«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Կրակոցը, սերը և մերժումը․ Մարիանա Այվազյանի և Եղիշե Չարենցի ճակատագրական հանդիպումը

18:20, 9 օգոստոսի

Հայ գրականության պատմության մեջ 1926 թվականի սեպտեմբերի 5-ը հիշվում է ոչ միայն որպես Եղիշե Չարենցի կենսագրության ամենածանր շրջադարձերից մեկը, այլև որպես մի օր, որը ճակատագրական դարձավ երիտասարդ Մարիանա Այվազյանի համար։

Մարիանա Այվազյանը ծնվել էր Բաքվում։ 1926 թվականին, երբ նրա ընտանիքը նոր էր տեղափոխվել Երևան, նա ընդամենը 16 տարեկան էր։ Ռուսական գիմնազիայի յոթերորդ դասարանի շրջանավարտ էր, ամուրի, անկուսակցական։ Նրա հայրը՝ Սարգիս Այվազյանը, Երևանի բորսայի նախագահն էր, իսկ եղբայրը՝ հետագայում հայտնի դարձած երգահան Արտեմի Այվազյանը։ Ընտանիքը բնակվում էր Երևանի Նալբանդյան փողոցի 16 հասցեում։

Այդ օրերին Չարենցը Մարիանային ճանաչում էր ընդամենը կարճ ժամանակ՝ մոտ երկու շաբաթ։ Նրա նկատմամբ առաջացած ուժեղ զգացմունքները, որոնք ինքը հետագայում նկարագրում էր որպես հոգեկան ծանր ապրումների մի մաս, աղջկա կողմից փոխադարձություն չգտան։ Ըստ Մարիանայի ցուցմունքի՝ Չարենցը օպերետայի ընթացքում երկու անգամ մոտեցել էր իրեն, խոստովանել սերը, ասել, որ ամբողջ մի հատոր բանաստեղծություններ է նվիրել իրեն, իսկ վերջում վերջնագիր ներկայացրել. «Կամ իմ կինը պիտի լինեք, կամ ոչինչ»։ Աղջիկը մերժել էր այդ առաջարկը։

6b2a9188-91f2-4eb2-820b-d10a9f99fe66.jpeg (18 KB)

Նույն երեկո, ներկայացումից հետո, Մարիանան հոր՝ Սարգիս Այվազյանի ուղեկցությամբ վերադառնում էր տուն։ Երբ նրանք անցնում էին քաղաքային այգու մոտով, աղջիկը նկատել էր Չարենցին և, ըստ հոր ցուցմունքի, ասել. «Էլի այդ խուլիգանն է»։ Մի քանի ակնթարթ անց հնչեցին երկու կրակոցներ։

Հետաքննության նյութերի համաձայն՝ Չարենցը մինչ այդ վերադարձել էր տուն, վերցրել էր իր օրինական գրանցված «Նագան» տեսակի ատրճանակը և մի քանի տասնյակ փամփուշտներ։ Նա նախապես որոշել էր սպասել Մարիանայի վերադարձին և կրակել նրա ուղղությամբ։ Ականատեսների վկայություններով՝ կրակոցից առաջ նա բարձրաձայն կանչել էր Ակսել Բակունցի անունը, որպեսզի աղջիկը շրջվեր, ապա կրակել էր նրա հետևից՝ մեջքի ստորին հատվածի ուղղությամբ։ Առաջին գնդակը վրիպել էր, երկրորդը դիպել էր Մարիանային։

Վիրավորումը, բարեբախտաբար, կյանքին վտանգ չէր սպառնում։ Բժշկական արձանագրության համաձայն՝ գնդակը վնասել էր մեջքի հատվածը՝ առաջացնելով համեմատաբար թեթև վնասվածք։ Արյունահոսությունը եղել էր աննշան, իսկ ընդհանուր վիճակը գնահատվել էր բավարար։ Սակայն այդ մի քանի վայրկյանները փոխեցին ոչ միայն աղջկա, այլև Չարենցի կյանքի ընթացքը։

7cb66607-a037-4509-8d3e-6581bf711474.jpeg (109 KB)

Կրակոցներից անմիջապես հետո Սարգիս Այվազյանը նետվել էր դեպի Չարենցը, փորձել էր խլել ատրճանակը և գետնին տապալել նրան։ Միջամտել էր նաև Ակսել Բակունցը՝ կանխելով նոր բախումը, մինչև դեպքի վայր հասած միլիցիայի աշխատակիցները ձերբակալեցին Չարենցին։

Նույն օրը հարուցվեց քրեական գործ՝ կանխամտածված սպանության փորձի մեղադրանքով։ Առաջին իսկ հարցաքննության ընթացքում Չարենցը խոստովանեց, որ տուն էր վերադարձել հատուկ ատրճանակը վերցնելու և Մարիանային սպանելու մտադրությամբ, սակայն հրաժարվեց բացատրել իր արարքի պատճառները՝ դրանք անվանելով «զուտ անձնական-ընտանեկան նկատառումներ»։ Հետագա բացատրություններում նա նկարագրում էր երկարատև անքնությունը, մղձավանջները, մթությունից ունեցած վախը, հոգեկան ծայրահեղ լարվածությունը և ալկոհոլի չարաշահումը՝ որպես իր հոգեվիճակը ծանրացրած հանգամանքներ։ Այդուհանդերձ, քննությունը հաստատեց, որ նա գիտակցել է իր գործողությունների բնույթը և պատասխանատվությունից ազատման հիմքեր չկան։

Հետաքննության ընթացքում հարցաքննվեցին բազմաթիվ վկաներ՝ Սարգիս Այվազյանը, Մարիանա Այվազյանը, Ակսել Բակունցը, Արաքսյա Մանուկյանը, Սերգեյ Արուտչյանը և մյուսները։ Նրանց ցուցմունքներից պարզվում էր, որ Չարենցի վերաբերմունքը Մարիանայի նկատմամբ հակասական էր․ հարբած ժամանակ նա խոսում էր սիրո մասին, իսկ սթափ վիճակում հաճախ արտահայտվում էր վիրավորական ձևով։ Վկաներից մի քանիսը նշում էին նաև, որ դեպքից առաջ Չարենցը երկար ժամանակ հոգեկան անհավասարակշռության մեջ էր և հաճախ էր ալկոհոլ օգտագործում։

1926 թվականի սեպտեմբերի 7-ին Հայաստանի կոմունիստական կուսակցության Երևանի կոմիտեն, քննարկելով կատարվածը, որոշեց հեռացնել Չարենցին կուսակցության շարքերից՝ նրա արարքը գնահատելով որպես ոչ կոմունիստական վարքագծի դրսևորում և մահափորձ։ Նույն որոշումը հաստատվեց նաև կուսակցության վերահսկող մարմնի կողմից։

Սեպտեմբերի կեսերին կատարված հոգեբուժական փորձաքննությունը նկարագրում էր Չարենցին որպես հոգեպես անհավասարակշիռ անձնավորություն, որի մոտ նկատվում էին տագնապային վիճակներ, երկարատև անքնություն, մղձավանջներ և ալկոհոլային կախվածության խորացման միտումներ։ Միաժամանակ փորձագետները չէին եզրակացնում, որ հանցագործության պահին նա եղել է անմեղսունակ։

7dcfced0-a8b1-42fe-8b5b-39b4ea23cd26.jpeg (64 KB)

1926 թվականի նոյեմբերի 9-ին կայացած բաց դատավարությունը տևեց մինչև գիշերվա ժամը երկուսը։ Դատարանը, հաշվի առնելով, որ Մարիանայի ստացած վնասվածքը թեթև էր և նրա կյանքին վտանգ չէր սպառնում, ինչպես նաև այն հանգամանքը, որ երկարատև ազատազրկումը կարող էր կործանարար ազդեցություն ունենալ Չարենցի ստեղծագործական գործունեության վրա, ութ տարվա ազատազրկման փոխարեն սահմանեց երեք տարվա ազատազրկում՝ առանց խիստ մեկուսացման։

Սակայն իրադարձությունները նոր ընթացք ստացան արդեն հաջորդ ամիսներին։ Չարենցի առողջական վիճակը կտրուկ վատացավ, 1927 թվականի հունվարի 2-ին մահացավ նրա կինը՝ Արփենիկ Տեր-Աստվածատրյանը, իսկ բժիշկները եզրակացրին, որ նա կարիք ունի հոգենյարդաբանական բուժման։ Արդյունքում 1927 թվականի փետրվարի 24-ին նա ազատ արձակվեց կալանքից՝ պարտադիր բուժում անցնելու պայմանով, իսկ նույն տարվա մարտի 24-ին քրեական գործի վարույթը վերջնականապես փակվեց։

