Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Երևանի կենտրոնում գտնվող խորհրդավոր «ուրվական տունը». ո՞վ է կառուցել Մոսկովյան 22 հասցեի շենքը, և ինչո՞ւ է այն տասնամյակներ շարունակ դատարկ մնում

16:33, 29 նոյեմբերի

Երևանի կենտրոնի ամենագեղեցիկ անկյուններից մեկում՝ Մոսկովյան 22 հասցեում, արդեն երկար տարիներ կանգնած է մի շինություն, որն իր ճարտարապետական շքեղությամբ և միաժամանակ լքված տեսքով ակամա գրավում է անցորդների ուշադրությունը։ Նեոկլասիցիզմի ոճով կառուցված այս շենքը, չնայած սեփականատեր ունենալուն, տարիներ շարունակ չի շահագործվում և գտնվում է անմխիթար վիճակում։

Շենքի պատմության վերաբերյալ հավաստի տեղեկությունները սակավ են, իսկ երբեմն առկա տեղեկություններն անգամ հակասում են միմյանց։ Ինչպես հայտնի է, փաստերի պակասը հաճախ լրացվում է քաղաքային լեգենդներով։ Տարեց երևանցիների և խորհրդավոր պատմությունների սիրահարների շրջանում լուրեր են շրջանառվում, թե խորհրդային տարիներին այս շենքում գործել է քիմիական ուղղվածության գաղտնի գիտահետազոտական ինստիտուտ։ Ըստ քաղաքային ավանդազրույցների՝ այստեղ իրականացվել են գաղտնի փորձարկումներ, պահվել են վտանգավոր թունաքիմիկատներ և նույնիսկ ռադիոակտիվ նյութեր։ Պատմողների ենթադրությամբ՝ հենց դրանով է բացատրվում շենքի հետագա մեկուսացված վիճակը, որի պատճառով այն հաճախ անվանում են «ուրվական տուն»։

Ո՞վ է իրականում նախագծել շենքը

Շենքին վերաբերող հրապարակումներում ճարտարապետի անունը նշվում է ոչ միշտ։ Հրապարակումներից մեկում ասվում է, որ այն կառուցվել է 1930-ական թվականների սկզբին՝ ռուսական ծագում ունեցող կին ճարտարապետի նախագծով։ Որքանո՞վ է այս տեղեկությունը համապատասխանում իրականությանը։

NEWS.am STYLE-ի հետ զրույցում ճարտարապետներից մեկը, որը նախընտրեց չհրապարակել իր անունը, նշեց, որ ռուսական կլասիցիզմի ոճով կառուցված շենքը տիպային կառույց է, որի հեղինակը, անհայտ պատճառներով, հայտնի չի դարձել։ Նրա խոսքով՝ միանգամայն հնարավոր է, որ ճարտարապետը նույնիսկ ազգությամբ ռուս չի եղել։

«Նմանատիպ շենքեր կարելի է հանդիպել Ռուսաստանի խոշոր քաղաքներում, մասնավորապես՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։ Հետևաբար այս կառույցը որպես բացառիկ ճարտարապետական հուշարձան դիտարկել պետք չէ։

Գեղեցիկ շենք է՝ այո՛, անկասկած, այն պետք է պահպանել։ Այսքանով էլ ավարտենք մեր զրույցը, քանի որ առանձնապես ավելացնելու բան չկա»,-ժպիտով եզրափակեց ճարտարապետը։

Մինչդեռ արվեստաբան և ճարտարապետության տեսաբան Դմիտրի Կոտովն իր՝ «Գիտնականների տան» մասին հոդվածում նախագծի հեղինակ է համարում Հայկական ԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Մարկ Գրիգորյանին։

«Այս շենքն առանձնանում է Երևանի քաղաքային միջավայրում՝ ակնհայտորեն տարբերվելով շրջակա կառուցապատումից։ Ի տարբերություն քաղաքային շինությունների մեծ մասի՝ դրա ճակատային հատվածի հարդարման մեջ չի օգտագործվել հայկական ճարտարապետությանը բնորոշ հրաբխային տուֆը։ Առաջին հարկի շարվածքում նույնպես բացակայում է կոպիտ մշակված բազալտը, որը կարելի է տեսնել նույն ժամանակաշրջանում կառուցված բազմաթիվ հարևան շենքերում։

Հետաքրքիր է, որ Երևանում ի հայտ եկող որոշ ժամանակակից շքեղ առանձնատներ նույնպես ակնհայտ նմանություն ունեն մեր ուսումնասիրած կառույցների, առաջին հերթին՝ «Գիտնականների տան» հետ։

Չնայած հայկական ճարտարապետության անվիճելի ավանդականությանը, ինքնատիպությանը, եզակիությանը և կանոնական բնույթին՝ այն չէր կարող լիովին մեկուսացված մնալ այլ մշակույթների ազդեցությունից։ 1920–1950-ական թվականներին Ալեքսանդր Թամանյանի, նրա աշակերտների և համախոհների ջանքերի շնորհիվ Հայաստանում տեղի էր ունենում ազգային միջնադարյան եկեղեցական ճարտարապետության վերածնունդ և նորովի իմաստավորում։ Այն դարձավ նոր բնակելի և հասարակական շենքերի նախագծման հիմնական ներշնչանքի աղբյուրը։ Սակայն չի կարելի բացառել նաև համաշխարհային ճարտարապետական ժառանգության նկատմամբ հետաքրքրությունը»,-գրում է Դմիտրի Կոտովը։

NEWS.am STYLE-ի մեկ այլ զրուցակից՝ լրագրող Մարկ Գրիգորյանը, Հայկական ԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Մարկ Գրիգորյանի թոռը, նույնպես անդրադարձել է այս հարցին։

«Այո՛, շենքն ունի հեղինակ, և դա իմ պապն է՝ Մարկ Գրիգորյանը։ Դրա ապացույցն է 1960-ական թվականներին նրա կազմած սեփական ճարտարապետական աշխատանքների ցանկը, որում ներառված է նաև այս շինությունը»,-պատմել է կրտսեր Մարկ Գրիգորյանը՝ հավելելով, որ դեռևս 1980-ական թվականներին այդ ցանկը, արխիվային այլ նյութերի հետ միասին, փոխանցել է Երևանի պատմության թանգարանին։

Լրագրողի խոսքով՝ իր պապը քննադատության և հարձակումների էր ենթարկվում անգամ գործընկերների կողմից։ Նրան մեղադրում էին «ֆորմալիզմի» և «կոսմոպոլիտիզմի» մեջ, մասնավորապես՝ դասական հունական և հռոմեական ճարտարապետության ավանդույթների նկատմամբ ունեցած համակրանքի պատճառով։

Ինչո՞ւ էր շենքը կոչվում «Գիտնականների տուն»

Շենքը կառուցվել է 1955 թվականին և սկզբնապես տրամադրվել ակադեմիկոս Արմենակ Մնջոյանին։ Այստեղ նա հիմնադրել է դեղագործական լաբորատորիա, որը հետագայում վերածվել է Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի։ Շուտով ինստիտուտը տեղափոխվել է Ազատության պողոտայի նորակառույց շենք, որտեղ գործում է մինչ օրս։

1965 թվականից շենքում սկսել է գործել ակադեմիկոս Արամ Նալբանդյանի հիմնադրած քիմիական ֆիզիկայի լաբորատորիան։ 1975 թվականին այն վերակազմավորվել է Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի։ 1981 թվականին ինստիտուտի համար կառուցվել է նոր շենք, և այն տեղափոխվել է այնտեղ, իսկ նախկին տարածքը տրամադրվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկայի կիրառական պրոբլեմների բաժնին, որը հետագայում նույնպես ստացել է ինստիտուտի կարգավիճակ։

1982 թվականին ստորաբաժանման մի մասը տեղափոխվել է այլ վայր, սակայն փորձարարական լաբորատորիան մնացել է շենքում և շարունակել գործել մինչև 1992 թվականը։

Դեռևս 1980-ական թվականներին ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանն առաջարկել էր շենքը վերածել միջազգային գիտական կենտրոնի՝ «Գիտնականների տան»։ Նա նախատեսում էր այստեղ կազմակերպել գիտաժողովներ և հանդիպումներ աշխարհի տարբեր երկրներից հրավիրված անվանի գիտնականների հետ։ 1981 թվականին շենքի մուտքի մոտ անգամ տեղադրվել էր «Գիտնականների տուն» գրությամբ ցուցանակը։ Սակայն Մերգելյանի նախագիծն այդպես էլ կյանքի չկոչվեց։

Անկախության տարիներին շենքի տարածքները վարձակալության էին հանձնվում տարբեր մասնավոր ընկերությունների, որոնք դրանք օգտագործում էին որպես գրասենյակներ։

Ճի՞շտ են արդյոք լուրերն այն մասին, որ նկուղներում քիմիական և ռադիոակտիվ նյութեր են պահվել

1995 թվականին «Գիտնականների տունը» հանվել է Գիտությունների ազգային ակադեմիայի հաշվեկշռից, օտարվել և վաճառվել Հունաստանի դեսպանատանը։ Սակայն դեսպանատունը այդպես էլ չի սկսել շենքի վերանորոգման աշխատանքները։

Քաղաքում սկսեցին լուրեր տարածվել, թե դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցները մտահոգված էին նկուղներում պահվող քիմիական և ռադիոակտիվ նյութերով, մասնավորապես՝ սնդիկով։

Այդուհանդերձ, 2016 թվականին Հունաստանի Հանրապետության ակտիվների զարգացման հիմնադրամը, իր պաշտոնական ներկայացուցչի և գործակալի՝ «Բարս» անշարժ գույքի գործակալության միջոցով, հայտարարեց շենքի վաճառքի միջազգային բաց մրցույթ։

2018 թվականի հունվարին այն ձեռք բերեց հայտնի մեդիամենեջեր և բարերար Արթուր Ջանիբեկյանը։ Սակայն «Բարս» անշարժ գույքի գործակալությունը հրաժարվեց հրապարակել գործարքի գումարը՝ հղում անելով առևտրային գաղտնիքին։

Գնումից հետո նոր սեփականատերը հայտարարեց, որ շենքը ձեռք է բերվել այն քանդվելուց փրկելու, ճարտարապետական տեսքը պահպանելու և մշակութային նպատակներով օգտագործելու համար։ Նրա խոսքով՝ տարիներ շարունակ անուշադրության մատնված և աստիճանաբար քայքայվող կառույցը վերջնական կործանումից փրկելու կարիք ուներ։ Թեև շենքն ընդգրկված չէր պահպանվող հուշարձանների ցանկում, այն, այնուամենայնիվ, ճարտարապետական արժեք էր ներկայացնում։

Ջանիբեկյանը նաև հայտնել էր, որ նախատեսվում է քանդել միայն տարածքում գտնվող կիսաքանդ օժանդակ շինությունները, իսկ դրանց փոխարեն ստեղծել կանաչապատ գոտի։ Ինչ վերաբերում է բուն շենքին, ապա նախատեսվում էր այն հիմնականում օգտագործել մշակութային նախագծերի իրականացման համար։

Անդրադառնալով քիմիական և ռադիոակտիվ նյութերի մասին լուրերին՝ Ջանիբեկյանի օգնականներից մեկը հայտնել էր, որ շենքի ձեռքբերումից առաջ պատվիրվել է փորձաքննություն, որի արդյունքում որևէ վտանգավոր նյութ կամ այլ ռիսկ չի հայտնաբերվել։

Սակայն տարիներն անցնում են, իսկ բարեկարգման և վերանորոգման աշխատանքներն այդպես էլ չեն սկսվում։ NEWS.am STYLE-ը նամակ է ուղարկել Արթուր Ջանիբեկյանի գրասենյակ՝ հույս ունենալով տեղեկություններ ստանալ վերակառուցման ընթացքի և շենքի հետ կապված հետագա ծրագրերի մասին, սակայն պատասխան այդպես էլ չի ստացել։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search