Փետրվարի 15-ին պարզ կդառնա, թե ով է ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլ 2020» միջազգային հեղինակավոր երգի մրցույթում: Մեր մասնակցի անունը կհայտարարվի «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի եզրափակչի ժամանակ:
Այս տարի մրցույթին իրենց ուժերը կփորձեն արդեն հեռուստադիտողին ծանոթ շատ արտիստներ, նրանց թվում է նաեւ հունահայ հայտնի երգչուհի Աթենա Մանուկյանը, որը բավական ճանաչված է, ինչպես Հունաստանում, այնպես էլ Եվրոպայի այլ երկրներում: 25-ամյա երգչուհին հասցրել է մասնակցել մի շարք միջազգային մրցույթների, նաեւ երգեր հեղինակել ճանաչված արտիստների համար, որոնց թվում է նաեւ «Եվրատեսիլ 2005»-ի հաղթող Հելենա Պապարիզուն:
Թե ինչ երգերով են Աթենան եւ մյուս մասնակիցները ներկայանալու «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին, պարզ կդառնա ուրբաթ օրը: Իսկ մինչ այդ, NEWS.am STYLE-ը զրուցել է Աթենայի հետ՝ «Դեպի Եվրատեսիլին» մասնակցելու մտադրության եւ «Եվրատեսիլ»-ում Հայաստանը ներկայացնելու ցանկության մասին:
Աթենա, նկատել եմ, որ «Եվրատեսիլ»-ի հայ երկրպագուներից շատերը վաղուց էին քննարկում քո մասնակցությունը մրցույթում: Արդյոք նրանց կարծի՞քն է ուղղորդել քեզ այս տարի մասնակցել «Դեպի Եվրատեսիլ»-ին:
Ինձ համար առաջնային ու շատ կարեւոր է իմ երկրպագուների սերն ու աջակցությունը: Ես միշտ ցանկացել եմ մասնակցել «Եվրատեսիլ»-ին, բայց այս տարի երկրպագուներիս պահանջը հատկապես մեծ էր, այդպիսով որոշեցի շատ աշխատել այդ ուղղությամբ եւ այնպես անել, որ նրանք հպարտանան ինձանով: Ես պատրաստ եմ:
Հույն եւ եվրոպացի երկրպագուների կողմից որեւէ կարծիք կամ աջակցություն լսե՞լ ես քո մասնակցության վերաբերյալ:
Այո, եւ դրանք շատ դրական են: Դա ինձ ստիպում է ուրախանալ եւ հպարտանալ: Աջակցությունն, իրականում, միշտ էլ կար, եւ ես հիմա այնպիսի դիրքում եմ, որ չպիտի նրանց հիասթափեցնեմ: Նրանք միշտ ինձ աջակցել են, այնպես որ՝ պետք է ուղղակի ցնցեմ (ծիծաղում է):
Կարո՞ղ ես որոշ մանրամասներ բացահայտել մրցութային երգիդ մասին:
Ոչինչ չեմ կարող բացահայտել, քանի դեռ այն չի ներկայացվել: Եկեք դա գաղտնիք թողնենք: Միայն կարող եմ ասել, որ այնտեղ շատ «Մանուկյան» կա (ծիծաղում է):
Դու նաեւ ստեղծագործել ես «Եվրատեսիլ 2005»-ի հաղթողի՝ Հելենա Պապարիզուի համար: Նրա հետ քո մասնակցության վերաբերյալ խոսե՞լ ես, որեւէ խորհուրդ տվե՞լ է:
Այո, նրա համար երգ գրել եմ. հեղինակել եմ ե´ւ երաժշտությունը, ե´ւ խոսքերը: Նա ինձ խորհուրդներ էր տալիս, երբ միասին աշխատում էինք ստուդիայում: Հելենան շատ պրոֆեսիոնալ արտիստ է:
Առաջին անգամ Հայաստան այցելեցիր 2015-ին: Դրանից հետո առիթ եղե՞լ է կրկին գալու:
Ցավոք սրտի՝ ոչ, բայց շուտով վերադառնալու եմ: Չեմ համբերում արդեն ու չեք պատկերացնի, թե ինչ ուրախ եմ: Շատ ոգեւորված եմ այդ առիթով:
Ե՞րբ ես գալու:
Փետրվարի 3-ին արդեն կլինեմ այդտեղ:
Ի՞նչն ես ամենից շատ կարոտել Հայաստանում:
Օ՜, շատ եմ կարոտել մթնոլորտը, մարդկանց, հայկական շունչը, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, որտեղ երբ եղա, այլեւս չէի ցանկանում հեռանալ, նաեւ՝ Գեղարդը, հացը, պանիրը, ապուրները, լավաշը... Եկեք էլ չշարունակեմ, թե չէ անդադար կխոսեմ ուտելիքի մասին (ծիծաղում է): Առաջին անգամ էի Հայաստանում, բայց ինձ արդեն տանն էի զգում: Այնպիսի զգացողություն ունեի, ինչպիսին երբեք չէի ունեցել: Մի խոսքով՝ կարելի է ասել, որ ամբողջ Հայաստանն եմ կարոտել:
Հարցազրույցներից մեկում նշել էիր, որ չնայած չես խոսում հայերեն, բայց շատ կցանկանայիր սովորել լեզուն: Առաջընթաց գրանցե՞լ ես այս ընթացքում:
Մի փոքր առաջընթաց՝ այո, բայց դեռ պետք է շատ աշխատեմ: Հենց, որ գամ, խոստանում եմ՝ ամեն ինչ կանեմ, որ ավելի լավ խոսեմ հայերեն: «Ես սիրում եմ քեզ»:
Աթենա, ո՞վ է քեզ աջակցում մրցույթի պատրաստման ընթացքում:
Կան մարդիկ, որոնց ես շատ եմ վստահում, որոնք ինձ ամեն հարցում են օգնում: Դե, իհարկե, նաեւ՝ «Դեպի Եվրատեսիլ»-ի ամբողջ թիմը: Նրանք ամեն ինչ անում են, որ ամեն բան կատարյալ անցնի:
Ի՞նչ կնշանակի քեզ համար, եթե հաղթես ու ներկայացնես Հայաստանը «Եվրատեսիլ»-ում:
Մի ամբողջ աշխարհ կնշանակի: Ուզում եմ, որ Հայաստանն էլ հպարտանա ինձանով այնպես, ինչպես ես եմ հպարտանում իրենով: Հայերը միշտ ինձ աջակցում են, տալիս իրական սեր եւ ուժ:
Ի՞նչ ես սպասում մրցույթից:
Շոուն կանցնի այնպես, ինչպես հարկն է: Գիտեմ, որ այն կատարյալ ձեւով է կազմակերպվում, ես բոլորին լիովին վտահում եմ:
Իսկ մյուս մասնակիցներին ծանո՞թ ես:
Դեռ ոչ, բայց շատ շուտով կծանոթանանք: Համոզված եմ՝ նրանք բոլորն էլ շատ տաղանդավոր են: Հուսով եմ՝ բոլորս էլ հավասարապես խենթ ենք: Շնորհավորում եմ նրանց եւ բոլորիս մաղթում հաջողություն:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները տրամադրել է Աթենա Մանուկյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով