«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Սաթենիկ Չուգասզյանը հին հռոմեական խճանկարների, Հուլիոս Կեսարի եւ մանկուց արվեստի հանդեպ հետաքրքրություն սերմանելու մասին (ֆոտո)

11:31, 28 դեկտեմբերի

NEWS am. STYLE-ն իր լսարանին ծանոթացնում է ոչ միայն շոու բիզնեսի, բյութի ինդուստրիայի եւ բազմատեսակ զվարճանքների նորություններին, այլ նաեւ մեր մշակութային իրականության նշանակալի իրադարձություններին եւ անհատներին: Այս տեսանկյունից աններելի կլիներ չանդրադառնալ հեռացող տարվա գլխավոր իրադարձություններից մեկին՝ Կապիտոլյան թանգարանների հավաքածուից Հին հռոմեական 21 եզակի խճանկարների ցուցահանդեսին, որն օգոստոսից սեպտեմբեր ցուցադրվում էր Հայաստանի Ազգային պատկերասրահում: Հայկական կողմից ցուցադրության իրագործման համար աշխատել է պրոֆեսիոնալների մի ամբողջ թիմ՝ պատկերասրահի դեկորատիվ-կիրառական բաժնի ղեկավար, արվեստագիտության թեկնածու (ԵՊՀ հայ արվեստի պատմության եւ տեսության ամբիոնի դասախոս) Սաթենիկ Չուգասզյանի գլխավորությամբ: Նրա հետ զրուցել ենք ե՛ւ խճանկարի, ե՛ւ շատ այլ թեմաների շուրջ...

Ավելի մանրամասն կպատմե՞ս խճանկարների մասին... Եվ ընդհանրապես, ինչպե՞ս է ցուցահանդեսը իրագործվել:

Ցուցահանդեսը հնարավոր դարձավ իրագործել Հայաստանում Իտալիայի դեսպանության աջակցությամբ: Սա երրորդ ցուցադրությունն է, որն անցկացվել է Ազգային Պատկերասրահում դեսպանի՝ պարոն Վինչենցո դել Մոնակոյի նախաձեռնությամբ: Հենց նրա ջանքերով է հավաքածուն, որն անգամ Հռոմում չեն ցուցադրել, հայտնվել այստեղ՝ Երեւանում: Ըստ մտահղացման եւ կատարման՝ իրավամբ ինքնատիպ նմուշները վերականգնելուց հետո որոշել են տարբեր երկրներում ներկայացնել: Առաջինը ցուցադրվել է  Բուլղարիայում, այնուհետեւ այստեղ, որից հետո տեղափոխվել է Վրաստան: Համաձայնվեք, որ Հռոմ գնալու հնարավորություն ոչ բոլորն ունեն, իսկ այս ցուցահանդեսը լայն հանրությանը թույլ է տալիս պատկերացում կազմել արվեստի պատմության կարևորագույն շրջաններից և տեսակներից մեկի վերաբերյալ:

Դրանք առաջին անգամ հայտնաբերվել են 19-20-րդ դարերն ընկած ժամանակահատվածում... 1870 թվականին, երբ Հռոմը դարձավ մայրաքաղաք, ենթակառուցվածքներն արմատապես փոխելու համար որոշվեց քաղաքն ամբողջությամբ վերակառուցել: Հենց այդ ժամանակ էլ պատահաբար գտան խճանկարները: Սկզբում դրանց արժեքը չհասկանալով, շատ խճանկարներ են ոչնչացրել, միայն որոշակի կտորներ են հանել: Երբ գիտակցել են դրանց կարեւորությունը, պեղումներ են կազմակերպել եւ այլ նմուշներ գտել:   

Հավաքածուն անզուգական է: Կան ե՛ւ գունավոր, ե՛ւ սեւ-սպիտակ խճանկարներ, որոնք հայտնաբերվել են վիլլաներում եւ գերեզմանոցներում... Ի դեպ, ուշագրավ է, որ պատի եւ հատակի խճանկարները միմյանցից շատ տարբերվում են ոչ միայն թեմաներով, այլ նաև տեխնիկաներով: Եթե հատակի համար օգտագործվել են մարմարի տարբեր տեսակներ, ապա պատերի խճանկարները ստեղծելիս կիրառել են  բազմագույն ապակիներ: Իտալիայում ապակեգործության հմտություններին տիրապետել են  դեռևս հնագույն ժամանակներից: Եվ ամենահետաքրքիրը, որ պատերի խճանկարները ստեղծելիս ՝ ապակին վարպետորեն համադրել են խեցիների, ներառյալ սադափների հետ, որն առավել հաճախ է հանդիպում արեւելքում:  Հայտնի է, որ ցուցադրությանը ներկայացված խճանկարներից մեկը զարդարել է Հուլիոս Կեսարի պալատի հատակը. նա դրանց մեծ սիրահարն էր. խճանկարով էր ծածկում ոչ միայն իր տների հատակը կամ պատերը, այլեւ ռազմական արշավանքների ժամանակավոր կացարանները:

Վիթխարի այգիներով վիլլաների շատրվանները ևս զարդարվել են խճանկարներով: Ուշագրավ է, որ Ներոն կայսրի օրոք ստեղծված և ցուցադրության գոհարներից մեկը հանդիսացող խճանկարի զարդը ուղղաձիգ է տեղադրված: Այս լուծումն  առաջին անգամ ի հայտ է եկել  հռոմեական արվեստում, մինչդեռ  հունական եւ եգիպտական ստեղծագործություններում զարդերը  հորիզոնական հարդարանք ունեին:

Ցուցահանդեսին ներկայացված էին նաեւ քրիստոնեական արվեստին առնչվող թեմաներով խճանկարներ․ օրինակ՝ դամբարանից գտնված սիրամարգի պատկերը: Հռոմեական անտիկ ժամանակաշրջանում այս թռչունը խորհրդանշում էր հավերժությունը. նա փետուրները կորցնում էր, իսկ գարնանը  դրանք նորից էին աճում... Նույն գաղափարն էր սիրամարգը կրում նաև քրիստոնեական արվեստում՝ խորհրդանշելով անմահությունը. համարվում էր, որ այս թռչունի միսը չի փտում:

Մյուս հետաքրքիր խճանկարներից են մարզիկների պատկերները: Այդ ժամանակաշրջանում սպորտը շատ զարգացած էր Հռոմում. Խճանկարներում ցուցադրված են ուժեղ, մարզված տղամարդիկ, որոնց հատկապես դիմանկարները  շատ վարպետորեն են կատարված...

Ցուցադրության յուրօրինակ խումբ էին կազմում աբստրակտ նախշերով խճանկարները, որոնք շատ ժամանակակից տեսք ունեին, որոշ հատվածներ ընդհանրապես ասես կատարված լինեն 3D էֆեկտով, իսկ մի քանիսը ասես արտ-նովոյի ոգով արված լինեն։

Չէ՞ որ մեր մշակույթում էլ էին տարածված խճանկարները...

Այո, Արտաշատից են գտնվել հետաքրքիր նմուշներ, Գառնիից՝ բաղնիքի խճանկարը... Եվ մենք դրանք և մյուս հայկական օրինակները թվային պրոյեկցիայի միջոցով ցուցադրել էինք, որպեսզի այցելուները կարողանային համեմատել եւ  գնահատել նաև մեր արվեստը:

Դու, ահա, ամեն ինչ անչափ մատչելի ու հասկանալի ես պատմում... Բայց համաձայնվիր, որ բնակչության մեծ մասը, որ «նստած» է սերիալների եւ այլեւայլ լայն սպառման արտադրանքի վրա, ընդհանրապես ոչ մի բան չգիտի  այդ խճանկարների մասին եւ թույլ տվեք ասել՝ որոշակիորեն լիկբեզի կարիք ունի: Նա տեղեկությունների կարիք ունի...

Անշուշտ։ Ես կարծում եմ, որ գեղեցիկի հանդեպ սերը պետք է սերմանել մանկուց: Ծնողներս ստիպելով էին ինձ տանում դասական երաժշտության համերգների, ես տառապում էի, տանջվում, բայց արդյունքում ես սկսեցի սիրել ու  գնահատել այն: Հիմա շատ շնորհակալ եմ նրանց... Ի դեպ, մեզ մոտ Պատկերասրահում փոքրիկների համար հատուկ դասընթացներ կան. նրանք հետաքրքիր դասախոսություններ են լսում, նկարում եւ բացահայտում նկարների բովանդակությունը... Ես համոզված եմ, որ, օրինակ, «Արվեստի պատմություն» առարկան դպրոցական ծրագրում իրոք անհրաժեշտ է: Թող խորացված չմատուցվի, բայց երեխաները պետք է Վերածնունդը Մոդեռնիզմից տարբերեն, տեսնեն դարաշրջանների միջեւ եղած տարբերությունը, որը կնպասի  երեխաների գեղագիտական ճաշակի զարգացմանը... Սա հենց այն է, ինչը թույլ կտա բարձրացնել բնակչության կրթական եւ մշակութային մակարդակը, ապահովելով մեր երեխաների ավելի լայն մտահորիզոնը։

Դու քո մասնագիտության մեջ առաջատար, եզակի մասնագետ ես... Ի՞նչ ես կարծում՝ այնպիսի մարդիկ, ինչպիսին դու ես, մեր երկրում հեռանկարներ ունե՞ն

Ես մեծ լավատես եմ, եւ ինձ թվում է, որ իրավիճակը վաղ թե ուշ կբարելավվի: Արդեն աստիճանաբար փոխվում է: Գիտես մեր մասնագիտության համար շատ  կարեւոր է ճամփորդել, տեսնել, կլանել... Առանց դրա, անհնար է:

Բայց համաձայնվիր, որ ոչ բոլորը նման հնարավորություններ ունեն...

Իհարկե, ոչ բոլորը: Ինչպես չեմ ունեցել նաեւ ես: Փոխարենը կարելի էր դիմել տարբեր վերապատրաստման ծրագրերի եւ կրթաթոշակների, ինչն էլ  բոլորին խորհուրդ եմ տալիս անել, քանզի նման միջոցներն նպաստում են մասնագիտական աճին: Սկզբում բավականին դժվար է, բայց միայն այդպես ես կլանում արժեքավոր տեղեկությունները եւ գիտելիքները. Ինչը հնարավոր չէ միայն համացանցի միջոցով ստանալ: Արվեստով զբաղվող մարդն ուղղակի պարտավոր է իր մտահորիզոնն ընդլայնել ուղեւորությունների եւ նման փորձի միջոցով: Ալեքսանդր Թամանյանը Թամանյան չէր դառնա, եթե արտասահմանում բնակված չլիներ. մենք չէինք ունենա ո՛չ Հանրապետության հրապարակը, ո՛չ Օպերայի թատրոնը: Այն տարիների շատ նկարիչներ, քանդակագործներ բնակվել են Եվրոպայում. մեկը սովորել է Ռոդենի մոտ, մյուսը գտնվել է իմպրեսիոնիստների միջավայրում եւ նրանց հետ սերտ շփվել: Ինչպես, օրինակ, Զաքարե Զաքարյանը, որը մասնագիտությամբ բժիշկ էր, բայց հայտնվելով նման միջավայրում, վերածվել է յուրօրինակ նկարչի, որի դիմանկարն է  նկարել է Էդգար Դեգան: 

Իսկ եթե քո դուստրը կամ որդին վաղն ասի. «Մամ, ուզում եմ նկարիչ դառնալ» կամ «Երազում եմ արվեստաբան լինել»... Ի՞նչ կասես:

Կարծում եմ կհարգեմ նրա ընտրությունը, բայց կաշխատեմ ամեն ինչ անել, որ երեխան աշխարհը տեսնելու հնարավորություն ունենա. ներսից ուսումնասիրի այն, ինչը հետագայում կդառնա նրա մասնագիտությունը, կձեւավորի որպես անհատ: Եվ տա Աստված, որ ապագայում նման հեռանկարը անհնարին չթվա...

 

Աննա Սաթյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել