Մոտ ապագայում Երևանում կհայտնվի անսովոր ճարտարապետական կառույց՝ ապակե կաթիլի տեսքով մշակութային և առևտրային համալիր՝ նորացված այգում, և ասես օդում ճախրող հետիոտնային կամուրջ: Այս արտասովոր նախագծի հեղինակը «Իտակա» ճարտարապետական և դիզայներական բյուրոն է։ Նրա ղեկավար, Ճարտարապետության միջազգային ակադեմիայի Մոսկվայի մասնաճյուղի պրոֆեսոր, ճարտարապետական գիտությունների թեկնածու, միջազգային մրցույթների և մրցանակների դափնեկիր Տելեմակ Անանյանը NEWS.amSTYLE-ին պատմում է Երևանի դիմագծին ավելացող նոր խոսքի մասին։
Գմբեթը հավաքվելու է որպես փազլ
Ֆուտուրիստական բազմաֆունկցիոնալ կենտրոն և հետիոտնային կամուրջ Կոմիտասի պողոտայում. նման կառույց Հայաստանի մայրաքաղաքում դեռ չի եղել։ Այս համալիրը դառնալու է ևս մեկ վառ շեշտադրում, քաղաքաշինական մագնիս ճարտարապետ Թամանյանի մտահղացած՝ Երևանի ամբողջ Հյուսիսային առանցքի համար։
«Հայաստանում առաջին անգամ նման կառույց կհայտնվի, թեև նախկինում այս ուղղությամբ առաջին քայլերն արվել են։ Օրինակ՝ «Զվարթնոց» օդանավակայանի պարամետրիկ տարրերով ծածկը, Երևանի մարզահամերգային համալիրը նույնպես կառուցված է պարամետրիկ ճարտարապետության սկզբունքով, բայց այն պատրաստված է երկաթբետոնե հավաքովի տարրերից։ Այստեղ կկիրառվեն եզակի տեխնոլոգիաներ՝ երկկոր ցանցավոր պատյան, ապակուց եւ բարձր ամրության ալյումինից և պողպատից պատրաստված կրող կոնստրուկցիաներից պատրաստված գմբեթ, որը հավաքվում է փազլի նման»,- պարզաբանում է Տելեմակ Անանյանը։
Համալիրը կկառուցվի Կոմիտասի պողոտայի բուլվարում 70-ականների վերջին և 80-ականների սկզբին ճարտարապետ Վարուժան Սահակյանի կառուցած չորս հայտնի բարձրահարկերի կողքին՝ հին առևտրային տարածքների փոխարեն։ Ժամանակին դա նոու-հաու էր բնակելի շենքերի շինարարության մեջ՝ ալյումինե ֆասադներով բարձրահարկ շենքեր՝ Նոր Արբատի ոճով: Այստեղ 2000-ականներից կային առեւտրի կրպակներ, որոնք փակում էին բուլվարը եւ հանրախանութի մեկ հարկանի շենքը։ Հին պուրակն արդեն մոտ կես դար լքված է, շատրվանները չեն աշխատում, ճեմուղիներն անանցանելի են, սալահատակը, մայթերը՝ բոլորն անմխիթար վիճակում են։ Իսկ ցրված կրպակները տարածքի ընդհանուր տեսքին գեղեցկություն չէին ավելացնում։
Քաղաքային իշխանությունների և սեփականատիրոջ միջև երկար տարիների բանակցություններից հետո որոշվեց այս շինությունների տեղում կառուցել ժամանակակից օբյեկտ և բարեկարգված այգի: Կառուցապատողը երեւանյան ընկերություն է՝ «Հայկ-88» ՍՊԸ-ն։
21-րդ դարի ճարտարապետություն
Համալիրի շենքը շատ օրիգինալ է. վերևում անսովոր կորության ապակե վրան է՝ ցանցավոր պատյանով: Հիմքի համար օգտագործվում են բարձր ամրության ալյումին և պողպատ, իսկ ծղխնիների և պտուտակների օգնությամբ հատուկ տեխնոլոգիան ապահովում է ամրություն և սեյսմակայունություն:
«Պարամետրիկան 21-րդ դարի ճարտարապետությունն է, տիպային մոդուլային շենքերի ժամանակն անցել է։ Ռոբոտացված տեխնոլոգիաներն այսօր թույլ են տալիս շենքի համար սահմանել ցանկացած պարամետր և ձև, և դա շինարարության արտադրական պրոցեսի, գների և ժամկետների վրա չի ազդում: Այժմ մենք կարող ենք աշխատել երկկոր հարթություններով՝ դրանով իսկ բազմապատիկ ավելացնելով կրող հատկությունները։ Եթե շենքի նման ծավալը պատված լիներ ուղիղ երկրաչափական ձևերով, նույն ձողակառույցներով կամ հատվածակողմերով, ապա կոնստրուկցիան ավելի ծավալուն և ծանր կլիներ»,- նշում է Տելեմակը։
