«Եվրատեսիլ 2017»-ին Հայաստանը ներկայացրած Արծվիկը կրկին հայրենիքում է: Երգչուհին այստեղ է եկել մի քանի օրով, քանի որ հրավիրված էր՝ որպես հատուկ հյուր ներկայանալու «Ծիծեռնակ» ազգային մրցանակաբաշխությանը: Երգչուհու երեւանյան ոչ մի այցելություն չի անցնում առանց NEWS.am STYLE-ի հետ ջերմ հանդիպումների, իսկ օրերս կայացած մեր սպասված հանդպումը դարձավ նաեւ նոր ու հետաքրքիր ֆոտոշարք իրականացնելու լավ առիթ:
Նկարահանումից հետո Արծվիկի հետ նաեւ զրուցեցինք իր ներկայիս գործունեության, նորաձեւության ոլորտում իր աշխատանքի մասին եւ, իհարկե, չշրջանցեցինք նաեւ կանանց մեկամսյակի թեման :)
Արծվիկը «Ծիծեռնակ» մրցանակաբաշխությանը ներկայացել էր Սոսի Խանիկյանի եւ Լիլիթ Նավասարդյանի հեղիանակած հայալեզու ստեղծագործությամբ, որը մինչեւ վերջերս անվերնագիր էր, քանի որ երգչուհին ցանկանություն էր հայտնել, որ հենց երկրպագուները որոշեն իր նոր ստեղծագործության վերանագիրը: Այդպես էլ եղավ :) Արծվիկը բացահայտեց, թե այսուհետ ինչպես է կոչվելու իր երգը.
«Երգը որոշեցինք անվանել «Ինձնից լավը չկա», որովհետեւ նկատեցինք, որ դա երգի ամենասիրված արտահայտությունն է: Մոսկվայում կայացած իմ մենահամերգից հետո էլ մարդիկ նշում էին, որ այդ արտահայտությունն ամենահիշվողն է: Նաեւ իմ էջում մրցույթ էի հայտարարել վերնագրի հետ կապված եւ մեծամասնությունը հենց այդ տարբերակն էր նշել: Անպայման ցանկանում եմ տեսահոլովակ նկարահանել այդ երգի հիման վրա: Բացի այդ՝ այլ երգ էլ ունեմ, կոչվում է «Մնա դու», ցանկանում եմ, որ այն եւս ունենա տեսահոլովակ, որովհետեւ այն հատկապես սիրված է Մոսկվայում: Երգի խոսքերի հեղինակը Սոսի Խանիկյանն է, երաժշտությունը ես եմ գրել»:
Մրցանակաբաշխությանը որպես հատուկ հյուր ներկայացած երգչուհուց նաեւ հետաքրքրվեցինք՝ ինչպես է վերաբերվում մրցանակներին եւ արդյոք սպասում է մրցանակաբաշխություններում նոմինացված լինելուն.
«Ճիշտն ասած՝ դրա շուրջ չեմ մտածել: Կարծում եմ՝ ամեն ինչ իր ժամանակին կլինի»,-նշեց նա:
«Եվրատեսիլ»-ից հետո Արծվիկը դեռեւս չի հասցրել հանգստանալ՝ համերգներ, շրջագայություններ, նորաձեւության ոլորտում նոր աշխատանք ու նոր ձայնագրություններ… Երգչուհին խոստովանում է՝ հոգնածություն կա, բայց հայրենիքում լինելն իրեն արդեն ուժ է տալիս.
«Երբեմն մտածում եմ, որ արդեն հանգստանալու ժամանակն է, որովհետեւ ուժերս մի փոքր սպառվել են: Բայց եկել եմ Հայաստան, իսկ այստեղ ես միշտ հավաքում եմ նոր ուժեր: Սիրում եմ, երբ տեսնում եմ արեւ, ժպտադեմ մարդիկ, համեղ սնունդ: Այստեղ ինձ լավ եմ զգում, քանի որ հիմա Ռուսաստանում մի քիչ մռայլ է եղանակը: Դրա համար էլ ինձ համար շատ լավ առիթ էր գալ այստեղ «Ծիծեռնակ» մրցանակաբաշխության համար, որից բացի այլ գործեր էլ ունեի անելու: Առհասարակ, երբ առիթ է ստեղծվում, սիրով վերադառնում եմ Հայաստան»:
Քանի որ հարցազրույցն իրականացնում էինք Երեւանով զբոսնելիս, փորձեցինք պարզել նաեւ երգչուհու ամենասիրելի վայրերը մեր քաղաքում.
«Չեմ կարող նշել, թե կոնկրետ որն է իմ ամենասիրելի վայրը: Հենց դուրս եմ գալիս ցանկացած տեղ զբոսնելու, արդեն ինձ շատ լավ եմ զգում: Առհասարակ, ավելի հանգիստ տեղերն եմ նախընտրում, սիրում եմ միայնակ զբոսնել: Այդ զբոսանքների արդյունքում էլ հենց ստեղծվում են նոր երգեր, նոր մտքեր: Միայն լավ ու դրական բաների մասին եմ աշխատում մտածել՝ ինձանից հեռու վանելով վատն ու բացասականը: Նույնիսկ հատուկ ոչինչ չեմ անում, հենց սկսում եմ զբոսնել, դրական մտքերն ինձ սկսում են ուղեկցել»:
Ի դեպ, Արծվիկը հայրենիքում եղել է նաեւ նախորդ ամիս՝ որպես «Դեպի Եվրատեսիլի» հատուկ հյուր: Մեզ հետ զրույցում նա պատմեց, թե ինչ զգացողություններ է ունեցել կրկին այդ բեմում ելույթ ունենալիս.
«Հրաշալի զգացողություններ ունեցա այդ բեմի վրա: Նայում էի բոլոր մասնակիցներին ու շատ լավ հասկանում բոլորի հոգեվիճակն ու, անկեղծ ասած, այդ պահին ցանկանում էի, որ նրանցից յուրաքանչյուրն էլ հաղթի, քանի որ շատ լավ հասկանում էի, թե նրանց ժպիտների ու ոգեւորության հետեւում ինչքան հուզմունք ու անհանգստություն կա»:
Ինչ վերաբերում է Սեւակին՝ երգչուհին կարծում է, որ նա հրաշալի ընտրություն է Հայաստանի համար.
«Ուրախ եմ Սեւակի հաղթանակի համար: Կարծում եմ՝ նա շատ մեծ փորձ ունի, պատրաստի արտիստ է: Համոզված եմ, որ նրա մոտ ամեն ինչ լավ է լինելու, հրաշալի ելույթ է ունենալու: Արդյունքների մասին ոչինչ չեմ կարող ասել, որովհետեւ անկախ ելույթից՝ արդյունքներն անկանխատեսելի են լինում: Կարծում եմ՝ լավ է, որ Ռուսաստանն այս տարի մասնակցելու է մրցույթին, քանի որ Սեւակն այնտեղ շատ երկրպագուներ ունի»:
Ի դեպ, Սեւակի հետ երգչուհին ապրիլի 7-ին մասնակցելու է Մոսկվայում կայանալիք համերգային ծրագրի, որի ընթացքում ելույթ են ունենալու «Եվրատեսիլ»-ից հայտնի արտիստներ ու ռուսական շոու բիզնեսի աստղեր:
Ինչ վերաբերում է երգչուհու՝ նորաձեւության ոլորտի գործունեությանը, այստեղ եւս նա մի շարք նորություններ ունի.
«Ուրախությամբ ուզում եմ տեղեկացնել, որ այդ ոլորտում էլ ամեն ինչ հրաշալի է ընթանում: Բրենդը ստեղծելու հենց սկզբնական օրերից շատ պատվերներ ենք ստացել: Հաճելի է, որ մարդիկ հավանում են իմ ոճն ու նախընտրում իմ առաջարկած հագուստը: Արդեն սպորտային հավաքածուին ենք անցել: Մոսկվայում արդեն ունենք շոու-ռում, հուսով եմ՝ շուտով այստեղ էլ կունենանք: Ժամանակի հարց է միայն»:
Չշրջանցեցինք նաեւ կանանց մեկամսյակը, հատկապես, որ առջեւում Ապրիլի 7-ն է :) Խոսեցինք կնոջ երջանկության եւ երջանիկ լինելու նախադրյալների մասին.
«Ես շատ երջանիկ եմ, որովհետեւ ընտանիքս միշտ կողքիս է, ամուսինս ցանկացած հարցում ինձ հետ է, միշտ կողքիս կանգնած. դա, կարծում եմ, կնոջ համար ամենակարեւորն է»,-նշեց երգչուհին, որը նաեւ իր մաղթանքը հղեց կանանց եւ աղջիկներին.
«Ուզում եմ մաղթել, որ իրենց կյանքն ապրեն նաեւ իրենց համար, չնվիրվեն միայն կողքիններին: Մտածեն նաեւ իրենց, իրենց նախասիրությունների մասին ու իրականացնեն սեփական երազանքներն ու նպատակները»:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Դիմահարդար՝ Սվետլանա Իշխանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները