Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

3 անմոռաց օր Վենետիկում

19:17, 31 մարտի

Եղե՞լ եք Վենետիկում: Նեղ, գորշ փողոցներ, դանդաղ հոսող ջրանցքներ, սողացող տներ: Այս ամենը, հնարավոր է, առանձնաբար հետաքրքիր չէ, բայց միասին մեկ քաղաքում հավաքված անկրկնելի հմայք է ստեղծում: Այս քաղաքում դժվար թե ցանկանաս ապրել, բայց այն հնարավոր չէ մոռանալ եւ անպայման պետք է այցելել:

Երբ դուրս ես գալիս կայարանից, առաջինը, ինչին ուշադրություն ես դարձնում, մարդկանց հսկայական ծովն է, որոնք երկու հոսանքով գնում են տարբեր ուղղություններով: Ձեռքերում՝ քաղաքի քարտեզը, աչքերում՝ հասկանալու փորձ, թե որտեղ ես գտնվում: Անմիջապես ասեմ, որ դա այնքան էլ դյուրին չէ: Մեկ մետր լայնությամբ «պողոտաները» հատվում են նեղ փողոցներին եւ փախչում  ձեր ոտքերի տակից հնարավոր բոլոր ուղղություններով, ցատկում են ջրանցքների վրայով եւ դեմ են առնում խուլ պատերին կամ մեծ ջրանցքի ջրերին:

Երկրորդը, որ աչքի է զարնում, տարատեսակ վենետիկյան դիմակների եւ մուրանյան ապակուց հուշանվերների առատությունն է: Դիմակները ձեզ են նայում բոլոր կողմերից, երփներանգ ժպիտներով կամ սառն անտարբերությամբ, իսկ բազմերանգ, արեւի կամ լուսամփոփների լույսի տակ փայլող արձանիկները, մուրանյան ապակուց ջահերը շողում են, ինչպես աստղերը, եւ լուսավորում են ձեր ճանապարհը: Հսկայական արծիվները թափահարում են բազմագույն թեւերը, ձիերի երամակները ծառս են լինում, դելֆինները ցատկում են ջրից, մրջյուններն ու ոզնիները մոտ են վազում: Ծաղկում են չտեսնված ծաղիկները: Նույնիսկ հավատդ չի գալիս, որ նման բազմազանությունը կարելի էր ստեղծել ապակուց: Չնայած՝ ոչ, ոչ թե սովորական, այլ մուրանյան ապակուց:

Ապակի փչողներն իրենց արվեստանոցներում տոնածառի գնդակներ եւ ծաղկամաններ են փչում: Մեկ երկվայրկյանում հալված ապակու կտորը վերածվում է հպարտ հովատակի, դե, գուցե միայն առյուծներն են իրենց ուշադրությունից դուրս զգում: Ապակին դադարում է անշունչ լինել, վարպետները նրան գույն եւ ձեւ են տալիս, իսկ քաղաքը՝ կյանք: Դա չի կարող չհմայել: Նույնիսկ եթե ամենեւին էլ ռոմանտիկ չես, միեւնույն է, աստիճանաբար սկսում ես քեզ այնպես զգալ, կարծես հայտնվել ես հեքիաթում կամ եկել ես դիմակահանդեսի:

Երրորդը, որին ուշադրություն ես դարձնում, հյուրանոցների ցուցանակներն են: Հյուրանոցներն այստեղ ամեն քայլափոխի են. յուրաքանչյուր տանը, յուրաքանչյուր մուտքում, իսկ որոշներում՝ նույնիսկ երկուական: Մեկը՝ առաջինում, մյուսը՝ երկրորդում, բայց, չգիտես ինչու, դրանցում տեղ չկա: Բայց ինչո՞ւ «չգիտես ինչու»: Շուրջդ նայիր եւ ամեն ինչ կհասկանաս. այս ամբողջ մարդկային զանգվածը դանդաղորեն շարժվում է նեղ փողոցներով, այն հենց այնպես չի քայլում այստեղ, այն նաեւ ինչ-որ տեղ ապրում է:

Վենետիկը քաղաքն է, իսկ ջրանցքները՝ փողոցները, զարկերակները, ջրային անոթները, որոնք մխրճվում են նրանում եւ կյանք տալիս: Դանդաղ, գորշ եւ հոգնած ջուրը, նրանով երթեւեկող ջրային տաքսիները, նավակները, տրամվայներն ու լիցքաթափված գոնդոլավարները: Ջուրն այստեղ, չգիտես ինչու, առանձին, ինքնուրույն միավոր չես ընկալում, ջուրն այստեղ քաղաքի մասն է, առանց քաղաքի այդ ջուրը չկա, առանց ջրի չկա այդ քաղաքը:

Վենետիկը ծովային քաղաք է համարվում, եւ գրեթե բոլոր սրճարանները հրապուրում են ձեզ ձկնային ուտեստներով: Եթե ձկան մեծ սիրահար չեք, մի տխրեք եւ որեւէ այլ բան պատվիրեք: Վենետիկյան գինի, ջրանցքում արտացոլվող լուսարձակների փայլ եւ լռություն:

Հին պատերը խլացնում են ձայները, դրանցում արձագանք չկա, դրանցում հավերժություն, իմաստություն եւ անտարբերություն է: Քաղաքը հոգնել է եռուզեռից, զբոսաշրջիկներից, ձայներից. այն չի տեսնում նրանց, չնայած երբեմն արթնանում է, եւ այդ ժամանակ շրջապատում ամեն ինչ սկսում է ղողանջել, ոչ, ո՛չ զբոսաշրջիկները, այլ օդը, պատերը, ջուրը, այդ ժամանակ էլ գալիս է դիմակահանդեսը: Այն մարդիկ չեն կազմակերպում, այլ Վենետիկը: Ինչպես իսկական, կամակոր, չնայած հինավուրց կին: Վենետիկը մոռանում է իր տարիքի, ռեւմատիզմի, ցավացող ծնկների մասին եւ տրվում է պարին: Այդ րոպեներին  այստեղ հյուր ես եւ դու ի վիճակի չես մերժել այդ տոնի իրական տիրուհուն՝ Վենետիկին: Ոչ, ես դիմակահանդեսի չեմ մասնակցել, բայց գիտեմ, որ դա այդպես է: Այդ մասին ինձ պատմեց քաղաքը հենց այն առաջին գիշերը, ջրանցքի մոտ: Մեր շուրջը մատուցողների եռուզեռ էր, կողքի սեղանի շուրջ այլ մարդիկ էին նստած: Բայց իրականում այդ երեկո մենք միայն երեքով էինք. ես, դու եւ Վենետիկը:

Հաջորդ օրը ցանկություն չունեի քարտեզ հանել՝ գտնվելուս վայրը որոշելու համար: Ի՞նչ տարբերություն: Մեր ոտքերը ինքնուրույն տանում էին այնտեղ, ուր հարկավոր է:

Մենք պարզապես քայլում էինք, իսկ նեղ փողոցները մեզ մղում էին ճիշտ ուղղությամբ: Մենք ոչ մի անգամ չմոլորվեցինք, չնայած հենց դա անհնար է թվում: Քաոտիկ միահյուսված փողոցներ՝ ջրանցքներով եւ կամրջակներով ընդհատվող: Այստեղ ոչ մի քարտեզ կամ ճանապարհացույց չի օգնի: Բայց մեզ, հավանաբար, ուղեկցում էր Վենետիկն ինքը, նույնիսկ եթե մենք ցանկանում էինք վերադառնալ որեւէ տեղ, ուր եղել էինք մեկ ժամ առաջ եւ որն այնտեղ ինչ-որ տեղ էր, մենք շրջվում էինք մոտավոր ուղղությամբ եւ փողոցներն ինքնուրույն մեզ տանում էին այդտեղ: Երեւում է՝ մենք ինչ-որ բանով դուր էինք եկել տիրուհուն, կամ, գուցե, պարզապես այդ պահին մենք համապատասխան տրամադրության մեջ էինք:

Մենք անձրեւի տակ քայլում էինք հինավուրց քաղաքով, հուշանվերներ գնում, իսկ մեր հոգում լուռ ու խաղաղ էր: Ռիալտոյի վրա նկատելով ձկան շուկան, մենք չդիմացանք եւ ոստրեներ ու ծովախեցգետիններ գնեցինք: Հետո գնեցինք կիտրոն, մեկ շիշ իսկական տնական գինի: Հուշանվերների խանութում դանակ գտանք եւ, նստելով փակ տաճարի աստիճաններին, մեր խաղաղ ճանապարհումը կազմակերպեցինք: Երկնքից անձրեւ էր տեղում. այդ Վենետիկն էր մեզ ուղեկցում: Այտերից ջուր էր հոսում. այդ մենք էինք ժամանակ առ ժամանակ հրաժեշտ տալիս նրան: Մենք ոստրեներ էինք ուտում եւ, ինչպես պարզվեց, նաեւ անեփ ծովախեցգետիններ՝ առատորեն դրանց վրա կիտրոնի հյութ քամելով: Տնական գինին խմում էինք հենց շշից:

Բարձր ազդանշան տալով մեր կողքով անցնում էին ծովային տաքսիներն ու տրամվայները, մեզ հետ ընթրիքը կիսելու համար թռչում-գալիս էին ճայերը, եւ նույնիսկ թրջված աղավնին դուրս եկավ քիվի տակից, բարձրացավ մեր ձեռքերին՝ պահանջելով փշրանքներ, որոնք, ի տարբերություն ոստրեների եւ ծովախեցգետինների, մեզ մոտ չկային: Չնայած, սպասեք: Ահա գրպանում թխվածքաբլիթի կտոր է մնացել: Ամեն ինչ հիանալի եւ ուրախ էր: Գուցե ոչ մեծավարի, ոչ ծանրաբարո, բայց ամեն ինչ իրական էր եւ ի սրտե: Քաղաքը վերցրեց մեր հոգսերը: Ոչ, ո՛չ երկար ժամանակով, բայց հնարավորություն տվեց ցրվել առօրյայից եւ լիաթոք շնչել՝ ուշադրություն չդարձնելով պայմանականություններին: Ահա այսպես…

Երեք օրերը թռան՝ ինչպես մեկ ակնթարթ: Բայց այդ ակնթարթն ընդմիշտ կհիշվի: Դա անհնար է մոռանալ: Ցտեսություն, Վենետիկ…


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել