«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Գաստրո շաբաթ Թբիլիսիում. աստղերը քաղաքում

20:18, 28 հոկտեմբերի

Ես ժամանեցի Թբիլիսիում արդեն երկրորդ տարին անցկացվող միջազգային գաստրո շաբաթին մեր հայտնի խոհարարների հետ՝ Tsaghkunk Restaurant & Glkhatun-ից Արևիկ Մարտիրոսյանի և Hayrik եւ Extra Virgin-ից Ռաֆայել Կազումյանի: Նրանք պետք է ելույթ ունենային Շաբաթվա կարեւորագույն պահին։ Թբիլիսիի գաստրո շաբաթվա նշանակության մասին կարելի է դատել մասնակիցների կազմով. եթե սա երաժշտական իրադարձություն լիներ, տեղին կլիներ ասել. «Մեզ մոտ ռոք աստղերն են եկել»։

Café Littera.jpg (60 KB)

Առաջինը սկսեց խոհարարների եռյակը՝ Լևան Բուաձեն Rooms Hotel-ից, Գիորգի Նինուան Otsy-ից և Հանս Նոյները՝ երկու Միշլեն աստղերի դափնեկիրն ու պորտուգալական Ocean ռեստորանի խոհարարը: Ավստրիական Տիրոլից՝ Հանսը ճանապարհորդել է ամբողջ աշխարհով՝ Գանայից Գոա, մինչև որ 16 տարի առաջ հայտնվել է Պորտուգալիայում՝ իր հետ վերցնելով միայն խոհարարական գրքեր, դանակներ և իր սրտի տիկնոջը: Երկրի հարավում գտնվող գեղատեսիլ Ալգարվի շրջանում հաստատված Հանսը նոր բարձունքների հասցրեց պորտուգալական խոհանոցը և ամրապնդվեց աշխարհի 100 լավագույն խոհարարների ցանկում:

Alejandro Serrano.jpg (51 KB)

Շնորհալի Ալեխանդրո Սերանոն՝ Իսպանիայի ամենաերիտասարդ խոհարարը, որ 24 տարեկանում ստացել է Միշլենի աստղ և իր անունով՝ Alejandro Serrano ռեստորանի սեփականատերը, Բուրգոս նահանգի Միրանդա դե Էբրոյում, ընթրիք է տվել՝ համագործակցելով վրացական գաստրոնոմիայի աստղ՝ խոհարար և ռեստորատոր Մերիկո Գուբելաձեի հետ նրա Ninia’s Garden-ում։

Michael van der Kroft.jpg (62 KB)

Մայքլ վան դեր Կրոֆթը, նախկինում պրոֆեսիոնալ հեծանվամոտոկրոս մրցարշավորդ, իսկ այժմ փայլուն խոհարար, Նիդեռլանդների ամենահետաքրքիր ռեստորաններից մեկի՝ Tres-ի համասեփականատերը և Տարվա լավագույն խոհարարի կոչման հավակնորդը, ստեղծել է իր արվեստը Margot Old Tbilisi-ում հայտնի վրացի ռեստորատոր և Veris Duqani-ի շեֆ-խոհարար Քեթի Բաքրաձեի հետ:

«Մոնոգրաֆ» հյուրանոցի ռեստորանը, որտեղից բացվում է Ազատության հրապարակի շքեղ տեսարանը, հյուրընկալել էր հյուրեր Ռամազ Գեմիաշվիլիին՝ Keto and Kote-ի շեֆ-խոհարարին և Կամիլա Զայդլերին՝ շեֆ-խոհարար և Կոպենհագենի «Լոլա» ռեստորանի հիմնադրին, որը երկար ժամանակ աշխատել է Բոլիվիայում, որտեղ նա  լայն ճանաչում է ստացել իր հասարակական գործունեության համար և նվաճել «Լատինական Ամերիկայի լավագույն կին խոհարար 2016» կոչումն ըստ The World's 50 Best-ի: Ընթրիքին հանդիպեցինք Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Աշոտ Սմբատյանին և նրա կնոջը, որոնք հանդիպեցին հայ խոհարարների թիմին և խրախուսեցին նրանց ելույթից առաջ։

