ԱՄՆ-ում բնակվող հայազգի դերասան Րաֆֆի Բարսումյանը շատերի համար բացահայտում դարձավ ամերիկյան ամենահայտնի հեռուստասերիալներից մեկի՝ «Վամպիրի օրագրեր»-ի 5-րդ եթերաշրջանից: Արտահայտիչ դիմագծերով հայ երիտասարդը սերիալում մարմնավորում էր եթերաշրջանի գլխավոր չարագործին՝ Մարկոսին, որն ամեն կերպ կանգնում էր հերոսների ճանապարհին: Րաֆֆին Լոս Անջելեսում հայտնի է նաեւ թատերական աշխարհին: Նա խաղում է Շեքսպիրի կենտրոնի ներկայացումներում եւ ասում՝ թատրոնն իր կյանքում առանձնահատուկ տեղ է գրավում:
Օրերս CBS հեռուստաալիքի եթերում հայտնվեց Քրեյք Սուինիի նոր հեռուստասերիալը՝ The Code-ը («Կոդեքս»), որտեղ մեր հայրենակիցը մարմնավորում է գլխավոր հերոսներից մեկին՝ հրամանատար Ռամի Ահմադիին: Հեռուստասերիալը ռազմածովային ուժերի աշխատակիցների մասին է, իսկ առաջին սերիան հեռարձակվել է ապրիլի 9-ին: Սերիալում նկարահանվել են նաեւ ամերիկյան կինոյի հայտնի դերասաններ Դանա Դելանին, Աննա Վուդը, Լյուք Միտչելը եւ այլք:
NEWS.am STYLE-ն, իհարկե, չէր կարող անտարբեր անցնել Րաֆֆիի հերթայկան հաջողության կողքով: Մենք զրուցել ենք դերասանի հետ՝ նոր աշխատանքի, սպասումների, կերպարի առաձնահատկությունների եւ առաջիկայում Հայաստան այցելելու ծրագրերի մասին:
Րաֆֆի, նախ՝ շնորհավորում եմ CBS-ի The Code («Կոդեքս») հեռուստասերիալում առաջատար դերի համար. դե, պատմիր՝ ինչպե՞ս ստացար այդ աշխատանքը:
Շնորհակալ եմ…Այո, իսկապես, հաճույքով եմ աշխատում ամերիկյան այս հեռուստասերիալում, որը ռազմական թեմայով է: Սկզբում քասթինգ եմ անցել հեռուստանախագծի ռեժիսորի մոտ, իսկ հետո՝ դրա հեղինակի, որից հետո ինձ լսել են նաեւ պրոդյուսերները: Երեւի մոտ երեք առանձին քասթինքների միջով եմ անցել, եւ վերջապես ստացել այդ դերը:
Քո կերպարը՝ Ռամի Ահմադին, ֆիլմի գլխավոր հերոսներից է: Հե՞շտ է մարմնավորել սպայի կերպարը: Գիտեմ, որ որոշ դերաաններ մինչ կերպարին մարմնավորելը տվյալ մասնագիտության մեջ որոշ հետազոտություններ են անում, շփվում իրենց կերպարներին նման մարդկանց հետ…
Իրադարձությունները տեղի են ունենում շատ հատուկ մի վայրում: Ռամի Ահմադին ծովային հրամանատար է, որն աշխատում է ԱՄՆ-ի դատախազությունում: Նա ունի շատ լավ թիմ, որոնք բոլորն էլ իրենց գործին նվիրված փորձառու մասնագետներ են: Ես շատ եմ կարդացել, որպեսզի հասկանամ, թե ինչպես են աշխատում այդ ոլորտում, ինչ գործառույթներ են կատարում, որպեսզի պատկերացնեմ, թե ինչ ճանապարհ պետք է անցած լինի իմ հերոսը, մինչեւ գլխավոր հրամանատար դառնալը: Դրան զուգահեռ ուսումնասիրում էի նաեւ օրենսդրությունը. ռազմածովային օրենքները տարբերվում են: Բարեբախտաբար, մեզ հնարավորություն ընձեռվեց շփվելու համապատասխան մասնագետների հետ, որոնք շատ լավ գլուխ են հանում այս գործից, եւ ես հաճախ էի նրանց դիմում խորհուրդի համար:
Քո մասնակցությամբ նախորդ հեռուստասերիալը՝ «Վամպիրի օրագրերը», ֆանտաստիկ ժանրում էր: Ո՞ր ֆիլմն ու կերպարն են իրենց ժանրով ավելի մոտ քեզ:
Կարծում եմ՝ ամեն ժանրն ունի իրեն հատուկ հետաքրքրությունները եւ յուրաքանչյուրն էլ մարտահրավեր է դերասանի համար. չեմ կարող ասել, թե որն եմ ավելի շատ նախընտրում: Որպես հեռուստադիտող՝ հետաքրքրությամբ դիտում եմ տարբեր ժանրի ֆիլմեր, ինձ համար կարեւոր է, որ ներկայացված պատմությունը հետաքրքիր լինի: Այս վերջին տարվա ընթացքում, իսկապես, հաճույքով եմ մարմնավորել Ռամի Ահմադիի կերպարը: Նա ձգտում է կատարելության, փորձում է ամեն կերպ լինել օգտակար: Կարծում եմ՝ նման մարդկանց մեջ կան եւ հիացմունքի, եւ ինչ-որ տեղ նաեւ հումորի տարրեր:
Հայտնի գործընկերներիդ հետ աշխատանքի մասին ի՞նչ կասես:
Նախագծում ներառված դերասաններն, ուղղակի, հրաշալի են՝ աննկարագրելի տաղանդավոր, բայց ամենակարեւորն այն է, որ նաեւ շատ լավ մարդիկ են: Դանա Դելանին շատ պահանջված դերասանուհի է այստեղ, նա հայտնի է բազմաթիվ ֆիլմերից ու նախագծերից: Առանձնակի հաճելի է նրա հետ աշխատելն ու նրանից մասնագիտական խորհուրդներ ստանալը: Առհասարակ, բոլորն էլ բարի են, հանճարեղ, աշխատասեր, նրանցից շատերը հեռուստատեսային մեծ փորձ ունեն: Այսպիսի պրոֆեսիոնալների կողքին աշխատելը կրկնակի հաճույք է, եւ ուրախ եմ, որ այս հրաշալի ճանապարհորդությունը հենց նրանց հետ եմ անցնում:
«Վամպիրի օրագրերը» ամերիկյան ամենառեյտինգային հեռուստասերիալներից դարձավ. Ի՞նչ ես կարծում`«Կոդեքսը» նման հաջողության հասնելու շանսեր ունի՞:
Դե, դա դեռ մեծ հարց է: Հուսով եմ՝ այո: Այս պահին ինձ պարզապես հաճելի է մի նոր ու հետաքրքիր նախագծի մասնիկը լինելը: Մենք զրոյից ենք կերտել այս շոուն, Իսկ որպես դերասան՝ ոչ միշտ է հաջողվում որեւէ նախագծում ներառված լինել հենց սկզբից: Ուրախ եմ, որ այս նախագիծը կյանքի է կոչվում նաեւ իմ մասնակցության շնորհիվ եւ, իհարկե, հույս ունեմ, որ մեզ կսիրեն շատերը եւ մենք ավելի լայն լսարանների կհասնենք:
Բավականին, հիացմունքով ես խոսում նախագծի մասին. ի՞նչն է քեզ հատկապես գրավում դրա մեջ:
Ինձ համար ռազմական ոլորտը միշտ էլ հետաքրքիր է եղել: Այն առանձնահատուկ մշակույթ է՝ իր կանոններով, կոդերով ու ավանդույթներով հանդերձ: Դրա պատմությունն ահռելի է ու հետաքրքիր: Բացի այդ՝ մեծ պատիվ է մարմնավորել մարդկանց, որոնք իրենց կյանքը նվիրում են հայրենիքին ծառայելուն: Մենք դերասան ենք, այդ ամենը միայն ձեւացնում ենք եւ երբեք չենք կարող իմանալ, թե ինչ է դա իրականում նշանակում, բայց այդ ամենը պատկերացնելն անգամ դրամատիկ է: Պետք է ջանք չխնայենք իրենց աշխատանքն արժանվույնս ներկայացնելու համար՝ որպես հարգանքի տուրք այս մասնագիտության տեր մարդկանց:
Բացի ֆիլմերից՝ նաեւ թատրոնում ես աշխատում… Այս ընթացքում այդ ոլորտում նորություններ ունե՞ս:
Այո, ես միշտ կլինեմ թատրոնում: Կենդանի խաղը կախարդական մի բան է եւ միշտ բարձր է պահում դերասանական հմտություններդ: Այն, իսկապես, փորձություններով լի է, եւ ես միշտ փնտրում եմ թատրոնում խաղալու հնարավորություններ: Վերջին անգամ ներկայացում ունեցել եմ մինչեւ «Կոդեքս» հեռուստասերիալի նկարահանումները սկսելը: Խաղացել եմ Շեքսպիրի գործերից Henry IV ներկայցման մեջ: Հրաշալի գործ էր, որտեղ ներառված էր նաեւ Թոմ Հենքսը:
Իսկ «Կոդեքս»-ի նկարահանումները դեռ շարունակվո՞ւմ են: Հայտնի՞ է, թե քանի եթերաշրջան այն կունենա:
Մոտ մեկ ամիս առաջ ավարտեցինք առաջին եթերաշրջանի նկարահանումները, որից հետո նոր առաջին սերիան եթեր հեռարձակվեց: Առայժմ միայն 12 սերիա ենք նկարահանել: Հուսով եմ՝ առաջիկայում կհայտարարեն այլ եթերարջանների մասին:
Րաֆֆի, հիշում եմ՝ մեր առաջին հարցազրույցի ժամանակ նշել էիր, որ մեծ ցանկություն ունես այցելելու Հայաստան: Այս ընթացքում հասցրե՞լ ես իրականացնել այդ նպատակդ:
Ցավոք՝ պետք է ասեմ, որ դեռ նման հնարավորություն չեմ ունեցել: Վերջին անգամ Հայաստանում եղել եմ 2005 թ-ին, ինչպես նշել էի այդ հարցազրույցի մեջ, եւ դա դեռեւս իմ միակ այցն է եղել հայրենիք: Լսել եմ՝ այս տարիների ընթացքում Հայաստանում շատ փոփոխություններ են եղել, հետեւում էի Թավշյա հեղափոխության ամբողջ ընթացքին: Կարծես, թե հիմա շատ հետաքրքիր ժամանակաշրջան է այցելության համար, անհամբերությամբ սպասում եմ այդ ճանապարհորդությանը:
Իսկ հայկական ֆիլմեր կամ սերիալներ դիտե՞լ ես: Հետաքրքիր է իմանալ քո կարծիքը հայկական ֆիլմարտադրության մասին:
Չէի ասի, թե հայկական արտադրության շատ ֆիլմեր եմ դիտել: Այս տարիների ընթացքում Հայկոյի եւ Մկոյի սքեթչերն եմ դիտել, ինչպես շատերը (ժպտում է): Կարծում եմ՝ հրաշալի էին մարմնավորում այդ բոլոր կերպարներին: Իսկ էլ ի՞նչ կառաջարկեիք դիտել…
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Րաֆֆի Բարսումյանի անձնական արխիվից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:30, 1 ապրիլի
Խորհուրդներ հոգեբանից. ինչպե՞ս ասել զուգընկերոջը, որ նրա հետ սեքսն այնքան էլ լավ չէ21:00, 1 ապրիլի
20:30, 1 ապրիլի
Երազանքների զգեստ․ ի՞նչ հարսանեկան հանդերձանք են նախընտրել հայ հայտնիները (ֆոտո)15:11, 1 ապրիլի
Wish list. նորաոճ արեւային ակնոցներ14:40, 1 ապրիլի
Լողազգեստներ 2023. ինչո՞վ ենք վայելելու ծովը այս սեզոնում12:21, 1 ապրիլի
Նոր կերպար, նոր մարտահրավերներ․ Մկրտիչ Արզումանյանը՝ «Два плюс два» ներկայացման, ծանոթ անվամբ, բայց հանդիսատեսին դեռեւս անծանոթ իր հերոսի մասին11:05, 1 ապրիլի
«Սա այն պահն է, որ ոչ մի հնարավոր միջազգային հարթակ չպետք է բաց թողնենք»․ Սյուզաննա Մելքոնյանը՝ «Սլավյանսկի բազար»-ին իր մասնակցության մասին09:00, 1 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:10, 31 մարտի
Դեն Բիլզերյանը՝ կանանց հետ հարաբերությունների, երբեք չամուսնանալու մտադրության ու դրա պատճառի մասին22:32, 31 մարտի
«Որպեսզի ոչ մեկին չնեղացնեմ»․ 37-ամյա բրազիլացին վեց կին ունի, յուրաքանչյուրից երեխա է ուզում փոխնակ մոր օգնությամբ21:15, 31 մարտի
Ջենիֆեր Էնիսթոնն ափսոսում է, որ երիտասարդ սերունդն «Ընկերներ» սիթքոմը վիրավորական է համարում20:08, 31 մարտի
«Ամբողջ կյանքում կրծկալ գնելը մղձավանջ է»․ համաշխարհային աստղերն իրենց փարթամ բարեմասնությունների մասին