Ռուսաստանաբնակ երգչուհի Արծվիկն (Արծվիկ Հարությունյան) այս շրջանում Հայաստանում է: Երգչուհին հայրենիք էր ժամանել Կապանի օրվան նվիրված՝ հոկտեմբերի 21-ին կայացած համերգին ելույթ ունենալու համար: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Արծվիկը նշեց, որ 8 տարի չէր եղել ծննդավայրում: Երգչուհին լուսանկարվել է մեր նոր ֆոտոշարքում ու խոսել Կապանի հետ իր կապի, պատերազմի ու կորոնավիրուսի հետեւանքով ունեցած դեպրեսիոն շրջանի, «Եվրատեսիլ»-ին եւս մեկ անգամ մասնակցելու պատրաստակամության, հորը 14 տարի առաջ կորցնելու ու նրա հետ մինչ օրս ամուր կապի մասին:
Երեւանում զբոսնելիս Արծվիկը խոստովանեց՝ այստեղ վերջին անգամ եղել էր երկու տարի առաջ, կարոտը մեծ է, ու փորձում է զգալ իր հարազատ ու սիրելի քաղաքի ամեն անկյունը:
«Այնպես ստացվեց, որ այս ամռան ընթացքում սա իմ երկրորդ այցն է Հայաստան: Նախորդ անգամ, պարզապես, եկել էի հանգստանալու, կարոտս առնելու համար, բայց Մոսկվայում շտապ գործեր առաջացան, ու ստիպված եղա շուտ մեկնել: Այս անգամ վերադարձել եմ հատուկ Կապան քաղաքի տոնին ելույթ ունենալու համար: Հրավերը ստացել եմ եղբորս՝ Գեւորգ Փարսյանից, որը Կապանի քաղաքապետն է»,-պատմեց նա՝ հավելելով, որ ծննդավայր Կապանում համերգով ելույթ ունենալն իր վաղեմի երազանքն էր, որն ինչ-որ չափով կատարվեց.
«Մեծ ոգեւորությամբ ընդունեցի այնտեղ ելույթ ունենալու առաջարկը: Իհարկե, ցանկություն ունեմ ավելի մեծ համերգով ներկայանալու, ինչն առաջիկայում կաշխատեմ իրագործել: Շատ տպավորված եմ համերգից: Երբ մտա Կապան, սկսեցի լաց լինել, քանի որ տեսա շատ դրական փոփոխություններ: Քաղաքը շատ գեղեցիկ է: Ցանկություն առաջացավ մեր բնակարանը վերանորոգելու, որպեսզի այնտեղ ավելի հաճախ կարողանամ այսուհետ լինել: Ավելի վաղ էի ուզում այցելել Կապան, բայց պանդեմիան խախտեց ծրագրերս: Վերջին անգամ 8-9 տարի առաջ էի եղել իմ ծննդավայրում»:
Արծվիկի համար Կապանը կապ է ոչ միայն իր մանկության, այլեւ՝ իր հոր հետ, որին երգչուհին կորցրել է 14 տարի առաջ: Նրա խոսքով՝ այնտեղ արթնացել են ամենաջերմ ու հուզիչ հուշերը.
«Ինձ համար Հայաստանն, առհասարակ, առաջին հերթին իմ կապն է հայրիկիս հետ: Առաջին բանը, որ արել եմ այստեղ, հորս գերեզմանին այցելելն էր: Նա արդեն 14 տարի է՝ մեզ հետ չէ, բայց չկա մի օր, որ ես չխոսեմ հայրիկիս մասին, որ չհիշեմ նրան: Նա ինձ վրա մեծ հետք է թողել, ես շատ կապված էի հորս հետ: Ինձ ասում են, որ բնավորությանս շատ գծերով եմ նման հայրիկիս՝ ազնվություն, բարոյականություն, պարզամտություն ու ճշտախոսություն, ու ես միշտ հպարտանում եմ այդ համեմատությունների համար»,-նշեց նա՝ հավելելով, որ Կապանում քայլել է իր հարազատ անկյուններով ու վերհիշել իրեն՝ մանկության տարիներին.
«Հենց մտնում եմ Կապան, հիշում եմ հին Արծվիկին՝ խելոք, համեստ: Իրականում շատ չեմ փոխվել: Կյանքի դասերից, նույնիսկ, շատ բան չեմ վերցրել՝ երբ ինչ-որ բան ասել, երբ լռել (ծիծաղում է): Փորձում եմ միշտ լինել բարի ու պարզամիտ, հավատալ բոլորին ու սիրել, ներել: Պետք է բաց թողնել մարդկանց ու ներել: Այս ամենին եկել եմ 2017 թ-ին՝ «Եվրատեսիլ»-ին մասնակցելուս շրջանում, երբ մի պահ մնացի մենակ: Նկատի ունեմ ընկերական շրջապատս: Իմ հանդեպ շատերի վերաբերնունքը փոխվեց, բայց մտերիմներից ես դա չէի սպասում: Իրականում շատերն են հիմա փոշմանել, ու ինձ ասել այդ մասին: Ես էլ հեշտ եմ ներում մարդկանց, բայց արդեն զգում եմ՝ կարո՞ղ է տվյալ մարդը կրկնել իր արարքը, թե՞ ոչ, ու դա, միգուցե, խանգարի, որ առաջվա նման մտերիմ լինեմ նրա հետ»:
Վերհիշելով պատերազմի օրերը՝ երգչուհին շեշտեց՝ հայրենիքից հեռու գտնվելը բոլորովին հեռու չէր պահում Հայաստանում կատարվող իրադարձություններից: Նա նկատեց, որ պատերազմի հետեւանքները, հատկապես, զգացել է Կապան գնալու ճանապարհին.
«Երեւանը նույնն է՝ ջերմ, լավ, արեւոտ: Երեւանի ներսում, անկեղծ ասած, փոփոխություն չեմ զգացել: Բայց Կապան տանող ճանապարհին մի քանի անգամ լաց եմ եղել, երբ տեսել եմ այդ դրոշները: Հոգեպես շատ դժվար պահ է: Ես ինձ պատրաստել էի դրան, բայց չստացվեց հանգիստ նայել այդ ամենին: Մի բան ասեմ՝ անգամ հեռվում գտնվելիս այս շրջանը մենք շատ ծանր ենք տարել: Տարբեր թիմերով փորձել ենք մեր հնարավորությունների չափով օգնել Հայաստանին, Արցախին: Հեռու գտնվելը շատ ծանր էր: Ես այդ ընթացքում չէի կարողանում տրամադրվել եւ աշխատել: Հիմա հաճախ են լինում այստեղ տարբեր առիթների ելույթ ունենալու առաջարկներ, բայց այս շրջանում ես դեռ պատրաստ չեմ, որոշ ժամանակ անց միայն կներկայանամ համերգով»:
Արծվիկի խոսքով՝ 2020-ը բոլոր առումներով է ծանր տարի եղել իր եւ շատերի համար.
«Մի օր արթնանում ես ու հասկանում, որ դու ոչ մեկին պետք չես: Պանդեմիայի շրջանում ես առցանց համերգներ չեմ արել, չեմ հասկանում այն մարդկանց, որոնք կարողանում են օնլայն ելույթներ ունենալ, քանի որ առանց հանդիսատեսի էներգետիկայի ոչինչ ինձ համար իմաստ չունի: Շատ դժվար էր, բայց հասկացա, որ դա էլ է հաղթահարելի: Պարզապես դրական տրամադրվեցի ու հասկացա, որ սա ընդմիշտ չի կարող լինել: Տան գործերով էի զբաղվում, շատ ժամանակ էի անցկացնում ամուսնուս հետ՝ դրական բաների վրա էի կենտրոնանում: Սկսել եմ վերլուծել ինքս ինձ, իմ ձեռքբերումները, անելիքները, ու հասկացել, որ քիչ ճանապարհ չեմ անցել…»:
Երգչուհին այս շրջանում աշխատում է նոր երգերի վրա: Ասում է՝ առայժմ նոր մրցույթների մասնակցելու ցանկություն չունի, բայց կա մի մրցույթ, որին պատրաստ է կրկին մասնակցել, եթե դրա անհրաժեշտությունը լինի.
«Միշտ պատրաստ եմ գնալ «Եվրատեսիլ», կարծում եմ՝ այդ մրցույթն, անկախ իր դժվարություններից, միշտ կմնա իմ սրտում: Միգուցե, գա մի օր, որ էլի ներկայանամ այդ մրցույթին, տեսնենք՝ ինչպես կստացվի»,-նշեց նա:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Հագուստը՝ Նաիրա Հովսեփյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:40, 27 սեպտեմբերի
«Ադրբեջանը ձերբակալում է Արցախի առաջնորդներին՝ մի տարածքի, որը երբեք չի վերահսկել: Մարդու իրավունքների ոտնահարում»․ Սերժ Թանկյանը՝ Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին18:19, 27 սեպտեմբերի
«Սթափվիր, հայ ժողովուրդ։ Մեզ կործանում են․․․»․ Եվա Զոհրաբյան16:34, 27 սեպտեմբերի
«Մի տարանջատիր ինձ քեզնից, քեզ ինձնից, մեզ իրարից: Մենք մեկ ենք՝ մի ամբողջություն»․ Անի Երանյան15:33, 27 սեպտեմբերի
«Իմ ընկերոջը՝ Ռուբեն Վարդանյանին, ձերբակալել են ադրբեջանցի զինվորականները»․ Թինա Կանդելակի14:06, 27 սեպտեմբերի
«Հադրութ․․․ երբեք չեմ պատկերացրել, որ մի օր անցյալով կխոսեմ գյուղիս մասին եւ այժմ պիտի կարոտս առնեմ՝ միայն այս կադրերը նայելով»․ Սարգիս Ավետիսյան13:28, 27 սեպտեմբերի
«Վերջին օրերին կյանքը նաեւ մարդ մնալու մասին է»․ Արեւիկ Ուդումյան12:05, 27 սեպտեմբերի
«3 տարի առաջ վերջին գիշերը, որ քնել էինք հանգիստ ու առանց տագնապի։ Արթնացանք ու սկսվեց մղձավանջը, որը շարունակվում ա․․․»․ Նազիկ Բաղդասարյան11:13, 27 սեպտեմբերի
«Ցավից ու անճարությունից սառել ու քարացել եմ․․.»․ Արմինկա10:15, 27 սեպտեմբերի
«Լեռները թշնամուն տվեցինք ու մնացինք ջրափոսի մեջ սպասող..․»․ Նազենի Հովհաննիսյան09:00, 27 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:25, 26 սեպտեմբերի
Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգի ողջ հասույթը կտրամադրվի Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներում լույս աշխարհ եկած նորածիններին15:01, 26 սեպտեմբերի
«Դադարեցրեք տեղի ունեցող դժոխքը»․ Էլինա Ջանիբեկյան