Ժանյակ, ասեղնագործություն, ինքնատիպ դեկոր. երիտասարդ դիզայներ Հասմիկ Գեւորգյանը հարսանեկան զգեստներ է ստեղծում:
Չնայած երիտասարդ տարիքին՝ Հասմիկը զգեստներ է ստեղծում արդեն չորս տարի: Հենց ստեղծում, քանի որ դա չի սահմանափակվում միայն զգեստ կարելով. ժամանակի եւ ուժերի մեծ մասը խլում է զգեստի ձեւավորումը:
«Օրինակ՝ կրինոլինով, ասեղնագործված իրանակալով եւ քղանցքով մի «մեծ» զգեստի համար չորս ամիս պահանջվեց»,- պատմեց Հասմիկը:
Հասմիկի ստեղծագործական կարիերան սկսվել է ուլունքագործությամբ: «Հայրս արծաթագործ է: Ես եւ քույրս նույնպես զբաղվել ենք ոսկերչությամբ, բայց ավելին էի ուզում: Հետո տարվեցի վիտրաժով, բայց դա թանկ հաճույք է»,- ասում է Հասմիկը:
«Հարսանեկան զգեստներ ստեղծելն այնքան էլ բարդ չէ: Իհարկե, փորձ եւ տեխնիկայի իմացություն է պետք: Մնացյալը երեւակայության հարց է»,- վստահեցնում է Հասմիկը: Առայժմ արտերկրից պատվերներ չեն եղել, բայց եղել են դեպքեր, երբ Հասմիկի կարած զգեստներն արտերկիր են ուղարկել, որտեղ անցկացվել է հարսանեկան արարողությունը (Ֆրանսիա եւ Իտալիա):
«Ես ավելի շատ մասնավոր պատվերներ եմ կատարում: Եթե ժամանակ է լինում, զգեստներ եմ կարում եւ սրահներին եմ տալիս»,- նշում է դիզայները:
Ինքը՝ Հասմիկը, նախընտրում է բոհո ոճը, որն ընդգծում է հարսնացուի գեղեցկությունն ու կանացիությունը:
«Մեզ մոտ նման ոճի զգեստները պահանջված չեն, դրանք հագնում են կա՛մ որպես երկրորդ զգեստ՝ հարմարության համար, կա՛մ ուշադրություն անգամ չեն դարձնում՝ չափազանց պարզ համարելով: Մեզ մոտ գերիշխում է արեւելյան փարթամ ոճը՝ Լիբանանի եւ Դուբայի նորաձեւության շունչը: Հարսանեկան զգեստներում արեւմտյան ոճը գրեթե խոսք չունի: Դասական, ուղիղ ուրվագծեր, ատլաս. նման բան գրեթե չկա: Հակառակը, հիմա կրինոլինի շերտերի ավելացման միտում կա. եթե նախկինում 4 շերտով զգեստը շատ փարթամ էր համարվում, հիմա հանդիպում են 7, 8, նույնիսկ 9 շերտով տարբերակներ»:
Հասմիկը պատմում է, որ մի հարսանիք առանձնապես տպավորվել է. «Հարսնացուն հայուհի էր, փեսան՝ դանիացի: Նորապսակներն ու հյուրերը ժամանեցին ավտոբուսով, որի վրա Հայաստանի եւ Դանիայի դրոշներն էին: Մյուս հարցերում հարսանիքը հայկական կանոններով էր՝ ավանդական երգերով ու պարերով:
Ինձ համար հարսանեկան զգեստը պսակադրության կարեւոր ատրիբուտ է: Զգեստի առկայությունը չպետք է կախված լինի այն բանից, թե քանի հյուր կա: Այն պետք է լինի թեկուզ ամենահամեստը, եթե նույնիսկ հարսանիքին նեղ շրջանակի հյուրեր են ներկա»,- ասում է Հասմիկը:
Նա ծրագրում է ազգային ոճով հարսանեկան զգեստների հավաքածու ստեղծել: Դա ոչ միայն ծավալուն աշխատանք է, այլեւ գիտելիք ու ազգագրագետի օգնություն է պահանջում: Չէ՞ որ յուրաքանչյուր տարր նշանակություն ունի եւ պետք է տեղին լինի:
Հիմա Հասմիկը զբաղված է ավելի ժամանակակից հավաքածուի ստեղծմամբ. նա ձգտում է էկո-զգեստներ ստեղծել եւ իր աշխատանքներում կտրականապես չի օգտագործում կաշի, մորթի եւ փետուրներ. «Մեզ մոտ այդ ուղղությունն ընդհանրապես զարգացած չէ: Արտերկրում վաղուց էկո-կաշի են օգտագործում, որակով այն չի զիջում իսկական կաշվին: Մեզ մոտ դրան փոխարինում է արհեստական կաշին»:
Հասմիկը փոքրիկ գաղտնիք ունի՝ սեփական մուսաները: «Կատուներն իմ ներշնչանքն են: Դրանք աշխարհում միակ էակներն են, որոնք կարող են իրենց ենթարկել ինձ»,- խոստովանում է նա։
Վաստակած միջոցների մեծ մասն աղջիկը ծախսում է փողոցից վերցված հիվանդ ու հաշմված կատուների համար, որոնք օթեւան են գտել Հասմիկի վարձած հատուկ տարածքում:
«Պատկերացնել անգամ չեք կարող, թե ինչ երջանկություն է, երբ մեռնող կատվիկն աստիճանաբար կազդուրվում է, եւ գիտակցում ես, որ կենդանի էակին կյանք ես վերադարձրել»,- ասում է Հասմիկը:
Եվ փրկված չորքոտանի ընկերները նրան սիրով եւ հավատարմությամբ են պատասխանում:
Մարիամ Սարգսյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է