Café Littera 2.jpg (43 KB)

Վերջինը ընթրիքն էր Café Littera-ում՝ Գրողների տան հեքիաթային այգում, այն նույն այգում, որտեղ կայսր Նիկոլայ 2-րդին ընդունեցին 1914 թվականին, և որը հիմնադրման օրվանից և դեռ Սարաջիշվիլիների ընտանիքի առանձնատուն եղած ժամանակ Թբիլիսիի մշակութային կյանքի կենտրոնն էր և նրա վերնախավի հավաքավայրը։ Թարթող մոմեր, կալա շուշաններ ծաղկամաններում, մատուցողներ, որոնք լուռ սահում են հյուրերի միջև շամպայնով արծաթե սկուտեղների վրա, երաժշտություն, որը չի խանգարում հաղորդակցությանը և, իհարկե, նրբախորտիկներ. ամեն ինչ նշանավոր առանձնատան ոգուն ու Հիասքանչ դարաշրջանին համապատասխանող։

Tekuna Gachechiladze.jpg (42 KB)

Ընթրիքը տրվել է վրացական ֆյուժն-ի թագուհու, խոհարարի և տանտիրուհու՝ Թեկունա Գաչեչիլաձեի և Դիպանկեր Խոսլայի կողմից՝ Հնդկաստանից խոհարարի, որը գլխավորում է Haoma-ն՝ առաջին urban farm-ը և զրոյական թափոնների ռեստորանը Բանգկոկում:

Deepanker Khosla.jpg (94 KB)

DK-ն, ինչպես նրան սիրով անվանում են, Միշլենի աստղի և կանաչ աստղի դափնեկիր է, և ըստ Forbes-ի՝ «աշխարհի ամենաէկոլոգիապես մաքուր շեֆ-խոհարարը»:

_DSC5213G1cr.jpg (49 KB)

Եվ ահա, վերջապես, Շաբաթվա վերջին ակորդը, որի համար եկել էին Արևիկը և Ռաֆայելը` բացօթյա բացառիկ միջոցառում` «Star Chefs' Street Edition»-ը: Մի քանի հարյուր մարդ հավաքվել էր Underwheel ակումբ՝ Թբիլիսիի ամենաբարձր կետում՝ Մթածմինդա լեռան վրա՝ համտեսելու շաբաթվա շեֆ-խոհարարների ուտեստները։ Ինչո՞վ կզարմացնեն մեր Արևիկն ու Ռաֆայելը հանրությանը. Ինչպե՞ս են նրանց գործերը կուլիսներում: Ես գնացի սրբոց սրբավայր՝ խոհանոց՝ ամեն ինչ պարզելու: Արեւիկին գտա անվերջ երկար սեղանի մոտ։ Նա, կապելով իր սիրելի գլխաշորը և հագնելով իր ֆիրմային զգեստը, կախարդում էր ափսեների շարան... պասուց տոլմայով։

- Վերջապես տեսա, թե ինչ ես բերել,- ուրախացա ես։ Ինչո՞ւ հենց պասուց տոլմա.

Arevik Martirosyan.jpg (83 KB)

- Մի քանի պատճառով։ Նախ սա մեր հայկական ավանդական ուտեստն է։ Ու նաև ուզում էի օգտագործել մթերքներ՝ հատիկաընդեղեն, հացահատիկ, որոնք մենք ինքներս օրգանապես աճեցնում ենք Ծաղկունքի «Արտեր» ֆերմայում։ Ամուսինս՝ Գրիգորը (Արևիկը գլխով է անում ամուսնու կողմը, որ եկել էր իրեն օգնելու և հիմա եռանդով սամիթ էր կտրատում), աճեցնում է, իսկ ես եփում եմ՝ պարզվում է «from farm to table»։ Աղանդերի համար մենք ունենք «փոխինձ», ինչպես նաև մեր էկո ցորենից:

-Ես, սակայն, տեսնում եմ, որ ձեր տոլման պարզ չէ, այլ «աքսեսուարներով»։

- Այո, սա իմ հեղինակային ոճն է՝ վերցնել ավանդականը և ավելացնել իմը: Տվյալ դեպքում, ահա թե ինչի մասին էի ես մտածում՝ ի վերջո, պասուց տոլման հոգեհարազատ է մեր հայի հոգուն, իսկ այստեղ ինչպե՞ս կընդունվի։ Տեղական ընկալմանը մոտեցնելու համար որոշեցի թթու կաղամբի համը հավասարակշռել սոուսների հետ՝ մեկը թահինով մածուն, մյուսը՝ սամիթ, սխտոր ու քացախ։

-Ի՞նչ է այս գեղեցիկ բանը վերևի մասում:

- Կծոխուր եւ երկու տեսակի կեռաս։

Pasuc dolma.jpg (65 KB)

Արեւիկի հետ զրուցելուց հետո թողեցի նրան, որ գեղեցիկ տոլման զարդարի կծոխուրով ու գնացի այցելելու Ռաֆայել Կազումյանին՝ միշտ անակնկալներ մատուցող խոհարարին։ Փարիզի Le Cordon Bleu դպրոցի շրջանավարտ, բազմաթիվ ակնառու նախագծերի հեղինակ, Ռաֆայելը միջազգային փորձ ունեցող խոհարար է:

Rafael Kazumyan.jpg (56 KB)

Այդ գոտում խաղաղություն էր։ Ծագումով դաղստանցի շեֆ խոհարար Իսլամ Իսաևը, որը յոթ տարի առաջ եկել էր Ռաֆայելին օգնելու զարգացնել հայկական գաստրոնոմիան, ջերմորեն ժպտում է ինձ՝ առանց իր գործից հայացքը թեքելու։ Ռաֆայելի կինը՝ Լյուբովը, ամենևին էլ խոհարար չէ, այլ One&Only թատրոնի տնօրենը և գեղարվեստական ղեկավարը և զարմանալի հմտությամբ կատարում է խոհարարական առաջադրանքները։ Ինքը՝ Ռաֆայելը, նորաոճ սև բաճկոնով, անկրկնելի հանգստությամբ լցնում է եղջյուրները։ Ի՞նչ է սա, - չեմ համբերում, որ իմանամ:

- Լավաշի կոների մեջ սմբուկի ռուլետներից պատրաստված պաղպաղակ։

ice-cream from eggplant.jpg (120 KB)

Էֆեկտը գործեց՝ աչքերս կկոցում եմ։ Դադարից հետո Ռաֆայելը շարունակում է.

- Վերևի մասը կզարդարենք լոլիկի և ընկույզի պրալինեից պատրաստված «կարամելով»։

- Ինչո՞ւ ընտրեցիր հենց այս ուտեստը:

-Մենք եկել ենք հյուր՝ Վրաստան, ինչը նշանակում է, որ կարևոր է գտնել մի բան, որը մեզ չի բաժանում, այլ միավորում է։ Սմբուկի ռուլետը շատ տարածված է Կովկասում։ Դե լավաշը մեր ժառանգությունն է։ Այնպես որ, այս ուտեստը ժողովուրդների բարեկամության մասին է։

-Եթե մենք արդեն խոսում ենք բարեկամության մասին, ինչպե՞ս է իրավիճակը այստեղ։ Կա՞ մրցակցություն խոհարարների միջև:

-Ոչ, մենք գործընկերներ ենք, ընկերներ։ Ամեն մեկն իր գործն անում է՝ ներկայացնելով իր երկիրը, ուստի ամեն ինչ շատ դրական է։

Rafael Kazumyan 2.jpg (42 KB)

Ես նայեցի շուրջս. Թեկունան կատակում և եռանդուն ժեստեր է անում: Ալեխանդրոն զրուցում է գործընկերոջ հետ։ Դիպանկերն իր կախարդում է վառարանի մոտ... Մայքլը անցնում է կողքով՝ ժպտալով և, ըստ երևույթին, հիանալի տրամադրության մեջ (չեմ կարող զսպել ինձ ու չլուսանկարել նրան «թռիչքի պահին»): Մատուցողները ուրախ հուզմունքով ներս ու դուրս են անում։ Եվ ահա անկրկնելի Իրակլի Նադարեիշվիլին՝ Tbilisi Gastro Week-ի հիմնադիրը, նաև կուռքային դարձած Tbilisi Open Air-ի պրոդյուսերը: Հանրահայտ Քրիստիան Բրասկ Թոմսենը՝ Շաբաթվա հայտնի խոհարարների դեսպանը և Dining Impossible և DI:JET կախարդական ընթրիքների հիմնադիրը նույնպես մոտենում է:

Grigor Grigoryan.jpg (96 KB)

Վայելելով խոհանոցի մթնոլորտը՝ վերադառնում եմ դահլիճ. հանրությունն անհամբեր սպասում է բեմի մոտ։ Ինտրիգը մեծանում է. Անցնում են րոպեներ... Վերջապես հաղորդավարը հայտարարում է՝ «Արևիկ Մարտիրոսյան, Հայաստան». Սիրտս, հավանաբար, հպարտությունից սկսում է արագ բաբախել։ Հաջորդը Ռաֆայելի ելույթն է։ Ոչ միայն գաստրոնոմիայի, այլև մատուցման վարպետ (հիշենք, որ նա MasterChef շոուի հաղթողն է)՝ Ռաֆայելը ակնթարթորեն գերում է հանդիսատեսին՝ նույնիսկ սմբուկով ռուլետով պաղպաղակով:

Իսկ ահա շոուն ավարտվում է։ Ես ու Արևիկը դուրս ենք գալիս պատշգամբ։

- Ինչպե՞ս անցավ, - հարցնում եմ։

- Գերազանց։ Եվ ինձ ջերմորեն ընդունեցին, և պասուց տոլման հավանեցին։ Լավ է, որ ես պատրաստեցի  ավելի շատ, քան կազմակերպիչներն էին խնդրել. բոլոր հինգ հարյուր կտորը թռցրեցին։

-Ի՞նչ է քեզ տալիս Շաբաթին մասնակցելը։

- Ցանկացած խոհարարի համար գործընկերների հետ շփումը, հատկապես այս մակարդակում, չափազանց կարևոր փորձ է: Դիտարկում ես, թե ինչպես և ինչ են պատրաստում, ինչպիսի մոտեցում ունեն, ինչպես են  մատուցում... Նրանք իրենց հերթին քեզնից ինչ-որ բան են վերցնում... Սա հզոր սիներգիա է։ Գիտեք, ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ մենք «Ծաղկունք» ռեստորանում գնում ենք ճիշտ ճանապարհով. մեզ նման, այստեղ յուրաքանչյուր խոհարար ներկայացրեց իր ազգային խոհանոցը, բայց ժամանակակից, անհատական մեկնաբանությամբ: «Ծաղկունքն» ավելին է, քան ռեստորանը, այն հայեցակարգ ու փիլիսոփայություն է, էկոլոգիական արտադրություն, սոցիալական բաղադրիչ...

Arevik Martirosyan 2.jpg (65 KB)

Եվ այստեղ ես հիշեցի «Պոլիֆոնիա» ռեստորանի շեֆ-խոհարարի և համասեփականատեր Ջոն Վուրդմանի մի արտահայտությունը, որին առավոտյան այցելեցինք մի խումբ միջազգային լրագրողների հետ. «Որքան էլ սիրես ավանդույթները, եթե դրանք պահես ապակու տակ, որպեսզի և միայն թե պահպանես, վաղ թե ուշ նրանք կմահանան։ Ավանդույթները թթվածին են պահանջում: Այո՛, մենք պետք է հասկանանք մեր մշակութային ժառանգությունը, բայց այն կենդանի պահելու համար պետք է մեզանից ինչ-որ բանով սնուցենք»։ Որքա՜ն ճիշտ է ասված, այնպես չէ՞։

Café Littera 3.jpg (69 KB)

Բարձր մակարդակի գաստրո միջոցառումները միշտ զարգացում են և միշտ հնարավորություններ: Սա ձոն է մարդու և բնության դաշինքին և, իհարկե, art de vivre-ի կվինտեսենցիա։ ՈՒ նաեւ, սա հազար ու մի գործոն է՝ պայմանավորված նրանով, որ նման իրադարձությունները շղթայական ռեակցիա են առաջացնում բազմաթիվ օղակներով՝ շահառուներով։ Ժամանակին «Թայմ» ամսագիրը տպագրեց «Նոմանոմիկա. ինչպես է մեկ ռեստորանը փոխակերպում դանիական տնտեսությունը» խորագրով հոդված։ Նշելով զբոսաշրջիկների ու աշխատատեղերի աննախադեպ աճի թվերն ու վիճակագրությունը, ինչպես նաև ուսումնասիրելով այն բազմաթիվ ոլորտները, որոնց վրա ազդել է ռեստորանը, հեղինակը գալիս է այն եզրակացության, որ դանիական Noma ռեստորանը, ինչպես իսպանական El Bulli-ն, փոխեց աշխարհը: Ուրիշ ինչ նրանք արեցին՝ ոսկե տառերով իրենց հայրենիքի անունը գրեցին Համաշխարհային խոհարարական փառքի սրահում՝ դարձնելով դրանք (առանց չափազանցության) միլիոնավոր մարդկանց համար գրավչության կենտրոն:

_DSC5439G1.jpg (82 KB)

Հնարավո՞ր է նմանատիպ սցենար Հայաստանում։ Ինչու ոչ։ Մենք ունենք հնագույն մշակույթ, ավանդույթներ, տեղական ինքնատիպ արտադրանք և գինեգործություն, որն արագ թափ է հավաքում: Կան տաղանդավոր խոհարարներ և տեսլականով ռեստորատորներ, որոնք մտածելակերպը դուրս է գալիս մեկ ռեստորանի սահմաններից: Կան մարդիկ, որոնք աղյուս առ աղյուս համաշխարհային հարթակում ճանապարհ են հարթում Հայաստանի համար։

_DSC5202_1.jpg (82 KB)

Ցանկանո՞ւմ եմ միջազգային գաստրո շաբաթ կամ նմանատիպ գաստրո միջոցառումներ Հայաստանում տեսնել: Միանշանակ։ Բացի շահույթներից, որոնք չափվում են տոկոսներով և զարգացումով, կան նաև այլ կարգի օգուտներ: Մեր ժողովուրդը ցնցում ու վիշտ է կրել. Միտումնավոր փորձում են ոչնչացնել մեզ և մեր ժառանգությունը։ Բայց չնայած բոլոր ողբերգություններին ու դժվարություններին, մենք շարունակում ենք աշխատել, մշակել, ստեղծագործել՝ առանց հանձնվելու: Եվ այս պատմությունը՝ տաղանդավոր ու տոկուն ժողովրդի պատմությունը, արժանի է, որ պատմվի աշխարհին: Այսպես պատմելը` մեր ավանդույթների, ուտելիքի, գինու, մեր հացի և երգերի միջոցով, ևս մեկ հրաշալի միջոց է, և դա, անկասկած, արձագանք կառաջացնի մարդկանց սրտերում:

 

Նատա Բրետել

 

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել