Այս տարի «Նավասարդ» հայ-իրանական մշակութային և խոհարարական փառատոնը նշում է իր 5-ամյակը։ Ավանդույթը չի փոխվում. միջոցառումը կրկին կանցկացվի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում՝ օգոստոսի 10-ին և 11-ին՝ համախմբելով Հայաստանի և Իրանի մշակույթի, խոհանոցի, երաժշտության ու զբոսաշրջության սիրահարներին։
Փառատոնին նվիրված ասուլիսի ընթացքում Հայաստանում Իրանի փոխդեսպան Բահրամ Թահերին, Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը և Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը ներկայացրին այս տարվա ծրագրի առանձնահատկություններն ու նորությունները։
Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ այս տարի փառատոնի գլխավոր նորությունն այն է, որ այն կտևի երկու օր։
««Նավասարդն» արդեն հինգ տարեկան է դառնում։ Ինչպես նախորդ տարիներին, փառատոնը կանցկացվի Սիսիանում՝ օգոստոսի 10-ին և 11-ին։ Մեկնարկը կտրվի օգոստոսի 10-ին՝ ժամը 16:00-ին։ Մարդիկ, ինչպես ավանդաբար, օգոստոսի 11-ի առավոտյան այցելում են Քարահունջ, իսկ հետո հնարավորություն կունենան վերադառնալ և շարունակել վայելել փառատոնը. տաղավարները կշարունակեն գործել, իսկ երեկոյան նախատեսված են մշակութային միջոցառումներ»,– ասաց նա։
Ապրեսյանը ներկայացրեց նաև մեկ այլ կարևոր նորություն. փառատոնի բացումից անմիջապես հետո Սիսիան քաղաքն ու Իրանի Գիլան նահանգի Լահիջան քաղաքը պաշտոնապես կդառնան քույր քաղաքներ։ Համապատասխան փաստաթուղթը կստորագրվի հենց գլխավոր բեմում, որից հետո կմեկնարկի համերգային ծրագիրը՝ իրանցի երաժիշտների, Սիսիանի ժողովրդական գործիքների անսամբլի, ինչպես նաև հայկական և իրանական խմբերի մասնակցությամբ։
Նրա խոսքով՝ փառատոնը կարևոր առաքելություն ունի նաև խաղաղության գաղափարի տարածման գործում։
«Երկու հինավուրց ժողովուրդները՝ հայերն ու իրանցիները, մշակույթի և խոհանոցի միջոցով խաղաղության ուղերձ կհղեն աշխարհին»,– ընդգծեց նա՝ հավելելով, որ այս տարի կանցկացվի նաև «Խաղաղության գավաթ» միջազգային խոհարարական մրցույթը։
Սեդրակ Մամուլյանի համոզմամբ՝ «Նավասարդ» փառատոնն արդեն դուրս է եկել սովորական միջոցառման շրջանակներից և զարգացման մեծ ներուժ ունի։
««Նավասարդն» արդեն պահանջում է ավելի մեծ, ավելի գեղեցիկ ու ավելի ընդգրկուն ձևաչափ։ Մեր ժողովրդական և եկեղեցական տոները համամարդկային արժեքներ են կրում, իսկ «Նավասարդը» բացառություն չէ։ Այն իր մեջ միավորում է սննդի մշակույթը, արվեստը, խաղերն ու ծիսական համակարգը»,– ասաց նա։
Մամուլյանի խոսքով՝ մշակութային ժառանգությունը ժողովուրդների միջև հաղորդակցության լավագույն միջոցներից մեկն է, և պատահական չէ, որ փառատոնը կազմակերպվում է հենց բարեկամ Իրանի հետ։
«Այս տարի միայն Իրանից մասնակցելու է 43 տաղավար։ Սա, առանց չափազանցության, ֆենոմենալ ցուցանիշ է։ Մեր նպատակն է Հայաստանը դիրքավորել որպես միջազգային խոհարարական մրցույթների և առաջնությունների անցկացման կենտրոն։ «Խաղաղության գավաթ» մրցույթը հենց այդ գաղափարի արդյունքն է. այն հնարավորություն կտա աշխարհի տարբեր երկրների խոհարարներին մրցել, փորձի փոխանակում կատարել և հանրահռչակել Սիսիանը»,– նշեց նա։
Հայաստանում Իրանի փոխդեսպան Բահրամ Թահերին ընդգծեց, որ հայ և իրանցի ժողովուրդների միջև դարավոր պատմամշակութային կապերը լավագույնս արտահայտվում են հենց նման նախաձեռնությունների միջոցով։
«Հայաստանի և Իրանի ժողովուրդները դարեր շարունակ ապրել են կողք կողքի և ձևավորվել նույն քաղաքակրթական միջավայրում։ Երկու երկրների մշակութային կապերն այնքան բազմազան են, որ դժվար է նույնիսկ թվարկել դրանք։ Սկսած տոներից ու ավանդույթներից, մինչև խոհանոցը, երաժշտությունը, տեղանունները, ճարտարապետությունн՝ ամենուր կարելի է տեսնել ընդհանուր մշակութային շերտեր»,– ասաց նա։
Փոխդեսպանի գնահատմամբ՝ «Նավասարդը» կարող է դառնալ մշակութային դիվանագիտության կարևոր հարթակ։
«Ես համոզված եմ, որ «Նավասարդը» հայ և իրանցի ժողովուրդների միջև մշակութային կամուրջ է։ Փառատոնի ընթացքում ներկայացվում են մեր երաժշտությունը, երգարվեստը, խոհարարական լավագույն ավանդույթները, և դա լավագույնս արտացոլում է այս տոնի բազմակողմանի բնույթը»,– նշեց Բահրամ Թահերին։
Սիսիանն ու Լահիջանը՝ քույր քաղաքներ
Անդրադառնալով երկու քաղաքների համագործակցության համաձայնագրին՝ Բահրամ Թահերին նշեց, որ այն նախորդել է երկարատև ուսումնասիրությունների։
Նա ընդգծեց, որ նման փաստաթուղթ ստորագրելուց առաջ կատարվում են մանրակրկիտ հետազոտություններ, որպեսզի ընտրվեն առավել նման քաղաքները։ Հայաստանի և Իրանի համապատասխան կառույցների ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ Սիսիանն ու Լահիջանը բազմաթիվ ընդհանրություններ ունեն՝ սկսած պատմական անցյալից և ճարտարապետությունից, մինչև գյուղատնտեսությունը, խոհարարական ավանդույթներն ու քաղաքաշինական առանձնահատկությունները։
«Համագործակցության հուշագրի ստորագրումից հետո քաղաքները նոր հնարավորություններ կունենան՝ հատկապես մշակութային փոխանակումների և համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ։ Մեր նպատան է այնպես անել, որ մեկ ամսվա ընթացքում և Հայաստանում, և Իրանում նմանօրինակ միջոցառում անցկացվի»,– եզրափակեց Իրանի փոխդեսպանը։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:33, 10 նոյեմբերի
26 տարի սպասում և հարսանիք. 84-ամյա միլիարդատեր Մայքլ Բլումբերգը ամուսնացել է իր սիրելիի հետ15:28, 10 նոյեմբերի
«Լրտեսուհու» հետ սիրավեպը կարող է Nvidia-ի գործադիր տնօրենին արժենալ 60 մլրդ դոլար և կարիերա. Ջենսեն Հուանգը հայտնվել է կրկնակի սկանդալի մեջ14:37, 10 նոյեմբերի
Անկախ ժամագործի տրիումֆը. քիչ հայտնի ապրանքանիշը արժանացել է «Ժամացուցային արվեստի Օսկար»-ին14:17, 10 նոյեմբերի
«Մասկի փողերը չօգնեցին». Ռոբերտ Դե Նիրոն ծաղրել է միլիարդատիրոջը նրա մասին ֆիլմի ցուցադրության ժամանակ13:43, 10 նոյեմբերի
Բիանկա Սենսորին կրկին ցնցել է իր համարձակ կերպարով՝ Լոս Անջելեսում գնումներ անելիս13:10, 10 նոյեմբերի
Փոլ Մաքքարթնին դարձել է միլիարդատեր և միացել է աշխարհի երեք ամենահարուստ երաժիշտներին12:31, 10 նոյեմբերի
Երեք հայ ընդգրկվել է Լոս Անջելեսի 34 ազդեցիկ տղամարդկանց ցանկում․ «Los Angeles Magazine»12:21, 10 նոյեմբերի
Մեծ Բրիտանիա վերադառնալը թանկ է նստում. Արքայազն Հարրին հրաժարվել է ԱՄՆ-ում 1 միլիոն դոլար աշխատավարձից11:39, 10 նոյեմբերի
Դասթին Հոֆմանը բացահայտել է, թե ինչպես է ատրճանակով զինված խանդոտ ամուսինը բռնացրել իրեն կնոջ հետ անկողնում11:17, 10 նոյեմբերի
Ռոբ Քարդաշյանը պատրաստ է բացահայտել ընտանեկան գաղտնիքները և խոսել իր դժվարությունների մասին. Դա հունից հանել է Քրիս Ջեններին10:30, 10 նոյեմբերի
«Քայլող մեռյալը». Ռասել Բրենդը խիստ դատավճիռ է ստացել բրիտանական բանտում՝ դատապարտվելով 10 տարվա ազատազրկման09:00, 10 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