Մարիանա Այվազյանը, հակառակ իր երիտասարդ տարիքին, այս ողբերգական պատմության ընթացքում ցուցաբերեց զուսպ և հավասարակշիռ վարքագիծ։ Իր ցուցմունքներում նա հանգամանորեն ներկայացրեց տեղի ունեցածը՝ առանց ավելորդ գնահատականների։ Նրա կյանքը փրկվեց, սակայն նա հավերժ մնաց հայ մշակույթի պատմության այն ողբերգական դրվագի մասնակիցը, որտեղ խոշորագույն բանաստեղծներից մեկի անձնական ճգնաժամը վերածվեց իրական բռնության։

Այս պատմությունը կարևոր է ոչ թե սենսացիայի, այլ պատմական ճշգրտության տեսանկյունից։ Արխիվային նյութերը ցույց են տալիս, որ 1926 թվականի սեպտեմբերի 5-ի դեպքը կանխամտածված զինված հարձակում էր, որի զոհը դարձավ տասնվեցամյա Մարիանա Այվազյանը։ Միաժամանակ այդ նույն փաստաթղթերը բացահայտում են նաև Չարենցի կյանքի ամենածանր հոգեբանական շրջանը՝ առանց արդարացնելու կատարվածը։ Դրանք հիշեցնում են, որ նույնիսկ մեծ արվեստագետների կենսագրություններում կան էջեր, որոնք պետք է ուսումնասիրվեն փաստերի, այլ ոչ առասպելների հիման վրա։

Քրեական գործի նյութերում պահպանվել են նաև մի շարք ուշագրավ մանրամասներ, որոնք երկար ժամանակ գրեթե հայտնի չեն եղել։ Վկաների ցուցմունքներից մեկի համաձայն՝ դեպքից մեկ օր առաջ, ընկերական ընթրիքի ժամանակ, Չարենցը գրազ էր եկել Տաճատ Թութունջյանի հետ և նրա բլոկնոտի վրա ստորագրությամբ գրել, որ հաջորդ օրը «խփելու է Մարիանային»։ Հետաքննության ընթացքում Չարենցը չէր հերքում ստորագրության փաստը, սակայն նշում էր, որ հստակ չի հիշում այն։

fcf9755a-35e1-4d66-9c3a-375117b82b06.jpeg (85 KB)

Գործում տեղ են գտել նաև վկաների հակասական նկարագրությունները Չարենցի վերաբերմունքի մասին։ Արաքսյա Մանուկյանի և Սերգեյ Արուտչյանի ցուցմունքներով՝ նա սթափ վիճակում երբեմն ծաղրում էր Մարիանայի արտաքինը՝ նրա դեմքը համեմատելով «ձիու մռութի» հետ, մինչդեռ հարբած ժամանակ խոսում էր իր ուժգին սիրահարվածության մասին։ Հետագայում գրականագետները այս փաստը կապել են Չարենցի «Ձիու մռութ» հայտնի բանաստեղծության հետ, թեև այդ ստեղծագործության ստեղծման պատմության և Մարիանա Այվազյանի հետ հնարավոր առնչության վերաբերյալ վերջնական, փաստաթղթերով հաստատված եզրակացություն չկա։ Ուստի այդ կապի մասին կարելի է խոսել միայն որպես գրականագիտական վարկածի, ոչ թե հաստատված փաստի։

Այս հոդվածը պատրաստելու նպատակով դիմել ենք Եղիշե Չարենցի տուն-թանգարան, որտեղ մեզ տրամադրվել են Չարենցի դատավարությանը վերաբերող արխիվային հրատարակություններ և փաստաթղթերի ժողովածուներ։ Հոդվածի հիմքում ընկած են հատկապես «Եղիշե Չարենցի դատավարությունը (5 սեպտեմբերի 1926 թ. – 24 մարտի 1927 թ.)» փաստաթղթերի ժողովածուի (Երևան, 1995) նյութերը, ինչպես նաև թանգարանի տրամադրած մյուս հրատարակությունները։ Հոդվածում ներկայացված բոլոր փաստերը շարադրված են հեղինակային վերապատմամբ՝ հիմնվելով այդ սկզբնաղբյուրների վրա։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search