Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

ArmenՅԱՆs. «Ինձ հաճախ են խորհուրդ տվել անունս դարձնել ամերիկյան». Տաթեւիկ Ափրիկյան՝ ԱՄՆ-ում հայտնի հայ հաղորդավարուհու ուղին՝ հրդեհներից մինչեւ աստղեր ու նախագահներ

12:08, 3 փետրվարի

EXCLUSIVE

Տարեսկզբին ամերիկյան Newsy հեռուստաալիքը վերսկսեց իր The Why («Ինչո՞ւ») հետաքննական հեռուստաշոուն, որի թեմաները հեռուստադիտողին ներկայացնում է ազգությամբ հայ հեռուատալրագրող Տաթեւիկ Ափրիկյանը:

Տաթեւիկը ծնվել է Երեւանում, սակայն 5 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ-ի Սիեթլ քաղաք, որտեղ էլ վաղ մանկությունից սկսել է հետաքրքրվել հեռուստատեսությամբ, իսկ ավելի ուշ՝ լրագրությամբ: Նրա սերը դեպի հեռուստալրագրությունն այնքան ուժեղ է եղել, որ 14  տարեկանում համարձակություն է ունեցել նամակով դիմել տեղական՝ King-TV-ի հայտնի հեռուստամեկնաբաններից մեկին՝ խնդրելով նրան իր համար հեռուստատեսային էքսկուրսիա կազմակերպել: Աղջկա խնդրանքը չի մերժվել՝ այդպիսով հարթելով նրա ուղին դեպի լրագրության մեծ աշխարհ:

Տպագիր մամուլ, հեռուստատեսություն, ռադիո… Չկա մի ճյուղ, որտեղ հայ լրագրողն իրեն փորձած չլինի: Հայուհու առաջին հեռուստաաշխատանքը եղել է հենց King-TV-ում (NBC-ի անդամ հեռուստաալիք է Սիեթլում): Տաթեւիկն աշխատել է նաեւ Այդահոյում՝ CBS-ի եւ ABC-ի մասնաճյուղերի համար, իսկ մինչ Newsy-ից առաջարկ ստանալը Ափրիկյանն իր գործունեությունը ծավալում էր FOX 13 հեռուստաալիքում:

Հայ լրագրողն իր կարիերայի ընթացքում լուսաբանել է ինչպես քաղաքական, այնպես էլ մշակությային իրադարձություններ, հարցազրուցներ ունեցել տարբեր երկրների նախագահների ու շոու-բիզնեսի աստղերի հետ՝ Շակիրայից մինչեւ Մադոննա եւ այլք:

NEWS.am STYLE-ը վերսկսում է «ArmenՅԱՆs» խորագիրը, եւ այս տարվա մեր առաջին հերոսուհին հենց Տաթեւիկ Ափրիկյանն է:

271720090_10158629518268775_7418933053060198271_n.jpg (160 KB)

Տաթեւիկ, Ձեր թույլտվությամբ՝ զրույցը սկսենք հենց սկզբից. ովքե՞ր են Ձեր ծնողները, ի՞նչ մասնագիտություն ունեն:

Իմ ծնողները մասնագիտությամբ բժիշկ են: Հայրս Երեւանից է, մայրս ծնվել է Կապանում, բայց սովորել է Երեւանում: Սակայն ծնողներս երկուսն էլ իրենց կրթությունը շարունակել են Մոսկվայում, հենց այնտեղ էլ ծանոթացել են, ամուսնացել եւ վերադարձել Երեւան, որտեղ էլ ավարտել են ուսումը: Հետո ծնվել եմ ես, այնուհետեւ՝ կրտսեր քույրս: Հայրիկիս կողմից պապս բժիշկ է եղել, մայրիկիս հայրը՝ իրավաբան, իսկ տատիկներս ուսուցչուհիներ են եղել:

Միացյալ Նահանգներ տեղափոխվել եք, երբ 5 տարեկան էիք: Հիշո՞ւմ եք այստեղ անցկացրած մանկությունից ինչ-որ դրվագներ:

Այո, մենք Սիեթլ ենք տեղափոխվել, երբ ես 5 տարեկան էի, եւ ես, իսկապես, շատ հիշողություններ ունեմ այդ տարիներից: Հիշում եմ, թե ինչպես էի խաղում Օրբելի փողոցում, որտեղ իմ տատիկն ու պապիկն էին ապրում, հիշում եմ մեր երեւանյան բնակարանը, մեր շքամուտքի երեխաներին: Մեր տունը Ծիծեռնակաբերդի մոտակայքում էր գտնվում, եւ մենք հաճախ էինք այցելում հուշահամալիր...

271980394_346965740577957_3448557982397589497_n.jpg (487 KB)

Ինչպե՞ս  ստացվեց, որ Ձեր ընտանիքը որոշեց մեկնել Միացյալ Նահագներ:

Սովետական Միության փլուզումից հետո՝ 1993-ին, հայրս աշխատանքի առաջարկ ստացավ Սիեթլում, եւ մեր ընտանիքը տեղափոխվեց Վաշինգթոն: Իհարկե, սկզբնական տարիներին մի շարք մարտահրավերներ ստիպված եղանք հաղթահարել՝ սկսած նրանից, որ ես բացարձակ անգլերեն չէի խոսում, իսկ ծնողներս լեզվին տիրապետում էին այնքան, որքան սովորել էին դպրոցում: Հիմա, երբ հետհայացք եմ գցում այդ օրերին, հասկանում եմ, թե ինչ դժվարությունների միջով են նրանք ստիպված եղել անցնել: Գործնական առումով շատ նրբություններ կային: Սովետական Միությունից ԱՄՆ տեղափոխված ոչ բոլոր մարդիկ էին կարողանում աշխատել իրենց մասնագիտությամբ, եւ այդ առումով ծնողներս ստիպվածն էին շատ ջանք թափել, որպեսզի սովորեին իրենց մասնագիտական տերմիններն անգլերենով եւ նույն հաջողությունը գրանցեին նաեւ օտար երկրում: Հիմա, երբ ես այն նույն տարիքի եմ, ինչ իրենք էին ԱՄՆ տեղափոխվելու ժամանակ, անգամ չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպես կկարողանայի հաղթահարել մեկ այլ երկիր տեղափոխվելու փուլը՝ փորձելով շարունակել իմ հաղորդավարական կարիերան տվյալ երկրում, միեւնույն ժամանակ մեծացնելով երեխաներիս: Անկախ իրենց կրած անհարմարություններից՝ իմ ծնողներն այնպես են արել, որ ես ու քույրս ունենանք երջանիկ մանկություն՝ չիմանալով անգամ այդ դժվարությունների մասին:

116436981_3237971082962500_7217094000672617552_n.jpg (292 KB)

Իսկ երբվանի՞ց սկսեցիք հետաքրքրվել լրագրությամբ:

Լրագրության հանդեպ իմ հետաքրքրությունը, կարծում եմ, սկսվել է շատ վաղուց: Հիշում եմ՝ երբ տեղափոխվեցինք Սիեթլ, առաջին բանը, որ հայրս գնեց, տեսախցիկն էր, որի առջեւ ես ամեն օր սկսեցի խոսել, պատմել, թե ինչ եմ սովորել տվյալ օրը, ուր ենք գնացել ու այլն:

Հետագայում սկսեցի հետաքրքրվել նաեւ գրելով: Բացի այդ, ծնողներս ամեն օր դիտում էին նորությունների թողարկումներ, եւ ես հետեւում էի, թե ինչպես էին լրագրողները ներկայացնում այդ պատմությունները, իսկ հաջորդ օրը նույնը ինքս էի կրկնում հայրիկիս տեսախցիկի առջեւ, ու վերջում այդ լրագրողների պես նշում էի՝  «Տաթեւիկ Ափրիկյան՝ Սիեթլից»: Տարիներ անց արդեն FOX-ի համար ես արեցի իմ առաջին ուղիղ ռեպորտաժը, եւ ճիշտ այնպես, ինչպես փոքր տարիքում հայրիկիս տեսախցիկի առաջ՝ ասացի՝ «Սիեթլից ուղիղ հեռարձակմամբ ձեզ հետ ես եմ՝ Տաթեւիկ Ափրիկյանը»: Անել առաջին ուղիղ եթերը հենց այն փողոցից, որտեղ ես մեծացել էի, իսկապես, անհավանական էր թվում:

Իմ բախտը շատ է բերել, որ ժամանակին ինձ չմերժեց տեղական հեռուստաալիքներից մեկի մեկնաբանն ու սիրով համաձայվեց ինձ ընդունել իր աշխատավայրում՝ իր գորըընկերոջ հետ միասին ցույց տալով ինձ աշխատանքային գործընթացն ու լրագրողի կյանքը: Ես այդ ժամանակ 14 տարեկան էի, եւ մինչ օրս կապս պահում եմ նրանց հետ: Ժամանակին շատ մարդիկ իմ առաջ դռներ բացեցին, իսկ հիմա ես եմ աշխատում դռներ բացել երիտասարդ ուսանողների առջեւ, ովքեր ինձ դիմում են որեւէ խորհրդով: Ուրիշներին օգնելն իմ ամենասիրելի զբաղմունքներից է, քանի որ նույնը շատ ու շատ մարդիկ ինձ համար են արել, ու դրանից հետո իմ կյանքը փոխվել է. ես էլ ցանկանում եմ փոխել մյուս պատանիների կյանքը:

116881401_3237973152962293_2416774007489809977_n.jpg (87 KB)

Որո՞նք են, ըստ Ձեզ, Ձեր ամենատպավորիչ ռեպորտաժները:

Ես աշխատում էի King-TV-ում (սա հենց այն հեռուստակայանն էր, որտեղ առաջին քայլերս էի արել 14 տարեկանում), որտեղ ինձ օգնեցին նկարել իմ առաջին հեռուստառեպորտաժը: Այդ ժամանակ ես 19 տարեկան էի ու փորձաշրջան էի անցնում այնտեղ: Իհարկե, դրանից առաջ ես տարիներ շարունակ աշխատում էի թերթերում, փորձաշրջաններ էի անցնում տարբեր հեռուստա եւ ռադիո կայաններում… Իմ առաջին պաշտոնական հեռուստաաշխատանքը սկսել եմ Այդահոյում, որտեղ երկու տարի եմ անցկացրել (այստեղ՝ ԱՄՆ-ում, սկզբում սկսում ես փոքր քաղաքներից, հետո աստիճանաբար հասնում ավելի մեծ բնակչություն ունեցող քաղաքներին): Դա շատ փոքր քաղաք է, երբեք չէի պատկերացնի, որ այնտեղ երբեւէ կապրեմ, բայց բախտս այնքանով բերեց, որ այն կայանը, որտեղ աշխատում էի, հրաշալի վայր էր, ինչպես սովորելու, այնպես էլ՝ աշխատավարձի առումով: Այնուհետեւ տեղափոխվել եմ Ռոդ Այլենդ՝ Փրովիդենս, որտեղ ռեպորտաժներ եմ պատրաստել մի քանի խոշոր թեմաներով՝ էբոլայի համաճարակի, Բոստոնի՝ 2014 թ-ի պատմական ձմռան, Բոստոնի մարաթոնի  ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության մասին եւ այլն: Այնտեղ աշխատել եմ մեկ տարի, այնուհետեւ՝ վերադարձել Սիեթլ, որտեղ 9 տարի աշխատել եմ FOX 13-ում: Իմ կարիերայի ընթացքում կարծում եմ՝ չկա մի այնպիսի թեմա, որին անդրադարձած չլինեմ՝ փոթորիկներ, ուղիղ եթերներ ահավոր ցուրտ պայմաններում, սպանություններ, հրդեհներ, ահաբեկչություններ, մարդկանց մասին ամենասարսափելի պատմություններ, դաժան հանցագործություններ, որոնք կցանկանայի ջնջել հիշողությունիցս, բայց դու չես ընտրում այդ թեմաները, այլ դրանք լուսաբանում ես, որպես լրագրող... Ես հանդիպել եմ նախագահների, հանդիպել ու հարցարույցներ արել հայտնի մարդկանց հետ, որոնց դիտելով ես մեծացել եմ՝ Մադոննա, Շակիրա, Մայքլ Դուգլաս, նախագահ Քլինթոն, Դենզել Վաշինֆթոն եւ այլք, լուսաբանել այնպիսի թեմաներ, որոնք ե´ւ ծիծաղեցրել են, ե´ւ ստիպել լաց լինել… Նույնիսկ, այնպիսի պատմական իրադարձություններ եմ լուսաբանել, որոնք այսօր անհավանական են թվում, բայց ես իրականացրել եմ իմ երազանքն ու շատ ջանք եմ թափել իմ այսօրվա կարիերան ունենալու համար: Նաեւ հասկացել եմ, որ ինձ առավել հետաքրքրում է լրատվական դաշտը, ոչ թե ժամանցը: Ինձ հաճախ են խորհուրդ տվել անունս փոխել, դարձնել ավելի ամերիկյան, բայց ուրախ եմ, որ կողքիս կային նաեւ այնպիսի մարդիկ, որոնք խորհուրդ տվեցին վեր հանել հենց իմ անհատականությունը եւ իմ՝ տարբերվող լինելն օգտագործել, որպես առավելություն:

117149753_3237971989629076_3541299325458053209_n.jpg (66 KB)

Դուք աշխատել եք ABC-ում, CBS-ում, FOX-ում, NBC-ում... Այժմ Newsy-ի «փրայմ-թայմ» հաղորդումն եք վարում. ինչո՞վ Ձեզ գրավեց The Why-ը:

Newsy-ում սկսել եմ աշխատել 2021 թ-ի սեպտեմբերից: Երբեք չէի պատկերացնի, որ մի օր կլքեմ Սիեթլը, քանի որ ես սիրում էի իմ աշխատանքն ու կյանքը Սիեթլում, որտեղ իմ տունը, ընտանիքն ու ընկերներն են, եւ եթե չլիներ հենց այս հնարավորությունը, երեւի՝ երբեք էլ չէի թողնի Սիեթլը: Բայց այսպիսի հնարավորություններ՝ այսպիսի շոու եւ լրագրողական աշխատանք, այնքան էլ հաճախ չեն տրվում: Ինձ համար The Why-ն այն շոուն է, որը ես ցանկացել եմ անել իմ ամբողջ կարիերայի ընթացքում: Գիտե՞ք տեղական նորությունները կարող են մեծ հետք թողնել քեզ վրա, քանի որ պատմությունները կարող են մեկը մյուսից սարսափելի լինել, բայց հիմա ես ունեմ հնարավորություն հետաքրքիր պատմություններ պատրաստելու եւ ավելի շատ ժամանակ տրամադրելու թեմաներին, որոնք, իսկապես, արժանի են ավելի լայն քննարկման:

Ինձ միշտ հետաքրքրել են տեղական ու միջազգային նորությունները, եւ ես լրագրության մեջ չեմ մտել, որ լուսաբանեմ հրդեհներ, սպանություններ կամ ավտոպատահարներ, ինձ ավելի շատ բովանդակային ու խորը պատմություններ են հետաքրքրում, եւ The Why-ը հենց մեր ժամանակների ամենաազդեցիկ թեմաների մասին է: Տեղական լրատվականներում դու, սովորաբար, ընդամենը երկու րոպե ունես թեման ներկայացնելու համար եւ հազվադեպ ես կարողանում այն պատմել ամբողջական խորությամբ: Ինչո՞ւ ես ցանկացա միանալ Newsy-ին, որովհետեւ այն լրագրության իրական արժեքների մասին է, որոնք անտեսվում են ամերիկյան շուկայում: Այստեղ մենք ժամանակ ենք տրամադրում, որպեսզի որակով թեմաներ ներկայացնենք. ես օգտագործում եմ ինչպես իմ լրագրողական, այնպես էլ՝ հաղորդավարական հմտությունները: Այս տեսակի հաղորդում, պարզապես, չեք գտնի ամերիկյան մեդիաոլորտում: Հաղորդումը մեկ ժամ է տեւում. մոտավորապես 30 րոպեն տրամադրվում է մեկ թեմայի քննարկման համար, իսկ հաջորդ կես ժամը նվիրվում է մեկ այլ թեմայի: Այսպիսի բովանդակային լուսաբանումը երազանք է շատ լրագրողների համար: Մենք ներկայացնում ենք կարեւոր թեմաներ, ունենում տարբեր փորձագետներ եւ տարբեր մասնագետներ, որոնք օգնում են մեզ հասկանալու յուրաքանչյուր պատմության «ինչու»-ն: Մեր թիմում այնպիսի մասնագետներ են աշխատում, որոնք մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում իրենց գործին:

116790925_3237969469629328_1075899138321855042_n.jpg (60 KB)

Ինչպես ինքներդ էլ նշեցիք՝ տարբեր թեմաների եք անդրադառնում գործի բնույթով. իսկ որո՞նք են անձամբ Ձեզ հետաքրքրող թեմաները:

Այո, ես տարբեր թեմաներ եմ լուսաբանել: Ինձ, իսկապես հաճույք է պատճառում համաշխարհային քաղաքականությունն ու գլոբալ հարցերի լուսաբանումը: Ես հայ եմ, մեծացել եմ եվրոպական տարբեր մշակութային արժեքներով, բացի անգլերենից՝ խոսում եմ հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն: Ես մեծացել եմ Ամերիկայում, բայց ինձ համարում եմ ե´ւ ամերիկյան, ե´ւ եվրոպական մշակույթների կրող, եւ հասկանում եմ տարբեր ազգությունների մարդկանց: Այսպիսով, ես միշտ ցանկացել եմ լրագրության միջոցով օգնել մարդկանց հասկանալու աշխարհը: Մեր ծնողները մեզ իրենց հետ ամեն տեղ տարել են, մատչելի ձեւով բացատրել իրենց գործի բնույթը, մենք շատ հետաքրքիր թեմաների շուրջ ենք միշտ զրուցել, որոնք ինձ սկսել են հետաքրքրել:

Ես շատ հաճախ ռեպորտաժներ եմ պատրաստել ներգաղթի մասին, ես՝ ինքս էլ ներգաղթյալ եմ ու գիտեմ, թե ինչ դժվարութունների մարդ կարող է հանդիպել առաջին տարիներին: Կարծում եմ՝ այս առումով ԱՄՆ-ի հեռուստատեսությունն ավելի բաց է սկսել ընդունել մարդկանց տարբերությունները: Երբ նոր-նոր էի քայլեր անում, ոլորտում շատ քիչ լրագրողներ կային, ովքեր ինձ պես տարբերվում էին արտաքնապես ու անվամբ: Վերջերս մի աղջկանից նամակ ստացա, որտեղ նա գրել էր, որ ամեն անգամ, երբ դիտում է The Why-ը ու լսում՝ «Դուք դիտում եք The Why-ը, ես Տաթեւիկ Ափրիկյանն եմ» նախադասությունը, հույս է ունենում, որ մի օր էլ ինքը մի շոու կվարի իր անունով, որը եւս ամերիկյան չէ: Եվ այդ փաստը նրան ոգեշնչել էր:

Ինչպես նշեցի՝ ծնողներս բժիշկներ են, այդպիսով՝ առողջությանը վերաբերող նորություններն ինձ եւս հետաքրքիր են, եւ քանի որ նրանց շնորհիիվ սովորել եմ տիրապետել մի շարք մասնագիտական հմտությունների, դա ինձ օգնում է ավելի մատչելի ձեւով հանրությանը ներկայացնել տվյալ թեման:

117233650_3237974502962158_7070003217435208921_n.jpg (139 KB)

Տաթեւիկ, վերադառնանք Ձեր հայկական արմատներին. ԱՄՆ-ը մեկնելուց հետո հաճա՞խ եք այցելում Հայաստան:

Այո, մի քանի անգամ եկել եմ: Մեր՝ ԱՄՆ տեղափոխվելուց հետո տասը տարի անց էր, որ առաջին անգամ կրկին այցելեցինք Հայաստան: Այդ ամռանը մայրս մեզ համար էքսկուրսիա էր կազմակերպել դեպի բոլոր հնարավոր տեսարժան վայրերը՝ Զվարթնոց, Գառնի, Գեղարդ, Տաթեւ, Գորիս, Ամբերդ, Էջմիածին, Նորավանք, Սեւան… Տեսել ենք բոլոր պատմական վայրերն ու եկեղեցիները, հանդիպել մեր բարեկամներին ու զբոսնել այն նույն բակում, որտեղ անցկացրել ենք մանկության տարիները: Մայրս ցանկանում էր, որ մենք հնարավորինս լավ ճանաչեինք մեր մշակույթը: Իմ բարեկամներից շատերն են ապրում Երեւանում, մյուս տատիկիս ու պապիկիս տունը Տաթեւում է: Ես եւ քույրս այդ այցից հետո էլի մի քանի անգամ վերադարձել ենք Հայաստան: Անկեղծ ասած՝ այնքան լավ ես քեզ զգում հայրենիքում, երբ ոչ ոք քեզ չի հարցնում, թե ինչպես է ճիշտ արտասանվում անունդ, իսկ այստեղ ես օրվա ընթացքում հարյուր անգամ ստիպված եմ լինում ուղղել մարդկանց (ծիծաղում է): Վերջին անգամ Երեւանում եղել եմ 2015 թ-ին, ինձ համար այդ այցն էմոցիոնալ էր, քանի որ պապիկիս մահվան հետ էր կապված: Այդ շրջանում նաեւ մայրիկիս հետ եղանք այն հիվանդանոցում, որտեղ ես ծնվել եմ:

116150155_3237970282962580_353856136366311200_n.jpg (94 KB)

Իսկ կա՞ն հայկական ավանդույթներ, որոնք պահում եք ԱՄՆ-ում:

Իմ ծնողներն, իսկապես, խստորեն հետեւել են, որ տանը մենք խոսենք հայերեն: Ճիշտ է՝ երբ տեղափոխվեցինք ԱՄՆ, ես ընդամենը 5 տարեկան էի, բայց մենք մեծացել ենք հայկական ավանդական ընտանիքում: Երբ առաջին անգամ վերադարձանք Երեւան, շատերը զարմացել էին, որ ես եւ քույրս սահուն հայերեն գիտեինք, մինչդեռ մեզ համար սովորական երեւույթ է եղել դպրոցից գալ տուն ու խոսել հայերեն: Ավելի հեշտ կլիներ, եթե հարցնեիք, թե որ հայկական ավանդույթները մենք չենք պահում (ծիծաղում է): Մայրս միշտ պատրաստել ու պատրաստում է մեր ավանդական ուտեստները, մենք մեծացել ենք հայկական մուլտֆիլմեր դիտելով, սովորել ենք այբուբենը, երբ փոքր էինք, մայրս կամ հայրս մեզ համար միշտ հայերեն էին կարդում, լսում էինք հայկական երաժշտություն, հաճախում հայկական եկեղեցի, իսկ շրջակայքում շփվում էինք մի շարք հայ ընտանիքների հետ: Ես, նույնիսկ, իմ արտասամանցի ընկերներին եմ հայերեն ու ռուսերեն բառեր սովորեցրել: Կարծում եմ՝ ես հայկական ու ամերիկյան մշակույթի խառնուրդ եմ: Ամերիկան ինձ համար տուն է. չեմ կարծում՝ աշխարհի երեսին կգտնվեր մեկ այլ երկիր, որտեղ 5-ամյա Տաթեւիկը կարող էր անգամ երազել հեռուստալրագրող դառնալու մասին:

Ինձ միշտ գրավել է Ամերիկայի՝ երազելուց չվախենալու մշակույթը: Այստեղի ամենակարեւոր արժեքներից մեկն այն է, որ քեզ դեռ դպրոցում սովորեցնում են, որ դու կարող ես դառնալ այն, ինչի մասին երազում ես, եթե, իհարկե, շատ աշխատես: Ես, իսկապես, սիրում եմ այս մշակույթը, եւ հուսով եմ՝ մի օր իմ երեխաներին էլ կոգեշնչեմ, որ գնան իրենց երազանքի հետեւից, չվախենան դժվարություններից, հավատան, որ ամեն բան հնարավոր է եւ երբեք չմոռանան իրենց արմատների մասին:

Ծրագրո՞ւմ եք մոտ ապագայում այցելել Հայաստան:

Իհարկե, վստահ եմ՝ կվերադառնամ:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Տաթեւիկ Ափրիկյանի եւ Newsy-ի ֆեյսբուքյան էջերից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Տպել    |  In English

  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել