«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

«Միասին գնացել ենք Արցախ, իր հետ եղել եմ դիրքերում, իսկ հաջորդ օրը ֆուտբոլ ենք խաացել»․ Վազգեն Սարգսյանի եղբորորդին՝ Կառլենը, հորեղբոր հետ իր մանկության, հիշողությունների մասին

13:05, 4 հունիսի

Մարտին մեծ էկրաններ բարձրացավ Genetic Production-ի «Վազգեն․ վերջին Սպարապետը» ֆիլմը, որը նվիրված է սպարապետի կյանքին, դժվարություններին եւ այն կողմերին, որոնք քիչ բացահայտված են եղել հանրությանը։ Ֆիլմի պրոդյուսերը նրա զարմուհին՝ Նոնո Սարգսյանն է, իսկ վերջին կադրերում հանդիսատեսը տեսնում է նաեւ Վազգեն Սարգսյանի եղբորորդուն՝ Կառլեն Սարգսյանին։ Ֆիլմում մի շարք դրվագներ հյուսված են Վազգենի ու Կառլենի մտերմության, նրանց երկխոսությունների շուրջ։ NEWS.am STYLE-ը զրուցել է Կառլենի հետ՝ փորձելով բացահայտել ավելին՝ հորեղբոր հետ նրա մտերմության, առօրյայի, նախասիրությունների, նմանությունների ու տարբերությունների շուրջ։

Կառլենը խոստովանեց՝ ի սկզբանե, չէր ցանկանում նկարահանվել, քույրը՝ Նոնոն է համոզել։ «Զանգահարեց ու ասաց՝ «Եթե դու չնկարահանվես, ես քեզ չեմ ների»: Բայց իմ մտքով անգամ չէր անցնի, որ ես ֆիլմում պետք է նկարահանվեմ: Հետո ինքս մտածեցի, որ արժե դա անել, քանի որ դա հորեղբորս նվիրված ֆիլմն է»:

Կառլենը ֆիլմի մասին շատ արձագանքներ է լսել, ասում է՝ «Այն շատ սպասված էր ու, երեւի, ավելի շուտ պետք է նկարահանվեր»:

Նրա խոսքով՝ ազգականներն ու ընկերները շատ չեն զարմացել ֆիլմում իր ներկայությունից, քանի որ տեղյակ էին այդ մասին: «Կարծում եմ՝ խորհրդանշական է նաեւ Նոնոյի այնտեղ լինելը. նա, ասես, կյանք է տալիս ֆիլմին»,-ասում է նա։

Վերհիշելով հորեղբոր հետ անցկացրած մանկությունն ու իրենց երկխոսությունները՝ Կառլեն Սարգսյանը պատմում է․ «Իմ կյանքի ամենամեծ երազանքը եղել է այն, որ ես նրա թիկնապահը դառնամ. ես նրան միշտ ասում էի, որ երբ մեծանամ, ուզում եմ իր անձնական թիկնապահը դառնամ: Բայց այնպես չէ, որ ես երազում էի թիկնապահ դառնալու մասին, ես միայն իրեն էի ուզում պաշտպանել: Նրա հետ շատ տեղերում եմ եղել՝ միասին գնացել ենք Արցախ, իր հետ եղել եմ դիրքերում: Ես երեխա էի այն ժամանակ, ու գնում էի իր հետ ամենուր, ու գիտեի, որ հաջորդ օրն էլ միասին ֆուտբոլ ենք խաղալու: Եթե ժամանակ չէր լինում խաղերի համար, պարզապես իր հետ գնում էի պաշտպանության նախարարություն»:

Կառլենը հիշեց նաեւ մի դեպք, որը թեթեւակիորեն շոշափված է ֆիլմում․ «Մի անգամ մեքենայի մեջ ինձ ասաց՝ «Կներես ախպերս», հարցրի՝ «Ինչի՞ համար». ասաց՝ «Որ մեծանաս, կհասկանաս»… Ֆիլմում, իհարկե, ավելի նուրբ է նկարված, ինքը մի օր հորս վրա շատ լուրջ բարկացած էր, եւ կարծում եմ՝ նեղվել էր, որ իմ ներկայությամբ հորս հետ կոպիտ էր խոսել»:

Հարցին՝ որքանո՞վ է հորեղբոր հետ շփումն ազդել իր բնավորության ձեւավորման վրա, Կառլենը պատասխանեց․

«Կդժվարանամ ասել՝ արդյոք նրա հետ շփումն ազդե՞լ է իմ բնավորության ձեւավորման վրա, որովհետեւ փոքր եմ եղել. դա կարող են կողքից ասել, բայց կարծում եմ՝ նմանություններ կունենանք, երբեմն, նույնիսկ, դեմքով են նմանեցնում: Բնավորության գծերից էլ նմանություններ կլինեն, բայց, գլոբալ առումով, կարծում եմ՝ ինքը բոլորից ավելի հզոր էր ու ուժեղ:

Կարծում եմ՝ նրա բնավորության ամենանուրբ կողմերը բացահայտված են հենց ֆիլմում: Սիրում էր երգել: Հիշում եմ՝ մի անգամ առիթի ժամանակ ասաց՝ միասին երգենք. բայց, իհարկե, ինքը լավ էր երգում, ես՝ ոչ, էդպես հումորային պահ ստացվեց:

Մի անգամ դպրոցից տուն եկա, ու նեղված էի՝ ֆուտբոլ էինք խաղացել, պարտվել էի, կռիվ էի արել. եկա տատիկիս պատմեցի, որ պարտվել եմ, կռիվ արել, ու ինքը սկսեց լաց լինել, ասաց՝ «Վազգենն էլ էր այդպես դպրոցից տուն գալիս, եթե պարտվում էր. պիտի անպայման կռիվ աներ, որովհետեւ ինքը միշտ պիտի հաղթեր»: Անհամեստ կթվա ասել, թե իր նման եմ, որովհետեւ, առհասարակ, իր նման լինելը պարտավորեցնող է: Մանկական կռիվների մասին չէ խոսքը. այլ հարցերում պետք է ավելի լուրջ լինել»,-ասում է նա ու ուրախությամբ վերհիշում՝ հորեղբոր շնորհիվ ծանոթացել է մի շարք մեծությունների հետ՝ Սոս Սարգսյան, Խորեն Աբրահամյան, Հրանտ Մաթեւոսյան, Կարեն Դեմիրճյան, Գարեգին Բ., գեներալներ ու այլ ազդեցիկ մարդիկ:

Կառլենի խոսքով՝ հորեղբոր կորուստը մինչ օրս անդրադառնում է իր վրա․

«Իր կորուստը կարծում եմ՝ ոչ միայն ինձ, այլեւ ամբողջ հայ ազգի վրա է անդրադառնում: Եթե հարցնեին, ինչ կուզեի՞ր որ լիներ, շատերը, գուցե, պատասխանեին, որ կուզեին, որ Վազգենը կենդանանար ու Արցախը հետ վերադարձներ, ես կասեի՝ կուզեի, որ Արցախը նորից մերը լիներ՝ հենց իր համար: Իր չլինելով շատ բաներ փոխվեցին»:

Ֆիլմի հետագա ճանապարհի մասին խոսելիս Կառլենը նշեց՝ «Կարծիքները շատ էին՝ ոմանք ասում են՝ կարճ էր, ոմանք՝ որ ավելի շատ հորեղբայր Վազգենի մասին էր»։

Խոսակցություններ կան, որ ֆիլմը, գուցե, լինի Netflix-ում։ Հարցին Կառլենը դժվարացավ պատասխանել․ «Թե ինչ կլինի ֆիլմի ուղին, ապագան ցույց կտա»,-նշեց նա։

Եզրափակելով զրույցը՝ Կառլեն Սարգսյանը շեշտեց՝ «Կուզեմ՝ բոլորը փորձեն նմանվել Վազգեն Սարգսյանին ու, առհասարակ, այն բոլոր հերոսներին, ովքեր իրենց երկիրը սիրել են, որովհետեւ, եթե երկիրդ չսիրես, բանակ չունենաս, երկիրդ չպահես, ոչ մի երկիր, մեծ հաշվով, քեզ հետ հաշվի չի նստի»:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search