին «հարդարում», որից հետո նույն արագությամբ սուրում ես երրորդ ցուցադրությանը: Եվ այսպես 10 օր շարունակ: Հետո սկսվում են «ֆոտոշութերը», եւ քեզ համար հորինում են կերպար կերպարի հետեւից:

Իսկ պարամետրերին հետեւո՞ւմ են: Ասենք քաշին. չէ՞ որ սա մոդելների հիվանդագին թեման է...

Այս տեսակետից հատուկ խստություն չեմ մտաբերում: Բայց, հավանաբար, այն պատճառով, որ այդ իմաստով երջանիկ մարդ եմ: Ես մշտապես միեւնույն քաշն ունեմ, իմ պարամետրերը երբեք չեն փոխվել. այնտեղ ուտում էի այն, ինչ միշտ եմ ուտում: Ամեն շաբաթ սնվելու համար փող էի ստանում եւ ինքս որոշում, թե ինչպես ծախսեմ... Իհարկե, եթե մոդելը մի քանի ավելորդ կիլոգրամներ է հավաքում, դա վատ է: Նրան չեն ասի՝ «դու այլեւս չես կարող աշխատել», նրան ուղղակի հազվադեպ կկանչեն քասթինգի... Անկեղծ ասած, անչափ ծանր է հետեւել, թե ինչպես են աղջիկները, ձգտելով մասնագիտական աշխատանքի մեջ մնալ, իրենց տանջում դիետաներով, ուժերի գերլարմամբ աշխատում են իրենց վրա, որ չգիրանան...

Ավարտվեց մոդելային շրջանը, վերադարձար Երեւան, իսկ հետո՞։

Այ, այդ ժամանակ էլ սկսվեց ոչ հեշտ շրջան իմ կյանքում, որովհետեւ ստիպված էի ընտրություն կատարել ուսման եւ մոդելային կյանքի միջեւ, որն ինձ համար, ավելի շուտ, հոբբի էր։ Մի անգամ գնալ, շփվել, զգալ այդ մթնոլորտը, այդ ամենի միջով անցնել, անշուշտ, արժի։ Բայց շարունակել նույն ոգով՝ այն մտքով, թե՝ «գուցե կստացվի, իսկ գուցե՝ ոչ», այնուամենայնիվ, իմաստ չունի։ Ինձ նման մոդելներ, գիտես, հազարներով կան, իսկ իրականում միայն մեկի բախտն է բերում։ Եվ հետո, որքան էլ մայրս փորձեր ինձ իմ կամքին թողնել՝ ես, միեւնույն է, տուն էի ձգտում, նրանց մոտ։

Այսինքն՝ բնավ չե՞ս ափսոսում, որ չես շարունակել մոդելի կարիերան։

Ես ջանում եմ երբեք ոչինչ չափսոսել. դա ապարդյուն զբաղմունք է։ Ամեն բան ստացվում է այնպես, ինչպես ստացվում է։ Ես սկզբից եւեթ հասկանում էի, որ կյանքում բոլորովին այլ նպատակներ ունեմ։ Այո, մոդել լինել Փարիզում, ապրել Եվրոպայում՝ զիլ բան է, բայց ինձ համար շատ ավելի կարեւոր են ընտանիքն ու ընկերները։

Եվ այնուամենայնիվ, մոդելների համար ավելի լավ է կարիերա սարքել հենց այնտեղ։ Չէ՞ որ մենք այդ ինդուստրիան չունենք...

Մենք առայժմ ոչինչ չունենք. ո՛չ ցուցադրություններ, ո՛չ fashion week... Կարծում եմ՝ այս իմաստով մենք ինչ-որ չափով անգամ հետ ենք գնացել։ «Միս Հայաստան-2001» մրցույթում, բացի քրոջիցս՝ Իրինայից, մասնակցում էր 36 աղջիկ, որոնցից 16-ը հաստատ թագի արժանի էին, նրանց մեջ խարիզմ կար, հմայք, հաղթանակի տենչ էր նկատվում, մրցակցություն։ Իսկ հիմա... Որքան շատ է ժամանակն անցնում, այնքան մակարդակն ավելի ցածր է. փողոցներում լիքը գեղեցիկ աղջիկներ կան, բայց մարդ չկա, որ ոլորտը բարձրացնի...

Մոդելային բիզնեսը, ընդհանուր առմամբ, առանձնահատուկ ոլորտ է, եւ հաստատ՝ առանց համքարության գծով գործընկերների «վատության», ստորությունների, նախանձի՝ հնարավոր չէ...

Գիտես, ինչպես եւ ցանկացած այլ ոլորտում... Եթե գեղեցիկ չես, բայց գոնե տարբերվում ես, քեզ կնախանձեն ու կփորձեն դավեր նյութել, հավատա՛։ Դա միշտ քեզ հետ է...

Տպավորությունս այնպիսին է, ասես, թեթեւ ես վերաբերվում հաջողությանդ։ Մոտեցումդ «ստացվեց՝ լավ, չէ՝ դե, ինչ արա՞ծ»-ն է...

Բնավ ոչ։ Երբ չի ստացվում, պետք է նորից փորձել, մինչեւ որ արդյունք լինի։ Ես դժվար եմ ընտրել կրթությունս։ Սովորել եմ Բրյուսովի անվան ինստիտուտում, թարգմանիչ եմ, հետո հասկացել եմ, որ դա ինձ պետք չէ, մի շարք տարբերություններ հանձնեցի, փոխադրվեցի ՀՌՀ, դիվանագիտական ֆակուլտետ։ Ես երբեք չեմ աշխատել այդ մասնագիտությամբ, բայց գիտելիքները եւ հմտությունները, անշուշտ, կյանքում պետք են եկել։ Սովորել եմ զսպել հույզերս եւ կառավարել դրանք, օրինակ...

Այ, դու առավոտյան, մրցույթից հետո արթնացել ես եւ հասկացել, որ աստղ ես դարձել։ Եվ հիմա դու շատ ճանաչված ես։ Ուշադրությունը չի՞ հոգնեցնում։ Կան հայտնիներ, որոնք փնթփնթում են, թե ճանաչված լինելը ավելորդ բեռ է...

Այ, դրան ես չեմ հավատում։ Ըստ իս, մարդիկ, ովքեր այդպես են ասում, պարզապես կեղծավորություն են անում։ Դա չի կարող հաճելի չլինել, եթե հրապարակային մասնագիտություն ես ընտրել։ Եթե գնացել ես այդ ճանապարհով, նշանակում է՝ հենց դա էլ ուզում ես։

Իսկ դու դստերդ համար նման հրապարակայնություն կցանկանայի՞ր։ Մեկ էլ տեսար՝ վաղը եկավ ու ասաց՝ «ուզում եմ մոդել դառնալ»...

Դա նրա ընտրությունն է, մենք ամուսնուս հետ կարող ենք միայն ուղղորդել նրան եւ օգնել։ Մնացածը նրա որոշելիքն է։ Ես մորիցս երբեւէ չեմ լսել՝ «դու իրավունք չունես» կամ՝ «դու չես կարող» բառերը... Եղել է, որ վատ է ստացվել, ինչ-որ բան այնպես չեմ արել, բայց դա իմ ընտրությունն է եղել. ոչ ոք ինձ ոչինչ չի պարտադրել, ուստի, ես էլ չեմ միջամտի...

 

Զրուցեց Աննա Սաթյանը

Լուսանկարները՝ Լուսինե Թովմասյանի ֆեյսբուքյան և ինստագրամյա էջերից,

Pargev Aydinyan Photography


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել