Արցախը դերասան Սամվել Սարգսյանի համար երբեք պարզապես ծննդավայր չի եղել։ Նա երբեք Արցախն ու Հայաստանը միմյանցից չի առանձնացրել և Երևան տեղափոխվելն էլ հայրենիքից հեռանալ չի համարել։
«Ինձ համար Արցախն ու Հայաստանը միշտ եղել են մեկ ամբողջություն։ Այդ պատճառով ես երբեք չեմ մտածել, որ Արցախից Հայաստան եմ եկել․ ես պարզապես եկել եմ Երևան»։
Երևանում սկսվեց Սամվելի կյանքի նոր փուլը՝ նոր միջավայրով, նոր մարդկանցով, քաղաքի արագ ռիթմով ու այլ կերպ կազմակերպված առօրյայով։ Բայց ամենից շատ նրան տարբերությունը մարդկանց մտածելակերպում էր նկատելի։ Մշտական պայքարի պայմաններում մեծացած մարդու համար կյանքն ու ունեցածը հաճախ այլ արժեք են ստանում։

«Երբ կյանքդ և՛ փոխաբերական, և՛ բառի ուղիղ իմաստով պայքար է դառնում, սկսում ես շատ բաների այլ կերպ նայել։ Երբեմն ինձ թվում էր, որ մարդիկ մինչև վերջ չեն գնահատում այն, ինչ ունեն։ Բայց ես շատ ուրախ եմ, որ նրանք չգիտեն, թե ինչ է նշանակում կորուստը, որովհետև դա այն չէ, ինչ կցանկանայի, որ որևէ մեկը երբևէ վերապրեր»։
Արցախի շրջափակումը սկսվեց այն ժամանակ, երբ Սամվելն արդեն Երևանում էր։ Նա նոր էր ավարտել զինվորական ծառայությունը և փորձում էր հարմարվել նոր կյանքին, երբ կրկին սկսվեց պայքարի մի շրջան։ Այդ օրերին նրա կողքին էին ընկերները, որոնք Արցախից չէին, բայց նրա հետ ապրում էին տեղի ունեցող ամեն ինչ։
«Մենք միասին գնում էինք Հանրապետության հրապարակում անցկացվող հանրահավաքներին, միասին պայքարում էինք ճշմարտության ու արդարության համար։ Ես մենակ չէի, և հենց դա էր ինձ ուժ տալիս»։
Արցախի կորուստը դարձավ նրա կյանքի ամենածանր փորձություններից մեկը։ Նա կորցրեց ոչ միայն տունն ու հայրենիքի մի մասը, այլև այն ներքին վստահությունը, որ ցանկացած պահի կարող է վերադառնալ իրեն հարազատ աշխարհ։
«Առաջ, նույնիսկ ամենադժվար պահերին, գիտեի, որ ունեմ մի տեղ, ուր կարող եմ վերադառնալ։ Հիմա այդ վստահությունն այլևս չկա։ Բայց հենց դրա համար էլ ձեռքերը վայր դնելու տարբերակ պարզապես չկա»։
Արվեստը՝ գիտակցված ընտրություն

Չնայած բոլոր դժվարություններին՝ Սամվել Սարգսյանը երբեք չի մտածել թողնել դերասանի ճանապարհը։ Դերասան դառնալու ցանկությունը նրա մեջ ծնվել էր դեռ մանկուց, և նույնիսկ մեկ այլ մասնագիտություն ունենալու դեպքում նա չէր հրաժարվել արվեստից։
Երևան գալուց հետո նա հստակ գիտեր, թե ինչի համար է այստեղ։ Այդ նպատակը ստիպում էր աշխատել, սովորել և ինքն իրենից ավելի շատ պահանջել։
«Մեր վարպետը հաճախ ասում է․ «Այս մասնագիտության մեջ դու կամ ամենալավն ես, կամ այստեղ չպետք է լինես»։ Այդ խոսքերը մի կողմից վախեցնում էին, մյուս կողմից՝ ստիպում ավելի շատ աշխատել»։
Սամվելի համար դերասանի մասնագիտության ամենամեծ հրաշքն այն է, որ մարդը, ապրելով իր մեկ կյանքը, կարող է միաժամանակ բազմաթիվ ուրիշ կյանքեր ապրել։ Դերասանը կարող է զգալ մեկ այլ մարդու կյանքը, հասկանալ նրա մտածողությունը, շարժումները, աշխարհը, ստեղծել կերպարի ամբողջականությունը և նրան ապրելու իրավունք տալ։
Նոր բան ստեղծելու այդ ցանկությունն էլ նա համեմատում է գիրք կարդալու հետ․ երբ ավարտում ես մի պատմություն, անմիջապես ցանկություն է առաջանում բացել հաջորդը։
Թատրոնն ու կինոն՝ երկու տարբեր աշխարհներ

Սամվելի համար թատրոնն ու էկրանը երկու տարբեր աշխարհներ են։ Թատրոնի ամենամեծ առանձնահատկությունը կենդանի պահն է․ ամեն ինչ տեղի է ունենում հենց այդ պահին՝ դերասանի, բեմի և հանդիսատեսի միջև։
«Հանդիսատեսը պարզապես չի նայում ներկայացումը, այլ մեզ հետ ապրում է այն, ինչ կատարվում է բեմում»։
Այդ կենդանի կապն էլ դերասանի համար առանձնահատուկ նշանակություն ունի։ Մարդկանց աչքերը, ծափերը, արձագանքը նրան թույլ են տալիս հասկանալ, որ ստեղծածը հասել է հանդիսատեսին։
Թատրոնում երկրորդ հնարավորություն չկա։ Այն, ինչ տեղի է ունենում բեմում, ծնվում և ապրում է հենց այդ պահին։ Նկարահանման ժամանակ, հակառակը, հնարավոր է կրկնել, նորից փորձել և պատմությունը կառուցել տարբեր դրվագներից։
Սակայն երկու դեպքում էլ Սամվելի համար ամենակարևորն է հավատալ կերպարին։ Երբեմն նկարահանման ընթացքում նա այնքան է մտնում կերպարի աշխարհ, որ մոռանում է տեսախցիկների գոյության մասին։
Կատակերգության բացահայտումը

Կատակերգական ժանրի հետ Սամվելի առաջին կարևոր հանդիպումը «Ուրվականը մեր միջև» ֆիլմն էր։ Հետագայում նա միացավ նաև «Մամայի Բալա» սիթքոմին, որտեղ մարմնավորում է Գոռի կերպարը։
«Սկզբում կատակերգությունը ինձ համար նոր էր, բայց շատ արագ սիրեցի այն։ Միևնույն ժամանակ ինձ համար կատակերգությունն ավելի բարդ է, քան դրաման։ Մարդուն ծիծաղեցնելը հեշտ չէ»։
Այս ճանապարհին նա կարևորում է նաև ռեժիսոր Նարեկ Ավագյանի հետ աշխատանքը, որը նրան հնարավորություն է տվել ավելի խորն ընկալել կատակերգական ժանրի առանձնահատկությունները։
Սամվելի համոզմամբ՝ լավ կատակերգության գաղտնիքն այն է, որ կերպարը երբեք չպետք է փորձի ծիծաղելի լինել։ Գոռի դեպքում նրա համար տեղի ունեցող ամեն ինչ իրականություն է։ Դերասանը փորձում է հասկանալ՝ ինչու է կերպարը հենց այդպես մտածում ու գործում, և երբ իրավիճակը ճիշտ է փոխանցվում, հանդիսատեսն ինքն է տեսնում դրա ծիծաղելի կողմը։
Գոռի կերպարի ստեղծման ընթացքում Սամվելին օգնել են նաև սեփական հիշողությունները։ Նա լավ է հիշում իրեն այն ժամանակ, երբ ավարտեց ծառայությունն ու եկավ Երևան․ այն զգացողությունը, որ կարծես պետք է նորից սովորել ապրել, շատ մոտ էր Գոռի ապրումներին։
Սամվելը Գոռին նկարագրում է որպես ուժեղ, համարձակ և ընկերների նկատմամբ անտարբեր չմնացող երիտասարդի։ Նրա համար Գոռը նաև այն կերպարն է, որը կարծես կապում է մյուսներին։
«Կարծում եմ՝ ես արդեն բավական լավ եմ ճանաչում Գոռին։ Նրան իսկապես շատ եմ սիրում և վստահ եմ, որ նա հաստատ ընդմիշտ կմնա ինձ հետ»։
«Մամայի Բալա»-ի նկարահանման հրապարակում ստեղծված մթնոլորտն էլ Սամվելի համար առանձնահատուկ է։ Նա ասում է՝ թիմը դարձել է մի մեծ ընտանիք, և ցանկանում է, որ հանդիսատեսը էկրանից զգա ոչ միայն այն, ինչ տեսնում է, այլև այն ջերմությունն ու էներգիան, որով ստեղծվում է նախագիծը։
Կերպարներ, որոնք փոխեցին դերասանին
Սամվելի ստեղծագործական ճանապարհին առանձնահատուկ տեղ ունեն երկու կերպարներ՝ Ալեքսանդր Ադուևը «Սովորական պատմություն» ներկայացման մեջ և Արմենը՝ «Ուրվականը մեր միջև» ֆիլմում։
Ադուևի դերը նա ստացել է համալսարանի երկրորդ կուրսում և ամբողջությամբ նվիրվել աշխատանքին։
«Ամեն օր ու ամեն գիշեր աշխատում էի։ Ուզում էի հասկանալ, թե ինչ է զգում իմ կերպարը, ինչն է նրա մեջ կոտրվում, ինչն է ծնվում»։
Այդ աշխատանքի ընթացքում Սամվելը հասկացավ, որ դերասանի մասնագիտությունը միայն տեքստ սովորելը չէ։ Պետք է ստեղծել կերպարի ամբողջ աշխարհը։
Արմենի կերպարն էլ նոր փորձ էր՝ հատկապես կատակերգական ժանրի տեսանկյունից։ Այդ դերի ընթացքում Սամվելն այնքան էր մտել կերպարի մեջ, որ մի պահ սկսել էր չտարբերել Արմենին իրենից։
«Շատ տարօրինակ զգացողություն էր, երբ այլևս չես հասկանում՝ որտեղ ես դու, իսկ որտեղ է քո կերպարը»։
Երկու կերպարներն էլ դարձան նրա մասնագիտական աճի կարևոր փուլերը։
«Ես չեմ կարող ստել»
Սամվելը նույն պատասխանատվությամբ է մոտենում նաև գովազդային աշխատանքներին։ Նրա համար գոյություն չունի «պարզապես աշխատանք» կամ «պարզապես գովազդ» հասկացությունը։
«Կարևոր չէ՝ նկարահանումը մեկ ժամ է տևում, մեկ օր, թե մեկ շաբաթ, ես ամբողջությամբ նվիրվում եմ դրան»։
Նրա համար կարևոր է նաև վստահ լինել այն ամենի նկատմամբ, ինչ ներկայացնում է մարդկանց։
«Ես չեմ կարող ստել։ Մինչև ինքս չհամոզվեմ, որ այն, ինչ ասում եմ, ճիշտ է, այդ քայլը չեմ անի»։
Յուրաքանչյուր գովազդային աշխատանքի ժամանակ նա փորձում է ստեղծել առանձին կերպար, որը ներկայացնում է տվյալ բրենդը կամ ծառայությունը։ Նրա համար դա ոչ միայն ներկայացնելու, այլև պատասխանատվություն ստանձնելու գործընթաց է։
Փոքր Սամվելին
Սամվելը մեծ շնորհակալությամբ է խոսում ԹՈՒՄՈ-ի մասին՝ նշելով, որ այնտեղ իր առաջ բացվել են բազմաթիվ հնարավորություններ, որոնց գոյության մասին նախկինում նույնիսկ չէր պատկերացնում։
Եթե այսօր հնարավորություն ունենար խոսելու ավելի երիտասարդ Սամվելի հետ, առաջին հերթին նրան կասեր, որ ինքը մենակ չէ։
«Կասեի՝ երբեք չկորցնես քո մեջ եղած սերը, չկորցնես քեզ ու քո արժեքները և երբեք չհանձնվես»։
Նա չի ցանկանում փոխել իր անցած ճանապարհը կամ խուսափել սխալներից, որովհետև հենց այդ ամենի շնորհիվ է դարձել այն մարդը, ով այսօր է։
Միայն մեկ բան կուզեր փոխել՝ ավելի շատ ժամանակ անցկացնել հարազատների հետ և ավելի շատ ճանաչել Արցախը։
«Կուզեի, որ հնարավորինս շատ ուսումնասիրեր Արցախի ամեն մի անկյունը, ամենուր լիներ, որտեղ կարող էր, ու Արցախը սիրեր ու գնահատեր ավելի շատ»։
Իսկ ավելի երիտասարդ Սամվելին մի փոքր հումորով խորհուրդ էլ կտար․
«Կտրիր մազերդ։ Այդ երկար մազերը մի քիչ տարօրինակ են»։
Երազանքը՝ մարդկանց մեջ ինչ-որ բան փոխել
Սամվել Սարգսյանն ասում է, որ սովորական իմաստով այլևս երազել չի սիրում։ Նա չի ցանկանում պարզապես սպասել ինչ-որ բանի, այլ փորձում է հավատալ, որ կարող է սեփական ուժերով հասնել ավելիին։
Այնուամենայնիվ, կա մի ցանկություն, որը հատկապես կապված է կինոյի հետ։
Նրա համար արվեստը միայն մասնագիտություն չէ։ Այն հնարավորություն է՝ ապրել ուրիշների կյանքերը, պատմել պատմություններ, մարդկանց փոխանցել զգացողություններ և, գուցե, ինչ-որ բան փոխել նրանց ներսում։
Իսկ Սամվելի համար լույսը հենց այդտեղ է՝ ստեղծելու, ապրելու և ունեցած լույսով ուրիշներին էլ լուսավորելու մեջ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:18, 12 սեպտեմբերի
Chanel-ը նշում է Coco Mademoiselle-ի 25-ամյակը նոր գայթակղիչ օծանելիքով17:00, 12 սեպտեմբերի
Սամվել Սարգսյան․ «Ես միշտ կկիսվեմ իմ լույսով, որպեսզի յուրաքանչյուրի համար էլ լուսաբաց գա»16:30, 12 սեպտեմբերի
Սնուփ Դոգը փնտրում է պաղպաղակի համտեսողի՝ ամսական 10,000 դոլար աշխատավարձով, և արդեն կա 200,000 դիմորդ15:27, 12 սեպտեմբերի
Ջիլիան Անդերսոնը բացահայտորեն խոստովանել է, որ պանսեքսուալ է և առաջին անգամ խոսել է կանանց հետ իր հարաբերությունների մասին14:14, 12 սեպտեմբերի
Սկանդալ Թաիլանդում. բուդդայական վանականին տեսանկարահանել են սեքսով զբաղվելիս. նա մեղադրվում է 2.6 միլիոն դոլար յուրացնելու մեջ13:05, 12 սեպտեմբերի
Եվա Լոնգորիան ցնցել է իր համարձակ տեսքով՝ կաշվե կորսետ, ռետինե լեգինսներ և 90-ականների ոճի ծավալուն կեղծամ12:21, 12 սեպտեմբերի
1 միլիոն դոլարը՝ ականջին. Քայլի Ջենները ցուցադրել է դեղին ադամանդների մի ամբողջ շարան11:43, 12 սեպտեմբերի
Բեն Շիրինյանի «Տնային տնտեսուհին» լիամետրաժ ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում11:19, 12 սեպտեմբերի
Լեդի Գագան առաջին անգամ մայր է դարձել. երգչուհուն նկատել են նորածին երեխայի հետ10:30, 12 սեպտեմբերի
Ջեքի Քենեդիի՝ 380,000 դոլար արժողությամբ «անիծյալ» ժամացույցը. Ինչպես է Քիմ Քարդաշյանը ձեռք բերել լեգենդար Cartier-ը09:00, 12 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 11 սեպտեմբերի
Հազարավոր ուխտավորներ հավաքվեցին տան առաջ «Մարիամ Աստվածածնի դեմքը» տեսնելու. տանտերը չդիմացավ և քանդեց խոհանոցը