Ռուս հայտնի վիրտուոզ դաշնակահար Դենիս Մացուևը կրկին Երևան է բերել իր երաժշտությունը, որը վաղուց արձագանք է գտել հայ հասարակության սրտերում։ Նոյեմբերի 8-ին և 9-ին կայանալիք մենահամերգներին ընդառաջ տեղի է ունեցել հայաստանյան լրատվամիջոցների հանդիպումը դաշնակահարի հետ, որին քննարկվել են դասական և ժամանակակից երաժշտությունը, դաշնակահարի սերը հայ մշակույթի և բեմի նկատմամբ, ինչպես նաև երիտասարդ ունկնդիրների համար դասական երաժշտության կարևորությունը։
Մացուևը գոհունակությամբ է նշել, որ Ռուսաստանում երիտասարդ հանդիսատեսը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում դասական երաժշտության հանդեպ, ինչը ռուսական դահլիճներն իսկապես յուրահատուկ է դարձնում։ Նա հպարտությամբ է հայտնել, որ «Ռուսաստանում Կալինինգրադից մինչև Վլադիվոստոկ... հանդիսատեսների կեսից ավելին երիտասարդներ են։ Պատկերն այդպիսին չէ ո՛չ Եվրոպայում, ո՛չ Ամերիկայում։ Սա բացարձակ ճշմարտություն է: Դա կա Չինաստանում, հիմա ավելի քիչ՝ Ճապոնիայում, Կորեայում, Հայաստանում»։ Նրա խոսքով՝ սա խոսում է այն մասին, որ դասական երաժշտությունը պահանջված է երիտասարդ ունկնդիրների շրջանում, և այդ հետաքրքրությունը պետք է պահպանել և զարգացնել։
Դաշնակահարն ընդգծում է, որ «ամեն ինչ սկսվում է դպրոցում», որտեղ, իր կարծիքով, երեխան պետք է ծանոթանա երաժշտության հիմունքներին՝ անկախ հանգամանքից, թե նա պրոֆեսիոնալ երաժիշտ է դառնալու, թե՝ ոչ։ Նա համարում է, որ «երեխան, թվերին ու տառերին զուգահեռ, պետք է պարզապես ծանոթանա նոտաներին... Դա հաստատապես հօգուտ նրա կլինի»։ Մացուևը վստահ է, որ նման քայլերը կօգնեն երիտասարդներին ավելի լավ հասկանալ դասական արվեստը և գնահատել դրա յուրահատկությունը։
Դասական երաժշտության ընկալման վրա ազդող եւս մեկ գործոն Մացուևը համարում է մշակութային միջավայրը, որում հասակ է առնում երեխան։ Նա ընդգծում է. «Իհարկե, ամեն ինչ սկսվում է ընտանիքից։ Ի՞նչ են նրանք լսում ընտանիքում: Ի՞նչ են լսում ավտոմեքենայում»: Երաժիշտն ափսոսանքով նշել է, որ ժամանակակից ռադիոկայանները հաճախ առաջարկում են միապաղաղ, «անհոգի» ռիթմեր, որոնք չեն նպաստում գեղագիտական ճաշակի զարգացմանը։ Այս առումով Մացուևը կարևոր խնդիր է համարում բարձրորակ երաժշտական բովանդակության առաջմղումը, որը կարող է երիտասարդների շրջանում արթնացնել հետաքրքրությունը ավելի խորը և բովանդակալից ստեղծագործությունների նկատմամբ։
Մացուևը թերահավատորեն է վերաբերվում նաև արվեստում արհեստական բանականության օգտագործմանը։ Նրա կարծիքով՝ մեքենաների ստեղծած երաժշտությունը զուրկ է իսկական խորությունից ու հոգուց։ Նա հիշում է իր վեճերը Գերման Գրեֆի հետ, որն արվեստի ապագան տեսնում է արհեստական բանականության մեջ. «Ես մոլեռանդ երկրպագու չեմ... Նա ինձ անընդհատ ասում է, թե ապագան նրանն է: Բայց ոչ արվեստում, իմ կարծիքով»։ Մացուևը պնդում է, որ արհեստական բանականությունը կարող է ստեղծել միայն «կրկնություն», կլիշեների համադրություն, որն անմիջապես ինչ-որ արհեստական բան է թվում. «Այդ արհեստականությունն անմիջապես զգացվում է: Ոչ ոք երբեք դա չի անի: Դրա համար ոչ մի մարդ ոչ մի դոլար չի վճարի»։
Մացուևի համար յուրաքանչյուր համերգ յուրահատուկ է, քանի որ կատարվող երաժշտությունը երբեք նույն կերպ չի հնչում։ Նա ասում է. «Ես իմ կյանքում ավելի քան երեք հարյուր անգամ նվագել եմ Ռախմանինովի երրորդ կոնցերտը։ Եվ ամեն անգամ, երբ բեմ եմ բարձրանում, թեթեւ դող եմ զգում, կարծես առաջին անգամ եմ նվագելու»: Այդ փորձը, նրա խոսքով, չի կարող փոխարինվել ոչ մի տեխնոլոգիայով։
Մացուևը խոստովանում է, որ հայ հասարակությունն իր սրտում առանձնահատուկ տեղ է գրավում։ Նա հիշում է հայաստանյան իր համերգները, որոնց ընթացքում հանդիպել է «վառվող աչքերով» բազմաթիվ երիտասարդ ունկնդիրների։ Նա նաև պատմել է հայ երաժիշտների հետ իր բարեկամության մասին և շեշտել Հայաստանի առանձնահատուկ դերն իր ստեղծագործական կյանքում. «Այն միշտ նստած է իմ ներսում։ Եվ ինձ համար Հայաստանում միշտ շատ ջերմ է։ Թե՛ հոգով, թե՛ ինչպես տանը»։ Մասնավորապես, վիրուտոզ դաշնակահարը հիշատակել է հայտնի թավջութակահար Նարեկ Հախնազարյանին, որի հետ հաճախ է աշխատում և որն իր մտերիմ ընկերն է դարձել։
Երաժիշտը նաև նշել է, որ Երևանում, Գյումրիում և այլ քաղաքներում կան հիանալի պայմաններ մշակութային նախաձեռնությունների զարգացման համար, և որ ինքը հսկայական ներուժ է տեսնում հայ երիտասարդության մեջ։ Մացուևը չի թաքցնում իր սերը հայկական խոհանոցի նկատմամբ՝ կատակով նշելով, որ հանուն դրա պատրաստ էր մի քանի օր ձեռնպահ մնալ ուտելուց մինչև ժամանելը. «Անկեղծորեն որպես գաղտնիք ասեմ՝ ես հանուն դրա եմ եկել այստեղ։ Երկու օր է՝ ոչինչ չեմ կերել։ Որովհետև գիտեմ, թե ինչպիսի հարձակում է լինելու այս երեք օրը»։ Նա նշել է, թե ինչ հոգեւոր ջերմությամբ են իրեն ընդունում հայերը, և այն առանձնահատուկ մթնոլորտը, որ առաջանում է Հայաստան կատարած իր յուրաքանչյուր այցի ժամանակ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 13 նոյեմբերի
Բացարձակ շքեղության անատոմիան. ի՞նչ են պատվիրում աշխարհի միլիարդատերերն ու աստղերը, երբ սովորական բրենդներն այլևս չեն զարմացնում22:21, 13 նոյեմբերի
Արքայական գաղտնիք և 430 հազար դոլար արժողությամբ մարգարիտ. ընտանեկան առեղծված թաքցնող վզնոցի պատմությունը21:30, 13 նոյեմբերի
165 հազար դոլարանոց գանգաձև ժամացույց՝ պտտվող ծաղիկներով. Տակասի Մուրակամին մուտք է գործել բարձր ժամագործական նորաձևության աշխարհ20:16, 13 նոյեմբերի
Միլիարդատերերն ուզում են խաբել մահվանը. 15 հազար դոլար մեկ ներարկման համար, անձնական բժիշկներ և առողջությունը կառավարող ԱԲ19:29, 13 նոյեմբերի
«Նույնիսկ միլիարդատերերն են ենթարկվում դրան». փորձագետը նշել է այն էմոցիան, որը գաղտնի կառավարում է ամենահաջողակ մարդկանց կյանքը16:34, 13 նոյեմբերի
2 մլն դոլար մեկ սերիայի համար. բացահայտվել են Ստալոնեի, Զենդայայի և այլ հոլիվուդյան աստղերի չափազանց բարձր աշխատավարձերը16:16, 13 նոյեմբերի
Տարեվերջյան ցուրտ երեկոները ջերմացնելու լավագույն միջոցը. 2026-ի ամենասպասված 10 կինոպրեմիերաները, որոնք չի կարելի բաց թողնել15:40, 13 նոյեմբերի
Կարմիր գորգից մինչև Chanel-ի փակ ընթրիք. ինչպե՞ս են Ռոբերտ Դե Նիրոն ու նրա երիտասարդ ընտրյալը վայելում Նյու Յորքի աստղային գիշերները15:20, 13 նոյեմբերի
«Ես պարտավոր չեմ փոխել իմ համոզմունքները». Առնոլդ Շվարցենեգերը բացատրել է, թե ինչու է դեռևս մնում հանրապետական14:39, 13 նոյեմբերի
TikTok 23-ամյա աստղի խորհրդավոր մահը. ոստիկանությունը հետաքննություն է սկսել բրազիլացի բլոգերի մահվան կապակցությամբ14:14, 13 նոյեմբերի
«Նա դեռ երիտասարդ է և աներևակայելի էներգիայով լի». Բեն Սթիլլերը հիացել է Ռոբերտ Դե Նիրոյով իրենց առաջին հանդիպումից 26 տարի անց13:28, 13 նոյեմբերի
2.5 մլն դոլարանոց ժամացույց. Ինչպես մեկ եզակի համարը Patek Philippe-ը վերածեց աճուրդի ամենացանկալի գանձի