Ժամանակին սա իսկական ռուսական հեքիաթ էր։ Բայց հեքիաթն ավարտվեց։ 1983 թվականին Վլադիմիր Պոտանինն ու Նատալյա Պոտանինան, որոնք դեռ դպրոցական տարիներից ճանաչում էին միմյանց Մոսկվայում, ամուսնացան։ Խորհրդային Միության շատ ընտանիքների նման՝ նրանք գրեթե ոչինչ չունեին։ Նատալյայի հիշելով՝ համատեղ կյանքի առաջին դժվար տարիներին նրանք ընդհանրապես գումար չունեին և ապրում էին նրա ծնողների բնակարանում։ Այս մասին գրում է The Telegraph-ը։
Այնուհետև եկան 1990-ականները, սկսվեց սեփականաշնորհման գործընթացը, և Վլադիմիր Պոտանինը դարձավ Ռուսաստանի ամենահարուստ օլիգարխներից մեկը։ Այսօր մետաղագործական մագնատը աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում զբաղեցնում է 79-րդ տեղը։ Ռուսաստանում ձևակերպված ամուսնալուծությունից ավելի քան 12 տարի անց նրա նախկին կինը՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն ստացած և Լոնդոնում բնակվող Նատալյա Պոտանինան, փորձում է հասնել փոխհատուցման, որը կարող է դառնալ անգլիական արդարադատության պատմության մեջ ամենախոշորներից մեկը։

Լոնդոնի Բարձրագույն դատարանում կսկսվի 15-օրյա դատական քննությունը։ 65-ամյա Նատալյա Պոտանինայի փաստաբանները մտադիր են պահանջել նրա նախկին ամուսնու կարողության մի մասը։ Ըստ գնահատականների՝ 2018 թվականից ի վեր այդ կարողությունը գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով 29,7 միլիարդ դոլարի (մոտ 22,5 միլիարդ ֆունտ ստեռլինգ)։ Եթե դատարանը չբավարարի այդ պահանջը, Պոտանինան խնդրում է պարտավորեցնել նախկին ամուսնուն իրեն վճարել 600 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ այսպես կոչված «ողջամիտ կարիքները» հոգալու համար։ Այդ գումարի մեջ ներառված է 150 միլիոն ֆունտ՝ Լոնդոնում նոր տուն գնելու, 441 միլիոն ֆունտ՝ ապրուստի և պահպանման ծախսերի, ևս 10 միլիոն ֆունտ՝ այլ խոշոր ծախսերի համար։
Եթե դատարանը բավարարի նրա պահանջը, փոխհատուցման չափը կարող է գերազանցել 2021 թվականին Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի և արքայադուստր Հայա բինթ ալ-Հուսեյնի ամուսնալուծությունից հետո սահմանված ռեկորդային 554 միլիոն ֆունտ ստեռլինգը։
WS Law իրավաբանական ընկերության ընտանեկան իրավունքի բաժնի ղեկավար Սառա Ինգրամը նշում է, որ Պոտանինան ընդդեմ Պոտանինի գործն արտասովոր է ոչ միայն պահանջվող գումարի չափով։ Կինը փորձում է լրացուցիչ ֆինանսական փոխհատուցում ստանալ արտասահմանում տեղի ունեցած ամուսնալուծությունից տարիներ անց, ընդ որում՝ ամուսնության ընթացքում ամուսինները գրեթե ոչ մի կապ չեն ունեցել Մեծ Բրիտանիայի հետ։

2014 թվականին Ռուսաստանի դատարանի որոշմամբ Նատալյա Պոտանինային հատկացված փոխհատուցման ճշգրիտ չափը մինչ օրս վիճարկվում է։ Ինքը՝ Նատալյան, պնդում է, որ ստացել է մոտ 30,9 միլիոն ֆունտ ստեռլինգ, մինչդեռ Վլադիմիր Պոտանինի փաստաբանների ներկայացրած տվյալներով՝ գումարը երկու անգամից ավելի մեծ է եղել։ Նույն թվականին Նատալյան Լոնդոնում անշարժ գույք է ձեռք բերել և ստացել ներդրումային վիզա։ 2018 թվականին նա դիմել է՝ լրացուցիչ ֆինանսական աջակցություն պահանջելու թույլտվություն ստանալու համար։
Այդ ժամանակից ի վեր դատական վեճն անցել է Բարձրագույն դատարանի, Վերաքննիչ դատարանի և նույնիսկ Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանի քննությամբ։ Երկու կողմերն էլ վարձել են փաստաբանների մեծաթիվ թիմեր, որոնց առաջիկայում սպասվում է ապահովված հաճախորդների շահերը պաշտպանելու բարդ աշխատանքը։
Russell-Cooke իրավաբանական ընկերության գործընկեր Լորեն Հոլը խոստովանում է, որ Պոտանինայի պահանջները լայն հանրությանը կարող են չափազանցված թվալ։
«Սովորական մարդը կարող է մտածել, որ խոսքը ոչ թե կարիքների, այլ ագահության մասին է»,-նշում է նա։
Սակայն անգլիական օրենսդրության մեջ «կարիք» հասկացությունը բավական լայն մեկնաբանություն ունի։ Խոսքը ոչ թե սննդի և հագուստի համար անհրաժեշտ նվազագույն ծախսերի, այլ այն կենսամակարդակի մասին է, որին ամուսինները սովորել են ամուսնության ընթացքում։ Օրենքը ելնում է այն սկզբունքից, որ շքեղության սովոր մարդը ամուսնալուծությունից հետո չպետք է կտրուկ զրկվի իր նախկին կենսամակարդակից։
Պոտանինայի դեպքում, հավանաբար, դժվար չի լինի ապացուցել, որ իրենց համատեղ կյանքի երեք տասնամյակների մեծ մասն անցել է բավականին ապահովված պայմաններում։ 2016 թվականին The Guardian-ին տված հարցազրույցում նա բացահայտ խոսել է իր ֆինանսական հնարավորությունների մասին։
«Երբ փող ունես, խնդիրները լուծելը շատ ավելի հեշտ է»,-ասել է նա։
Նատալյան հիշել է նաև այն զբոսանավերը, որոնցով ամուսինները հանգստանում էին։ Դրանց թվում էր 248 ֆուտ երկարությամբ զբոսանավը, որն անվանակոչվել էր նրանց դստեր՝ Անաստասիայի պատվին (զույգն ունի ևս երկու երեխա), ինչպես նաև 290 ֆուտ երկարությամբ Nirvana զբոսանավը։
«Դե, ո՞վ չէր ցանկանա հանգստանալ զբոսանավով։ Ինձ էլ էր դա դուր գալիս, իհարկե»,– խոստովանել է նա։
600 միլիոն ֆունտ ստեռլինգի պահանջի հիմնավորվածությունը դատարանին ապացուցելու համար Պոտանինան, ամենայն հավանականությամբ, պետք է ցույց տա, որ իր ներկայիս եկամուտները բավարար չեն ամուսնության ընթացքում ձևավորված կենսամակարդակը պահպանելու համար։ Սառա Ինգրամի խոսքով՝ կողմերի միջև կարող է իսկական «բյուջետային պայքար» սկսվել։ Հավանաբար, Պոտանինի փաստաբանները կասկածի տակ կդնեն նախկին կնոջ ներկայացրած հաշվարկները և կփորձեն ապացուցել, որ նրա ծախսերը ողջամիտ չեն։

Վլադիմիր Պոտանինը մտերիմ հարաբերություններ է պահպանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և, ըստ տեղեկությունների, նրա հետ հոկեյ է խաղում։ 2018 թվականին Financial Times-ին տված հարցազրույցում գործարարը նույնիսկ ակնարկել էր, որ սառցադաշտում գերազանցում է Ռուսաստանի առաջնորդին։
«Ես ավելի երիտասարդ եմ»,-ասել էր նա։
Ամուսնալուծությունից հետո Պոտանինը կրկին ամուսնացել է։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նրա ընտրյալը իրենից զգալիորեն երիտասարդ կին է, որի հետ, ինչպես ավելի վաղ պնդել էր Նատալյան, նա սիրավեպ է ունեցել դեռևս իրենց ամուսնության ընթացքում։
Այնուամենայնիվ, անգլիական օրենսդրությունը Պոտանինային չի երաշխավորում նախկին ամուսնու եկամուտների կեսն ստանալու իրավունք՝ մինչև կյանքի վերջ։ Ինչպես բացատրում է Ինգրամը, դատավորը, ամենայն հավանականությամբ, կգնահատի ընտանիքի ծախսերի առավելագույն մակարդակը, այսինքն՝ այն գումարը, որը ամուսինները ծախսում էին ամուսնության փլուզման պահին։

Իրավաբանական համայնքի որոշ ներկայացուցիչներ զարմացել են, որ Պոտանինային ընդհանրապես հաջողվել է հասնել գործի քննությանը Մեծ Բրիտանիայում, քանի որ նրա ընտանեկան կյանքն անցել է Ռուսաստանում, և ամուսնալուծությունն էլ տեղի է ունեցել այնտեղ։ Սակայն ընտանեկան գործերով զբաղվող փաստաբաններից մեկը, որը ցանկացել է անանուն մնալ, նշել է, որ Բարձրագույն դատարանի դատավորները «միամիտ չեն»։ Նրանք հաշվի կառնեն այն հավանականությունը, որ Պոտանինան դատական քննության համար միտումնավոր ընտրել է Լոնդոնը։
Այն պրակտիկան, երբ ամուսինները ֆինանսական փոխհատուցում ստանալու համար ընտրում են իրենց համար առավել շահավետ իրավական համակարգը, հայտնի է որպես forum shopping։ Լոնդոնը համարվում է նման դատավարությունների համար հատկապես գրավիչ վայր, քանի որ անգլիական դատարանները սովորաբար առաջնորդվում են ամուսնության ընթացքում համատեղ ձեռք բերված ունեցվածքը բաժանելու սկզբունքով։ Այս մոտեցման համաձայն՝ ամուսինների ակտիվները կարող են բաժանվել հավասարապես՝ անկախ նրանից, թե նրանցից ով է վաստակել գումարը։
Պոտանինայի պահանջները բարդացնող ևս մեկ հանգամանք են 2022 թվականից նրա նախկին ամուսնու նկատմամբ սահմանված պատժամիջոցները, որոնք կապված են ռուսական իշխանությունների հետ նրա կապերի հետ։ Վլադիմիր Պոտանինին արգելված է մուտք գործել Մեծ Բրիտանիա, ուստի նա դատարանին ցուցմունք կտա Ռուսաստանից՝ տեսահաղորդակցության միջոցով։
Հնարավոր փոխհատուցման չափը որոշելիս դատավորը պետք է գնահատի նաև, թե որքանով իրատեսական կլինի որոշման կատարումը։ Ինչպես նշում է փաստաբանը, բրիտանական դատարանների որոշումների կատարումն անգամ բարեկամական իրավական համակարգեր ունեցող երկրներում երբեմն դժվար է լինում։ Դատարանը դժվար թե ցանկանա որոշում կայացնել, որն իրականացնելն անհնար կլինի։
Առջևում 15-օրյա դատական քննությունն է, որի ընթացքում կարող են բացահայտվել աշխարհի ամենահարուստ մարդկանցից մի քանիսի կենսակերպի և ծախսերի մանրամասները։ Սակայն այսքան երկարատև դատավարությունը դժվար թե ուրախացնի դատական համակարգի մյուս մասնակիցներին, որոնք նույնպես սպասում են իրենց գործերի քննությանը։ 2026 թվականի ապրիլի դատարանի որոշման համաձայն՝ մինչև ներկայիս դատավարության մեկնարկը երկու կողմերն արդեն ընդհանուր առմամբ 14 միլիոն ֆունտ ստեռլինգ էին ծախսել իրավաբանական ծառայությունների վրա։
Նույնիսկ եթե Պոտանինան հաղթի դատական գործընթացում, հնարավոր փոխհատուցումը նրան չի մոտեցնի Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի նախկին կնոջ՝ Մաքքենզի Սքոթի կարողությանը։ 2019 թվականին ամուսնալուծությունից հետո նա, ըստ հաղորդումների, ստացել էր ընկերության բաժնետոմսեր, որոնց արժեքը կազմում էր 35 միլիարդ դոլար (մոտ 26,5 միլիարդ ֆունտ ստեռլինգ)։
Այնուամենայնիվ, դատական գործընթացում հնարավոր պարտությունը, կարծես, Նատալյա Պոտանինայի համար ողբերգություն չի դառնա։ Մի անգամ նա լրագրողին խոստովանել էր.
«Փողն ինքնին ինձ համար որևէ արժեք չունի»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:20, 19 նոյեմբերի
600 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ «արժանապատիվ կյանքի» համար․ ռուսաստանցի օլիգարխի նախկին կինը ամուսնալուծությունից հետո ռեկորդային գումար է պահանջում19:35, 19 նոյեմբերի
Նյու Յորքի Հինգերորդ պողոտան կրկին դարձել է աշխարհի ամենաթանկ առևտրային փողոցը18:00, 19 նոյեմբերի

16:30, 19 նոյեմբերի
Dior-ը, Omega-ն և Aston Martin-ը պայքարում են նոր գործակալ 007-ի կողքին հայտնվելու համար15:26, 19 նոյեմբերի
Ֆլորենս Փյուն պատասխանել է քննադատներին․ դերասանուհին բացահայտել է նիհարելու և արտաքինի փոփոխության իրական պատճառները14:33, 19 նոյեմբերի
«Նա հիշաչար է». Քրիստինա Ռիչին պատմել է, թե ինչու է Շերը դադարել շփվել իր հետ14:14, 19 նոյեմբերի
Սարդ-մարդը կմարմնավորի ChatGPT-ի ստեղծողին․ Սեմ Ալթմանը խոստովանել է, որ իր կյանքն առանց այդ էլ չափազանց տարօրինակ է13:06, 19 նոյեմբերի
Բրիտանական կառավարությունը ծաղրել է նոր Ջեյմս Բոնդին12:31, 19 նոյեմբերի
«Հանգստացիր կամ հեռացիր բեմից». Մրայա Քերին քննադատության է արժանացել Բրազիլիայում ունեցած տարօրինակ ելույթից հետո12:15, 19 նոյեմբերի
Սկանդալ «Միսս Տիեզերք» մրցույթում․ մասնակիցները սայթաքել են, կազմակերպիչները փորձում են արդարանալ11:44, 19 նոյեմբերի
«Տղամարդկանց կարելի է նույնիսկ 80 տարեկանում, իսկ կանանց՝ 40-ից հետո ո՞չ». 52 տարեկանում երրորդ երեխային սպասող Հիլարի Սուոնքը վրդովվել է երկակի չափանիշներից11:18, 19 նոյեմբերի
Կապիտան Ամերիկան մնացել է առանց զույգի․ Էնթոնի Մաքին հայտարարել է, որ կանանց այլևս չեն գրավում հասուն տղամարդիկ