Կինոյում կան մասնագիտություններ, որոնց աշխատանքի արդյունքը հաճախ աննկատ է մնում, բայց առանց դրանց ֆիլմը կարող է կորցնել իր ամբողջականությունն ու ազդեցությունը։ Կադրի կառուցումից մինչև մոնտաժ, տեխնիկական ճշգրտությունից մինչև ստեղծագործական որոշումներ՝ ֆիլմի յուրաքանչյուր մանրուք մասնակցում է պատմության ստեղծմանը։ Սակայն ի՞նչ է տեղի ունենում, երբ տեխնիկական հմտությունը պետք է վերածվի արվեստի, իսկ ժամանակակից ծրագրերն ու արհեստական բանականությունը՝ ընդամենը գործիքներ մնան ստեղծագործողի ձեռքում։
Կինոօպերատոր, մոնտաժող, դասավանդող և DaVinci Resolve Certified Trainer Մխիթար Սերոբյանի համար կինոն մի միջավայր է, որի էներգիային մեկ անգամ հաղորդակից դառնալուց հետո դժվար է այլևս անտարբեր մնալ։ Տարբեր նախագծերի ընթացքում ձեռք բերած փորձը, վավերագրական կինոյի հանդեպ հետաքրքրությունը, նոր մասնագետների կրթության կարևորությունն ու հայկական կինոարտադրության խնդիրների մասին նրա դիտարկումները միավորվում են մեկ գաղափարի շուրջ՝ տեխնոլոգիան կարող է փոխվել, բայց արվեստի հիմքում շարունակում է մնալ մարդը։

Կինոյի անտեսանելի աշխատանքը
-Կինոյի աշխարհում, ո՞ր պահին հասկացաք, որ սա պարզապես աշխատանք չէ, այլ այն միջավայրը, որտեղ ցանկանում եք ստեղծագործել։
— Ինձ թվում է՝ կինոն մի հետաքրքիր էներգետիկա ունի․ գալիս ես կինո ու էլ հետ չես վերադառնում։ Իմ դեպքում էլ այդպես եղավ։
Երբ ընդունվեցի ինստիտուտ, դեռ այնքան էլ լավ չէի պատկերացնում ո՛չ իմ մասնագիտությունը, ո՛չ էլ՝ ինչ է կինոն։ Չնայած 14-15 տարեկանից տարբեր տեսանյութեր էի նկարում ու մոնտաժում, իսկ 16 տարեկանում արդեն հասցրել էի աշխատել Վանաձորի հեռուստաընկերություններից մեկում։
Միշտ շատ եմ սիրել և՛ նկարելը, և՛ մոնտաժելը։ Բայց ինստիտուտն այն միջավայրն էր, որտեղ շփվում ես կինոյով ապրող մարդկանց հետ։ Առաջին ֆիլմից հետո այդ էներգետիկան արդեն չի թողնում, որ չտարվես դրանով։
— Կինոյում տեխնիկական աշխատանքը հաճախ մնում է կադրից դուրս։ Ինչպե՞ս եք բացատրում, որ տեխնիկական կատարելությունը նույնպես պատմություն պատմելու ձև է։
— Կինոյում, երևի, կարելի է ասել՝ մաքուր տեխնիկական աշխատանք գրեթե չկա։ Այն, ինչ առաջին հայացքից տեխնիկական է թվում, կատարում է մասնագետ, որը տվյալ ֆիլմում նույնպես ստեղծագործող է՝ անկախ նրանից, թե աշխատանքի որ մասն է իրականացնում։
Եթե ինչ-որ բան պարզապես տեխնիկապես է արված՝ առանց ստեղծագործական մտածողության, էկրանը դա ցույց է տալիս։
Իսկ հանդիսատեսին, կարծում եմ, բացատրելու կարիք չկա։ Նա կամ սիրում է քո ֆիլմը, կամ չի սիրում։ Հանդիսատեսին գրեթե երբեք չի հետաքրքրում՝ ինչ դժվարությամբ կամ ինչ հեշտությամբ ես ստացել արդյունքը։ Դա ավելի շատ հետաքրքրում է կինոյի մարդկանց։

— Եթե Ձեր աշխատանքը հաջողված է, հանդիսատեսը գուցե երբեք չնկատի այն։ Ձեզ համար այդ անտեսանելիությունը հաջողությո՞ւն է։
— Կատարյալ արված աշխատանքը չարված աշխատանքն է։
Իմ կարծիքով՝ կատարյալ աշխատանք պարզապես գոյություն չունի։ Միշտ կա մի բան, որը կարող էիր այլ կերպ անել, ավելի լավ անել կամ նորից վերանայել։
Ինձ համար ամենամեծ պահը կինոթատրոնում ֆիլմի պրեմիերան է։ Թեկուզ ֆիլմը հազար անգամ նայած լինես, այնտեղ ամեն վայրկյանը կարծես առաջին անգամ ես տեսնում։ Զգում ես կինոթատրոնի շունչը մինչև վերջին վայրկյանը, ու դրանից հետո նոր հանգստությունն է գալիս։
Ինձ թվում է՝ սովորական հանդիսատեսը շատ լավ հասկանում է՝ ինչ ես ուզում ասել։ Կինոյի գեղեցկություններից մեկն էլ այն է, որ հանդիսատեսը կարող է նկատել մի բան, որը դու ստեղծելու ընթացքում նույնիսկ չես նկատել, և դրանով ավելի արժեքավոր դարձնել քո աշխատանքը։
Մի հին միտք կա․ եթե ֆիլմից հետո բոլորը միայն մեկ մարդու աշխատանքն են առանձնացնում, գուցե ֆիլմը որպես ամբողջություն չի աշխատել։ Իսկ լավ ֆիլմի դեպքում ամեն ինչ մի ամբողջություն է դառնում։
Երբ երկու նախագիծ պահանջում են նույն ժամանակը
— Աշխատանքում երբեմն մի փոքր վրիպումը կարող է ազդել ամբողջ նախագծի արդյունքի վրա։ Ո՞ր փորձն է Ձեզ ամենաշատը սովորեցրել դժվարությունները հաղթահարելու մասին։
— Ես անընդհատ սովորում եմ, որովհետև գրեթե ամեն նախագծում հայտնվում է մի նոր խնդիր՝ թե՛ տեխնիկական, թե՛ ստեղծագործական։
Ամեն նախագծից առաջ առաջին հերթին փորձում եմ հասկանալ՝ ինչպես կառուցեմ աշխատանքը, որ ամբողջ գործընթացը հնարավորինս անխնդիր լինի։ Բայց նաև կարծում եմ, որ խնդիրները մեզ ավելի լավը դարձնելու ամենակարճ ճանապարհներից են։
Ամենաբարդ փորձերից մեկը եղավ, երբ մոնտաժում էի «Կրկին փորձիր» ֆիլմը, և աշխատանքի կեսից առաջարկ ստացա մոնտաժել նաև «Ռաունդ» մինի սերիալը։
Առաջին հարցը, որ ինքս ինձ տվեցի, սա էր՝ հնարավո՞ր է միաժամանակ աշխատել երկու մեծ նախագծի վրա և երկուսն էլ ճիշտ հասցնել ավարտին։
Ֆիլմի դեպքում գրաֆիկով առաջ էինք գնում, իսկ սերիալի դեպքում կար և՛ ժամկետների խնդիր, և՛ տեխնիկապես բարդ աշխատանք։ Երեք մոնտաժող աշխատում էին տարբեր համակարգիչներով, իսկ վերջում ամբողջ աշխատանքը պետք էր հավաքել մեկ համակարգի մեջ՝ միաժամանակ աշխատելով խիստ ժամկետների պայմաններում։
Երբ այդ ամբողջ շղթան կառուցում ու հաղթահարում ես, հասկանում ես, որ ընթացքում ձեռք ես բերել գիտելիքի մի պաշար, որը չես սովորի ո՛չ համացանցից, ո՛չ էլ ինչ-որ մեկի պատմածից։ Որոշ բաներ սովորում ես միայն այն ժամանակ, երբ ինքդ ես ստիպված լինում լուծել խնդիրը։

Ստեղծագործական ինտուիցիան սկսվում է պատմությունը հասկանալուց
— Ինչպե՞ս եք հասկանում՝ որ պահն այլևս չի ծառայում պատմությանը, նույնիսկ եթե գեղեցիկ է կամ թանկ արժեցած։ Որտե՞ղ է ավարտվում տեխնիկական ճշգրտությունը և սկսվում ստեղծագործական ինտուիցիան։
— Կարծում եմ՝ որպես ստեղծագործող՝ առաջին հերթին պետք է շատ լավ իմանաս պատմությունը։
Կինոօպերատորական աշխատանքի դեպքում ինձ համար հատկապես հետաքրքիր է վավերագրական կինոն։ Պետք է լավ ճանաչես հերոսին, որպեսզի նկարահանման պահին կարողանաս բացահայտել նրան։ Երբ պատմությունն ու հերոսին լավ ես ճանաչում, տեսախցիկը դառնում է հետևող աչք և սկսում է նկատել հենց այն, ինչ պետք է պատմությանը։
Այդ իմաստով ինտուիցիան հաճախ լավ արված տնային աշխատանքի արդյունքն է։
Մոնտաժի դեպքում կարևոր է հասկանալ նաև ռեժիսորի պատմելու լեզուն։ Ամեն ռեժիսորի հետ նույն պատմությունն ուրիշ անկյունից ես տեսնում։ Երբ լավ գիտես պատմությունը, ռեժիսորին ու հասկանում ես՝ ինչ եք ուզում ասել ֆիլմով, շատ ավելի հեշտ է որոշել՝ ինչն է պետք այդ պատմությանը, իսկ ինչը՝ ոչ։
— Ձեր աշխատանքը պահանջում է նկատել մանրուքներ, որոնք ուրիշները կարող են չտեսնել։ Այդ սովորությունը փոխե՞լ է նաև մարդկանց ու աշխարհին դիտելու Ձեր ձևը։
— Մանրուքներ նկատելու սովորությունն իմ մեջ, երևի, ամենաշատը զարգացրել է վավերագրական կինոն, որովհետև անընդհատ հանդիպում ես տարբեր մարդկանց ու պատմությունների։
Հիմա մարդկանց, աշխարհն ու տարբեր երևույթներ միշտ փորձում եմ տեսնել մի քանի տեսանկյունից։ Մարդը սովոր է ամեն ինչ նայել մեկ կողմից, բայց ինձ համար հետաքրքիր է բացահայտել մյուս կողմը։
Մարդն ինքնին բավական փակ աշխարհ է՝ լի գաղտնիքներով։ Հենց դրա բացահայտումն է հետաքրքիր․ երբ վերլուծում ես նրա խոսքը, վարքը, ասելիքը և աստիճանաբար սկսում ես բացել ու ճանաչել մարդուն։
Հայկական կինոյի խնդիրը՝ միմյանց լսելու անկարողությունը
— Ի՞նչն է այսօր հայկական կինոարտադրության զարգացման ամենամեծ խոչընդոտը՝ տեխնիկական հնարավորությունների սահմանափակությո՞ւնը, ֆինանսավորո՞ւմը, մասնագետների պատրաստո՞ւմը, թե՞ համագործակցության մշակույթը։ Ի՞նչ փոփոխություն կարող է իրական արդյունք տալ։
— Կարծում եմ՝ նախ պետք է ավելի քիչ նախանձենք միմյանց ու ավելի շատ սովորենք լսել իրար։ Ու ինչպես Կոմիտասն է ասել՝ «Սիրեցեք իրար, շատ սիրեք, որպեսզի ապրեք…»։
Հայաստանում բանավեճի և քննադատական մտածողության մշակույթը շատ թույլ է, և դա խանգարում է խնդիրներ լուծելուն։ Շատ հաճախ յուրաքանչյուր կողմ մտածում է, որ հենց ինքն է ամբողջությամբ ճիշտ և դիմացինի ասածի մեջ նույնիսկ չի փորձում գտնել ճշմարտության մի կետ։
Տարիներ շարունակ փորձում են լուծել պետություն–կինոգործիչ հարաբերությունների խնդիրը, բայց շատ դեպքերում երկու կողմերն ուղղակի չեն լսում միմյանց։ Երբեմն նույնիսկ նույն բանն են ասում՝ տարբեր բառերով։
Ինձ համար սա ավելի շատ համակարգային խնդիր է։ Մեզ չեն սովորեցրել հարգել դիմացինի կարծիքը, երբ այն չի համընկնում մերի հետ։
Դպրոցական տարիներին մասնակցում էի բանավեճի ակումբների մրցույթների։ Թեմա էին տալիս, և դու պետք է պաշտպանեիր կամ «կողմ», կամ «դեմ» դիրքորոշումը՝ փաստերով։ Պետք էր նաև լսել հակառակ կողմի պատասխանները և դրանց հիման վրա կառուցել եզրափակիչ խոսքդ։ Վերջում ժյուրին որոշում էր՝ ով ավելի լավ հիմնավորեց իր դիրքորոշումը, և դու պետք է ընդունեիր այդ որոշումը։
Ինձ թվում է՝ հիմա մենք ապրում ենք անվերջ բանավեճի մեջ, որտեղ կողմերը կան, տեսակետները կան, բայց չկա ո՛չ ժյուրի, ո՛չ էլ վերջ։
Հույս ունեմ՝ մի օր այս շրջանը կավարտվի, ու կինոն կդառնա մեր երկրի լեզուն, որով կարող ենք աշխարհի հետ խոսել մեր մասին։
Գիտելիք փոխանցել՝ նշանակում է նաև շարունակել սովորել
— Դուք զբաղվում եք նաև նոր մասնագետների կրթությամբ։ Ի՞նչն է ավելի դժվար՝ տեխնիկական հմտությո՞ւն սովորեցնելը, թե՞ ինքնուրույն մտածելու և ստեղծագործական որոշումներ կայացնելու կարողություն զարգացնելը։
— Դասավանդելու ամենամեծ ձեռքբերումներից մեկն այն է, որ դրա ընթացքում ավելի լավ ես ճանաչում նաև ինքդ քեզ՝ որպես մասնագետ։
Ուսանողը կարող է քեզ տալ մի հարց, որը քեզ համար էլ նոր բան սովորելու հնարավորություն է դառնում։ Դրա համար իմ սեփական ուսուցումն ինձ համար նույնքան կարևոր է։
Վերջերս ստացա DaVinci Resolve Certified Trainer կարգավիճակը և դարձա Հայաստանում առաջին սերտիֆիկացված դասընթացավարը։ Դա երկար ճանապարհ էր։
Մասնակցել եմ նաև մոտ 20 ժամ տևողությամբ առցանց Train-the-Trainer ծրագրին, որտեղ խոսքը միայն DaVinci Resolve-ի տեխնիկական գործիքների մասին չէր։ Մեծ մասը վերաբերում էր նրան, թե ինչպես ճիշտ փոխանցել գիտելիքը և ինչպես տեխնիկական գիտելիքից անցնել ստեղծագործական մտածողության ուսուցմանը։
Ինձ համար հենց դա է ամենակարևորը՝ ուսանողին չսովորեցնել միայն կոճակներ սեղմել, այլ օգնել, որ նա սկսի մտածել կինոլեզվով։
Սա նաև նոր հնարավորություն է թե՛ ինձ, թե՛ Kelvin Film Lab-ի համար՝ մեր դասընթացների որակը բարձրացնելու և Blackmagic Design-ի կրթական համակարգի հետ ավելի սերտ աշխատելու համար։
Արհեստական բանականությունը՝ որպես գործիք, արվեստը՝ որպես կապ
— Երբ տեխնոլոգիաներն ավելի ու ավելի շատ գործառույթներ են ավտոմատացնում, ի՞նչն է մնում կինոմասնագետի այնպիսի առավելությունը, որը հնարավոր չէ փոխարինել ավելի հզոր ծրագրով։ Ո՞ր հմտությունն է ամենակարևորը լինելու ապագայի կինոյում։
— Իմ կարծիքով՝ ծրագրերն ու հիմա արդեն նաև արհեստական բանականությունը ստեղծագործողի համար պարզապես գործիքներ են։
Ինչպես սկզբում ասացի՝ կա այն անտեսանելի էներգիան, որը կապում է ստեղծագործողին արվեստի հետ։ Կարծում եմ՝ դա չի կորչի։
Մի անգամ Էրմիտաժում նկարահանման էի։ Ազատ ժամանակ սկսեցի քայլել սրահներով և պատահաբար տեսա ցուցանակը դեպի Ռեմբրանտի սրահ։ Իմ ամենասիրելի նկարիչներից մեկն է։
Հասա «Անառակ որդու վերադարձը» նկարին։ Համակարգչի էկրանին այն հազար անգամ կարող ես տեսնել, բայց երբ իրականում կանգնում ես այդ գործի դիմաց՝ չափը, ներկը, տարածությունը, ամբողջ ներկայությունը լրիվ այլ զգացողություն են ստեղծում։
Հենց այնտեղ է այդ անտեսանելի կապը՝ այն, ինչ ստեղծագործողը թողել է աշխատանքի մեջ, և դու տարիներ կամ դարեր հետո կարողանում ես դա զգալ։
Ինձ համար հենց դա է արվեստի ուժը։
Մնացած ամեն ինչը՝ տեսախցիկը, մոնտաժային ծրագիրը կամ արհեստական բանականությունը, գործիքներ են՝ ասելիքդ փոխանցելու համար։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:30, 30 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը պահոցից հանել է Էլիզաբեթ Թեյլորի՝ 12,7 միլիոն դոլար արժողությամբ զմրուխտե վզնոցը12:05, 30 հոկտեմբերի
Հայկական կինոյի խնդիրը՝ միմյանց չլսելը․ Մխիթար Սերոբյան11:33, 30 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը կվիրահատվի՝ կերակրափողի «շեղումները» հեռացնելու համար10:45, 30 հոկտեմբերի
Սիրո խոստովանություն՝ առանց առիթի. Բրուքլին Բեքհեմի՝ կնոջն ուղղված ջերմ խոսքերը հակասական մեկնաբանություններ են առաջացրել համացանցում10:30, 30 հոկտեմբերի
Քլոե Քարդաշյանը ներկայացրել է տղամարդու մեջ նախընտրած չափանիշները՝ նշելով, որ իր ապագա զուգընկերը պետք է ընդունի պլաստիկ վիրահատությունները09:00, 30 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ00:31, 30 հոկտեմբերի
86 տարեկանում մահացել է «Աստղային ճանապարհ»-ի դերասան սըր Պատրիկ Ստյուարտը23:01, 29 հոկտեմբերի
Քրիստինա Ագիլերան հրապարակել է իր մերկ լուսանկարը լոգարանից22:21, 29 հոկտեմբերի
Դուբայում կբացվի աշխարհում առաջին ոսկե հետիոտնային արահետը21:53, 29 հոկտեմբերի
Ծաղկունք»-ի 10-ամյակը՝ Մոսկվայում․ երկու մեծամասշտաբ համերգային ծրագիր՝ մեկ հարթակում21:39, 29 հոկտեմբերի
Թույլ նյարդեր ունեցողների համար չէ․ Հելոուինի ուղեցույց՝ Հայաստանի ամենաառեղծվածային վայրերով20:44, 29 հոկտեմբերի
72-ամյա ամերիկուհին թոշակն ապահովելու անսովոր միջոց է գտել․ նա ամուսնու հետ մեծահասակների համար նախատեսված բովանդակություն է նկարահանում