9-ամյա բաս-կիթառահար Էլեն Ալավերդյանին ինստագրամյան ու ֆեյսբուքյան հարթակներում արդեն շատերն են ծանոթ, իսկ բոլորովին վերջերս Լաս Վեգասում բնակվող փոքրիկ հայուհին իր տաղանդով փայլեց հանրահայտ Սթիվ Հարվիի STEVE on Watch շոուի շրջանակում, որտեղ իրականացավ նաեւ աղջկա միանգանից մի քանի երազանք. հաղորդաշարի անձնակազմն անակնկալ էր պատրաստել Էլենի համար՝ կազմակերպելով նրա օնլայն հանդիպումները իր ամենասիրելի երաժիշտների՝ աշխարհահռչակ Բութսի Քոլինզի ու Earth, Wind & Fire խմբի անդամների հետ:
Էլենի հայրը՝ երաժիշտ, պրոդյուսեր Հովակ Ալավերդյանը, NEWS.am STYLE-ի հետ զրույցում պատմել է երաժշտության հանդեպ դստեր հետաքրքրության ու հանրահայտ շոուին մասնակցության մասին:
Посмотреть эту публикацию в Instagram
Էլենը մանկուց շրջապատված է երաժշտությամբ, ուստի ծնողների համար անակնկալ չեն եղել դստեր երաժշտական հակումները: Այսօր Էլենն էկրանից այն կողմ զարմացնում է բաս-կիթառին տիրապետելու իր ճկունությամբ, ու շատերի մտքով չի էլ անցնի, որ այդ գործիքով աղջիկը սկսել է նվագել մեկ տարի առաջ: Աղջկա երաժշտական կրթությամբ զբաղվում է հայրը:
«Էլենը երաժշտության մեջ է մեծացել, ես՝ ինքս, կիթառ եմ նվագում ու անընդհատ նվագել եմ տանը: Քանի որ նաեւ երաժշտական պրոդյուսեր եմ, այնպես է ստացվել, որ իմ ստուդիայում շատ տարբեր գործիքներ ունեմ, եւ այդ ամենը միշտ իր առջեւ դրված է եղել: Ես իրեն սկզբում կիթառ էի նվիրել, ու ինքը դրանով էր նվագում, տարբերությունը չէր էլ հասկանում կիթառի ու բաս կիթառի միջեւ, բայց մի օր ցանկացավ բասը փորձել. գործիքը վերցրեց ձեռքը, սկսեց նվագել ու այդ հնչողությունն իրեն ավելի դուր եկավ, դրա համար այդ օրվանից հենց դրանով սկսեց զբաղվել»,-պատմում է նա:
Սոցիալական հարթակներում Էլենի հանդեպ հետաքրքրությունը շատ անսպասելի է ստացվել: Հովակ Ալավերդյանի խոսքով՝ մի օր ինքը պատահաբար տեսագրել է դստեր կատարումներից մեկը, իսկ հետո որոշել այն տեղադրել ֆեյսբուքյան հարթակում: Կարճ ժամանակում Էլենի տեսանյութը տարածվել է մեծաքանակ հետեւորդներ ունեցող մի շարք էջերում, որից հետո միտք է առաջացել պարբերաբար կիսվել դստեր կատարումներով: Սկզբում ակտիվ է եղել Էլենի ֆեյսբուքյան էջը, որից հետո տեղափոխվել են նաեւ ինստագրամյան հարթակ, որտեղ Էլենն ունի մոտ 35 հազար հետեւորդ: Աղջկա տաղանդն, ի վերջո, բերեց նրան, որ իրեն նկատեցին նաեւ STEVE on Watch հաղորդաշարի թիմից:
«Հաղորդման պրոդյուսերներից մեկը կապ հաստատեց մեզ հետ, սկսեցինք քննարկել նրա մասնակցությունը: Իսկ հանրահայտ Բութսի Քոլինզի ու Earth, Wind & Fire խմբի հետ հանդիպումները ոչ միայն Էլենի, այլեւ մեզ համար էին անակնկալ: Ոչ մեկս չէինք սպասում դրան, դա ամբողջովին հաղորդման թիմի նախաձեռնությունն էր: Բոլորիս էմոցիաներն այդ պահին նույնն էին, մենք էլ, ինչպես Էլենը, շատ տպավորված էինք այդ անակնկալից»:
70-ականներին հայտնիություն ձեռք բերած այդ երաժիշտների մասին Էլենի հասակակիցներից քչերը լսած կլինեն, սակայն հենց հայրիկի ջանքերով՝ փոքրիկ բաս-կիթառահարը ոչ միայն ծանոթ է նրանց արվեստին, այլեւ ոգեւորությամբ նվագում է նրանց ստեղծագործություններից.
«Որքան շատ է նվագում, այնքան ավելի շատ երաժիշտների է բացահայտում: Պարապմունքների ընթացքում անընդհատ նոր բաների հետ եմ իրեն ծանոթացնում»,-ասում է Հովակը՝ հավելելով, որ Էլենը շատ ու շատ հայտնի երաժիշտների հետ է երազում հանդիպել, ինչը հուսով են՝ առաջիկայում կիրականանա:
Առհասարակ, Էլենի ներկայիս երազանքները կապված են երաժշտության հետ, թեեւ առօրյայում մի շարք այլ նախասիրություններ էլ ունի՝ Լաս Վեգասում սովորում է դպրոցում, սիրում է խաղալ ընկերների հետ, զբաղվում է գեղարվեստական մարմնամարզությամբ, սիրում է նկարել ու անիմացիաներ ստեղծել: Այս պահին աղջկա մեծ ցանկություններից է նաեւ մասնակցել America's Got Talent շոուին, որը հնարավոր է՝ իրագործի մյուս տարի:
Լոս Անջելեսում ծնված տաղանդավոր հայուհին, որը երեք տարի է, ինչ բնակվում է Լաս Վեգասում, Հայաստանում եղել է մեկ անգամ՝ 4 տարեկանում, սակայն հայրենիք կրկին այցելելը եւս Էլենի մեծ ցանկություններից է, որը ծնողների խոսքով՝ կփորձեն իրականացնել առաջիկայում:
Սյունե Առաքելյան
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Էլենի եւ STEVE on Watch շոուի ֆեյսբուքյան եւ ինստագրամյան էջերից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը