Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Մարդուն փնտրելով. «Զրույցներ Զառա Աճեմյանի հետ». լուսանկարիչ և արվեստագետ Իլյա Վարդանյանը՝ Հայաստանի, ստեղծագործության և ԱԲ դարաշրջանի մասին

17:13, 23 օգոստոսի

Այս զրույցը դիտմամբ չէր պլանավորվել որպես սովորական հարցազրույց․ մեզ համար անկաշկանդ շփումն ավելի կարևոր էր, քան ժանրային սահմանափակումները։ Ստացվեց ընկերական մի զրույց, որը մշտապես խուսափում է կաղապարված ձևակերպումներից․ այսպես ասած՝ «գլամուրից» դեպի ստեղծագործական ազատություն, պրոֆեսիոնալիզմից դեպի անկաշկանդություն, 90-ականների Երևանից դեպի արհեստական բանականություն, կասկածներից դեպի որոնումներ և, ի վերջո, հիշողությունից դեպի ավերում, որն էլ հենց պահպանման ձև է դառնում։ 

Սկզբում մտադիր էի խոսել արվեստից, բայց շատ արագ պարզ դարձավ, որ զրույցն ամենևին էլ դրա մասին չէ։ Սա հիշողության ու ազատության, արհեստի ու ներշնչանքի, մասին է։ Աստծո և այն տիեզերքի մասին, որը ներսում է։

— Իլյա՛, քեզ գիտեմ երկար տարիներ, ու երբ մտածում էի՝ ինչպես ներկայացնել, հասկացա, որ դա անսպասելիորեն բարդ է։ Երևի պատճառն այն է, որ ցանկացած բնորոշում քեզ մի տեսակ ավելի պարզ է դարձնում։ Մտքովս բազմաթիվ ածականներ են անցնում, բայց, թերևս, դրանք կպահեմ մինչև ծննդյանդ օրը։ Ի դեպ, հիշեցրո՛ւ, երբ՞ է այն։

— Ապրիլին, բայց բոլորն այսօր են շնորհավորում։

— Շատ լավ, ճանաչեցի վարպետի ձեռագիրը։ Եվ այնուամենայնիվ, ինչպե՞ս այսօր ներկայացնել Իլյա Վարդանյանին, եթե խոսենք նրանից, թե ինչով էս զբաղվում։

— 2020 թվականի համաճարակից հետո ես գիտակցաբար զրոյացրի իմ ողջ գիտելիքն ու կուտակած պրոֆեսիոնալ փորձը, մշակութային ու գեղագիտական կողմնորոշիչները․ կարճ ասած՝ զրոյացա։ Ինձ համար կարևոր էր նորից հայտնվել մի կետում, որտեղ նախապես ոչինչ հայտնի չէ, ու որտեղ չես կրկնում ինքդ քեզ։ Իսկ ինքնությունը, ըստ էության, ձևակերպման հարց է, որն անխուսափելիորեն սահմաններ է գծում, մինչդեռ ես ստեղծագործության մեջ ընդհանրապես խուսափում եմ ինձ ձևակերպելու անհրաժեշտությունից։

— Այդ դեպքում արի ես փորձեմ։ Եթե նայենք անցածդ ճանապարհին, ապա կտեսնենք, որ դու վաղուց ես ռուսական ֆեշն-լուսանկարչության առանցքային կերպարներից դարձել։ Բոլոր կոչումներդ չթվարկեմ․ քեզ ռուսական նորաձևության լուսանկարչության մէտր էն անվանում, քեզ հետ աշխատում էին խոշորագույն ամսագրերը՝ Vogue, GQ, Tatler, Esquire, Elle, Harper’s Bazaar և այլն, տեսախցիկիդ առջևով անցել են այդ դարաշրջանի թերևս բոլոր գլխավոր դեմքերը։ Լավ հիշում եմ, թե ինչպես էր Օլգա Սվիբլովան մոսկովյան ցուցահանդեսիդ բացմանը քեզ ներկայացնում որպես մայրաքաղաքի առաջատար լուսանկարիչներից մեկի։ Միևնույն ժամանակ գոյություն ունի մեկ այլ Իլյա, որին ես ճանաչում եմ․ ոչ ֆորմալ, կաղապարներից լրիվ դուրս, որը թեթև ինքնահեգնանքով է վերաբերվում կարգավիճակներին, կոչումներին ու առհասարակ այն ամենին, ինչը փորձում է չափազանց լուրջ տեսք ունենալ։

— Իրականում ամեն ինչ բավականին պարզ է։ Այստեղ մի քանի գործոն է կուտակվում։ Սկսենք նրանից, որ Ռուսաստանում ֆեշն ամսագրերի դարաշրջանն ավարտվեց։ Համավարակից ի վեր ամեն ինչ փոխվեց․ աշխարհը, բոլորս, փոխվեցի նաև ես։ Այն ժամանակ, երբ այդ ինդուստրիան գոյություն ուներ, ես շատ պահանջված էի։ Միայն ես չէի, այլ բոլոր նրանք, ովքեր աշխատում էին այդ ոլորտում։ Առանց ամաչելու կարող եմ ասել, որ բարձրակարգ մասնագետ եմ, ով լավ գիտի իր արհեստը։ Առհասարակ, երկուհազարականներին գլյանցի հետ աշխատած բոլորն էլ սուպերպրոֆեսիոնալներ են։ Միջավայրն էր այդպիսին, ժամանակներն էին ուրիշ, հասկանո՞ւմ ես։ Անհնար էր այդ ամենի մեջ լինել ու պրոֆեսիոնալ չլինել։ Բայց միևնույն ժամանակ ես երբեք այդ գլյանցային միջավայրի մաս չեմ կազմել։ Ազատ ժամանակս բոլորովին այլ մարդկանց հետ էի անցկացնում, ուրիշ շրջապատում․․․ այնտեղ, որտեղ ստեղծագործական ազատություն էր տիրում։

— Իսկ որտե՞ղ է քեզ համար պրոֆեսիոնալիզմի ու ազատ ստեղծագործության սահմանագիծը։

— Գիտես, ամեն ինչ շատ պարզ է․ այն պրոֆեսիոնալ պրոցեսում, որտեղ քեզ տալիս են կոնկրետ հանձնարարական, ստեղծագործելու համար բավականին քիչ տեղ է մնում։ Անշուշտ, կան նրբություններ՝ նկարահանումները, թիմերը, հերոսները, բայց, միևնույն է, դա ներշնչանքի հարց չէ, այլ առաջին հերթին պրոֆեսիոնալիզմի։

— Ուզում ես ասել՝ ֆեշն-լուսանկարչության մեջ ստեղծագործելու տեղ չկա՞։

— Ես ուզում եմ ասել, որ դրանք տարբեր բաներ են։ Ի վերջո, ի՞նչ է պրոֆեսիոնալիզմը․ ըստ էության, գործընթացը կառավարելու և ցանկալի, վերահսկելի արդյունք ստանալու ուղղակի հմտություն։ Իմ պարագայում, եթե պարզեցնենք, կա առաջադրանք, ու ես պետք է քայլերի ճիշտ հաջորդականություն կառուցեմ և ստանամ արդյունք, որը պրոֆեսիոնալ առումով բոլորին կբավարարի։ Գուցե կոշտ հնչի, բայց պետք է խոստովանել, որ այստեղ կրեատիվ է պետք, բայց չկա ստեղծագործական ազատություն այն իմաստով, որի մասին մենք խոսում ենք։ Իսկ ի՞նչ է ազատ ստեղծագործությունը․ դա կասկած է ու որոնում, բայց ոչ երբեք տեխնիկական առաջադրանք։

 — Իսկ ի՞նչ կասես Հելմուտ Նյուտոնի ու Փիթեր Լինդբերգի մասին։ Լինելով ոլորտի ճանաչված հսկաներ՝ նրանք շատ էին աշխատում նաև գովազդում, այսինքն՝ հենց տեխնիկական առաջադրանքով։ Ըստ քեզ՝ այնտեղ ներշնչանք չկա՞ր։

— Պրոֆեսիոնալը կարող է փայլուն լուծել ուրիշի առաջադրած խնդիրը․ դա բարձր մակարդակի արհեստ է։ Մինչդեռ արվեստագետն ունակ է փոխելու հենց խնդրի դրվածքը, նա կարող է այն ուրիշ կերպ տեսնել։ Կարծում եմ՝ Նյուտոնի ու Լինդբերգի մեծությունը հենց նրանում էր, որ անգամ կոմերցիոն պատվերի շրջանակում նրանք կարողանում էին ոչ թե պարզապես պատասխանել պատվիրատուի հարցին, այլ ձևակերպել իրենց անձնականը։ Այնպես որ, ներշնչանք այնտեղ կար, բայց ներշնչանքը դեռ ազատության հոմանիշ չէ։ Կարելի է լինել ոգեշնչված կատարող, բայց կարելի է նաև ձեռք բերել ազատության այնպիսի աստիճան, երբ պատվերն ընդամենը առիթ է դառնում սեփական ասելիքն արտահայտելու համար։ Հենց հայտնվում է ազատությունը, իսկ դրա հետ մեկտեղ՝ որոշակի անկաշկանդություն աշխատանքը վերածվում է արվեստի։

зара1.jpg (55 KB)

— Ինչ-որ պահի քեզ մոտ ձևավորվեց սեփական գեղարվեստական մեթոդը և ի հայտ եկավ հենց այն ստեղծագործական ազատությունը։ Ինչպե՞ս դու հասար դրան, և ինչի՞ մասին է այն։

— Ավելի շուտ փոխվեց հենց ժամանակը, դարաշրջանի բուն վիզուալ կոդը: Դրա հետ մեկտեղ փոխվում էր նաև պատկերի հետ աշխատելու իմ մոտեցումը։ Չէ՞ որ մեր սերունդը ձևավորվել է պատկերի անալոգային մշակույթում, որտեղ ձեռքով արված գործողությունը նյութական հետք է թողնում, և այն անշրջելի է։ Հետո այս իրականության մեջ հայտնվեց թվային միջավայրը։ Անալոգայինի և թվայինի բախումն անցել է իմ մասնագիտության, իմ տեսնելու ձևի և իմ սեփական կենսագրության միջով։ Իմ պրակտիկայի կենտրոնում պատկերն է և այն, թե ինչպես է այն փոխվում՝ մի վիճակից մյուսին անցնելով։

зара11.jpg (73 KB)

— Բայց մինչ այդ դու ունեցար քո ամենավառ ստեղծագործական նախագծերից մեկը, որը նվիրված էր Հայաստանին։

— Այո, Dreams of Armenia նախագիծն ի հայտ եկավ հենց այն շրջանում, երբ ես արդեն տևական ժամանակ զբաղվում էի միայն ֆեշն-լուսանկարչությամբ։ Սա դարձավ այն ստեղծագործական շնչառությունը, որն, ինչպես հիմա եմ հասկանում, ինձ տարիներ շարունակ պակասում էր։ Ես սա նույնիսկ «նախագիծ» չէի անվանի․ սա այն էր, ինչ տարիներով փայփայում էի ներսումս՝ հիշողության պատառիկներ, երազներ, իրականություն․ այն ամենը, ինչ միշտ ինձ հետ է ու կենսատու թելերով կապում է Հայաստանին։ Եթե այն ժամանակ չլիներ այս ամենը, ես պարզապես կխեղդվեի։

 — Ես բավականին լավ գիտեմ այդ աշխատանքները, դեռ այն ժամանակվանից, երբ պատրաստում էիր ցուցահանդեսի։ Ավելին, քո գիրքն անընդհատ աչքիս առջև դրված է իմ տանը։ Ամեն անգամ այս ալբոմին մի փոքր ուրիշ աչքով եմ նայում։ Ինձ համար այս գործերում ինքնամփոփման, տան, հայրենիքի և արմատների մասին շատ անձնական խոհեր կան։ Ի՞նչ էիր իրականում փորձում հասկանալ այնտեղ։

— Այո, միանգամայն ճիշտ ես։ Հայաստանն ինքնին այնպիսի հզոր ակունք է, որին կարելի է անվերջ մոտենալ ու հզորանալ։ Ու ինձ թվում է՝ հայկական արմատներով ցանկացած ստեղծագործող մարդ միշտ էլ այնտեղից է ներշնչանք քաղում։ Անհնար է անտեսել այդ հարստությունն ու եզակիությունը։ Դե, արվեստագետն ինչպե՞ս կարող է դա չօգտագործել․ սա բացարձակապես բնական է։

— Իսկ ի՞նչ հասկացար ի վերջո։

— Սկզբում, երբ 2009-ին պլանավորում էի նախագիծը, մտածում էի․ «Ես այնքան կայացած եմ, որ ամեն ինչ շատ մոդայիկ կնկարեմ»։ Բայց երբ խորասուզվեցի նյութի մեջ ու աշխատանքը սկսվեց, կարծես հողն ասեր․ «Կամա՛ց, կամա՛ց, մեր մոդայիկ տղա, ինձ պետք է այսպես նկարել»։ Ի վերջո, ողջ նախագիծն իր տեսողական մատուցմամբ շատ ավանդական ստացվեց։ Ու հենց դրա մեջ էր էությունը․ ես ստիպված էի հրաժարվել նախապես մտածված լեզվից ու թույլ տալ, որ հենց նյութը թելադրի ձևը։ Իրականում հենց դա էլ հասկացա։ Այս ընթացքում ես խորը փոփոխություն ապրեցի, չէ՞ որ նկարահանումները մոտ 9 տարի տևեցին։ Դա կյանքիս ամենահսկայական ժամանակահատվածներից էր, իսկ որոշ պահի այն դարձավ հենց իմ կյանքը։ Այս մերձեցումը աննախադեպ էր։ Ես կարծես հիշեցի այն, ինչ միշտ գիտեի։ Սրանք մանկությանս բոլոր հիշողություններն են, հույզերը, զգացմունքները․ յուրաքանչյուր լուսանկար կարծես իմ մի մասնիկը լինի։ Դրա համար էլ սա իսկապես շատ անձնական նախագիծ է։ Սա ես եմ։

— Ստացվում է, որ այն ժամանակ շրջել ես ամբողջ երկրով մեկ։ Նախագծի մեջ ներառվեցին նաև Արցախից արված լուսանկարներ, ինչն ինձ համար այն ավելի հարազատ ու առանձնահատուկ է դարձնում։ Ո՞րն է Հայաստանում քո ուժի կենտրոնը։

— Դրանք շատ են, բայց ամենասիրելիներից մեկը Սաղմոսավանքն է։ Այնտեղ մի ամբողջ դրվագ եմ նկարել, ու դրա մեջ, ի դեպ, նաև իմ հարգանքի տուրքն է Քեոսայանի «Տղամարդիկ» ֆիլմին։ Բայց ուրիշ շատ տեղեր էլ կան․ օրինակ՝ Գորիսը։ Մեկ էլ շատ եմ սիրում հյուսիսային շրջանները՝ Ախուրյան գետի երկայնքով՝ Ամասիան, Բանդիվանը․․․ Անսահման, անհասանելի գեղեցկություն։ Չգիտեմ՝ զբոսաշրջիկներնը գնում են այնտեղ, թե ոչ, քանի որ ձմռանը ճանապարհները ձյունով են ծածկվում, ու դժվար է անցնելը։ Ի դեպ, երբ 90-ականներին բարեգործությամբ էի զբաղվում, այդ շրջաններն իմ պատասխանատվության տակ էին։ Այն ժամանակ դեռ երիտասարդ էի և հենց այդ պահից էլ սիրեցի այդ շրջանը։

зара13.jpg (40 KB)

Նոստալգիա

— Մեր զրույցներից միշտ նկատել եմ, թե որքան առանձնահատուկ ջերմությամբ ես խոսում Հայաստանի մասին։ Լուրջ տղամարդ ես, ու քեզ սենտիմենտալության մեջ կասկածելն աճապարանք կլիներ, բայց, միևնույն է, դա շատ է զգացվում։ Ծնվել ես Երևանում, մայրդ վրացի է, հայրդ՝ հայ։ Կյանքիդ մեծ մասն անցկացրել ես Մոսկվայում։ Այս քաղաքներից ո՞րն ես ի վերջո քոնը համարում։

— Իմ սիրելի քաղաքները Երևանն ու Թբիլիսին են, դա միանշանակ։ Մոսկվան էլ եմ շատ սիրում, բայց դա շատ բարդ պատմություն է։ Հասկանո՞ւմ ես, Երևանն ու Թբիլիսին ինձ համար շաղախված են կարոտով․ առաջինում ծնվել ու մեծացել եմ, երկրորդում մանկությանս շատ ժամանակն եմ անցկացրել, հասկանում եմ լեզուն, մշակույթը։ Մոսկվայում ապրում եմ, բայց վստահ եմ, որ եթե մի օր հեռանամ, էլի կարոտելու եմ։ Գիտե՞ս, լավ հիշում եմ, թե ինչպես երկար ընդմիջումից հետո վերադարձա Երևան ու պատշգամբումս երեք օր շարունակ կանգնած նայում էի Արարատին։ Երբ ապրում ես քաղաքում, ասենք՝ հենց Երևանում, կարիք չկա այն ամեն օր նորովի բացահայտելու համար։ Երևանցիները պաշտում են իրենց քաղաքը, բայց կասկածում եմ, որ երևանցին ամեն օր պատշգամբ դուրս կգա ու կնայի այդ լեռանը։

— Իսկ ինձ, ընդհակառակը, թվում է, թե բոլոր նրանք, ում պատուհանից նման տեսարան է բացվում, հենց այդպես էլ անում են։

— Դե դու էլ ամեն օր չես նայում քո սիրուն ձախ ձեռքին ու հիանում, թե, օրինակ, որքան կատարյալ է այն կառուցված։ Այն ուղղակի քոնն է․ նույնն էլ սարի դեպքում է․ դա քո առօրյայի ընկերակիցն է, քո մի մասնիկը։

— Ինձ թվում է՝ այստեղ հարցն ուրիշ բանի մեջ է․ հենց այն նույն կարոտի, որի մասին, ըստ էության, խոսում ես։ Այն, որ կանգնում ես ու երեք օր սարին նայում, դե արի ու բառերով դա բացատրիր։

— Դե իհարկե։ Զբոսնում ես Մոսկվայով, որտեղ ամեն ինչ հարթ է, ու մեկ էլ հայտնվում ես Տագանկայի ինչ-որ նրբանցքում, որտեղ կտրուկ վերելք է ու մի տեսակ շունչդ կտրվում է, ես այդ պահին երևանյան փողոցներն եմ հիշում։ Երբ ինչ-որ բանից զրկվում ենք, նոր սկսում ենք հասկանալ, թե դա ինչ տեղ էր զբաղեցնում մեր կյանքում։ 

— Կարոտն անշուշտ վեհացնում է։ Ինձ թվում է՝ անցյալն առհասարակ շատ է շահում հեռավորությունից։ Օրինակ՝ ես իսկապես կարծում եմ, որ առավոտյան Երևանի օդի նմանը «աշխարհում ոչ մի տեղ չկա», ու սա չես էլ նկարագրի։ Ի դեպ, սա կարելի էր անվանել «Միմինոյի էֆեկտ»…

— Հարկ էլ չկա, այդ բաներն անհնար է բացատրել։ Բայց եթե ամբողջ կյանքդ ապրեիր Երևանում, մտքովդ չէր անցնի կենտրոնանալ այդ փաստի վրա կամ ինչ-որ կերպ մտքեր ձևակերպել դա բացատրելու համար։ Դա ինքնին անհերքելի կլիներ։

— Նկատի՛ր, սկզբում թվարկեցիր երեք քաղաք, բայց այսքան ժամանակ խոսում ես մեկից։ Ի՞նչ է Երևանը քեզ համար։

— Բարդ հարց է, որովհետև հենց սիրելի քաղաքի ընկալումն է հիմա փոխվել։ Քաղաքի հասուն գիտակցումս կապված է խորհրդային շրջանի և 90-ականների սկզբի ծանր ժամանակների հետ։ Չէ՞ որ այն ժամանակ ամեն ինչ փոխվեց․ մոլորված երևանցիները խառը զգացմունքներ ունեին։ Քաղաքն աչքիդ առաջ ընկճվեց, կծկվեց։ Բայց միևնույն ժամանակ, որքան էլ ծանր էր, դա հիանալի ժամանակ էր։ Հենց սրա մեջ է մարդկային հիշողության հատկությունը։

— Իսկ ի՞նչ էիր հասկանում դու այն ժամանակ։

— Չնայած իրավիճակի ողջ տարօրինակությանը, իմ, երիտասարդ տղայի համար, տեղի ունեցողն ուսանելի ու հասկանալի էր։ Պետք էր գոյատևել։ Հիմա, երբ հետ եմ նայում, սարսափելի է պատկերացնել, թե ինչի միջով ենք անցել։ Բայց հենց դրանում է, թերևս, մարդկային հոգեբանության, առավել ևս՝ երիտասարդ մարդու հոգեկան աշխարհի առանձնահատկությունը․ ոչ թե անտեսել, այլ լիարժեք չգիտակցել տեղի ունեցողի ողջ մասշտաբը։ Մեծահասակների համար, անասելի, ավելի ծանր էր։ Ես այն ժամանակ կամավոր էի աշխատում, օգնում էի սնունդ հասցնել ամբողջ երկրով մեկ, ու այդ ժամանակ հասկացա, որ ամենածանրը հենց քաղաքում ապրող տարեցների վիճակն էր։ Գյուղերում տաքանալու և սննդի առումով գոյատևելը համեմատաբար ավելի հեշտ էր, իսկ Երևանի միայնակ ծերերի համար կյանքը պարզապես կանգ էր առել։

— Իսկ որտե՞ղ էիր աշխատում։ Չէ՞ որ ոչ մի աշխատանք չկար։

— Այն ժամանակ մարդասիրական օգնություն էի հասցնում և նավթ էի բաժանում միայնակ ծերերին։ Այդ ժամանակ ստիպված եղա առնչվել տարբեր, ուղղակի հիանալի մարդկանց հետ։ Երիտասարդ տղայի համար այդ ժամանակ մի ամբողջ աշխարհ բացվեց։ Հիշում եմ՝ ինչպես ծանոթացա մի բացարձակապես զարմանալի մարդու հետ․ ութսունն անց էր, Երևանում մենակ էր ապրում։ Ամեն անգամ ինձ տեսնելիս պատմություններ էր պատմում իր կյանքից։ Օրինակ՝ այն մասին, որ միջազգային մոտոմրցույթում ներկայացրել է ԽՍՀՄ-ը և հաղթել այդ մրցույթում, և որ այդ հաղթանակի պատվին Ստալինն իրեն Harley-Davidson էր նվիրել։ Ուղղակի պատկերացրո՛ւ։ Լրագրային քաղվածքներ էր ցույց տալիս, պատմություններ պատմում․ նա հիանալի էր կյանքի հանդեպ իր բացարձակ սիրով։ 19 տարեկան տղայի համար դա անհավանական կինեմատոգրաֆիկ էր, ինֆորմացիայի մի հսկայական շերտ, որը բացվում էր պատահական հանդիպումների, ուրիշի ճակատագրերի, զրույցների միջոցով։ Իսկական Ոդիսական․ քայլում ես ու տարբեր մարդկանց հանդիպում։ Հիմա հասկանում եմ, թե դա ինչպիսի ներքին փոխակերպում էր ինձ համար։ Ի դեպ, իմ այսօրվա արվեստի հիմքում նույնպես ընկած է փոխակերպման սկզբունքը։ Ես ավերման միջոցով ներկայացնում եմ պահպանման գաղափարը։

— Խոստովանեմ, որ ես էլ եմ ջերմությամբ հիշում այդ ծանր տարիները։ Դասերը մոմի լույսի տակ ու մոմի յուղոտ բծերով պատված տետրը, մութ երեկոները, ցուրտը, երբ բոլորս հավաքվում էինք մի սենյակում, որովհետև ամբողջ բնակարանը տաքացնելն անհնար էր։ Բայց այս ամենով հանդերձ՝ մարդկային շփման անսահման ջերմություն կար։

— Բնականաբար, չնայած բոլոր բացասական կողմերին, դա շատ լեցուն կյանք էր։ Անձամբ ինձ դա այն ժամանակ շատ բան տվեց գիտակցման ու զարգացման առումով, ու դրա մեջ իր յուրահատուկ հմայքը կար։ Բայց երբ հիմա հետ եմ նայում, մտքումս թերթում եմ այդ պատկերներն ու կենցաղային դրվագները, հասկանում եմ, թե որքան ծանր էր մեզ համար գոյատևելը։ Որոշակի ժամանակ անց գիտակցեցի, թե որքան խորն էր իրականում այդ ողբերգությունը երևանցիների համար։

— Իսկ ո՞վ է քեզ համար իրական երևանցին։

— Ինձ համար դա, ավելի շուտ, հատկություն է։ Այս քաղաքը սիրելու, այն զգալու, տարբեր վիճակներում հասկանալու հատկություն։ Դա զգացողություն է, թերևս էֆեմեր։ Ինչպես առավոտյան քո օդի տպավորությունը, որի մասին ասում ես։

зара14.jpg (47 KB)

 — Մենք անընդհատ հիշողությունից ենք խոսում։ Չգիտեմ՝ ինչպես է քո մոտ, բայց ինձ համար մանկությունն անսպառ ներշնչանքի աղբյուր է։ Ո՞րն է քո Երևանի մանկության ամենավառ տպավորությունը։

— Դե, իհարկե՛, ես էլ եմ հաճախ մտքով այնտեղ վերադառնում։ Լավ հիշում եմ, թե ինչպես էր Լենինգրադից հայտնի ակորդեոնահար Լյոնյա քեռին գալիս մեր տուն՝ Երևան, իսկ նա բավականին հաճախ էր գալիս։ Այն ժամանակ ապրում էինք Սարյան փողոցում՝ առաջին հարկում, հենց այնտեղ, որտեղից սկսվում է Կոնդի վերելքը։ Ամառ, շոգ, Երևան, բոլոր պատուհանները բաց։ Մի տեղից սուրճի հոտ է գալիս, մյուս տեղից գայլիկոնի ձայնն է լսվում, մի ուրիշ տեղ դաշնամուր են նվագում․ երևանյան բակի յուրահատուկ սաունդթրեքը։ Ու ահա, Լյոնյա քեռին տեղավորվում էր իր ակորդեոնով ու սկսում նվագել։ Քանի որ պատուհանները բաց էին, ու երաժշտությունը լցնում էր ողջ բակը, ամբողջ շրջակայքի մարդիկ հավաքվում, նստում էին դիմացն ու լսում։ Սարյան 24-ի այս համերգները հիմա հաճախ եմ հիշում։

— Սա շատ երևանյան պատմություն է։ Բայց 90-ականներին այս ամենն անհետացավ։

— Այո, իննսունականներին դա գնաց, քաղաքը կորցրեց ուրախանալու ունակությունը, անհույս մի տխրություն էր։ Բայց ուզում եմ ասել, որ զգացողություն ունեմ, թե հիմա այդ ամենը հետ է գալիս։ Նկատի չունեմ բառացիորեն բակերը, այլ կոնցեպտուալ առումով՝ ուրախությունը փողոց դուրս բերելու, այն ընդհանուր դարձնելու այս ձգտումը, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա անմիջականորեն դառնալ այդ պերֆորմանսի մասնիկը․ այս բոլոր պարերը, փառատոները…

— Հա, քաղաքապետարանը շատ է ջանում մարդկանց զվարճանք տալ, և դա աշխատում է։

— Խնդիրը դա չէ, ես հենց մարդկանց մասին եմ խոսում։ Հայերն ունեն ստեղծագործական քայլ անելու այս հսկայական պոտենցիալն ու ձգտումը, ընդ որում՝ այնպիսի քայլի, որը կարող է բոլորին ներգրավել և մարդկանց իր շուրջը համախմբել։ Երևանը շատ բարյացակամ է նման ակտիվության հանդեպ․ նա ընդունում է ու դրա համար տարածք ու հնարավորություններ է տալիս։ Այս առումով Երևանում եզակի միջավայր է ձևավորվել, քաղաքը դարձել է ազատ և ստեղծագործող մարդկանց ձգողության կենտրոն։ Մի ժամանակ Թբիլիսին էր այդպիսին, բայց հիմա այնտեղ շատ բան է փոխվել, իսկ ուրիշ օրինակներ ես չգիտեմ էլ։

— Ի՞նչ կարող եմ ասել․ պարզվում է, որ դու շատ ես սիրում Երևանը, ու քո մեջ հայկականն ավելին է, քան թվում էր։ Երևի պատահական չէ, որ ակնոցդ վառ նարնջագույն ապակիներով է։ Իմ կարծիքով՝ ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ, որքան քեզ է թվում։ Հասարակությունը մեծապես հիասթափված է, պառակտված, բայց քո լավատեսությունն ինձ ուրախացնում է։

ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ

зара9.jpg (46 KB)

— Մենք նստած ենք Կիտայ-գորոդում՝ Մոսկվայի իմ ամենասիրելի թաղամասերից մեկում, ավտոլվացման կետում, որը վերածվել է նորաձև ակումբի։ Այստեղ վերջին շրջանում էլ ավելի ուժգին է զգացվում ժառանգությունը ոչ թե պարզապես որպես կոնսերվացված հուշարձան պահպանելու, այլ այն կենդանի, ժամանակակից տարածքների վերածելու ձգտումը։ Երիտասարդությունը վանիլային ռաֆ է խմում վանքերին կից սրճարաններում, ռիլսեր նկարում, ու դա այլևս ոչ ոքի չի զարմացնում։ Մի քանի տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ չափազանց փակ ու պահպանողական տարածքներում կարող է նման շարժում առաջանալ։ Հանուն արդարության պետք է ասել, որ սա համաշխարհային միտում է, բայց, այնուամենայնիվ․․․ Քո կարծիքով՝ այն, ինչ հիմա տեղի է ունենում Երևանի հետ, նման վերաիմաստավորման շանս կթողնի՞, թե՞ մենք ավելի շուտ կկորցնենք քաղաքի պատմական տեսքը։

— Գիտես, դարերի ընթացքում մենք տեսել ենք, թե որքան հեշտությամբ է ամեն ինչ քանդվել, ավերվել, հետո՝ վերականգնվել։ Թերևս հենց դրա համար էլ մենք այդքան սուր ենք զգում պահպանման մշակույթը։ Հայերը դարեր շարունակ գոյատևում են հնագիտական արտեֆակտների ֆոնին։ Ես առհասարակ կարծում եմ, որ մեր մեջ դրված է քաղաքակրթության ակունքի բանալին, հասկանո՞ւմ ես։ Եվ մեր առաքելությունն այս սկզբնական կոդի պահպանումն է։ Մենք ուժեղ ենք նրանով, որ մեր մեջ դա կա՝ հիշողությունը պահպանելու ունակությունը։ Դրա համար էլ ինձ թվում է, որ հնամենի մշակույթի այս դրսևորումը կհաղթի։

— Իսկ արարելու ունակությո՞ւնը։ Ինձ թվում էր, որ մենք արարող ազգ ենք, ու հենց դա էր ամրապնդում մեր ինքնության հիմքը։

— Մենք հսկայական պոտենցիալ ունենք, շատ բաների ենք հասել բազմաթիվ ոլորտներում, բայց հիմա, իմ կարծիքով, փակուղի է։ Ինձ թվում է՝ մենք ապրեցինք մի փուլ, երբ սիմուլյակրներ էինք ստեղծում ու բազմապատկում համաշխարհային մշակույթի հզոր, հարուստ ու, թվում է, անսպառ աղբյուրը։ Եվ հիմա, կարծես, հենց մերը՝ սեփականն ու արդիականը ստեղծելու ժամանակն է, այն, ինչ շնչում է այսօրվա օդով։ Անկեղծ ասած՝ ես արվեստում նման դրսևորումների մշտական որոնման մեջ եմ։ Ուզում եմ, օրինակ, երաժշտության մեջ բոլորովին նոր բան լսել։ Սկզբում ուշադրության արժանի ոչինչ չկար, բայց վերջին շրջանում արդեն սկսել եմ գտնել։ Ու թեև դա դեռ քիչ է, բայց չէ՞ որ սկսել է հայտնվել։ Այնպիսի զգացողություն ունեմ, որ այս էներգիան աստիճանաբար կուտակվում է ու մի օր թռիչք է լինելու։ Երկար ենք պատրաստվում, շատ ենք սխալվում, անցնում ենք ցավի ու ինքնահայեցման միջով, բայց հետո թռիչք ենք կատարում։

— Էլի՞ ցավ, կորուստներ․․․ Իսկ ուրիշ սցենարներ հնարավոր չե՞ն։

— Սա ինձ համար հիմա գլխավոր հարցն է, քանի որ հենց այս թեզի մեջ է կայանում իմ ստեղծագործական մեթոդի փիլիսոփայական մոտեցումը, որի մասին նշեցի։ Ինքնությունը պահպանելու համար՝ անցնելով բոլոր փորձությունների (իմ պարագայում՝ տարբեր մեդիումների) միջով, պետք է կորցնես մարմինդ։ Էությունը ողջ է մնում հենց նրա շնորհիվ, որ դադարում է կապված լինել ձևին։ Ես մի այսպիսի թեզ ունեմ․ «կորուստների էվակուացիա»։ Այնպես որ, կորուստները հենց ավերումն են, բայց հենց կորստի միջոցով ենք պահպանում ինքնությունը։ Սա կարևոր գործոն է․ անհնար է անցնել այս ամբողջ պատմության միջով ու չփոխվել։

— Ինձ այնքան էլ դուր չի գալիս այն միտքը, թե անպայման պետք է տառապել, որ հետո լավ լինի, բայց հասկանում եմ՝ ինչ նկատի ունես։ Մարդկությունը դեռ Գիլգամեշի ժամանակներից շատ է սիրում այս սյուժեն։ Եվ այնուամենայնիվ, շումերները վաղուց չկան, իսկ մենք գինու փառատոներ ենք կազմակերպում։ Հասկանո՞ւմ ես՝ ինչպես է դա մեզ հաջողվում։

— Ու սրա մեջ եզակի պահ կա․ մեր կապը կորած չէ։ Մեզ պետք չէ արխիվներ փորփրել՝ հիշողությունը վեր հանելու համար։ Մեզ համար սա արխիվային չէ, այլ բացարձակապես կենդանի պատմություն է, այն անընդհատ մեր օպերատիվ հիշողության մեջ է։ Ի դեպ, սա էլի պահպանման հարցին է վերաբերում։ Ու այստեղ առանցքայինն այն է, որ որքան էլ փոխվի աշխարհը և որքան էլ ընկալենք ու ադապտացնենք համաշխարհային մշակույթը, մենք ամեն անգամ դիմում ենք մեր ակունքին ու դրա խորը, անսպառ հատակից հանում ենք իմաստներն ու նորովի վերաիմաստավորում։ Ու որքան էլ աղտոտեն այն, այդ ակունքը միշտ մաքուր է մնում։ Վերցնենք, ասենք, երաժշտությունը կամ պարերը։

— Կոմիտասը․․․

— Այո,  այդ թվում նա։ Ըստ երևույթին, մենք իսկապես հնագույն նյութի հետ աշխատելու ինչ-որ բանալի ունենք։ Չէ՞ որ Կոմիտասը չսահմանափակվեց իրենից առաջ եղածը պարզապես հավաքելով ու մշակելով։ Նա վերաձուլեց այդ ակունքից հանված հսկայական նյութը, նորովի ուսումնասիրեց այն ու, վերամշակելով, փաստացի վերադրեց ազգային երաժշտական մշակույթի հիմքերը, որոշեց ապագան։

Ինձ թվում է՝ հենց սրա մեջ է հայ ժողովրդի դիմագիծը․ այն կազմված է ամենահնագույն շերտերից, այնքան հնագույն, որ ինքներս էլ երբեմն դա չենք գիտակցում։ Եվ ավանդույթը մեզ համար թանգարանային նմուշ չէ, այլ անսահման ներշնչանքի աղբյուր, հենց այն մաքուր ակունքը, հասկանո՞ւմ ես։ Եվ, հնարավոր է, որ մեր ուժեղ կողմերից մեկը հենց դրանում է։

зара10.jpg (42 KB)

ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

— Մի բան բացատրիր ինձ՝ որպես նկարիչ։ Վերցնենք Վերածննդի դարաշրջանը. այն ժամանակ ամեն ինչ բավականին հստակ էր. սկզբում երկար տարիներ սովորում էիր որևէ վարպետի մոտ՝ մի բոտեգայում, հետո ինքդ էիր վարպետ դառնում, քոնը մի բան ավելացնում, և արվեստն աստիճանաբար առաջ էր շարժվում։ Ուզում եմ ասել՝ գոյություն ունեին վարպետության միանգամայն հստակ չափանիշներ, հասկանալի էր, թե հատկապես ինչում է կայանում նկարչի վարպետությունը և ինչ հատկանիշներով կարելի է այն ճանաչել։ Իսկ այսօր որո՞նք են արվեստի գործերը գնահատելու չափանիշները, և ի՞նչն է ժամանակակից աշխարհում որոշում վարպետությունը։

Ես դիտմամբ չեմ ուզում խորանալ Մաուրիցիո Կատելանի՝ պատին սկոչով փակցրած բանանի շուրջ քննարկման մեջ, որն անվանում են ժամանակակից արվեստի ամենաաղմկոտ պատմություններից մեկը, բայց դու հասկացար, թե ինչ համեմատության մասին է խոսքը։

— Այդ մանրամասն քննարկումն իմ գլխում անընդհատ ընթանում է։ Կարելի է վերցնել բացարձակապես ցանկացած թեզ ու, տրամաբանորեն դատելով, հաստատել այն։ Եվ ճիշտ հակառակը․ օգտագործել հակադիրն ու նույն կերպ հաստատել։ Մենք ապրում ենք գեղարվեստական փորձի գերհագեցածության դարաշրջանում, երբ նախկին չափանիշներն այլևս չեն աշխատում։ Դրա համար էլ այստեղ չափանիշ չկա։ Բայց ուրիշ բան ասեմ․ ես հանգել եմ նրան, որ առհասարակ արվեստագետի խնդիրը չէ իր տաղանդը որևէ կերպ տեղադրել այս կամ այն մշակութաբանական թեզի հաստատման մեջ։

— Լավ, բայց ի՞նչ անենք նրանց հետ, ովքեր, իրենց արվեստագետ անվանելով, նույնիսկ մատիտ չեն բռնել իրենց ձեռքում և չեն կարող նույնիսկ մի ձի նկարել։ Իհարկե, միշտ կարելի է ասել՝ ես նկարիչ եմ, ես այդպես եմ տեսնում… Դու, ի դեպ, կարո՞ղ ես։

— Այո: Բայց հարցը դա չէ, այլ այն, թե ի՞նչ ես սպասում այդ նկարից․ իրապաշտությո՞ւն, թե՞ ուրիշ բան։ Հիմա ամեն ինչ բարդացել է։

— Թե՞ պարզեցվել է։

— Ինչպես կուզես․ կան ազատ ստեղծագործական ինքնարտահայտման հասնելու բազմաթիվ ճանապարհներ։ Պետք է հասկանալ, որ ամեն ինչի հանդեպ մոտեցումն է փոխվել։ Մեկ է, թե ոլորտ մտնելու որ ճանապարհն ես օգտագործում, որտեղից ես սկսում շարժումդ, բայց եթե ապրում ես ստեղծագործական ներշնչանքն ու հետևում ստեղծագործական ակտին, ապա որտեղից էլ սկսես, միշտ կգաս դեպի կենտրոն։ «Այդ շարժման հետևում թաքնված է հավերժությունը, իսկ դա Աստված է»․ Ռիկարդո Մուտին է սա ասել։ Եթե խորանում ես, ապա այդ գործընթացի ներսն ուղղված ցանկացած շարժում անխուսափելիորեն տանում է դեպի միևնույն կետը։

 — Իսկ արհեստական բանականությունը Աստծո կարիք կունենա՞։

— Այդ մեկը քեզ չեմ ասի, բայց այն, ինչն ավելի իրատեսական է կանխատեսել, այն է, որ արհեստական բանականությունը միանգամայն հաստատ բավականին արմատապես կփոխի մեր կյանքը։ Եվ դա անասելիորեն կազդի անկասկած ամեն ինչի, այդ թվում՝ արվեստի վրա։

— Քո ստեղծագործական մեթոդում օգտագործո՞ւմ ես ԱԲ։

— Առայժմ գիտակցաբար՝ ո՛չ։ Բայց դա չի նշանակում, թե ապագայում կհրաժարվեմ դրանից կամ որ դա ինձ վախեցնում է։ Վախեցնում է այն, ինչը չես կարողանում վերահսկել, բայց դա բնորոշ է մեր սերնդին, որն ապրում է սահմանագծին, չէ՞ որ մենք անալոգային փորձ ունենք։ Մենք քեզ հետ արդեն խոսել ենք այն մասին, որ սովոր ենք կարոտել կորուստը․ մենք լրացուցիչ իմաստներ ենք վերագրում այն ամենին, ինչ եղել է անցյալում, պարզապես որովհետև դա մեզ բնորոշ է։ Այս առումով հաջորդ սերունդն ուրիշ է լինելու, ես առանց վախի եմ նայում ապագային։

— Լավ, ձիու հարցը պարզեցինք։ Բայց այստեղ հայտնվում է արհեստական բանականությունը, և պարզվում է, որ այն և՛ ձի կնկարի, և՛ տեքստ կգրի, և՛ երաժշտություն կհորինի։ Ընդ որում՝ մի քանի վայրկյանում և առանց երկար տարիների ուսուցման։ Եթե պատկերը, տեքստը, երաժշտությունը՝ գրեթե այն ամենը, ինչ նախկինում վարպետություն և ժամանակ էր պահանջում, այժմ կարող է ստեղծվել մի քանի վայրկյանում, ապա ինչո՞ւմ է կայանալու հենց այն ստեղծագործական ակտը, որի մասին դու խոսում էիր։ Եվ ընդհանրապես ո՞ւմ ենք մենք նկարիչ անվանելու։

— Ես բազմաթիվ հակասական կարծիքներ ունեմ, ընդհուպ՝ ծայրահեղ․ հնարավոր է՝ ԱԲ-ի զարգացմանը զուգընթաց վերանա հենց «նկարիչ» հասկացությունը։ Իսկ ստեղծագործական պահանջմունքը, թերևս, կվերափոխվի ու կբավարարվի որևէ այլ եղանակով։ 80-ականներին, երբ մտածում էի երկուհազարականների մասին, ինձ թվում էր, թե մարդկությունը զարգանալու է դեպի դուրս՝ գնալու է դեպի տիեզերքի յուրացում։ Բայց պարզվեց, որ գործընթացը գնաց դեպի ներս։ Մենք ստացանք բանականության նոր ձև։ Տիեզերքը հայտնվեց ներսում։

— Ինչպե՞ս ես զգում այն ժամանակը, որում հիմա ապրում ենք։

— Հիմա եզակի պահ է․ մենք կանգնած ենք գլոբալ պարադիգմայի փոփոխության առջև։ Հետաքրքիր բան է տեղի ունենում․ մինչև արհեստական բանականության ի հայտ գալըն արդեն խտանում էր բոլոր ստեղծագործական պրակտիկաների ու տեխնոլոգիաների հանդեպ վերաբերմունքը։ Այսինքն՝ ԱԲ-ն հաջորդ էվոլյուցիոն քայլն է, որն աշխարհն առհասարակ ուրիշ է դարձնելու։ Ի՞նչ կմնա հնից, ի՞նչ կարգավիճակով կգոյատևի ու արդյոք կգոյատևի՞, ո՞րը կլինի անցման մեխանիզմը՝ ոչ ոք չգիտի։ Դրա համար էլ խոսում եմ պահի եզակիության մասին, ու ես հենց այս գեղարվեստական պարադիգմայի մեջ եմ գտնվում․ երբ անցյալը դեռ չի գնացել, իսկ ապագան արդեն ձևավորվում է։ Սա բավականին կարճ ժամանակահատված է, երբ անհայտի հետ բախումն անխուսափելի է։ Եվ այս բախումների տեղում առաջանում են ավերածությունների արտեֆակտներ։ Ու հենց այս արտեֆակտներով էլ ես ստեղծում եմ իմ արվեստը։ Սա շատ կարճ շրջան է, ու այն չի կրկնվի։

— Մեր զրույցի սկզբում ասացիր, որ պատրաստ չես քեզ ձևակերպել ստեղծագործական առումով։ Իսկ եթե ստեղծագործությունը մի կողմ թողնենք՝ ո՞վ է Իլյա Վարդանյանը։

— Ես, երևի, այն ժամանակվա երևանցին եմ։ Ու ձեռքիս այս գրությունը (ցույց է տալիս դաստակի դաջվածքը․ «Ի ՍՈԼՆՑԵ ՆՈՎՈՅԵ ՆԱՄ ԴԱՐԻՏ ՈՒՏՐՈ!»*) ինձ համար շատ խորհրդանշական բան է։ Քչերը կարող են կարդալ այն՝ միայն նրանք, ովքեր գիտեն երկու լեզուներն էլ։ Իսկ հասկանալ, թե այն իրականում ինչ է նշանակում ու որտեղից է գալիս՝ է՛լ ավելի քչերը։ Լոս-Անջելեսը դա չի հասկանա։ Բայց ես էլ Լոս-Անջելեսը չեմ։ Ես Երևանն եմ։

Զրուցեց Զառա Աճեմյանը 

Լուսանկարները՝ Արսեն Գալստյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search