«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Դիզայներ-ճարտարապետ Աննա Սահակյան. ինչպես մոդայիկ եւ հարմարավետ բնակարան ստանալ հին երկսենյականոցից

20:22, 8 ապրիլի

Դիզայներ-ճարտարապետ Աննա Սահակյանն արդեն ծանոթ է NEWS.am STYLE-ի ընթերցողին. նա պատմել է ինտերիերի վերաբերյալ հայերի ունեցած նախասիրությունների մասին. Այսօր նա մեզ համար ինքնատիպ վարպետության դաս կանցկացնի բնակարանի դիզայնի վերաբերյալ։ Խոսքը Երեւանի կենտրոնի ընդամենը 60 քառակուսի մետր մակերեսով հին տան սովորական, ստանդարտ երկսենյականոց բնակարանի մասին է։

95728-1.jpg (42 KB)

Խնդիր՝ բազմաթիվ անհայտներով

Եվ այսպես,  խնդրի պայմանները. երկսենյականոց բնակարան հին տանը, պատերով, որոնք բոլորը կրող են, այսինքն՝ դրանք չի կարելի քանդել, մեծացնել որմնախորշերը եւ այլն։ Միակ «շարժական գույքը» սանհանգույցի միջնորմն է։ Ընդ որում՝ հատակագծումը բնավ պրակտիկ չէ՝ նեղ որմնախորշեր, ցցուն անկյուններ, անպատուհան հյուրասենյակ, խոհանոց, ուր պետք է մտնել նեղ անկյունով։ Երկու պատուհաններով քառակուսի ննջարանը մակերեսով ավելի մեծ է հյուրասենյակից։ Կարճ ասած՝ զրո ֆունկցիոնալություն։

plans_page-0001.jpg (35 KB)

Պահանջվում է. ստանալ ժամանակակից բնակարան՝ անպայման երկու ննջարանով (մեկը՝ ոչ մեծ) եւ հանդերձարան, ընդհանուր հանգստի գոտիով եւ ճաշասենյակ-խոհանոցով։

Գլխավոր պայման. քիչ ծախսատար նորոգում, առանց բացառիկ նյութերի եւ թանկ կահավորման։ Այդ պատճառով սկզբում հրաժարվել ենք այդ թվում  սանհանգույցը տեղափոխելուց, որպեսզի կոմունիկացիաների ապամոնտաժման կարիք չստեղծվի։

Արդյունքը. պրոֆեսիոնալ ճարտարապետ Աննա Սահակյանին հաջողվել է համատեղել այս բոլոր՝ առաջին հայացքից անհամատեղելի պայմանները  եւ հասնել ցանկալի արդյունքի։ Պատվիրատուն ստացել է մոդայիկ եւ ֆունկցիոնալ բնակարան, որտեղ ամբողջ տարածքն օգտագործվել է՝ որքան հնարավոր է շահեկան։ Ընդ որում՝ նորոգումը հսկայական ծախսեր չի պահանջել, քանի որ կառուցվածքային փոփոխություն չի կատարվել։

Կարեւորը 45 աստիճանի անկյունն է

5-2.jpg (36 KB)

«Դիզայների աշխատանքը սկսվում է պատվիրատուի հետ հանգամանալից խոսակցությունից՝ ինտերիերի ոճի, գունային գամմայի, անգամ վարագույրների, կահույքի եւ այլ հարցերի մասին նրա նախասիրություններից,- ասում է Աննա Սահակյանը։- Այստեղ կարեւոր է պահպանել ոսկե միջինը՝ կատարել պատվիրատուի ցանկությունները եւ ապահովել ֆունկցիոնալությունն ու հարմարավետությունը։ Նպատակ է դրվել ստանալ հետաքրքիր արդյունք նվազագույն միջոցներով։ Եվ մեզ հաջողվել է առանց ավելորդ ծախսերի նորաձեւ բնակարան ստանալ՝ մինիմալիզմի ոճով։ Նախ՝ այս ոճով ավելի հեշտ է քիչ ծախսատար նախագիծ անել, եւ որ գլխավորն է՝ մենք բնակարանի խիստ սահմանափակ մակերես ունեինք, որտեղ միաժամանակ անհնար էր նաեւ պատերը տեղափոխել»։

Ինչպես բացատրում է ճարտարապետը, կոնցեպտն այն էր, որպեսզի տարածքը պատերով բաժանվեր 45 աստիճանի անկյան տակ։ Դա հնարավորություն կտար տեղավորվել առկա մակերեսում։ Հետաքրքիր «գտածոներից» էր նաեւ այն, որ երկու ննջարաններն ընդհանուր հանդերձարան ունեին, բայց ամեն ննջարան այնտեղ տանող իր մուտքն ուներ։ Անհրաժեշտության դեպքում հանդերձարանի դուռը կարելի է փակել ներսից եւ ապահովել անձնական տարածքի անձեռնմխելիությունը։

Հաջող է լուծվել պատուհանի բացակայության հարցը փոքր ննջարանում. ամենուրեք ապակե միջնորմներ են, որոնք ներս են թողնում լույսը, բայց եւ դրանց միջով երեւում է միայն մարդու լղոզված ուրվագիծը։ Նույն ապակուց են նաեւ դռները հանդերձարանում (նորից՝ 45 աստիճանի անկյան տակ), իսկ փոքր ննջարանում կա պատուհան՝ հատակից մինչեւ առաստաղ, որը կիսված է հորիզոնական փեղկերով։ Մի մանրուք եւս. դրա վերին հատվածը բացվում է ավտոմատ կերպով, վահանակի օգնությամբ (օրինակ՝ օդափոխելու համար)։

«Ապակու օգտագործումն ինտերիերում նպաստում է տարածքի ամբողջականությանը. միշտ ջանում եմ տարածքը չկիսել առանձին կտորների, այդ ամբողջականությունը ավարտունություն եւ թեթեւություն է փոխանցում»,- ընդգծում է Աննա Սահակյանը։

Սատանան մանրուքների մեջ է

Իսկ հիմա անցնենք կոնկրետ լուծումներին։ «Շնորհիվ այն բանի, որ պատերը անկյան տակ են, նախասենյակը մեզ մոտ անսովոր ձեւի է ստացվել։ Որտեղից էլ՝ նույնպես անկյան տակ, միջանցքն է դեպի ընդհանուր գոտի։ Նկատեք. բոլոր դռները մուգ են, պատերի երանգով, որպեսզի համընդհանուր տարածքի տպավորություն ստեղծվի։

6-1.jpg (24 KB)

Քանի որ մենք սանհանգույցն առանձնացրել ենք ընդհանուր գոտուց 45 աստիճանի որմնախորշերով, ստացել ենք երկու եռանկյուն խորշեր, որոնք շատ հարմար են որպես պահարաններ օգտագործելու համար։ Պահարանը, որն ավելի մոտ է մուտքին, զգեստապահարանն է, մյուսը՝ հյուրասենյակի գոտուն մոտ, խորշ ունի հեռուստացույցի համար։ Շատ հարմար է դիտել բազմոցին նստած, հանգստյան գոտում։

2-2.jpg (39 KB)

Լուսավորությունը միջանցքից դեպի հյուրասենյակ հատուկ ընդհանուր է արված՝ ժապավենի օգնությամբ, որն անցնում է այդ տարածքի կենտրոնական առանցքով, այն ամբողջականության տպավորություն է ստեղծում եւ ներս մտնողին ասես թե հրավիրում է առաջ գնալ։ Ի դեպ, բոլոր սենյակներում ժապավենային լուսավորություն է, որն ստեղծում է եթերայնության էֆեկտ»,- Աննան մեր ուշադրությունը սեւեռում է մանրուքների վրա։

Ոչ մեծ հյուրասենյակն անցնում է ճաշասենյակի գոտի, որը հարում է խոհանոցին։ Նկատեք. բնակարանի հիմնական երանգն ընտրված է կաթնասպիտակավուն, բայց որպեսզի դա չափից ավելի միատոն չթվա, ինտերիերում ավելացվել են ոչ մեծ ակցենտներ՝ պաստելային երանգներով, որոնք ճչան, վառ դետալներ չունեն։ Այսպես, հյուրասենյակի պատը բազմոցի հետեւում պաստելային դեղին երանգի է։ Այն ինտերիերին ջերմություն է հաղորդում եւ, միեւնույն ժամանակ, շեշտադրում այն տեղը, որտեղ կարելի է նստել, հանգստանալ։ Իսկ պատի շարունակությունը ճաշասենյակի գոտում թեեւ նույնատոն է, բայց արդեն ավելի սառը երանգի։ 

9-1.jpg (35 KB)

Տարածքի տեսողական գոտեւորման նպատակին է ծառայում նաեւ պատուհանների ձեւավորումը. այնտեղ, որտեղ ճաշասենյակն է եւ սեղան-աթոռները, մինչեւ հատակ հասնող ծանր վարագույրներն են. պարզ է, որ այստեղ հյուրասենյակի գոտին է։ Իսկ կողքին, աշխատանքային խոհանոցային գոտում, շերտավարագույրներն են։ Այստեղ արդեն տեղին չեն երկար վարագույրները։ Եվս մեկ մանրուք. ջահը ճաշասեղանի վերեւում փայտից է եւ ջերմություն է հաղորդում ճաշասենյակի ինտերիերին։

3-4.jpg (51 KB)

Որպեսզի ֆունկցիոնալ Г-աձեւ խոհանոցային գոտին միատոն չթվա, օգտագործվել է վերին պահարանների փայտե ներդիր։ Դրան ներդաշնակ է հետաքրքիր ջերմ երանգի գրանիտը։ Եզրափակիչ շեշտը սեղան-պատուհանափեղկն է, որը բարի վաճառասեղան է հիշեցնում։

Դիզայնի գաղտնիքները

«Սանհանգույցը, թերեւս, բնակարանի ամենածախսատար հատվածն է։ Օգտագործվել են ոչ այնքան բյուջետային լվացարան եւ կախովի զուգարանակոնք՝ թաքնված ջրատակառով։ Բայց դա արդարացված է, քանի որ թույլ է տվել թաքնված գոտին վերածել պատի պահարանի՝ հայելային դռներով. մեկ հայելու տպավորություն է ստեղծվում՝ ամբողջ պատի երկայնքով։ Ընդհանուր առմամբ, միշտ խորհուրդ եմ տալիս սանհանգույցում օգտագործել մեծ հայելիներ, դա տեսողական առումով ընդլայնում է տարածքը։

Tpagrichner apartment_Page_10.jpg (78 KB)

Լոգախցիկը պատրաստված է նույն պրես-գրանիտից, ինչ եւ հատակը, դա ավելի խնայողական է, քան պատրաստի խցիկը։ Այն միաժամանակ նաեւ թեթեւ է նայվում, նույն նպատակին են ծառայում դրա ապակե դռները։ Այս բոլորը միասին տարածքում հաճելի մթնոլորտ են ստեղծում։

«Առանձին ուզում եմ կանգ առնել պատվիրատուի այնպիսի պահանջի վրա, ինչպիսին է լվացքի մեքենան եւ չորանոցը։ Մի անգամ արդեն ասել եմ, որ ամերիկացիները, օրինակ, սպիտակեղենը փողոցում չեն կախում, ինչպես Հայաստանում։ Այս պարագայում թե՛ պատվիրատուն է Ամերիկայից, թե՛ բնակարանը պատշգամբ չուներ, այնպես որ՝ առանց չորանոցի չէր լինի։ Լավ է, որ նախկին դռների տեղում խոհանոցում խորշ էր առաջացել, որտեղ էլ տեղավորեցինք լվացքի եւ չորացնող մեքենաները»,- նշում է դիզայները։

Tpagrichner apartment_Page_11.jpg (62 KB)

Նրա խոսքով՝ ամենից շատ «գլուխ են կոտրել» ննջարանի շուրջ. «Վերահատակագծման դժվարությունը ո՞րն էր։ Ննջարանի չափերն ու տեղակայումը թույլ չէին տալիս կիսել այն, չնայած այնտեղ երկու պատուհան կար։ Երկայնքով կիսելով՝ 2,5 մետր լայնությամբ երկու վագոն կստանայինք։

8.jpg (45 KB)

Իսկ սենյակի լայնությունը, առնվազն, պետք է 2,7 մետր լինի, այլապես այն հարմարավետ չի լինի։ Լայնքով կիսելը նույնպես լավ չէր ստացվի. նույն երկու վագոնը, որոնցից մեկը՝ անպատուհան։ Այդպես էլ ծնվեց ընդհանուր հանդերձարանի գաղափարը՝ դեպի երկու ննջարան ելքով։ Ընդհանրապես, հանդերձարանը շատ ավելի հարմարավետ է, քան պահարանները եւ կահույքի առարկաների նվազագույն քանակություն օգտագործելը»։

7.jpg (40 KB)

Ճարտարապետը մի խորհուրդ էլ է տալիս. օդորակիչը տեղավորել մահճակալի գլխավերեւում, հակառակ դեպքում այն կփչի պառկած մարդու վրա։ Իսկ որպեսզի դրա վրա ուշադրություն չսեւեռվի, օգտագործվել է խորամանկ հնարք՝ պատին դեկորատիվ ծեփի օգնությամբ։

Մթնոլորտն աշխուժացնող մանրուքներ են պահարանիկների վրա կախված լուսատուները, որոնք ամրացված են առաստաղին։ Օքրայի երանգի վարագույրներից մեկը համահունչ է փայտե կոմոդին։ Անկյունում հարմար բազկաթոռն է՝ տորշերով։ Այս բոլորը ննջարանը հարմարավետ են դարձնում։

«Աշխատանքի ամենասկզբում մենք պատվիրատուի հետ միասին գնում ենք շինանյութերի խանութներ, որտեղ ընտրում ենք սալիկներ,  դռներ եւ այլն։ Նույնը՝ կահույքի հարցում։ Եվ պատվիրատուի նախասիրությունների հիման վրա ճշտվում է նախնական դիզայն-նախագիծը։ Գալիս ենք ընդհանուր հայտարարի, գնվում են կահավորման նյութերը, եւ արդեն այդ ժամանակ 3D-վիզուալացում ենք անում։ Ճարտարապետի նախնական մտահղացումը կարող է մասամբ փոփոխվել՝ կախված շուկայի առաջարկից, բայց գաղափարն ինքնին անփոխարինելի է մնում։ Դիզայները պատվիրատուի հետ միասին է աշխատում նախագծի սկզբից մինչեւ նորոգման ավարտը. սա է հաջող ինտերիերի գաղտնիքը»,- համոզված է Աննա Սահակյանը։

Սոֆիա Ցարյովա


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել