Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Ես երազում էի ապրել Հայաստանում, բայց չկանչեցին». NEWS.am STYLE-ի հարցազրույցը կենդանի լեգենդ Մարիա Գուլեգինայի հետ

00:01, 27 ապրիլի

Օպերայի սիրահարներին Մարիա Գուլեգինային ներկայացնելն իմաստ չունի: Նրա հզոր, խորը սոպրանոն գրավում է ցանկացած ունկնդրի: «Վոկալային հրաշք՝ Վերդիի հետ, որ հոսում է նրա արյան մեջ»,- այսպես են երգչուհուն կնքել երկրպագուներն ու քննադատները: Մարիա Գուլեգինան հռչակ ձեռք բերեց հատկապես Տոսկայի պարտիայի կատարմամբ՝ համանուն օպերայում: Բացի այդ, նրա երգացանկը ներառում է գլխավոր պարտիաները «Աիդա», «Մանոն Լեսկո», «Նորմա», «Ֆեդորա», «Տուրանդոտ», «Ադրիենա Լեկուվրյոր» եւ շատ այլ օպերաներում:

Երգչուհին մենահամերգներով է հանդես եկել ամբողջ աշխարհում՝ ներառյալ Լա Սկալան, Տեատրո դել Լիսեուն, Վիգմոր Հոլլը, Սանթորի Հոլլը, Մարիանյան թատրոնը, ինչպես նաեւ Լիլի, Սան Պաոլոյի, Օսակիի, Կիոտոյի, Հոնգ Կոնգի, Հռոմի եւ Մոսկվայի խոշորագույն համերգասրահները:

Մարիա Գուլեգինան պարբերաբար ելույթ է ունենում ամենահայտնի երգիչների հետ, որոնց թվում են Պլասիդո Դոմինգոն, Լեո Նուչչին, Ռենատո Բրյուսոնը, Խոսե Կուրան եւ Սեմյուել Ռեյմին, ինչպես նաեւ այնպիսի դիրիժորների հետ, ինչպես Ջանանդրեա Գավացենին, Ռիկարդո Մուտին, Ջեյմս Լիվայնը, Զուբին Մետան, Վալերի Գերգիեւը, Ֆաբիո Լուիզին եւ Կլաուդիո Աբբադոն: Բայց քչերին է հայտնի, որ այս կենդանի լեգենդի երակներում նաեւ հայկական արյուն է հոսում:

Տիկին Գուլեգինա, երբ մանկության տարիներին փոքրիկ Մաշան պառկում էր քնելու, ինչի՞ մասին էր երազում: Բեմի, փառքի եւ հանրահայտությա՞ն:

Ինձ ցանկանում էին կոչել Մարիամ՝ տատիկիս պատվին, բայց քանի որ մենք ապրում էին Օդեսայում, մայրս ինձ Մարինա կոչեց, իսկ անձնագրում արձանագրեցին միջազգային Մարիա: Բայց այն երբեք չի օգտագործվում փաղաքշական Մաշա ձեւով: Մարիան պաստառների անունն է, իսկ կյանքում ես Մարինա եմ:

Ինչ վերաբերում է երազներին, ապա դրանք տարբեր էին: Փառքի մասին, որպես այդպիսին, երբեք չեմ մտածել: Պարզապես ցանկանում էի երգել, պարել, դերասանուհի լինել: Մանկության տարիներին բոլոր աղջիկներն են այդ ցանկանում:

Ձեզ անվանում են Պրիմադոննա: Ասացեք, խնդրեմ, իսկ Դուք ձեզ այդպիսին համարո՞ւմ եք:

Այդպես օպերային բոլոր երգչուհիներին են անվանում եւ դրանում սարսափելի ոչինչ չկա: Այդ կարգավիճակը քեզ լիարժեք տաժանակիր աշխատանքի իրավունք է տալիս, որը երբեք չպետք է տեսանելի լինի հանրությանը: Ահա եւ ամենը: Նաեւ պետք է պարզապես հիշել. «Թատրոնից դուրս գալով՝ մի մոռացիր դուրս գալ դերից»:

Ձեր ձայնից պատերը դողում են…

Դողում են… (ժպտում է):

Ասում են՝ ձայնը «աստվածային գաղտնիք է»: Այն Ձեզ բացահայտվե՞լ է:

Աշխատանք: Համբերություն: Խոնարհում: Եվս մեկ անգամ աշխատանք. այս ամենը հաջող ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ գրավականն են:

Ձեր երգեցողությունն այնքան խորն է թափանցում հոգու մեջ, որ անհնար է առանց արտասուքի լսել: Իսկ ինչպիսի՞ երաժշտությունն է Ձեր հոգում զգացմունքների նման փոթորիկ առաջացնում:

Շատ բան է զգացմունքներ առաջացնում, առանց դրա անհնար է: Այ, վերջերս երգեցի ռազմական տարիների երգեր, չեք պատկերացնի՝ որքան դժվար էր: Սկսում էի երգել եւ արցունքների հեղեղ էր տեղում… Երբ երգում եմ Կաչինիի «Ավե Մարիա»-ն կամ Կոմիտասի «Կռունկ»-ը, միշտ՝ արցունքն աչքերիս…

Հասե՞լ եք այն ամենին, ինչ ցանկանում էիք: Չիրականացած որեւէ երազանք կա՞: 

Սովորել ինքնաթիռ վարել: Զբոսանավ վարել եմ, վագրերի շոյել եմ, փղի եւ ուղտի վրա զբոսնել եմ: Լավ ձիավարում եմ, հատուկ սովորել եմ: Բայց իմ կյանքում ամենագլխավորն ու կարեւորը երկու հրաշալի երեխաներս են: Արքայական զույգ: Դուստրս եւ փոքրիկ որդիս:

Այդքան ուժ ծախսելով, մագլցելով դեպի ամենաբարձր, թվում է թե՝ անհասանալի բարձունքին, ամեն դեպքում, ի՞նչն է ավելի կարեւոր թվում. կարիերա՞ն, թե՞ կանացի երջանկությունը, ընտանիքը:

Եթե խոսում ենք խանութում վաճառողուհի աշխատող կնոջ մասին, ով վատնելով կյանքի 20 տարիները, դարձել է ղեկավար, այդ դեպքում, անխոս, ընտանիքն ավելի կարեւոր է: Իմ ճակատագրում դա նույնիսկ կարիերա չէ, այլ ծառայություն:

Հայկական օրենքներով ես ամուսնացա 18 տարեկանում, մինչ այդ նշանված էինք, ամեն ինչ՝ ինչպես հարկն է, բայց սկեսուրս ընդդիմացավ իմ կոնսերվատորիա ընդունվելուն եւ ամեն կերպ պայքարում էր մեր բաժանման համար: Ինչն էլ, ի վերջո, պատահեց: Նրա պատկերացմամբ, երգչուհի-հարսն իր տղայի համար կին չէ: Ես վերցրեցի փոքրիկ աղջկաս, եւ արդեն 20 տարեկանում հասուն կին էի՝ երեխան ձեռքիս: Այս դեպքում արդեն պետք էր գոյատեւել: Աղջկաս դաստիարակել եւ դրամ վաստակել: Այդպես էլ դարձա ընտանիքի գլխավորը: Ես՝ դստերս հետ, մայրս եւ մի քանի տարի անց՝ ամուսնու նման ինչ-որ բան, ով երբեք ոչ մի տեղ չի աշխատել: Պարզապես այն ժամանակ ինձ՝ հայուհու համար, ամոթ էր երեխա ունենալ եւ ամուսնացած չլինել: Ամուսինս ինքն էլ երգ էր ուսանում, բայց այդպես էլ չսովորեց:

Ի դեպ, Ձեր ընտանիքի մասին: Պատմեք Ձեր ծնողների մասին:

Ես հրաշալի ծնողներ ունեմ: Նրանք այնքան տարբեր էին, բայց եւ՝ հիասքանչ: Մայրս միկրոկենսաբանության պրոֆեսոր էր: Նուրբ, բարի, հանգիստ: Հայրս աշխատում էր ձեռնարկությունում: Ոչ ոք երբեք չէր ասի, որ նա միայն 5% տեսողություն ուներ... Նա միշտ այնքան գեղեցիկ էր, ձիգ եւ ընկերության ոգին:

Գիտեմ, որ երբ մանկության տարիներին ցանկանում էիք դառնալ բալետի արտիստուհի, Ձեր հայրն արգելել է՝ հիմնավորելով, որ «աղջկան պետք չէ բարձրացնել ոտքերը»: Չգիտեմ՝ ինչպես Ձեզ, բայց ինձ համար դա զուտ հայկական մոտեցում է: Ասացեք, նա Ձեզ հայկական գծեր ներարկե՞լ է: 

Ցավոք՝ այո, ինչն էլ հանգեցրեց նրան, որ ես 25 տարի հանդուրժեցի անբան ամուսնուս ներկայությունը:

Ինչպիսի՞ ավանդույթներ են պահպանվել Ձեր ընտանիքում:

Հիմա մենք արդեն մերն ունենք, բայց նաեւ իմ ծնողներից են մնացել: Տոները նշում ենք գրիգորյան օրացույցով: Հիշատակում ենք Հիշատակի եւ սգո օրը՝ ապրիլի 24-ը: Ամուսնուս ծնողները երկուսն էլ մանկատան սաներ են, որբ են մնացել շատ վաղ տարիքում: Նրանք Կարսից էին: Իսկ իմ ծնողները Վանից են, բայց հետո հաստատվել են Ախալցխայում: Ընտանիքից որոշները կարողացան մեկնել Ֆրանսիա, բայց ես երբեք նրանց մասին ոչինչ չեմ լսել: Հյուրընկալությունն իմ տարերքն է. պատից պատ սեղան եմ գցում, եւ սեղանին էլ ազատ տեղ չի մնում: Բոլորս միասին երգում ենք: Նոր ավանդույթ է սունկ հավաքելը, մեզ մոտ՝ լյուքսեմբուրգյան անտառներում, սպիտակ սնկեր շատ կան:

Դուք նշել եք, որ Մարիա Գուլեգինայի կայացման գործում դեր են ունեցել Գոհար Գասպարյանը, Շառլ Ազնավուրը, Շերը: Ինչպե՞ս:

Հայրս այդ երաժիշտների բոլոր ձայնագրություններն ուներ: Երբ նրան ասացի, որ ցանկանում եմ երգչուհի դառնալ, այդպես էլ ասաց. երգչուհի դառնալու համար հարկավոր է երգել՝ ինչպես Գոհար Գասպարյանը, կամ էլ տանը նստել: Ես շատ էի սիրում Լուսինե Զաքարյանին: Նրան լսեցի Էջմիածնում Պատարագի ժամանակ եւ, ի դեպ, ինքս էլ երազում էի այնտեղ երգել: Պարզվեց՝ նա նույնպես ծնունդով Ախալցխայից է: Ինձ Ախալցխայի հայերի մասին գիրք են ուղարկել, հաճելի էր, որ նրա մասին այնտեղ կար, բայց եւ ինձ էլ չեն մոռացել: Շնորհակալ եմ:

Հայերի մոտ որդուն հոր անունով կոչելու ավանդույթ կա: Երբեք չե՞ք ցանկացել Աղասի ծնել եւ այդ կերպ հավերժացնել Ձեր հոր հիշատակը:

Շատ էի ցանկանում, եւ որդիս ինքն էլ ուզում է վերցնել այդ անունը: Հիմա նա մեծ է՝ 13 տարեկան, եւ մի քանի տարի է մնացել անձնագիրը փոխելուն: Պարզապես հայրս վախճանվել է հիվանդությունից, շատ վաղ, եւ դա ինձ կանգնեցրեց, բայց նման ցանկություն ունեի: Ի դեպ, իմ փոքրիկ թոռնիկի մի անունը հենց Աղասի է: Դրա համար ստիպված էինք դիմել Լյուքսեմբուրգում Ռուսաստանի դեսպանի օգնությանը, այն ժամանակ՝ Էդուարդ Մալայանին: Նա հաստատեց, որ դա իսկական հայկական անուն է, եւ որ Անդրե Աղասիի հետ կապ չունի: Թոռնիկս ծնվել է Գերմանիայում, իսկ այնտեղ չի թույլատրվում երեխային կոչել հայտնի մարդկանց կեղծանունով:

Իսկ ի՞նչ գրքեր էին Ձեզ համար կարդում մանկության տարիներին:

Տարբեր: Հայրս չէր կարդում, այլ ձայնագրություններ էր լսում: Կային այդպիսի ոչ թե գրադարաններ, այլ ձայնադարաններ: Եվ ես այդպես էլ մեծացա այդ գրքերի ընթերցանության ներքո. պատերազմի, մարշալներ Ժուկովի, Բաղրամյանի մասին:

«Վերք Հայաստանի», «Մուսա Լեռան 40 օրը» գրքերը եւ ամեն ինչ Սարդարապատի մասին գիտեի բարուրից:

Հետաքրքիր է, որ ձգտում եք դեպի հայ տղամարդիկ: Ի՞նչ է դա: Արյան կա՞նչ:

Հավանաբար այն պատճառով, որ աղջիկները միշտ ցանկանում են որպես ամուսին տեսնել նրան, ով հորն է հիշեցնում: Ամուսինս շատ նման է նրան, նույնքան բարձրահասակ, գեղեցիկ, ներկայանալի, նույնքան կոկիկ: Նա աշխատում է Օլիմպիական կոմիտեում, որպես հունա-հռոմեական ըմբշամարտի մարզիչ:

Կարծում եմ՝ հիմա ծնողներս երջանիկ են ինձ համար, որովհետեւ, կարող եմ ասել, նա իմ միակ եւ իրական ամուսինն է: Մենք ամուսնացել ենք Նյու Յորքի հայկական եկեղեցում: Հյուրերի շարքում էին Պլասիդո Դոմինգոն, Լաքի Ռուզվելտը, Մարտինա Արոյոն, թատրոնի իմ գործընկերները: Մեզ պսակադրեցին հնագույն արարողակարգով, պսակ հագցրեցին: Ես լաց էի լինում. ամբողջ արարողությունը հայերենով էր եւ հավատարմության երդումն էլ մայրենի լեզվով տվեցինք: Այդ եկեղեցին կառուցել է Գալուստ Գյուլբենկյանը: Շնորհակալություն նրան ե՛ւ եկեղեցու, ե՛ւ Լիսաբոնի հիասքանչ համերգային համալիրի համար, որտեղ ես շատ եմ երգել, եւ բոլոր համերգները նրա հիշատակին ավարտում էի հայկական երգով՝ Կռունկի ակապելլայով: Իսկ St Regency հյուրանոցում մեր հարսանիքի ժամանակ երեք նվագախումբ կար, այդ թվում՝ ազգային, այնպես որ հարսի պարը հայկական երաժշտության ներքո էր:

Ասացեք, ինչո՞ւ Հայաստանում ապրողները գրեթե ոչինչ չգիտեն Ձեր մասին:

Հավանաբար այն պատճառով, որ երիտասարդ տարիներին փոխեցի ազգանունս, ինչի համար ափսոսում եմ, բայց ամուսնալուծությունից հետո պետք է վերադարձնեի հորական ազգանունս: Զ.Ա.Դոլուխանովան ինձ շատ էր կշտամբում, որ դարձել եմ Գուլեգինա: Հորական ազգանունս դժվար արտաբերելի էր (Մեյթարջյան), եւ ես այնքան էի լսել դրա ոչ ճիշտ արտաբերումը, որ պարզապես այն փոխարինեցի ավելի արտաբերելիով, թեեւ այն հարազատ չդարձավ: Չնայած որ «փառավորեցի» այն: 

Կոնսերվատորիան ավարտելուց հետո ես երազում էի երգել Երեւանում: Պ.Գ.Լիսիցյանը եւ Զ.Ա.Դոլուխանովան ամեն կերպ աջակցում էին, բայց պարոն Հ.Չեքիջյանը, ով այդ ժամանակ Ալ.Սպերդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենն էր, ասաց, որ սոպրանո շատ ունի: Հետո, երբ մրցույթի ժամանակ ես առաջին մրցանակ ստացա, եւ ամբողջ Հայաստանը ցնծում էր, չէի կարողանում քայլել փողոցում, բոլորը ցանկանում էին ինձ ուղեկցել, հյուրասիրել, ես սպասում էի, որ կհրավիրեն թատրոն, բայց դատարկ խոսքերից բացի ոչինչ չեղավ: Իհարկե, այն ժամանակ ես երազում էի ապրել Հայաստաում: Բայց ճակատագիրս այլ էր: Եվ այսօր ապրում եմ Լյուքսեմբուրգում, Մոսկվայում, ամենուր, որտեղ երգում եմ: Եթե հրավիրեն, կգամ: Ահա հիմա, հայկական Տաճարի բացմանը երգելու հրավեր եմ ստացել, բայց ժամկետները մշտապես տեղափոխվում են, եւ ես արդեն վստահ չեմ, որ կկարողանամ այնտեղ երգել:

Դուք Հայաստանում եղել եք 1990-ականներին: Ի՞նչը Ձեզ դրդեց Հայրենիք գալ հենց այն ժամանակ, երբ այստեղ ամեն ինչ հարթ չէր:

Հենց դրա համար էլ եկա, որպեսզի բարձրացնեմ ոգին, ցույց տամ, որ քանի դեռ ազգը հետաքրքրվում է մշակույթով, ամեն ինչ կարելի է ուղղել:

Իսկ ի՞նչ եք կարծում, մարդիկ այդ գնահատեցի՞ն:

Եթե ինչ-որ բան ես անում, գովասանքի եւ երախտագիտության մի սպասիր: Ես պարզապես եկա եւ երգեցի: Սպիտակի երկրաշարժից հետո ցանկանում էի երեխաներ վերցնել՝ դաստիարակելու, այդ ժամանակ արդեն գրեթե 10 տարեկան դուստր ունեի, մտածում էի երկու տղայի մասին, եւ որքան մեծ եղավ զարմանքս, իսկ մյուս կողմից՝ հրճվանքս, երբ բարեկամ ընտանիքները վերցրեցին գրեթե բոլոր երեխաներին: Կեցցե՛ն հայերը: Ինձ նույնպես չտվեցին, չնայած հայ եմ, թեպետ ռուսախոս: Հայերենն ու վրացերենը մոռացել եմ, քանի որ ո՛չ հայրս, ո՛չ տատիկս վաղուց չկան, ովքեր ընդհանրապես ռուսերեն չէին խոսում, եւ ես, արձակուրդի գալով, պետք է այն հասկանայի:

Ձեր ծրագրերում Հայաստան այցելություն կա՞:

Մեծ հաճույքով կներառեմ:

Պատրաստեց Մարինա Ադուլյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել