Համացանցում մարդուն արտաքինի համար թիրախավորելը, ցավոք, վաղուց նորմ է դարձել՝ չնայած բազում քննադատություններին ու հրապարակումներին այն մասին, որ մարդու արտաքինը բացասաբար քննարկելը, մեղմ ասած, լավ բան չի խոսում ձեր աշխարհընկալման մակարդակի մասին․ չէ՞ որ մեզանից ոչ ոք չի ընտրում՝ ինչպիսին ծնվել, և, ի վերջո, մենք դիմացինին տեսնում ենք մեր ներքին պատկերացումներից ելնելով։ Սա տխուր փաստ է, որի մասին հաճախ ենք բարձրաձայնում և կբարձրաձայնենք այնքան ժամանակ, քանի դեռ աշխարհում կան տգետ մարդիկ, որոնք, չտեսնելով սեփական թերությունները, դրանք փնտրում են մյուսների մեջ ու ծաղրում այնպես, ասես իրենք աշխարհում ամենակատարյալ մարդիկ են։
Բայց այդ երբվանի՞ց դարձավ սովորական հղի կնոջը թիրախավորելը։ Թիրախավորել կնոջը, որն իր մեջ կրում է մեկ այլ կյանք։ Կնոջը, որի մարմինը, բնականաբար, վերաձևավորվում է, որովհետև հղիությունը պարզապես «փորիկի մեծանալ» չէ, այլ կնոջ ամբողջ օրգանիզմի ֆիզիոլոգիական ու հուզական հսկայական փոփոխությունների շրջան։
Հղիության ընթացքում կնոջ մարմինը կատարում է բառացիորեն անհավանական աշխատանք։ Աճում է արգանդը, փոխվում է մարմնի քաշը, կրծքագեղձերը պատրաստվում են կերակրմանը, մեծանում է արյան շրջանառության ծավալը, փոխվում է հորմոնալ համակարգի աշխատանքը, կարող են առաջանալ այտուցներ, մաշկի փոփոխություններ, ձգվածքներ, պիգմենտացիա։ Փոխվում է նաև մարմնի ծանրության կենտրոնը, և դրա հետևանքով կարող են ի հայտ գալ մեջքի ու գոտկատեղի ցավեր, շարժումների սահմանափակումներ, արագ հոգնածություն, քնի դժվարություններ։
Եվ այս ամենի մեջ կանանցից դեռ պահանջվում է նույնը մնալ՝ նույն չափսերը, նույն դեմքը, նույն կազմվածքը, նույն էներգիան, նույն տրամադրությունը։ Իսկ եթե մարմինը փոխվում է՝ ինչ-որ մեկը իրեն իրավունք է վերապահում ծաղրել։
Հղի կնոջ մարմինը «անփույթ լինելու» ապացույց չէ։ Այն «գիրանալու» թեմա չէ։ Այն հանրային քննարկման առարկա չէ։ Դա մարմին է, որն այդ պահին կատարում է իր կյանքի ամենածանր ու ամենապատասխանատու ֆիզիոլոգիական աշխատանքներից մեկը։
Ու այստեղ կա ևս մեկ կարևոր կողմ, որի մասին հատկապես պետք է խոսել։
Հղիությունը միայն ֆիզիկական փոփոխությունների շրջան չէ։ Հորմոնալ և ֆիզիոլոգիական փոփոխությունները կարող են ազդել նաև կնոջ հուզական վիճակի վրա։ Տրամադրության փոփոխությունները, ավելի մեծ զգայունությունը, անհանգստությունը, հոգնածությունը, քնի խանգարումները, սեփական մարմնի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը կարող են այս շրջանում ավելի սուր զգացվել։ Իսկ երբ այդ ամենին ավելանում է շրջապատի անզգույշ կամ դաժան վերաբերմունքը, մեկ «անմեղ կատակն» այլևս պարզապես կատակ չի մնում։
Եվ սա, հատկապես, դաժան է, երբ այդ խոսքերը գալիս են տղամարդկանցից։
Ինչո՞ւ ենք այսօր անդրադառնում այս թեմային․․․ Վերջերս, համացանցում տարածվեց մի տեսանյութ, որում հայ տղամարդը ծաղրում է ֆոտոշարքի մասնակից զույգին, ովքեր սպասում են իրենց կյանքի ամենաերջանիկ օրվան՝ երեխայի ծնունդին։ Այդ տեսանյութը չենք տեղադրի՝ ավելորդ անգամ չտարածելով այդ խայտառակությունը, որը տղամարդու կողմից ձայնագրվել էր՝ որպես հումորային կոնտենտ։ Այո, պատկերացրեք՝ հայ տղամարդը, որը դարեր շարունակ սրբացրել է հայ կնոջը, հայ մորը, հայ աղջկան, այսօր հեշտությամբ կարող է միացնել տեսախցիկը ու ծաղրել նրան արտաքինի կամ հղիության ընթացքում ձեռք բերված փոփոխության համար։ Այն, որ տղամարդը կարող է բացասական երանգով խոսել կնոջ արտաքինի մասին, արդեն նորմալ չէ, իսկ հղի կնոջը թիրախավորելը, առավել ևս անբարոյական է ու անընդունելի։ Տղամարդի'կ, նման կոնտենտ ստեղծելուց առաջ հիշեք, որ դուք էլ եք ծնվել կնոջից, ձեր կինն է լույս աշխարհ բերում ձեր երեխաներին, ձեր դուստրերն էլ վաղը մայր են դառնալու․․․
Իսկ, թե որքան հաճախ են թիրախավորվում հայտնի կանայք, ովքեր հղիության շրջանում տեսանյութեր ու լուսանկարներ են տարածում, առանձնակի ուշադրության է արժանի։ Բոլորովին վերջերս, մինչ իրենց երեխաներին ծնունդ տալը, այդպիսի քննարկումների բախվեցին նաև Լուսինե Թովմասյանն ու Լիլի Մորտոն, որոնց մեղադրում էին համացանցում կլորացած որովայնը ցուցադրելու համար։ Իսկ գիտե՞ք ինչու են կանայք լուսանկարներում շեշտադրում իրենց որովայնը․ որովհետև այնտեղ կյանք կա, որը նրանք հպարտությամբ են կրում՝ երբեմն դժվարությունների, ծանրության, անհարմարությունների միջով, բայց անսահման հպարտությամբ ու մեծ սպասումով․․․
Ու երբ հաջորդ անգամ որոշեք հղի կնոջ արտաքինի մասին «կատակ» անել, նախ մտածեք՝ գուցե հենց այդ պահին նրա մարմինը աշխարհում ամենադժվար աշխատանքն է կատարում։
Այդ մարմինը ծաղրելու փոխարեն՝ սովորեք հարգել այն։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 2 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 1 հոկտեմբերի
Մոնիկա Բելուչին բացահայտում է իր սլացիկ կազմվածքի գաղտնիքները՝ մակարոնեղեն, գինի և նվազագույն ֆիզիկական վարժություններ22:28, 1 հոկտեմբերի
90-ամյա տղամարդը իր անթերի ոճի շնորհիվ դարձել է սոցիալական ցանցերի աստղ21:38, 1 հոկտեմբերի
Վան Գոգը՝ 180 միլիոն դոլարով, իսկ Սեզանը՝ 120 միլիոնով. Sotheby's-ը աճուրդի է հանում լեգենդար հավաքածուն20:24, 1 հոկտեմբերի
Դուբայը դառնում է նիշային օծանելիքի մայրաքաղաք. մեկնարկում է Notes Dubai-ը19:21, 1 հոկտեմբերի
Փափուկ «տնօրենների խորհուրդ». Anthropic-ի համահիմնադիրը աշխատանքային կոնֆլիկտները լուծել է խաղալիքների միջոցով19:04, 1 հոկտեմբերի
Yerevan Fashion Week. ինչպես է մայրաքաղաքում անցնելու աշնան գլխավոր նորաձևային իրադարձությունը17:31, 1 հոկտեմբերի
«Իսպանական Սպադուետ․ երաժշտական պատմությունների և մշակույթների հանդիպում». համերգ, որը խոստանում է դառնալ ոչ միայն երաժշտական, այլև մշակութային իրադարձություն16:25, 1 հոկտեմբերի
Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին16:14, 1 հոկտեմբերի
Վիրուսային «ամուսնու անկետան» փոթորիկ է առաջացրել սոցիալական ցանցերում. 36-ամյա ամերիկուհին ստացել է 241 դիմում փեսացուներից15:31, 1 հոկտեմբերի
Նա ընդամենը 10 տարեկան է, բայց իր ավտոտնակում արդեն Ferrari ունի. տղային նվիրել են 1.6 մլն դոլարանոց սուպերմեքենա15:15, 1 հոկտեմբերի
Ջոն Գալիանոն վերաիմաստավորել է Zara-ն՝ ծանոթ հագուստը վերածելով նորաձև ֆանտազիաների