Երեւի՝ աշխարհում շատ քիչ են այն աղջիկները, որոնք, գոնե, փոքր տարիքում իրենց չեն պատկերացրել հարսանեկան սպիտակ զգեստով՝ շքեղ, գեղեցիկ, փայլուն, հեքիաթային զգեստով… Ժամանակն առաջ է գնում, փոխվում են նաեւ աղջիկների պատկերացումներն ու ճաշակը. դե, օրինակ, փքված եւ մեծ ծավալ ունեցող զգեստներն այսօր հաճախ փոխարինվում են ավելի զուսպ ու էլեգանտ տարբերակներով, բայց մի բան շատերի մոտ անփոփոխ է մնում՝ հարսանեկան զգեստի գույնը, որը սովորության համաձայն՝ շատ երկրների հարսնացուների համար սպիտակն է: Սա, իհարկե, կապված է սպիտակի՝ մաքրությունը խորհրդանշող ավանդության հետ: Ավելի համարձակ աղջիկները, սակայն, դեմ չեն դիմել փորձարկումների եւ իրենց հարսանեկան կերպարի համար ընտրել այլընտրանքային գույներ…
Դիզայներ Գայանե Մարտիրոսյանը համարձակ պատվիրատուների պակաս չունի: NEWS.am STYLE-ը նրա հետ զրուցել է հարսանեկան զգեստի ավանդական եւ այլընտրանքային գույների եւ հարսնացուի կերպարն ամբողջացնող աքսեսուարների մասին:

Նախ՝ վերհիշեցինք սպիտակ հարսանեկան զգեստի ավանդական եւ թրենդային դառնալու պատմությունը.
«Սպիտակի՝ հարսանեկան գույն դառնալու իրական պատմությունը մեզ հասել է Ռենեսանսի ժամանակաշրջանից։

Ամենաառաջինը նորաձեւության պատմության մեջ հիշատակված է Լյուդովիկոս 12-րդի կնոջ՝ Աննայի մասին: Ավելի ուշ՝ 17-րդ դարում, նաեւ Անգլիայում կայացավ սպիտակ զգեստով հարսանիք, կրկին՝ իշխանական, որը, չգիտես՝ ինչու, շատերը հիշատակում են՝ որպես առաջին դեպքը պատմության մեջ...Ես հակված եմ Ռենեսանսի տարբերակին հավատալուն, քանի որ դա մի ժամանակաշրջան էր, երբ արվեստի ու գեղեցիկի ընկալումը տակն ու վրա եղավ, նորոգվեց եւ ավելի զորեղ դարձավ ... Ի վերջո, նորաձեւությունը միշտ էլ Ֆրանսիայից է պայթել»,-համոզված է դիզայները:
Չնայած այսօր քիչ չեն հարսնացուները, որոնք պատրաստ են սպիտակը փոխարինել այլ երանգներով, Գայանեի խոսքով՝ նորաձեւության աշխարհում տարածված չէ հարսանեկան զգեստի դեպքում այլ գույների կիրառման քարոզը.


«Հարսանեկան զգեստների առաջատար դիզայներների կողմից, ինչպիսիք են ու եղել են Լագերֆելդը, Վերա Վանգը եւ այլք, միշտ նկատվել է սպիտակի առաջարկը։ Կարծում եմ՝ անհատի ցանկությունը մեծ դեր ունի գույնի ընտրության հարցում»,-ասում է նա ու հավելում՝ «Արեւելյան մշակույթում հաճախ կարելի է հանդիպել նաեւ կարմիրը, ոսկեգույնը, դեղինը եւ ծիրանին՝ որպես հարսանեկան զգեստի գույն»:


Այնուամենայնիվ, իր պրակտիկայում Գայանեն մեկ անգամ չէ, որ ստեղծել է այլ երանգների հարսանեկան զգեստներ.
«Զույգը հայտնի էր ու շատ գեղեցիկ... Պատվիրեցին պաստելային մենթոլի երանգը՝ կաթնագույնի համադրությամբ։


Հիանալի ստացվեց։ Առհասարակ, ինքս ստեղծել եմ շատ հարսանեկան տարբերակներ՝ թե´ գունային եւ թե´ ոճային, քանի որ իմ հաճախորդները համարձակ, ռոմանտիկ, երջանիկ, ուրախ եւ ամենակարեւորը՝ տարբերվելու նպատակով ինձ այցելող մարդիկ են»:

Գայանեն հավելում է, որ հայ փեսացուներն էլ հաճախ սիրով են մասնակցում իրենց սիրելիների երազանքների զգեստի էսքիզների ու գույնի քննարկմանը.


«Հաճախ փեսացուն ինքն է գույն ընտրում եւ ասում, որ, օրինակ, վարդագույնով կամ կարմիրով իր ապագա կինը ավելի անմոռաց տեսք կունենա իր համար ... Այդպիսի դեպքերում ես միշտ զիջում եմ նրանց համատեղ որոշմանը»,-պատմում է դիզայները, որն իր պատվիրատուներից յուրաքամչյուրին ինդիվիդուալ մոտեցում է ցույց տալիս.

«Պետք է հարսնացուն տարբերվի հյուրերից եւ որ ամենակարեւորն է՝ հարսանեկան շքեղ տորթից։ Կարծում եմ՝ ասելիքս պարզ է՝ ոչ շատ համեստ, ոչ էլ՝ չափազանց ծավալուն ու անհարմար...Մոտեցումը ինդիվիդուալ պիտի լինի։ Յուրաքանչյուր կնոջ չափսերը դիագնոզի նման փաստեր են, որ թելադրում են գործի կեսը»:

Գայանեն բացի զգեստներից՝ հայտնի է նաեւ իր ստեղծած աքսեսուարներով: Դիզայների կարծիքով՝ դրանք կերպարը լրացնելու ամենակարեւոր բաղադրիչներն են.
«Զարդերն ինձ մոտ ավելի կարեւոր են, քան զգեստը, քանի որ զարդը նման է ուտեստի, իսկ զգեստը՝ ոճային սպասքի, որի վրա մատուցվում է ուտեստը։ Դու երբեք չես ուզի հիշել այն ափսեն, որի մեջ անհամ, թերի եւ փնթի ուտեստ է մատուցվել...


Այո, զարդն է ոճ ստեղծողը եւ նորաձեւության շարժիչ ուժը։

Լինի դա ադամանդ, մարգարիտ, թե շքեղ, խոշոր նորաձեւ աքսեսուար, պիտի լինի բարձրակարգ կերպով պատրաստված եւ թելադրի հարսնացուի ոճը: Հայ փեսացուներին խորհուրդ կտամ, որ պահեն մի շատ գեղեցիկ ավանդույթ, որն է՝ հարսի ձեռագործ գոտին: Դա նույնքան գեղեցիկ է, որքան սկեսուր մայրիկի լավաշը»,-ժպիտով նշեց նա:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Գայանե Մարտիրոսյանի անձնական արխիվից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:38, 18 հոկտեմբերի

15:30, 18 հոկտեմբերի
«Միշտ ոգևորված եմ՝ բացահայտելու իմ արմատները». Գրիգոր Ջաբոտյանը՝ հայկական նորաձևության և մոդել Արմինե Հարությունյանի հետ համագործակցության մասին14:15, 18 հոկտեմբերի
«Մոսկվայի անամոթը»՝ Մկրտիչ Բալյան. Ինչպես նկուղային արկածախնդիրը հյուրերի նվաստացումը վերածեց թանկարժեք շոուի12:30, 18 հոկտեմբերի
50,000 դոլար արժողությամբ Rolex և շվեյցարական դասականը. Ի՞նչ են կրում Խաչատուր Սուքիասյանը և հայկական քաղաքական էլիտան իրենց դաստակներին10:30, 18 հոկտեմբերի

09:00, 18 հոկտեմբերի
Հորոսկոպ. Պլուտոնը վերջապես դուրս է գալիս հետադարձ շարժումից19:28, 17 հոկտեմբերի
«Երբ նստում ես ինքնաթիռ, այն չի հարցնում՝ տղամարդ ես, թե կին». «Թռչող դաշնակահարուհին»՝ Նարինե Մելքումյան18:18, 17 հոկտեմբերի
Սկանդալ Michelin Guide-ի շուրջ. հայտնի ռեստորանային ուղեցույցը մեղադրվում է ակնարկներ գրելու համար արհեստական բանականություն օգտագործելու մեջ17:32, 17 հոկտեմբերի
Rolex-ը՝ ոսկու փոխարեն. Ինչու են միլիարդատերերը ներդրում կատարում ժամացույցների, ռուբինների և Կլիմտի նկարների մեջ16:04, 17 հոկտեմբերի
«Սարսափելի բան չկա». LVMH-ի ժառանգորդը բացատրում է, թե ինչու շքեղ ապրանքանիշերը չպետք է խուճապի մատնվեն ճգնաժամի պատճառով15:29, 17 հոկտեմբերի
Շերը բացահայտել է իր պաշտամունքային «մերկ» զգեստի գաղտնիքը, որը նա հագել էր 1974 թ-ի Met Gala-ին14:11, 17 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը պատմել է, թե ինչպես է Դենի ԴեՎիտոն կուլ տվել մարիխուանայով բոլոր ծխախոտները, երբ նրանց կանգնեցրել է ոստիկանությունը