Նոյեմբերի 7-ից 14-ը Երևանը կրկին կհյուրընկալի աշխարհի տարբեր երկրներից ժամանած անիմատորների, նկարիչների և վիզուալ արվեստի սիրահարների։ Անիմացիոն կինոյի և կոմիքսների 18-րդ միջազգային ReAnimania փառատոնն այս տարի կներկայացնի ոչ միայն կինոցուցադրությունների ծրագիր, այլև մի շարք նոր կրթական ու ստեղծագործական նախաձեռնություններ՝ թվային արվեստի ReA Academy Lab լաբորատորիայից մինչև Jazz for Kids երաժշտական նախագիծ։ Գործունեության տարիների ընթացքում փառատոնը զգալիորեն ընդլայնել է իր միջազգային աշխարհագրությունը և շարունակում է նոր հնարավորություններ ստեղծել հայ հեղինակների համար։
Այս նոյեմբերին ReAnimania-ն կնշի իր 18-րդ տարեդարձը։ Գրեթե երկու տասնամյակի ընթացքում փառատոնը տեղական մշակութային նախաձեռնությունից վերածվել է միջազգային հարթակի՝ գրավելով տարբեր երկրների անիմացիոն ոլորտի ներկայացուցիչների ուշադրությունը։ Այսօր դրա մասին գիտեն աշխարհի ավելի քան 70 երկրներում, իսկ ամենամյա միջոցառումները համախմբում են շուրջ 500 մասնակցի, այդ թվում՝ օտարերկրյա հյուրերի, նկարիչների, ռեժիսորների և կինոարդյունաբերության մասնագետների։
Այս տարի կազմակերպիչները որոշել են ընդլայնել փառատոնի ավանդական ձևաչափը։ Անիմացիոն ֆիլմերի ցուցադրություններից բացի, այցելուներին սպասվում են նոր նախագծեր, կրթական ծրագրեր, հանդիպումներ միջազգային մասնագետների հետ, ինչպես նաև վիզուալ արվեստի տարբեր ուղղություններին ծանոթանալու հնարավորություններ։
Կինոցուցադրությունների ծրագիրը կընդգրկի լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմեր, այդ թվում՝ Կաննի և Անսիի հեղինակավոր միջազգային փառատոներում ներկայացված աշխատանքներ։ Լիամետրաժ ֆիլմերի շարքում են «Հանգույցներ» (Knots), «Երկաթե տղան» (Iron Boy), «Ջութակահարուհին» (The Violinist), «Կարմեն․ ըմբոստ թռչունը» (Carmen: A Rebel Bird), «Խատուտիկի ոդիսականը» (Dandelion's Odyssey) և «Arco» ֆիլմերը։
Նախատեսված են նաև Arcane – League of Legends անիմացիոն տիեզերքին նվիրված հատուկ ցուցադրություններ։ Փառատոնի մասնագիտական ծրագիրը կհամալրի MarAni անիմացիոն շուկան, որտեղ հայ և արտասահմանցի մասնագետները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց նախագծերը, մասնակցելու փիչինգների (նախագծերի ներկայացման հանդիպումների) և քննարկելու համատեղ արտադրության հեռանկարները։ Հյուրերին սպասվում են նաև միջազգային փորձագետների վարպետության դասեր և կոմիքսների արվեստին նվիրված Comics Art Exhibition ցուցահանդեսը։
Այս տարվա գլխավոր նորություններից մեկը կլինի ReA Academy Lab-ը՝ անիմացիային, թվային նկարչությանը և վիզուալ պատմապատումին նվիրված կրթական լաբորատորիան։ Նախագծի առաջին փուլն արդեն իրականացվել է առցանց ձևաչափով՝ համախմբելով 25 մասնակցի։ Մեկ ամսվա ընթացքում նրանք աշխատել են իրենց ստեղծագործական գաղափարների շուրջ, իսկ այժմ հնարավորություն կունենան փառատոնի շրջանակում ներկայացնելու արդյունքները, հանդիպելու արտասահմանցի մասնագետների հետ և ստանալու մասնագիտական կարծիք ու գնահատական։
Սակայն ReA Academy Lab-ը նախատեսված չէ պարզապես որպես մեկանգամյա կրթական դասընթաց։ Ինչպես նշում է փառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին, կազմակերպիչները հեռանկարում մտադիր են այն վերածել թվային արվեստի և անիմացիայի լիարժեք միջազգային դպրոցի։ Նախաձեռնության գաղափարը պայմանավորված է նաև հայկական անիմացիոն ոլորտում որակավորված մասնագետների պակասով։ Այսօր Հայաստանում գործում է շուրջ 50 անիմացիոն ստուդիա, որոնք նոր մասնագետների և մասնագիտական զարգացման հնարավորությունների կարիք ունեն։
Փառատոնի մեկ այլ նորամուծություն կլինի Jazz for Kids նախագիծը։ Առաջին անգամ անիմացիոն ծրագիրը կհամալրվի հատուկ երաժշտական նախաձեռնությամբ, որի շրջանակում կենդանի ջազային կատարումները կմիավորվեն վիզուալ արվեստի հետ։ Հայտնի երաժիշտները կներկայացնեն անիմացիոն պատկերաշարով ուղեկցվող ստեղծագործություններ, իսկ պատանի հանդիսատեսը հնարավորություն կունենա ջազին ծանոթանալու իրեն արդեն հարազատ՝ էկրանային պատմապատումի միջոցով։ Քասունու խոսքով՝ նախատեսվում է կրկին ցուցադրել անիմացիայի դասական գործերը՝ դրանք նոր սերնդին ներկայացնելով կենդանի երաժշտական ուղեկցությամբ։
Այս տարի առանձնահատուկ ուշադրություն կդարձվի նաև հայկական անիմացիոն ժառանգությանը։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է կրկին անդրադառնալ խորհրդային շրջանի աշխատանքներին, հանդիսատեսին ներկայացնել այն նկարիչներին ու ռեժիսորներին, որոնք ձևավորել են հայկական անիմացիոն դպրոցը, ինչպես նաև ներկայացնել Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունը։
Միևնույն ժամանակ, փառատոնը չի սահմանափակվում անցյալի ժառանգության վերարժևորմամբ․ երիտասարդ հայ հեղինակներին աջակցելը և ժամանակակից վիզուալ մշակույթի զարգացումը շարունակում են մնալ դրա գլխավոր ուղղություններից։
ReAnimania-ի 18-րդ թողարկումը խոստանում է դառնալ ոչ միայն Երևանի մշակութային կյանքի հերթական խոշոր իրադարձությունը, այլև հայկական անիմացիոն միջավայրի զարգացմանն ուղղված շարունակական աշխատանքի կարևոր փուլ։ Միջազգային ֆիլմերի ցուցադրությունները, նոր կրթական նախագծերը, երաժշտությունն ու վիզուալ արվեստն այս տարի կմիավորվեն մեկ ընդհանուր ծրագրում, որն աստիճանաբար դուրս է գալիս կինոփառատոնի ավանդական ձևաչափի սահմաններից։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:04, 3 նոյեմբերի
ReAnimania-ն 18 տարեկան է․ միջազգային փառատոնն ընդլայնում է ծրագիրն ու հանդես գալիս նոր նախագծերով15:05, 3 նոյեմբերի
Նիկոլաս Քեյջն ասում է, որ Մալիբուի իր տան մոտ առաջացած փոսի պատճարով ներկայումս «մի փոքր անօթևան է» զգում14:23, 3 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը կիպ զգեստով ցուցադրել է իր շքեղ կազմվածքը «All’s Fair» սերիալի երկրորդ եթերաշրջանի պրեմիերայի ժամանակ13:18, 3 նոյեմբերի

12:30, 3 նոյեմբերի
Մոտոցիկլետով մահացու վթարից երկու օր անց ինֆլուենսեր Լիամ Ֆիցջերալդի ընտանիքը հայտնել է, որ նա կյանքի ընթացքում պայքարել է ալկոհոլի հետ կապված խնդիրների դեմ11:29, 3 նոյեմբերի
Ջոնի Դեփը յոթ տարվա դադարից հետո վերադառնում է հոլիվուդյան մեծ կինոարտադրություն՝ Էբենեզեր Սքրուջի կերպարում անճանաչելի դառնալով10:30, 3 նոյեմբերի

09:00, 3 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:20, 2 նոյեմբերի
Կենդանի զեբր, սև խավիար և կենդանիների կերպարներով հյուրեր․ Դոնալդ Թրամփը Մար-ա-Լագոյի իր նստավայրում «Վայրի ջունգլիներ» թեմատիկ երեկույթ է կազմակերպել22:27, 2 նոյեմբերի
Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը հայտնվել են Թոմաս Մարքլի՝ մանկական պոռնոգրաֆիայի հետ կապված սկանդալի կենտրոնում21:06, 2 նոյեմբերի
Մայքլ Ջեքսոնի որդիները՝ Փրինսն ու Բիգին, ցանկանում են վերականգնել Neverland կալվածքի բարեգործական առաքելությունը՝ այն կրկին դարձնելով հիվանդ և անապահով երեխաների ուրախության աղբյուր20:30, 2 նոյեմբերի
Գաղտնի ամուսնության մասին լուրերի ֆոնին Սուկի Ուոթերհաուսը բացահայտել է Ռոբերտ Պատինսոնի հետ «մեծամասշտաբ» հարսանիք կազմակերպելու իր ծրագրերը