Միքայել Ոսկանյան. անուն, որի մասին, ամենայն հավանականությամբ, շատ շուտով կլսենք արտասահմանյան երաժշտական ալիքներից: Երիտասարդ եւ տաղանդավոր կոմպոզիտորն ու երաժիշտը NEWS.am STYLE-ին ներկայացրել է երաժշտական մենեջմենթի հաջողության գաղտնիքները:
Միքայել, նախ ցանկանում եմ շնորհավորել քեզ ու «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» էթնո ջազ խմբին Van Music Awards -2012-ի տարվա լավագույն խումբ անվանակարգում հաղթելու կապակցությամբ:
Շնորհակալ եմ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաեւ կազմակերպիչներին եւ Շուշանիկ Արեւշատյանին:
Ո՞ր տարիքում հասկացար, որ քո ստեղծագործական գործունեությունը նվիրելու ես թառին:
18 տարեկանում, երբ ընդունվեցի Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) պատմության ֆակուլտետի արվեստաբանության բաժին, հասկացա, որ մասնագիտանալու եմ թառ նվագելու ուղղությամբ: Գիտակցական ամբողջ կյանքս, սկսած 6 տարեկանից, ժողովրդական երգեր եմ կատարել: Մինչ այդ բոլորն ասում էին. «Ինչի՞դ է հարկավոր թառի մասնագիտացումը: Ինչպե՞ս ես դրամ վաստակելու այդ գործիքի վրա նվագելով»: Բայց ես վճռական էի. իմ առջեւ նպատակ դրեցի եւ բոլորին ասում էի, որ պետք է հասնեմ նրան, որ թառ նվագելով վաստակեմ:
Իսկ մինչեւ ԵՊՀ ընդունվելը որեւէ տեղ երաժշտական կրթություն ստացե՞լ ես:
Այո, երաժշտական կրթությունս ստացել եմ ժողովրդական գործիքների 7-ամյա երաժշտական դպրոցում, թառի եւ վոկալի բաժնում, բայց ինձ ավելի շատ վոկալիստ էի պատկերացնում, քան ժողովրդական գործիք նվագող: Վատ թառահար էի, մասնագիտանում էի վոկալում, բայց 6-7-րդ դասարանում սկսեցի նորմալ պարապել եւ արդյունքում երաժշտականն ավարտեցի գերազանցությամբ:
Լինելով ԵՊՀ ուսանող, պարբերաբար հաճախում էի կոնսերվատորիա, շփվում երաժիշտների եւ դասախոսների հետ, ստանում այն փորձն ու ունակությունները, որոնք ինձ անհրաժեշտ էին եւ հետաքրքիր: Այդ տարիներին էլ աշխատանքի անցա Հայաստանի ժողգործիքների պետական նվագախմբում, որտեղ աշխատում եմ մինչ օրս:
Բացի թառ նվագելուց, նաեւ ժողովրդական երգերի եւ ավանգարդ ստեղծագործությունների հեղինակ ես: Քո կոմպոզիտորական տաղանդը վաղո՞ւց ես հայտնաբերել:
Կարելի է ասել, որ գրում եմ մանկուց, բայց լուրջ ստեղծագործություններ սկսեցի գրել 17-18 տարեկանում: Օրինակ, իմ գրած առաջին ժողովրդական երգերից «Հելնիմ սարը», որը կատարում է հրաշալի երգչուհի Գոհար Հովհաննիսյանը, ժողովրդի շրջանում մեծ տարածում գտավ:
Կարելի՞ է ասել, որ ներկայում դու Հայաստանի ամենից հայտնի թառահարն ես:
Ես, իհարկե, չեմ ուզում այդ մասին ինքս դատել: Մենք շատ հրաշալի թառահարներ ունենք, բայց, ցավոք, լայն լսարանին նրանք հայտնի չեն: Պարզապես ասեմ, որ որպես թառահար Հայաստանում ինձ գիտեն: Բանն այն է, որ մեր ժամանակներում մեծ դեր ունեն PR-ն ու գրագետ մենեջմենթը, որին ես մեծ նշանակություն եմ տալիս: Ոչ պակաս կարեւոր նշանակություն ունի նաեւ այն, որ ես տարբեր ոճերում եմ նվագում. ինձ լսում են ե՛ւ երիտասարդությունը, ե՛ւ տարեց սերունդը, ռոքի, ջազի, ժողովրդական ստեղծագործությունների սիրահարները եւ այլն:
Ո՞ւմ ես պարտական այդքան հաջող մենեջմենթի համար:
Առաջին հերթին կնոջս՝ Լուսինեին, ով իմ օգնականն է: Մեզ համար սա յուրահատուկ ընտանեկան բիզնես է, որով զբաղվում ենք համատեղ:
Գիտեմ, որ հաճախ ես արտասահման համերգների մեկնում: Արդեն ո՞ր երկրներում ես թառը ներկայացրել որպես հայկական գործիք:
Համերգներով հանդես եմ եկել Եգիպտոսում, Ռուսաստանում, Վրաստանում, Շվեդիայում եւ Ֆինլանդիայում: Առայժմ համերգային շրջագայություններիս աշխարհագրությունն այսպիսին է: Իհարկե, ներկայացել եմ ոչ մենահամերգով, այլ նվագախմբի, Հայաստանի վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի (Մրո), այլ խմբերի եւ երգիչների հետ: Հայրենիքից դուրս իմ միակ մենահամերգը պետք է կայանար Ֆինլանդիայում, Ալանդյան կղզիներում, Հայաստանի եւ Ադրբեջանի երաժիշտների փորձարարական համերգի շրջանակում, որը պետք է անցկացվեր 2012 թվականի օգոստոսի 10-ին, Մարիեհամն քաղաքի հրապարակում: Այնտեղ մենք ծանոթացանք ադրբեջանական երաժիշտների հետ: Սակայն, ճակատագրի հեգնանքով, առաջին իսկ օրը ձեռքս կոտրեցի եւ չկարողանա ելույթ ունենալ: Ծանր վիրահատություն տարա, ինչից հետո էլ 3-ամսյա վերականգնողական փուլ:
Ե՞րբ ես ծրագրում արտերկրում մենահամերգային շրջագայություններ սկսել: Վերջերս քո արվեստը նկատեցին եւ գնահատեցին Նյու Յորքում: Մի փոքր պատմիր այդ մասին:
Նյու Յորքից ինձ գրեցին «Made in New York Jazz Competition» մրցույթի կազմակերպիչները եւ ասացին, որ հետաքրքրված են իմ ստեղծագործությամբ: Ես տեսանյութ ուղարկեցի: Դրանից հետո արդեն ինձ զանգահարեցին եւ տեղեկացրեցին, որ տեսանյութը հավանել են, եւ այն ներկայացրել են առցանց քվեարկության: Հիմա քվեարկության առաջին փուլն է, եւ մենք դեռեւս երկրորդ տեղում ենք: Քվեարկության հաղթողը հնարավորություն կունենա մասնակցել հայտնի «New York Jazz Festival»-ին: Ի դեպ, օգտվելով առիթից, ուզում եմ բոլոր ցանկացողներին խնդրել քվեարկել մեր օգտին, եւ այդ կերպ օգնել մեզ թառը նյույորքյան հանդիսատեսին ներկայացնելու գործում:
Նաեւ մասնակցում եմ Օդեսայի ջազ փառատոնի ընտրական փուլին, որի հաղթողները հայտնի կդառնան առաջիկա օրերին: Ի տարբերություն Նյու Յորքի փառատոնի, ուր, եզրափակիչ անցնելու դեպքում, մեկնելու եմ «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» խմբի հետ, Օդեսա գնալու եմ մենակ, որպես մենակատար: Օդեսայի մրցույթին մեր խմբից ներկայացված է նաեւ սաքսոֆոնահար Դավիթ Մելքոնյանը, նույնպես որպես մենակատար:
Բացի այդ, բավականաչափ հրավերներ ունեմ Ռուսաստանից եւ Վրաստանից: Մի քանի փառատոնների հրավերներ էլ բանակցությունների փուլում են:
Դու պատրաստվում ես թառը ներկայացնել որպես հայկական ժողովրդական գործիք, մինչդեռ 2012 թվականի դեկտեմբերին արեւելյան այս գործիքի ադրբեջանական կատարողական արվեստն ու դրա պատրաստման վարպետությունը ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական արժեքների ժառանգության ցանկում:
Ես համաձայն չեմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ, եւ դրա համար ծանրակշիռ պատճառներ ունեմ, չնայած արդբեջանական կատարողները վարպետորեն են տիրապետում թառ նվագելուն: Ինձ դուր է գալիս, թե ինչպես են նրանք նվագում: Սակայն եթե փորփրենք պատմությունը, ապա կնկատենք, որ ադրբեջանական թառահարների այդ բարձրակարգ կատարումն իրականում հիմնված է ամբողջ Կովկասի լավագույն թառահար Սողոմոն Սեյրանյանի կատարողական դպրոցի վրա, որն արդեն 10 տարեկանում սկսել է թառ նվագել: Նա ադրբեջանական հայտնի թառահարներ Հաջի Մամեդովի եւ Հասան Դադաշովի ուսուցիչն է եղել:
Ինձ համար ցավագին է փաստը, որ մեր պետությունը հատուկ ջանքեր չի գործադրում ժողգործիքների պահպանման եւ զարգացման գործում: Մենք չենք պահպանում մեր ունեցածը, իսկ մեր հարեւանները ջանասիրաբար յուրացնում են այն, ինչն իրենց չի պատկանում: Պատկերացրու, Պետական նվագախմբի երաժիշտները 40 հազար դրամ աշխատավարձ են ստանում, ինչի հետեւանքով բազմաթիվ լավ կատարողներ արդեն լքել են Հայաստանը: Ես ինքս էլ այդքան եմ ստանում:
Իրականում, թառը տարածաշրջանային գործիք է: Հայերի թառ նվագելու մասին վկայություններ կան միջնադարյան ձեռագրերում: Եկեք իրատես լինենք. ո՞ւր էին այն ժամանակ ադրբեջանցիները որպես ազգ:
Բացիր որեւէ գաղտնիք, որի մասին առայժմ ոչ մի հարցազրույցում չես խոսել:
Նախագահական ընտրություններում քվեարկել եմ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին (ծիծաղում է):
Ինչպե՞ս ես վերաբերում նրան, որ արվեստագետները սկսում են զբաղվել քաղաքականությամբ:
Ճիշտ ասած, չեմ ողջունում: Յուրաքանչյուր մարդ պետք է իր գործով զբաղվի: Բայց միաժամանակ դա չի նշանակում, որ նա պետք է մի կողմ քաշվի երկրի քաղաքական իրադարձություններից:
Հայկական շոու-բիզնեսում քեզ ամենից շատ ի՞նչը դուր չի գալիս:
Միօրինակությունը, երաժշտական ճաշակի բացակայությունը, անիմաստ մրցակցության առկայությունը: Շատ հաճախ երգիչներն ու երաժիշտները պատճենում են մեկը մյուսին:
Որքա՞ն հաճախ ես համերգներով հանդես գալիս, եւ որտե՞ղ կարող են ֆոլքի եւ ջազի սիրահարները ստեղծագործություններ ունկնդրել կենդանի կատարմամբ:
Վերջին շրջանում բավական հաճախ ենք համերգներով հանդես գալիս: Ճիշտ է, առայժմ սահմանափակվում ենք մեր ստեղծագործության երկրպագուների նեղ շրջանակի համար ելույթներով փաբերում եւ ջազ ակումբներում: Բայց շուտով նաեւ համերգ ենք ծրագրում մեծ լսարանի համար: Իսկ ելույթների մասին կարելի է տեղեկանալ իմ ֆեյսբուքյան էջում:
Միքայել, շնորհակալություն զրույցի համար: Քեզ ստեղծագործական հաջողություններ եւ ընտանեկան երջանկություն ենք մաղթում:
Ես նույնպես շնորհակալ եմ հետաքրքիր եւ բովանդակալից զրույցի համար: Շնորհակալություն NEWS.am STYLE-ին ինձ նկատելու համար:
Նաեւ հավելեմ. ցանկանում եմ, որ մեր հայրենակիցները սկսեն որակյալ երաժշտություն լսել: Դա հնարավոր է:
Զրուցեց՝ Մարկ Հովհաննիսյանը
Լուսանկարը՝ Ելենա Ֆրոլովա-Տրուֆանովայի
Ոճը՝ Լուսին Արցախի



Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:45, 11 սեպտեմբերի
Մելանյա Թրամփը պաշտպանել է ամուսնու օգնականին՝ նախագահի հետ նրա «հատուկ կապի» մասին լուրերի ֆոնին12:20, 11 սեպտեմբերի
Արքայադուստր Դիանայի լեգենդար «վրեժխնդրության զգեստը» կհանվի աճուրդի. կանխատեսվում է, որ այն կվաճառվի մինչև 300,000 դոլարով11:35, 11 սեպտեմբերի
Բրուքս Նադերը մերկացել է հոր առաջ ընտանեկան արձակուրդի ժամանակ. «Նա նույնիսկ չի նկատել»11:18, 11 սեպտեմբերի
Քենդալ Ջենները ընդլայնում է իր բիզնես կայսրությունը. մոդելը գնել է 200 մլն դոլարանոց հանգստացնող ըմպելիքների ապրանքանիշի բաժնեմաս10:57, 11 սեպտեմբերի
Բրյուս Ուիլիսի կինը խոսել է նրա դեմենցիայի դեմ պայքարի մասին. «Մենք ապրում ենք «մշտական վշտի վիճակում»10:31, 11 սեպտեմբերի
Մրայա Քերին փայլը փոխարինել է 850 դոլարով «կեղտոտ» ջինսերով09:00, 11 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ00:16, 11 սեպտեմբերի

23:10, 10 սեպտեմբերի
Շվեդիան խելագարվում է միլիարդատերերի համար. Ինչպես IKEA-ի և համեստության երկիրը բացահայտեց «հարստության պոռնոն»22:18, 10 սեպտեմբերի
Կանանց 80%-ը սխալ չափսի կրծկալ է ընտրում. Ահա, թե ինչպես դա կարող է վնասել ձեր կրծքին և մեջքին21:36, 10 սեպտեմբերի
«Birkin-ը մահացել է». Հարուստ կանայք զայրացած են ինֆլուենսերների կողմից պաշտամունքային պայուսակը ծաղրի առարկա դարձնելու համար20:21, 10 սեպտեմբերի
Ռեկորդային՝ 1.87 միլիարդ դոլարի ամուսնալուծություն. հարավկորեացի մեծահարուստը նախկին կնոջը նվիրել է իր կայսրության մեկ երրորդը