«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Տանիք, որը հիշում է հին Երևանը. աղավնատան պահապանի պատմությունը

18:16, 30 օգոստոսի

Ժամանակին Երևանն ուներ իր ուրույն երկինքը։ Այն կիսում էին հարյուրավոր աղավնիներ, տասնյակ աղավնատներ և մարդիկ, որոնց համար տան տանիքը ամենասիրելի վայրն էր։ Այսօր քաղաքային այդ ավանդույթը գրեթե անհետացել է՝ թողնելով անցյալի միայն հազվագյուտ պահապանների։ Մենք զրուցեցինք այդպիսի պահապաններից մեկի հետ և պարզեցինք, թե ուր են կորել բոլոր աղավնատները։

Երևանի 12 վարչական շրջաններից արևմտյան ծայրամասում մի մեծ քնարան կա, որտեղ կանգնած է կարոտից կառուցված մի տաճար։ Խոսքը Մալաթիա-Սեբաստիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին է։ Այն կառուցվել է 90-ականներին։ Ցեղասպանությունից փրկվածների հետնորդներն իրենց հետ մի բուռ հարազատ հող են բերել պատմական Մալաթիայից և ավելացրել շինարարական շաղախին։ Այդպես տաճարը կանգնեց կորցրած հայրենիքի հիմքի վրա՝ միավորելով սերունդներին։ Ուրիշ որտե՞ղ, եթե ոչ այսպիսի վայրում, խորհրդանշական կլիներ աղավնատուն ունենալը։

Շուկայի անդադար աղմուկի միջով անցնում եմ խորհրդային բազմահարկ շենքերի կողքով։ Դրանք այնքան խիտ են կանգնած, ասես փակ ամրոցներ լինեն։ Տների ոլորապտույտ շարքերը մի ամբողջ քաղաքային լաբիրինթոս են ստեղծում, որտեղ ես հեշտությամբ մոլորվեցի։

Պատմում են, որ թաղամասի ճարտարապետները դիտմամբ են տներն այդպես քաոսային դասավորել։ Նպատակը քամու հոսքերը կոտրելն ու բակերը ուժեղ քամիներից պաշտպանելն էր, քանի որ թաղամասը քաղաքի ծայրամասում է։ Որոշումը, իհարկե, վիճելի է, հատկապես եթե հաշվի առնենք, թե որքան է Երևանին պակասում այդ նույն քամին։

Տասնյակ 16-հարկանի շենքեր անցնելուց հետո գտնում եմ փնտրածս շենքը։ Հենց այստեղ է ապրում Վլադիմիր Արարատյանը՝ պատկառելի տարիքի մի տղամարդ, որը տանիքում աղավնատուն է պահում։ Երբ նա 10-12 տարեկան տղա էր, հարևան շենքում աղավնիներ էին պահում։ Նա շատ էր սիրում գնալ ու նայել թռչուններին։ Որոշ ժամանակ անց աղավնատան տերը սովորեցրեց նրան խնամել թռչուններին և վստահեց դրանք տղային։ Այդպես հայտնվեց պատանի Վլադիմիրի առաջին աղավնատունը։

голуб4.jpg (61 KB)

Աղավնիները, ի դեպ, Արարատյանների տան միակ կենդանիները չեն։ Ընտանիքը պահում է նաև երգեցիկ դեղձանիկներ և մի գեղեցիկ, վայելչակազմ շուն՝ Չիմա անունով։ Չիման լայկայի և բակային շան խառնուրդ է։

Մինչ մենք խոսում էինք աղավնիների ու հին Երևանի մասին, ոտքերիս մոտ տեղավորվեց Չիման՝ ականջը մեկնելով ձեռքիս տակ։ Շոյում էի շանը, լսում պատմությունները ու մտածում, որ տան մթնոլորտը միայն մարդիկ չեն ստեղծում։ Երբեմն դրա պահապանն է դառնում շունը, որն իր խաղալիքներն էր վստահորեն մեկնում ինձ։

голуб10.jpg (83 KB)

Վլադիմիրը սիրում է կենդանիներին, բայց աղավնիների հանդեպ նրա վերաբերմունքն առանձնահատուկ է։ Նա քնքշությամբ է պատմում իր թռչունների մասին։ Հիշում է, որ լավագույն տարիներին հարյուրից ավելի աղավնի է պահել։ Տարիքի հետ այդքան թռչուն խնամելը դժվարացել է, և հիմա դրանց թիվը 30 է։

Շենքը 40 տարվա պատմություն ունի, և նույնքան էլ Վլադիմիրի աղավնատան տարիքն է։ Ընտանիքը տեղափոխվելուն պես տանիքում անմիջապես աղավնատուն է կառուցել։ Մինչ այդ Վլադիմիրը աղավնիներ էր պահում Շենգավիթում։

голуб.jpg (85 KB)

Հետաքրքիր փաստ. ձագերին կերակրում են և՛ էգը, և՛ արուն։ Դա, իհարկե, մեր հասկացած սովորական կաթը չէ, բայց արուները նույնպես հեղուկ են արտադրում սերնդին խնամելու համար։

Տեսողական ճանաչումից բացի, յուրաքանչյուր տեր ունի իր ուրույն սուլոցը, որով աղավնիները ճանաչում են նրան։

Վլադիմիրն իր աղավնիներին անուններ չի տալիս։ Դրա կարիքը չկա, որովհետև նա յուրաքանչյուրին տարբերում է գույներով, փետուրների բծերով և սովորություններով։

Տղամարդը պատմում է, որ մոտ 10 տարեկան մի զույգ աղավնի ունի։ Ընդհանրապես, աղավնիներն ապրում են մոտ 15 տարի։

Նա նաև մեկ աչքով աղավնի ունի։ Երբ նա դեռ ձագ էր, ագռավը հանել էր աչքը։ Վլադիմիրը կարծում էր, թե թռչունը չի ապրի, բայց նա մեծացավ, ամրացավ և հիմա ամբողջ երամի հետ հաճույքով պտտվում է տանիքի վրա։

голуб1.jpg (118 KB)

Աղավնիների բնավորությունները տարբեր են։ Կան այնպիսիք, որ երկու-երեք ժամ թռչում են ու իջնում։ Բայց միշտ կա մեկը, որը մյուսների իջնելուց հետո էլ շարունակում է միայնակ սավառնել ևս կես ժամ։ Քիչ թռչող ծույլ աղավնիներին Վլադիմիրը կատակով «դատարկապորտներ» է անվանում ու ավելացնում. «Դե, ցեղատեսակն է այդպիսին»։

«Բարձրանում եմ տանիք, մի ժամ աղավնիների հետ եմ լինում, ու նյարդերս հանգստանում են»։ Աղավնիները Վլադիմիրի համար պարզապես նախասիրություն չեն։ Նա թռչունների մոտ է բարձրանում օրական առնվազն երկու անգամ՝ առավոտը սկսելով և օրն ավարտելով նրանցով։

голуб2.jpg (79 KB)

Վլադիմիրի դուստրը՝ Էլեոնորան, պատմում է ժողովրդական մի հավատալիքի մասին։ Ըստ դրա՝ ամեն մարդ չէ, որ կարող է աղավնի պահել, որովհետև երբեմն դա վատ է անդրադառնում տիրոջ և նրա ընտանիքի վրա։ Կարող են տարբեր անախորժություններ պատահել, ինչպես եղել է Վլադիմիրի մի քանի ծանոթների հետ։ Ստացվում է՝ ոչ թե տերն է ընտրում աղավնիներին, այլ թռչուններն են որոշում՝ ընդունել նրան, թե ոչ։

Թվում է, թե բոլոր աղավնատները տեղափոխվել են Մալաթիա-Սեբաստիա։ Վլադիմիրը պատմում է, որ իրենց շրջակայքում մի քանի աղավնատուն կա։ Նախկինում դրանք շատ ավելի հաճախ էին հանդիպում՝ գրեթե ամեն բակում, բայց հիմա էլ ամբողջովին չեն անհետացել։ Տղամարդն ասում է, որ հիմա նորաձև է դարձել առանձնատներում աղավնատներ սարքելը և թռչուններին խնամելու համար հատուկ մարդկանց վարձելը։ Այնպես որ, աղավնատները կշարունակեն գոյություն ունենալ, թեև արդեն բոլորովին այլ մթնոլորտում։

голуб3.jpg (67 KB)

Վլադիմիրն իր յուրաքանչյուր աղավնուն անգիր գիտի և իսկույն նկատում է, եթե երամին օտար թռչուն է խառնվում։ Դա զարմանալի չէ, չէ՞ որ աղավնիները տասնամյակներ շարունակ նրա կյանքի մասն են։ Վերջերս տղամարդը հիվանդանոց էր ընկել և 3 ամիս չէր այցելել նրանց։ Թռչուններին խնամում էին դուստրը, կինը և ընկերը։ Դա միակ անգամն էր, որ նա այդքան երկար բացակայեց։ Վերադառնալուն պես, ծանոթ սուլոցը լսելով, աղավնիները ջերմ դիմավորեցին իրենց տիրոջը՝ պտտվելով նրա գլխավերևում։

Գաղտնիք չէ, որ աղավնիները լավ հիշողություն ունեն։ Բավական է հիշել փոստային աղավնիներին, բայց հասարակներն էլ հեշտությամբ են տան ճանապարհը գտնում։

голуб5.jpg (60 KB)

Իմ հարցին, թե պատահո՞ւմ է, որ աղավնիները թռչեն ու չվերադառնան, Վլադիմիրը վստահ պատասխանում է. «Իմոնք՝ ոչ»։ Վերջերս նա մի քանի աղավնի էր նվիրել Շենգավիթում ապրող ընկերոջը, բայց որոշ ժամանակ անց նրանցից մեկին նորից գտավ իր տանիքում։ «Վերադարձա՜վ»,- ժպիտով ասաց Վլադիմիրը։

— Մի անգամ՝ գարնանը, մի տասը աղավնի բաց թողեցի։ Նրանք բարձրացան, ու ներքևից մառախուղ բարձրացավ, ծածկեց նրանց։ Հետո տեսնում եմ՝ մի քանի օրից կամաց-կամաց վերադարձան, բայց ոչ բոլորը։ Մի լավ, փուփուլավոր մոխրագույն աղավնի ունեի, չկար։ Կես տարի անցավ, ու նա եկավ։ Ուրիշի աղավնատանն է եղել։ Երևի թևերի փետուրները կտրել էին ու պահել։ Երբ փետուրները նորից աճել են, օդ է բարձրացել ու վերադարձել ինձ մոտ։

Կարծես աղավնիների հանդեպ սերը սերնդեսերունդ է փոխանցվում։ Հայրը Վլադիմիրին պատմել է, որ իր պապը՝ ցարական բանակի սպան, նույնպես թռչուններ է սիրել և մի ամբողջ ամբար աղավնի է պահել։

Երբ բարձրացանք տանիք, անմիջապես հասկացա, թե ինչու է աղավնատունը հենց այստեղ։ Դիմացն Արարատն է, ձախում՝ Եռաբլուրը, աջում՝ Զվարթնոց օդանավակայանը։ Հայաստանում նույնիսկ աղավնիներն են Արարատի տեսարանով ապրում։

голуб6.jpg (48 KB)

Տիրոջ սուլոցի տակ թռչունները կորեկ կտցեցին ու ցրվեցին տարբեր ուղղություններով։ Շոգից երկար չթռան, բայց հասցրին ցույց տալ իրենց լավագույն պտույտները՝ երկնքում գլխապտույտ հնարքներ անելով։

Ես դժկամությամբ եմ հեռանում թռչուններից՝ անընդհատ հետ նայելով։ Տեսնում եմ, թե ինչպես է մեր գլխավերևում մի աղավնի սավառնում՝ ուղեկցելով ինձ ամբողջ տանիքով։ Իսկական արևակեզ օր էր։ Տանիքների վրա տապից ծփացող մշուշն էր, քամի չկար, բայց շուրջբոլորը հանգիստ էր ու գեղեցիկ, իսկ գլխավերևում լսվում էր միայն թևերի ձայնը։

голуб8.jpg (119 KB)

Եթե նախկինում աղավնատները քաղաքի բնական մասն էին, ապա այսօր դրանք անցյալի արձագանքներն են։ Այն Երևանի արձագանքը, որտեղ երեխաները ամբողջ օրը խաղում էին բակերում, ծերերը նարդի ու շախմատ էին խաղում, իսկ երեխան տուն էր վերադառնում ձեռքին կծած հացով։ Մանկական ծիծաղը տարածվում էր փողոցով՝ խառնվելով հարևանների ձայներին ու աղավնիների թևերի թափահարմանը։ Այս ամենի վրա կախված էր կիզիչ արևը, իսկ տարեցները թաքնվում էին ստվերում։ Ու տանիքների վերևում, ասես այդ ամենի անբաժան մաս, պտտվում էին աղավնիները։

голуб7.jpg (53 KB)

Նախկինում կյանքը եռում էր և՛ բակերում, և՛ տանիքներին։ Բակը տան շարունակությունն էր՝ հանդիպումների, զրույցների ու անշտապ երեկոների վայրը։ Այսօր բակը պարզապես տուն տանող ճանապարհ է, իսկ կյանքը պատսպարվել է պատուհանների հետևում։ Թվում է՝ աղավնիներն էլ են մեզանից թաքնվել։

голуб9.jpg (54 KB)

Երբ Վլադիմիրին հարցրի, թե ինչի կարոտը ամենաշատը կզգա, եթե վաղը բոլոր աղավնատները վերանան, նա վստահ պատասխանեց. «Չի կարող նման բան լինել»։ Սա պարզապես հույս չէ, այլ լիակատար համոզվածություն, որ աղավնատները կապրեն։ Չէ՞ որ աղավնիները միշտ տուն են վերադառնում, միայն թե այդ տունը լինի։ Իսկ աղավնատները շարունակում են գոյություն ունենալ հենց այն մարդկանց շնորհիվ, որոնք սիրով տուն են կառուցում թռչունների համար։

Եթե աղավնին խաղաղության թռչուն է, ապա Վլադիմիր անունը նշանակում է «աշխարհին տիրող»։ Եվ երբ դուք գլուխներդ վեր բարձրացնեք՝ աղավնիներ փնտրելով, Վլադիմիրը կշարունակի ամեն օր իր ձեռքերում պահել Երևանի երկինքը։

Ռեգինա Մելիքյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search