Հետաքրքիր է, որ այս շենքը նախագծվում և ստեղծվում է ողջ աշխարհի կողմից. դրա վրա աշխատում են առաջատար մասնագետներ տարբեր երկրներից։ Նովոսիբիրսկի արտադրական գործարանն իր մասով է կատարում հաշվարկներ՝ սահմանելով շենքի պարամետրերն ու առանձնահատկությունները, հայ առաջատար դիզայներներն անմիջականորեն իրականացնում են հաշվարկն ու փորձաքննությունը։ Գերմանա-ռուսական հայտնի «StroyCity» ընկերությունը Մոսկվայի մարզում կարտադրի գմբեթի դետալները, կտեղափոխի և կհավաքի այստեղ, հետագայում կշահագործի ու պատասխանատվություն կկրի երաշխիքի համար։ Օգտագործվող տեխնոլոգիաներն ու սարքավորումները ամբողջությամբ գերմանական են, բայց արտադրությունը Ռուսաստանում է, պողպատը նույնպես ռուսական է։
Պալատ երիտասարդ տաղանդների համար
Տելեմակը նշում է, որ 10 մլն դոլար արժողությամբ այս ներդրումային նախագիծը պետություն-մասնավոր հատված համագործակցության դասական օրինակ է։ Այս դեպքում պետությունը հողատարածք է տրամադրում կառուցապատման համար. նորացված պուրակը կզբաղեցնի մեկ հեկտար, գումարած 2,5 հազար քառակուսի մետր շինությունը, համալիրի ընդհանուր մակերեսը կազմում է 16000 քմ:
«Հայաստանում օրենքով հանրային տարածքները շահագործման են տրվում մասնավոր անձանց՝ որոշակի հատվածը կառուցապատելու իրավունքով, բայց պայմանով, որ կառուցապատողը շարունակի խնամել տարածքը՝ մեր դեպքում խոսքն այգու շահագործման եւ խնամքի մասին է: Բացի այդ, որպես սոցիալական բեռ դրվել են հետևյալ խնդիրները՝ այգու բարեկարգում, լուսավորություն, ստորգետնյա կայանատեղի, անվտանգություն և շահագործում։ Եզրափակիչ փուլում կառուցվելու է Կոմիտասի պողոտայով հետիոտնային անցումը։
Վերակառուցումից հետո մշակութային և զվարճանքի կենտրոնի (աշխատանքային անվանումն է՝ Nord Axis կամ Հյուսիսային առանցք) ապակե գմբեթի տակ կտեղավորվեն մանրածախ տարածք, համերգասրահ և միջոցառումների սրահ, ինչպես նաև միջոցառումների անցկացման վայր: Ձայնի բարձրորակ բաշխումը թույլ է տալիս կենտրոնանալ համերգի և երաժշտական թեմայի վրա: Համալիրի հետնամասում երկհարկանի ծավալը ամբողջությամբ տրված է պատկերասրահին և մանկական բազմազան դպրոց-ստուդիաներին, առաջին հարկում նախատեսված է մանկական սրճարան։ Հայտնի է, որ երեւանցիները ժամանակ ու գումար չեն խնայում երեխաների համար, ուստի օբյեկտը, անշուշտ, պահանջված կլինի»։
Ճախրող կամուրջ
Եվ ամենակարևորը` ե՞րբ են քաղաքի բնակիչները տեսնելու նոր կենտրոնը:
Ճարտարապետի խոսքով՝ ժամկետները կախված են թղթաբանության գործընթացներից, սակայն մարտ-ապրիլին «Հայկ-88»-ը մտադիր է սկսել շինարարությունը՝ փորել հիմքը։ Արդեն հաջորդ ձմռանը նրանք կարող են անցնել ներքին աշխատանքներին, ինժեներական ցանցերին և ապակեպատմանը: Կառուցապատողը նախատեսում է շենքը հանձնել 2024 թվականի դեկտեմբերին։
Նշենք, որ, բացի բուն շենքից, նախագծով նախատեսվում է այգու բարեկարգում. կլինեն ճեմուղիներ, լճակ, ամֆիթատրոն՝ քաղաքային խմբերի ներկայացումների համար (սա, ինչպես նաեւ խաղահրապարակը, քաղաքի սոցիալական պահանջն է):
Դրանից հետո միայն «Իտական» կանցնի կամրջի նախագծին։ Սա նույնպես ցանցային պարամետրիկ կառույց է, որի ներսում քայլելու են հետիոտները։ Ինչպես հեքիաթներում՝ ափից ափ ճախրող կամուրջ։
Հետաքրքիր է՝ ինչպե՞ս են երեւանցիները վերաբերվում նման յուրահատուկ նախագծին։ Հասարակության պահպանողական խավերի կողմից դժգոհություն եղե՞լ է արդյոք. «Նախագիծը քննարկվել է բազմաթիվ հանրային հարթակներում և ոգեւորություն է առաջացրել»,- ասում է ճարտարապետն ու շարունակում. «Գիտե՞ք, տուփ կառուցելը միշտ ավելի հեշտ է, քան օրիգինալ որեւէ բան ստեղծելը: Ի դեպ, մենք ներկայացրել ենք կառուցապատման մի քանի տարբերակ, բայց այս տարբերակն էր, որ նախընտրելի էր բոլորի համար՝ երեւանյան իշխանություններին, պատվիրատուին, քաղաքաբնակներին»։
Զրուցեց Սոֆյա Ցարեւան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու