Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

«Հայերը սիրում են ճոխություններ». դիզայներ Նարինե Սարգսյանը՝ հարսանեկան դիզայնի տենդենցների եւ հայ հայտնիների հետ աշխատանքի մասին

13:05, 11 փետրվարի

Ամենօրյա լարված աշխատանք, տարատեսակ շփումներ, պայմանավորվածություններ, աշխատանքային հանդիպումներ, խորհուրդներ եւ ձեւավորումներ՝ գեղեցիկը ստեղծելու եւ մարդկանց հատուկ օրերն անմոռանալի դարձնելու համար: Դիզայներ-ոճաբան Նարինե Սարգսյանին մեկ օրվա համար 24 ժամը բավական չէ, աշխատանքի բնույթի եւ պարտավորությունների պատճառով հաճախ երեխաների հետ անցկացնելու ժամանակ անգամ չի մնում, բայց դիզայները նշում է՝ իր գործը սիրով է անում, չէ՞ որ արարում է գեղեցկություն եւ անմոռանալի պահեր պարգեւում մարդկանց:

Բացի հարսանեկան, ծննդյան և կոռպորատիվ երեկոների ձեւավորումներից՝ Նարինեն հաճախ համագործակցում է հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ՝ գեղեցկացնելով նաեւ նրանց տեսահոլովակները: Նարինեին այս հարցում վստահում են շատերը, այդ թվում՝ Լիլիթ Հովհաննիսյանը, Արփի Գաբրիելյանը, Միհրան Ծառուկյանը եւ այլք:

Մասնագիտությամբ Նարինեն իրավաբան է, դիզայնով սկսել է զբաղվել ինքնուրույն: NEWS.am STYLE-ը ոճաբանի հետ զրուցել է իրավաբանից դիզայներ դառնալու, հայտնիների հետ աշխատելու, հարսանեկան տենդենցների եւ հայերի նախընտրած ոճային ճոխությունների մասին:

Նարինե, Ձեր հարցազրույցներում հաճախ եք պատմել, որ դիզայնով հետաքրքրված եք եղել դեռ մանկուց, սակայն մասնագիտական ընտրությունը կանգ է առել իրավաբանության վրա: Ինչպե՞ս այդպես ստացվեց:

Դա, երեւի, ավելի շատ մեծ եղբորս ցանկությունն էր: Նա էր ցանկանում, որ ունենայի իրավաբանի կրթություն, գուցե դա հենց իր երազանքն էր, որ ցանկանում էր տեսնել իրագործված իմ կողմից: Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում հասկացա, որ իրավաբանությունն այն ոլորտը չէ, որով ցանկանում եմ շարունակել ուղիս, չնայած՝ ստացած կրթությունն օգնել և օգնում է նաեւ իմ բիզնես գործունեության մեջ: Իհարկե, ստացած դիպլոմը ձևական բնույթ չի կրել  և եղել է ժամանակ, որ աշխատել եմ նաեւ պետական համակարգում՝ որպես պետական ծառայող, պարզապես հետո հասկացել եմ, որ այլ բան եմ ուզում:

Իսկ ինչպե՞ս կատարվեց իրավաբանությունից անցումը դեպի ոճաբանություն:

Ամեն ինչ սկսվեց այն օրվանից, երբ ինքս զբաղվեցի փոքր եղբորս հարսանիքի դիզայնով, օգնեցի ձեւավորողներին եւ հասկացա, որ դա է իմը, դա շատ հաճույքով եմ անում: Հետո արդեն սկսեցի նաեւ բարեկամներիս տարբեր առիթներն էլ ձեւավորել, որից հետո հասկացա, որ պետք է ավելի լուրջ, պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվեմ այդ ամենով, և ինչպես տեսնում եք`արդեն 9 տարի է՝ այս ոլորտում եմ:

Ինչպես նշեցիք՝ արդեն մոտ տասը տարի է՝ այս բիզնեսում եք: Հարսանեկան դիզայնի տենդենցները շա՞տ են փոխվել:

Իհարկե, ճաշակը փոխվում է, փոխվում են ձևավորման մասշտաբները, ինչպես նաև օգտագործվող նյութերի որակն է բարելավվում: Երբեմն նայում ես տարիներ առաջ արված  լուսանկարներն ու զարմանում՝ ինչպե՞ս է դա ժամանակին գեղեցիկ համարվել: Այսօր զարգացումն ավելի արագ տեմպերով է ընթանում, որ ժամ առ ժամ ավելի ես զարմանում: Պետք է հասցնել հետեւել նոորություններին:

Ոլորտում շա՞տ մրցակիցներ ունեք Հայաստանում:

Հայաստանում այս բիզնեսը շատ զարգացած է, մրցակիցներն էլ շատ են: Բայց դա լավ է, դա ուժ է տալիս, որ  ավելի աշխատես, նոր գործեր  ներկայացնես… Պետք է լինի մրցակցություն, որպեսզի մարդ չդոփի նույն տեղում: Պետք է ունենանք տարբեր ճաշակի և ոճի դիզայներներ, որպեսզի մարդիկ կարողանան ընտրություն կատարել:

Գործում երեւի հիասթափություններ էլ են լինում: Ինչպե՞ս եք հաղթահարում դրանք:

Լինում են հիասթափության պահեր, երբ անգամ մտածում ես՝ ինչո՞ւ այս ոլորտն ընտրեցի, որովհետեւ հոգնում ես, բայց երբ տեսնում ես այդ գեղեցկությունը, դրական էմոցիաներն այնքան շատ են լինում, որ կրկին ցանկանում ես արարել ու առաջ գնալ:

Ինչպե՞ս եք ընտրում տվյալ միջոցառման դիզայնը, ի՞նչ նյութերով եք աշխատում:

Երբեմն ամբողջովին բնական, երբեմն՝ արհեստական ծաղիկներով ենք աշխատում: Ամեն ինչ կախված է պատվիրատուի ցանկությունից եւ ֆինանսական հնարավորություններից: Հիմա, օրինակ, շատ գեղեցիկ արհեստական ծաղիկներ կան, որոնք գնային առումով հարմար են եւ պատվիրատուին, եւ մեզ: Ձևավորման մեջ շատ ենք օգտագործում  նաեւ դեկորատիվ նյութեր: Իսկ դիզայնը լույս աշխարհ է գալիս հետևալ կերպ. նախ՝ ծնվում է գաղափարը հաճախորդի հետ աշխատանքային հանդիպումների և քննարկումների ընթացքում, ինչը, ի դեպ, կարող է ամիսներ տեւել: Երբեմն դրանց ընթացքում հաճախորդը հասկանում է, որ այն, ինչ իրենք պատկերացրել են, իրականում այնքան էլ համապատասխան չէ տվյալ ռեստորանի դիզայնին կամ գունային ֆոնին, տորթին կամ միջոցառման որևէ այլ դետալին: Փոփոխություններ և շտկումներ են արվում և ասյտեղ կան շատ նուրբ պահեր, որոնց վրա ծախսում ենք ահռելի ժամանակ: Աշխատանքային հանդիպումների և կապի միջոցներով առցանց կոնսուլտացիաների ընթացքում մենք սկսում ենք քննարկել ամեն ինչ՝ ռեստորանի գույնից սկսած, մինչեւ փոխաբերական իմաստով հարսի մազերի գույնը, նոր միայն հանգում վերջնական որոշման:

Եղե՞լ են դեպքեր, երբ դիզայնն արել եք ամբողջությամբ պատվիրատուի ցանկությամբ, սակայն ինքներդ այնքան էլ գոհ չեք եղել վիզուալ արդյունքից:

Իհարկե, եղել են նաեւ նման դեպքեր, երբ արել եմ այնպես, ինչպես ցանկացել է պատվիրատուն, բայց վերջում նայել ու մտածել՝ սա իմը չէ,  և չնայած որ ամեն ինչ արված է եղել անթերի,  միևնույն է,  զգացել ու հասկացել եմ, որ մի բան այն չէ, սա իմը չէ…

Միայն Հայաստանո՞ւմ է գործում Ձեր բիզնեսը, թե՞ նաեւ արտասահմանցի զույգերի միջոցառումներն եք զարդարում:

Շատ ենք աշխատել արտասահմանցի հարսնացուների հետ՝ Սիրայից, Քաթարից, Իրանից և անգամ Ֆիլիպիններից… Օտարազգի շատ հաճախորդներ ենք ունեցել: Առհասարակ, հաշվի առնելով մեր ծառայություններից օգտվելու աճող պահանջարկը՝ նպատակ ունենք մաքսիմալ զարգացնել մեր բիզնեսը, ցանկություն կա նաև մտնել միջազգային շուկա, քանի որ յուրաքանչյուր գործարարի համար առաջխաղացման տեղ և հնարավորություն միշտ էլ կա: Այս տեսանկյունից արտասահմանից ունեցել ենք բավականաչափ հաճախորդներ, որոնց գերակշիռ մասը Հայատանում է ցանկացել նշել իրենց առիթները, սակայն ունեցել ենք նաև  բազմաթիվ հրավերներ՝ երկրից դուրս գալու և միջոցառումներ ձևավորելու, բայց տեղում ծանրաբեռնվածության, ժամանակի սղության և մի շարք այլ նկատառումներից ելնելով՝ այդ հրավերները հիմնականում մերժել ենք: Այս ընթացքում մեկ անգամ ենք փորձ կատարել ձևավորում իրականացնել արտերկրում՝ առաջին աշխատանքային փորձի համար ընտրելով Հայաստանին մոտիկ երկիր Վրաստանը, որից հետո հասկացել ենք, որ արտերկրում բիզնես վարելու համար անհրաժեշտ է հատկացնել ժամանակ՝ նախապատրաստական աշխատանքների համար և լուրջ բյուջե, որը կներառի ձևավորման, կազմակերպման և իրականացման բոլոր նյուանսներն ու հնարավոր ֆորսմաժորային դեպքերը:

Որքա՞ն մինիմալ գումար պետք է ծախսել գեղեցիկ եւ ճաշակով հարսանյաց դիզայն ունենալու համար:

Մինիմալի մեջ էլ կարելի է հետաքրքիր եւ ճաշակով բան ստանալ, եւ հակառակը՝ շատ մեծ գումարների մեջ այնքան անճաշակ բան լինի, որ ծախսածն իրեն չարդարացնի: Դժվարանում եմ կոնկրետ գումար նշելը, բայց մատչելի գներով էլ կարելի է գեղեցիկ ու հետաքրքիր միջոցառում ունենալ:

Իսկ հայերը շա՞տ գումարներ են պատրաստ ծախսել հարսանյաց խնջույքների վրա:

Այո, եթե հնարավորությունը ներում է, հայերը սիրում են գեղեցիկ ձևավորում և անգամ տանում են դեպի ճոխություններ:

Ըստ Ձեզ՝ արժե՞ մեկ օրվա համար այդքան նյարդեր ու գումար ծախսել:

Մեկ օրվա համար ամեն մարդ իր հնարավորության սահմանում պետք է ծախսի: Եթե շատ գումար ունի եւ նման օր ունենալու մեծ ցանկություն, ինչո՞ւ ոչ… Այսօր ես այս բիզնեսի մեջ եմ, բայց շատ բաների համար ես՝ ինքս էլ հնարավորություն չունեմ, ուստի սահմանափակվում ենք այն ամենով, ինչի հնարավորությունն ունենք: Այսօր Հայաստանի ծառայությունների մատուցման  ոլորտում  գրեթե ամեն ինչ էլ կա, պարզապես պետք է յուրաքանչյուր անձ ճիշտ համահարթեցնի իր ցանկություններն ու հնարավորությունները:  

Գիտեմ նաեւ, որ շատ հայտնիների տեսահոլովակների դիզայնով եք զբաղվել՝ Լիլիթ Հովհաննիսյան, Միհրան Ծառուկյան, Արփի Գաբրիելյան եւ այլք: Ինչպե՞ս սկսեցիք համագործակցել շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ:

Համագործակցության առաջարկը հիմնականում իրենք են ներկայացնում, երբ զգում են, որ պայմաններն ու ճաշակը համապատասխանում է իրենց մտահաղացումներին: Դիմում են մեզ, մենք էլ սիրով համագործակցում ենք: Այս դեպքում հաճախ, նույնիսկ, համագործակցության ֆինանսական բաղադրիչը անցնում է երկրորդ պլան. գումարի մասին չենք մտածում, գումարի համար դա չենք անում…

Կարծրատիպ կա, թե շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ աշխատելն ավելի դժվար է: Հետաքրքիր է հայտնի հաճախորդների հե՞տ եք ավելի հեշտ համագործակցում, թե՞ ոչ հայտնի:

Այսքան ժամանակ հայտնի կամ ոչ հայտնի մարդկանց հետ աշխատելու ոչ մի խնդիր չենք ունեցել: Ես միշտ բոլորին հնարավորություն եմ ընձեռնում խոսել, արտահայտվել, որի ընթացքում փորձում եմ հասկանալ և ինձ համար բացահայտել, թե ինչը նրանց դուր կգա և ինչը՝ ոչ, եւ երբ արդեն վերջնական առաջարկն անում եմ, նրանք ասում  են, որ գտել եմ այն, ինչն իրենց պետք է: Առհասարակ, ես շատ հեշտ եմ գտնում շփման եզրեր հաճախորդների հետ և համբերատար լսում նրանց պատկերացումները, և իմ կարծիքով՝ մեր գործի հաջողության  հիմնական գրավականն իմ համբերությունն է: Ամեն ինչը ընդունում ու հասկանում եմ, մտնում բոլորի դրության մեջ՝ փորձելով գտնել ճիշտ լուծումներ :

Հետեւու՞ւմ եք միջազգային ստանդարտներին: Ի՞նչն եք կարեւորում:

Իհարկե, հետեւում ենք միջազգային ստանդարտներին: Բացի դրանից, կարեւորում ենք որակով աշխատանք կատարելը՝ ապահովելով մարդկային կյանքի անվտանգությունը, քանզի հաճախ գործ ունենք մեծ և ծանր դեկորացիաների հետ: Ի դեպ, ոչ բոլոր ձևավորողներն են այս հարցում այդքան բծախնդիր ու պահանջկոտ: Ելնելով այս սկզբունքից՝ մենք ձևավորման յուրաքանչյուր  դետալ շատ ուշադիր ենք պատրաստում: Ձևավորման մեջ երբեք չեմ օգտագործի մի բան, որը կարող է միջոցառման ընթացքում ընկնել, կոտրվել կամ այլ կերպ վնաս պատճառել տվյալ միջոցառման հյուրերին: Պետք է ապահովագրես քեզ երեխաներ կամ գինովցած մարդկանց հետ կապված ֆորսմաժորներից:  Մեր կոնտսրուկցիաները պետք է ամուր լինեն, որպեսզի հեշտությամբ չկոտրվեն եւ չընկնեն: Հաճախ մարդկանց  թվում է, որ շատ մեծ  գումարներ են հատկացնում ձևավորման համար, սակայն չեն գիտակցում, որ այդ գումարն այնքան շատ բաների վրա է ծախսվում, որ իրականում շատ քիչ գումար է մնում եկամտի տեսքով: Նրանք չեն պատկերացնում, թե ինչ ահռելի աշխատանք է տարվում, որպեսզի ստացվի այդ գեղեցկությունը: Որպես համեմատություն՝ ասեմ, որ արտասահմանում ձևավորողները շատ բարձր են գնահատվում՝ հետևավաբար և վարձատրվում:

Հարսանեկան դիզայնի հայկական եւ միջազգային չափանիշները շա՞տ են տարբերվում:

Պատկերացրեք՝ ոչ, տարբերությունը մեծ չէ: Հայերը շատ ձգտումներ ունեն եւ բարձր ճաշակ:

Նարինե, ամեն օր ծանր գրաֆիկով եք աշխատում, շփվում տարբեր մարդկանց հետ: Այդքան ծանրաբեռնված լինելով՝ որտեղի՞ց եք ժամանակ գտնում ոգեշնչման համար:

Չեմ կարող պատասխանել այդ հարցին… Հաճախ նկատել եմ, որ մի հաճախորդի հետ քննարկման ընթացքում ուղեղումս ծագում է մյուս հաճախորդի դիզայնի այս կամ այն լուծումը և հուսահատության փոխարեն իմ մեջ արթնանում է ոգևորության մի նոր ալիք: Ինձ մոտիկից ճանաչողները հաճախ են ասում՝ քո փոխարեն չէինք դիմանա, բայց ես դիմանում եմ, քանի որ սիրով եւ հաճույքով եմ կատարում այն, ինչ անում եմ: Երեւի դա է իմ հաջողության գաղտնիքն ու գրավականը:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել