Կան դասական ռեստորաններ, աղմկոտ քաղաքային սրճարաններ, վայրեր՝ երկար զրույցների և հանդարտ երեկոների համար: Բայց կան ձևաչափեր, որոնք վաղուց հայտնի են համաշխարհային գաստրոնոմիական հանրությանը, որտեղ սնվելն իսկական արարողություն է, ոչ թե սովորական ընթրիք։
Դրանցից մեկը Le Petit Chef-ն է, որը պաշտոնապես բացվել է Երևանում՝ Armenia Marriott Hotel Yerevan-ի երրորդ հարկում: Բացումը նշանակալի իրադարձություն դարձավ քաղաքի գաստրոնոմիական կյանքում: Նախագիծը, որն արդեն ներկայացված է ավելի քան 50 երկրում, առաջին անգամ հայտնվեց Հայաստանում՝ մայրաքաղաքի ամենաճանաչելի վայրերից մեկում:

Ինչպես նշում է հյուրանոցի սննդի և խմիչքների գծով տնօրեն Պիմ վան հետ Ռևեն, վայրի ընտրությունը մտածված էր։ «Նախևառաջ՝ Marriott-ի դիրքի պատճառով: Այս հյուրանոցը շատերին է հայտնի, այն գտնվում է հենց Հանրապետության հրապարակում: Պատմական շենքը և տեսարանը դեպի քաղաքի կենտրոն կատարյալ մթնոլորտ են ստեղծում նման նախագծի համար»,- ընդգծել է նա:

Le Petit Chef-ը ընթրիք-շոուի ձևաչափ է, որտեղ գաստրոնոմիան համադրվում է 3D վիդեոմեփինգի հետ: Հենց սեղանի վրա՝ հյուրերի առջև, հայտնվում է մոտ վեց սանտիմետր հասակով փոքրիկ անիմացիոն խոհարարը: Նա «պատրաստում է» ուտեստները, հայտնվում զվարճալի իրավիճակներում, ճամփորդում տարբեր աշխարհներով։ Այնուհետև գործի է անցնում Armenia Marriott Hotel Yerevan-ի խոհարարների իրական թիմը, և այն ամենը, ինչ հենց նոր տեղի էր ունենում անիմացիայի մեջ, հայտնվում է սեղանին՝ իրական ուտեստի տեսքով:

«Le Petit Chef-ը զվարճալի, բայց միևնույն ժամանակ նրբաճաշակ գաստրոնոմիական փորձառություն է: Փոքրիկ խոհարարը դառնում է ժամանցի մի մասը, իսկ վերջում ամեն ինչ միավորվում է որակյալ տեղական և միջազգային բաղադրիչներից պատրաստված իսկապես համեղ սննդի հետ: Այս ամենը լրացնում է հայկական գինիների և կոկտեյլների խնամքով ընտրված հավաքածուն»,- պատմում է Պիմ վան հետ Ռևեն:

Ավելին՝ Le Petit Chef-ը ներդաշնակորեն տեղավորվում է ժամանակակից քաղաքի վիզուալ մշակույթի մեջ: Սա ինստագրամյան ձևաչափ է, որտեղ յուրաքանչյուր մանրուք՝ ափսեի վրայի անիմացիայից մինչև լույսն ու պատուհանից բացվող համայնապատկերը, աշխատում է ներկայության էֆեկտ ստեղծելու և այդ երեկոն կադրում պահպանելու ցանկության վրա:
Բուն ընթրիքը կառուցված է շատ հանգիստ և մտածված: Հինգ ուտեստից բաղկացած սեթը մատուցվում է հաջորդաբար, առանց շտապողականության, հստակ ռիթմով։ Մատուցման նման ձևաչափը տարբերվում է հայկական սովորական խնջույքներից և հյուրերին առաջարկում է երեկոյի այլ՝ ավելի հանդարտ սցենար:

Բացմանը հյուրերին ներկայացրեցին Le Grand Chef սեթը՝ որպես հայեցակարգին լիարժեք ծանոթություն: Բացի դրանից, ռեստորանում հասանելի են Le Petit Chef Classic, Le Petit Chef Vegetarian, ինչպես նաև երեխաների համար նախատեսված հատուկ Junior Menu-ն՝ բոլորը նույն ոճով: Մենյուն ստեղծվել է այնպես, որ տեղական մթերքները բացահայտվեն միջազգային բարձր խոհանոցի հնարքների հետ համադրությամբ: Ծանոթ բաղադրիչներն այստեղ մատուցվում են ավելի ժամանակակից ու կոկիկ մեկնաբանությամբ՝ միաժամանակ պահպանելով համի մաքրությունն ու մթերքի որակը:

Երեկոյի գաստրոնոմիական մասը սկսվում է ստրաչատելայով, որը մատուցվում է ալյասկյան կամչատկյան խեցգետնի, ռուկոլայի, բողկի, չորացրած լոլիկների և լոլիկի գրանիտայի հետ: Մեկնարկը շատ թարմ և թեթև է ստացվում. գրանիտան հաճելիորեն հովացնում է, ստրաչատելան ավելացնում է փափկություն, իսկ խեցգետինը բացահայտվում է նուրբ, թեթևակի քաղցրավուն նոտայով: Ճաշատեսակի հետ առաջարկում են Zulal-ի Voskehat Classic-ը՝ թարմացնող, հանքային գինի, որն ամրապնդում է առաջին տպավորությունը:

Հաջորդիվ մատուցում են բույաբես՝ նորվեգական իշխանով, միդիաներով, ծովախեցգետիններով, կաղամարով, կարմիր ու սև խավիարով և շաֆրանային այոլիով: Արգանակը թանձր է և հագեցած՝ վառ լոլիկային հիմքով և մեղմ համեմունքներով: Ծովամթերքները լավ զգացվում են առանձին-առանձին՝ ստեղծելով հարուստ, բայց հասկանալի համ: Minas-ի Kangun–Sauvignon Blanc-ը թարմացնում է մատուցումը և ավելացնում թեթև ցիտրուսային երանգներ:
Երրորդ ուտեստն ուղեկցվում է բնության պատկերներով՝ խոտեր, ջուր, սնկեր՝ ստեղծելով Դիլիջանի անտառի մթնոլորտ: Այդ պահին մատուցում են լոր՝ բլղուրով, ծաղկակաղամբի մուսով, Դիլիջանի սնկերով, կանաչ լոբով և նռան սոուսով: Միսը փափուկ է և հյութալի, բլղուրը հագեցվածության զգացում է տալիս, սնկերն ավելացնում են համի խորությունը, իսկ նռան սոուսը թարմ թթվաշ-քաղցր նոտա է հաղորդում: Van Ardi-ի Tor Tori-ն զգուշորեն լրացնում է ուտեստը՝ ուշադրությունն իր վրա չսևեռելով:
Սեթի գագաթնակետն է դառնում Black Angus-ից պատրաստված Տուրնեդո Ռոսինին՝ ֆուա-գրայով, սև տրյուֆելով, Ararat բալի սոուսով, «շատո» կարտոֆիլով և բոկ-չոյով: Ուտեստը ստացվում է հագեցած և արտահայտիչ. ֆուա-գրան հաղորդում է սերուցքային նրբություն, տրյուֆելը՝ բուրմունք, իսկ բալի սոուսը մեղմորեն հավասարակշռում է համը: Gevorkian-ի Areni Ariats Kakhani Reserve-ը հետհամն ավելի խորը ու տևական է դարձնում:

Երեկոյի ավարտը հատկապես էլեգանտ տեսք ունի: Ընկուզային «պարֆե գլասեն»՝ տապակած անանասով, հալվայով և պիստակով, ուզում ես երկար զննել նախքան փորձելը: Համը բացահայտվում է աստիճանաբար. նախ՝ փափուկ ընկուզային հիմքը, ապա անանասի տաք քաղցրությունը, հալվայի թեթև արևելյան նոտաները և պիստակի խրթխրթանությունը: 10 տարեկան Ararat Akhtamar կոնյակն ավելացնում է ազնվական ջերմություն, իսկ ուտելի ոսկու թերթիկը շքեղորեն եզրափակում է մատուցումը: Voskevaz Katarine Dessert-ը դնում է մեղմ վերջակետը՝ թողնելով մեղրային և մրգային երանգներ:

Երևանյան Le Petit Chef-ը շատ ամբողջական և հաճելի տպավորություն է թողնում: Սա մի երեկո է, որը հիշվում է ոչ թե առանձին ուտեստով կամ էֆեկտով, այլ ընդհանուր մթնոլորտով, ռիթմով և մանրուքների նկատմամբ ուշադրությամբ: Ձևաչափը հեշտությամբ ներգրավում է, չի հոգնեցնում և իրենից հետո թողնում է գեղեցիկ անցկացրած ժամանակի զգացողություն՝ շողշողացող Հանրապետության հրապարակի կինեմատոգրաֆիական տեսարանով:







Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 27 օգոստոսի
Արդյո՞ք Շոպենը սիրում էր տղամարդկանց. Գերմանացի հետազոտողը սիրո խոստովանություններ է հայտնաբերել նրա նամակներում22:12, 27 օգոստոսի
Սև մանիկյուրը վերադարձել է նորաձևություն. Սանդրա Բալոքը, Դուա Լիպան և Քայլի Ջենները ընտրում են աշնան հիմնական գույնը21:19, 27 օգոստոսի
Ռոջեր Ֆեդերերի անսովոր ընտրությունը. թենիսի լեգենդը կրում է Rolex-ի ամենաքննարկվող ժամացույցը20:26, 27 օգոստոսի
Կաշեմիրով գայլեր. միլիարդատերերն այլևս չեն ցանկանում միլիարդատիրոջ տեսք ունենալ19:32, 27 օգոստոսի
Շվեյցարական էքսկլյուզիվ՝ OpenAI-ի համար. ինչու են Սեմ Ալթմանի ժամացույցն անվանում կարգավիճակի նոր խորհրդանիշ16:50, 27 օգոստոսի
Իսպանական քաղաքը խեղդվել է լոլիկի մեջ. 20,000 մարդ կազմակերպել է զանգվածային լոլիկի կռիվ16:17, 27 օգոստոսի
Instagram-ը թողարկել է First Draft-ը. Reel-ները այժմ կարելի է խմբագրել վայրկյանների ընթացքում15:24, 27 օգոստոսի
Մերսում, արոմաթերապիա և «սմբակների խնամք». ԱՄՆ-ում մեկնարկում է մարդկանց համար նախատեսված առաջին «կովերի սպա»-ն14:35, 27 օգոստոսի
Վատիկանից մինչև haute couture. Հռոմի պապ Լևոն XIV-ը գլխավորել է ամենաոճային մարդկանց ցուցակը14:18, 27 օգոստոսի
Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին գաղտնի հանդիպում են ունեցել, բայց չեն կարողացել խուսափել պապարացիների ուշադրությունից13:16, 27 օգոստոսի
Մահացել է լեգենդ. Յայոյի Կուսաման՝ նկարչուհին, որը կետիկները վերածել է համաշխարհային արվեստի խորհրդանիշի12:47, 27 օգոստոսի
Աստղաբաշխական հաշիվ. Որքա՞ն է արժեցել Մեգանի և Հարրիի մասնավոր ինքնաթիռով թռիչքը դեպի Մեծ Բրիտանիա