Այս տարի «Նավասարդ» հայ-իրանական մշակութային և խոհարարական փառատոնը նշում է իր 5-ամյակը։ Ավանդույթը չի փոխվում. միջոցառումը կրկին կանցկացվի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում՝ օգոստոսի 10-ին և 11-ին՝ համախմբելով Հայաստանի և Իրանի մշակույթի, խոհանոցի, երաժշտության ու զբոսաշրջության սիրահարներին։
Փառատոնին նվիրված ասուլիսի ընթացքում Հայաստանում Իրանի փոխդեսպան Բահրամ Թահերին, Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը և Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը ներկայացրին այս տարվա ծրագրի առանձնահատկություններն ու նորությունները։
Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ այս տարի փառատոնի գլխավոր նորությունն այն է, որ այն կտևի երկու օր։
««Նավասարդն» արդեն հինգ տարեկան է դառնում։ Ինչպես նախորդ տարիներին, փառատոնը կանցկացվի Սիսիանում՝ օգոստոսի 10-ին և 11-ին։ Մեկնարկը կտրվի օգոստոսի 10-ին՝ ժամը 16:00-ին։ Մարդիկ, ինչպես ավանդաբար, օգոստոսի 11-ի առավոտյան այցելում են Քարահունջ, իսկ հետո հնարավորություն կունենան վերադառնալ և շարունակել վայելել փառատոնը. տաղավարները կշարունակեն գործել, իսկ երեկոյան նախատեսված են մշակութային միջոցառումներ»,– ասաց նա։
Ապրեսյանը ներկայացրեց նաև մեկ այլ կարևոր նորություն. փառատոնի բացումից անմիջապես հետո Սիսիան քաղաքն ու Իրանի Գիլան նահանգի Լահիջան քաղաքը պաշտոնապես կդառնան քույր քաղաքներ։ Համապատասխան փաստաթուղթը կստորագրվի հենց գլխավոր բեմում, որից հետո կմեկնարկի համերգային ծրագիրը՝ իրանցի երաժիշտների, Սիսիանի ժողովրդական գործիքների անսամբլի, ինչպես նաև հայկական և իրանական խմբերի մասնակցությամբ։
Նրա խոսքով՝ փառատոնը կարևոր առաքելություն ունի նաև խաղաղության գաղափարի տարածման գործում։
«Երկու հինավուրց ժողովուրդները՝ հայերն ու իրանցիները, մշակույթի և խոհանոցի միջոցով խաղաղության ուղերձ կհղեն աշխարհին»,– ընդգծեց նա՝ հավելելով, որ այս տարի կանցկացվի նաև «Խաղաղության գավաթ» միջազգային խոհարարական մրցույթը։
Սեդրակ Մամուլյանի համոզմամբ՝ «Նավասարդ» փառատոնն արդեն դուրս է եկել սովորական միջոցառման շրջանակներից և զարգացման մեծ ներուժ ունի։
««Նավասարդն» արդեն պահանջում է ավելի մեծ, ավելի գեղեցիկ ու ավելի ընդգրկուն ձևաչափ։ Մեր ժողովրդական և եկեղեցական տոները համամարդկային արժեքներ են կրում, իսկ «Նավասարդը» բացառություն չէ։ Այն իր մեջ միավորում է սննդի մշակույթը, արվեստը, խաղերն ու ծիսական համակարգը»,– ասաց նա։
Մամուլյանի խոսքով՝ մշակութային ժառանգությունը ժողովուրդների միջև հաղորդակցության լավագույն միջոցներից մեկն է, և պատահական չէ, որ փառատոնը կազմակերպվում է հենց բարեկամ Իրանի հետ։
«Այս տարի միայն Իրանից մասնակցելու է 43 տաղավար։ Սա, առանց չափազանցության, ֆենոմենալ ցուցանիշ է։ Մեր նպատակն է Հայաստանը դիրքավորել որպես միջազգային խոհարարական մրցույթների և առաջնությունների անցկացման կենտրոն։ «Խաղաղության գավաթ» մրցույթը հենց այդ գաղափարի արդյունքն է. այն հնարավորություն կտա աշխարհի տարբեր երկրների խոհարարներին մրցել, փորձի փոխանակում կատարել և հանրահռչակել Սիսիանը»,– նշեց նա։
Հայաստանում Իրանի փոխդեսպան Բահրամ Թահերին ընդգծեց, որ հայ և իրանցի ժողովուրդների միջև դարավոր պատմամշակութային կապերը լավագույնս արտահայտվում են հենց նման նախաձեռնությունների միջոցով։
«Հայաստանի և Իրանի ժողովուրդները դարեր շարունակ ապրել են կողք կողքի և ձևավորվել նույն քաղաքակրթական միջավայրում։ Երկու երկրների մշակութային կապերն այնքան բազմազան են, որ դժվար է նույնիսկ թվարկել դրանք։ Սկսած տոներից ու ավանդույթներից, մինչև խոհանոցը, երաժշտությունը, տեղանունները, ճարտարապետությունн՝ ամենուր կարելի է տեսնել ընդհանուր մշակութային շերտեր»,– ասաց նա։
Փոխդեսպանի գնահատմամբ՝ «Նավասարդը» կարող է դառնալ մշակութային դիվանագիտության կարևոր հարթակ։
«Ես համոզված եմ, որ «Նավասարդը» հայ և իրանցի ժողովուրդների միջև մշակութային կամուրջ է։ Փառատոնի ընթացքում ներկայացվում են մեր երաժշտությունը, երգարվեստը, խոհարարական լավագույն ավանդույթները, և դա լավագույնս արտացոլում է այս տոնի բազմակողմանի բնույթը»,– նշեց Բահրամ Թահերին։
Սիսիանն ու Լահիջանը՝ քույր քաղաքներ
Անդրադառնալով երկու քաղաքների համագործակցության համաձայնագրին՝ Բահրամ Թահերին նշեց, որ այն նախորդել է երկարատև ուսումնասիրությունների։
Նա ընդգծեց, որ նման փաստաթուղթ ստորագրելուց առաջ կատարվում են մանրակրկիտ հետազոտություններ, որպեսզի ընտրվեն առավել նման քաղաքները։ Հայաստանի և Իրանի համապատասխան կառույցների ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ Սիսիանն ու Լահիջանը բազմաթիվ ընդհանրություններ ունեն՝ սկսած պատմական անցյալից և ճարտարապետությունից, մինչև գյուղատնտեսությունը, խոհարարական ավանդույթներն ու քաղաքաշինական առանձնահատկությունները։
«Համագործակցության հուշագրի ստորագրումից հետո քաղաքները նոր հնարավորություններ կունենան՝ հատկապես մշակութային փոխանակումների և համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ։ Մեր նպատան է այնպես անել, որ մեկ ամսվա ընթացքում և Հայաստանում, և Իրանում նմանօրինակ միջոցառում անցկացվի»,– եզրափակեց Իրանի փոխդեսպանը։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:14, 14 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի. միայն թելերից գործված համարձակ զգեստն ապշեցրել է երկրպագուներին14:16, 14 նոյեմբերի
Բրիթնի Սփիրսը որոշել է նոր կյանք սկսել. երգչուհին անակնկալ է պատրաստում, որի մասին երազում էր ավելի քան 20 տարի13:37, 14 նոյեմբերի
«Ուզում եմ փորձել հայկական բոլոր ուտեստները». հայտնի շեֆ-խոհարար Անդրե Ռաշը ժամանել է Հայաստան12:23, 14 նոյեմբերի
83-ամյա Ռոջեր Ուոթերսը բաժանվում է հինգերորդ կնոջից, ում ժամանակին առաջին հայացքից սիրահարվել էր11:53, 14 նոյեմբերի

11:21, 14 նոյեմբերի
Միացված խոսափողը դավաճանեց Ավստրալիայի վարչապետին․ տղամարդկային արժանապատվության մասին նրա զրույցը լսեց ողջ աշխարհը10:30, 14 նոյեմբերի
Քիմը խնայում է միայն ադվենտ օրացույցների վրա. ի՞նչ շռայլ նվերներով է Քարդաշյանը երես տալիս «All’s Fair»-ի իր խաղընկերներին09:00, 14 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 13 նոյեմբերի
Բացարձակ շքեղության անատոմիան. ի՞նչ են պատվիրում աշխարհի միլիարդատերերն ու աստղերը, երբ սովորական բրենդներն այլևս չեն զարմացնում22:21, 13 նոյեմբերի
Արքայական գաղտնիք և 430 հազար դոլար արժողությամբ մարգարիտ. ընտանեկան առեղծված թաքցնող վզնոցի պատմությունը21:30, 13 նոյեմբերի
165 հազար դոլարանոց գանգաձև ժամացույց՝ պտտվող ծաղիկներով. Տակասի Մուրակամին մուտք է գործել բարձր ժամագործական նորաձևության աշխարհ20:16, 13 նոյեմբերի
Միլիարդատերերն ուզում են խաբել մահվանը. 15 հազար դոլար մեկ ներարկման համար, անձնական բժիշկներ և առողջությունը կառավարող ԱԲ