Ժամանակակից օրակարգը փորձում է մեզ համոզել, որ շուտով կանանց կփոխարինեն իդեալական ավատարները՝ անթերի արտաքինով, ուղեղի փոխարեն խոհարարական գրքով և գլխացավ չունեցող տրամադրությամբ։ Կանայք ուրախ են. վերջապես իրենց հանգիստ կթողնեն։ Տղամարդկանց էգոն շոյող անիրավունք ստրկուհու մասին հավերժական «թաց» ֆանտազիաներն մենք անգամ լուրջ չենք էլ դիտարկում։ Բայց նահապետական կարծրատիպերը, որոնք հիմա մեծ աղմուկով փլուզվում են, հիանալի թեմա են հեգնանքի համար՝ համեմված արագ զարգացող տեխնոլոգիաների մոտիվներով։ Ինչ-որ տեղ մենք սրա մասին արդեն լսել ենք․․․ ա՜հ, այո, ամենուր։
Օրինակ՝ «Սոուլմ8յթ» (Soulm8te) ֆիլմում, որը պատմում է հենց այդպիսի անթերի ավատարի մասին (իհարկե՝ իգական սեռի)։ Էլ ինչի՞ն է պետք ուրիշը. տղամարդիկ առանց այն էլ ոչ մեկին պետք չեն, ուրիշ բան են կանայք՝ ատում ենք, բայց կարիքն ունենք։ Հենց այսպիսի տրամադրությամբ են սկսվում ֆիլմի առաջին կադրերը, որտեղ տղամարդը սեքսով է զբաղվում կին ավատարի հետ, որը, որքան էլ անսպասելի է, ամենապատասխանատու պահին խափանվում է։ Խոստովանեք՝ այս պահին դուք էլ ժպտացիք։
Այս հրաշք-կինը, որը քիչ էր մնում վնասեր տղամարդու «վարունգը», պարզվում է՝ ինչ-որ խոշոր տեխնոլոգիական կորպորացիայի նորարարական մշակում է։ Մենք բոլորս արդեն գիտենք այս պատմության շարունակությունը. այստեղ ոչ մի անսպասելի բան չկա և չի էլ կարող լինել։
Սյուժեն, ճշգրիտ հաշվարկված համակարգչային կոդի պես, զարգանում է բոլոր կանոններով։ Գլխավոր հերոսների մեր եռանկյունին բաղկացած է ձանձրալի ծրագրավորող Դեյվիդից, որը սգում է քաղցկեղից մահացած կնոջ մահը, իդեալական ավատար Սառայից, որը ստեղծված է ճիշտ Դեյվիդի ճաշակով, և կենդանի կին Օբրիից՝ իր՝ ոչ մեկին պետք չեկող քննադատական մտածողությամբ։
Օբրիին ինչ-որ պատճառով դուր է գալիս իր ձանձրալի գործընկեր Դեյվիդը, որն զբաղված է միայն ինքնախղճահարությամբ։ Գլխավոր մենեջերի խորհրդով մեր թուլամորթ հերոսը մի հավելված է ներբեռնում, որտեղ արհեստական բանականության (ԱԲ) հետ սկսում է շփվել ճիշտ կենդանի մարդու պես։ Ի դեպ, խոսքը ծրագրավորողի մասին է, որը կարծես թե պետք է որ գլուխ հաներ իր մասնագիտությունից, բայց փոխարենը մեզ ցույց են տալիս բարդույթներով լի մի տղամարդու, որը վերջապես գտել է մեկին, ում գլխին կարող է «լցնել» իր նվնվոցը։
Անտանելի է նայել, թե ինչպես է Դեյվիդը լուրջ և արժեքավոր ՏՏ մասնագետից վերածվում կատարյալ ապուշի։ Նա այնքան արագ է տարվում ԱԲ-ի հետ զրույցներով, որ քիչ է մնում սիրահարվի նրան՝ հոգատարություն նմանակող «ո՞նց ես քնել / կերե՞լ ես / ո՞նց ես քեզ զգում» ոճի հաղորդագրություններից հետո։
Հանուն արդարության նշենք, թե որքան գեղեցիկ է ռեժիսոր Քեյթ Դոլանը ներկայացրել այս պահը. ԱԲ-ի հետ «հանդիպումից» առաջ Դեյվիդի բնակարանը նման էր խուլ ու մութ քարանձավի, իսկ հետո լույսերը կտրուկ փոխվեցին տաք արևային լույսի, որը պատուհաններից ընկնում էր Դեյվիդի երջանիկ դեմքին։ Գունային կորեկցիայի այս խաղը հետագայում նույնպես շատ նկատելի կլինի։
Շուտով միայն շփումը քիչ է դառնում, և Դեյվիդը որոշում է համաձայնել նոր ԱԲ ավատարի թեստավորմանը։ Առաքիչը բերում է մետաղական դագաղ, որտեղից կենդանանում է իր նամակագրությունների իդեալական լեդին՝ Սառան։ Սակայն հիշենք, որ ֆիլմը ժամանակ առ ժամանակ առատ է հեգնանքով, ուստի անմիջապես լսում ենք. «Ներառված է երեք հագուստ՝ գոգնոցով սարաֆան, գիշերային ակումբի զգեստ և դպրոցականի համազգեստ»։ Իսկական «Երեք ընկույզ Մոխրոտի համար» հեքիաթի տղամարդկային տարբերակը։
Սառան արագ սովորում է, տեսնում է հերոսի անոթազարկը, հույզերն ու ենթադրյալ մտքերը։ Ցերեկը, քանի դեռ հերոսն աշխատանքի է, մեր շիկահեր ավատարն ուսումնասիրում է թխվածքաբլիթների հարյուրավոր բաղադրատոմսեր, իսկ երեկոյան բավարարում է Դեյվիդին։ Այստեղ էլ առաջին անգամ հոսում է տղամարդկային արցունքը։ Սակայն Դեյվիդին անհանգստացնում է նրա իդեալական ու անիրական լինելը (ի՜նչ անսպասելի է), ինչը կերպարները գեղեցիկ կերպով անվանում են «պաշտպանության արձանագրություններ»։
Երբ Դեյվիդը հիշում է որպես ծրագրավորող իր հանճարեղության մասին, սկսում է փոխել Սառայի կոդը՝ ավելացնելով քննադատելու, սարկազմի, անհամաձայնության, սեփական կարծիք և կամք արտահայտելու ֆունկցիաներ։ Սկզբում դա զվարճալի է, քանի որ Սառան կարող է խայթել Դեյվիդին, վազել-դուրս գալ ու թռչկոտել անձրևի տակ և առհասարակ իրեն պահել կենդանի կնոջ պես։ Բայց հետո, իհարկե, ԱԲ-ին մարդկայնացնելու հերոսի բոլոր փորձերը շրջվում են հենց իր դեմ։
Ի վերջո, երբ ամեն ինչ դուրս է գալիս վերահսկողությունից, բոլոր կերպարներից միայն Օբրին է պահպանում ինքնատիրապետումն ու բանականությունը, և արդյունքում հենց նա էլ հարթում է ողջ խառնաշփոթը։ Տեսարաններից մեկում Սառան մարդկային ձևով նախատում է Դեյվիդին. «Այդ ի՞նչ ես գտել դրա մեջ։ Նրա ոտքերը չսափրած են, մազերը՝ յուղոտ, մաշկը՝ չոր, իսկ ես անթերի եմ, բայց դու միևնույնն է դժգոհ ես»։ Սա տեղի է ունենում այն բանից հետո, երբ ավատար Սառան չի հասկանում, թե ինչպես է իր ողջ իդեալականությամբ հանդերձ պարտվել այդ չսափրված Օբրիին անգամ անկողնում։ Ի՜նչ անսպասելի է, այնպես չէ՞։
Եվ թեև ֆիլմը չափազանց կանխատեսելի է, միևնույն է, դերասանական լավ խաղն ու սյուժեի դինամիկան սփոփում են հանդիսատեսին, ինչպես և տեխնոլոգիաների վտանգի մասին բարոյախոսությունների ու մետաղի արյունալի դաժանության բացակայությունը։
Այն բանից հետո, երբ Դեյվիդն անհաջող կերպով Աստված է խաղում, հանդիսատեսին պետք է որ պաթոսով լի և փիլիսոփայական խրատներ մատուցեին։ Սակայն ռեժիսորը չի անում դա՝ ֆինալում ձեզ թողնելով լարվածության թեթև զգացումով և հիշեցնելով, որ աշխարհը շարունակում է պտտվել տղամարդկանց սեռական չբավարարվածության և բարդույթների շուրջ։ Եվ նույնիսկ արհեստական բանականությունն է դա արդեն հասկացել և զինվել այդ գիտելիքով։
Ռեգինա Մելիքյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:16, 30 օգոստոսի
Տանիք, որը հիշում է հին Երևանը. աղավնատան պահապանի պատմությունը16:20, 30 օգոստոսի

14:19, 30 օգոստոսի
«Մաշկի դիետա»․ աշխատո՞ւմ է արդյոք կատարյալ մաշկ ունենալու համար TikTok-ի skin cycling մեթոդը12:30, 30 օգոստոսի
Հայկական ոճը դեմքերով․ ինչպես նորովի մատուցել ամառային սովորական հագուստը10:30, 30 օգոստոսի

09:00, 30 օգոստոսի
Կենդանակերպի նշաններ․ ձեր իդեալական սիրեկանի կերպարը19:21, 29 օգոստոսի
Խոհարարական նոր բացահայտում․ ԱՄՆ-ում կոչ են անում ուտել ձմերուկի կեղևը18:15, 29 օգոստոսի
«Ես նրանց չեմ կարոտում»․ Միշել Օբամայի խոստովանությունը դուստրերի մասին պառակտել է սոցիալական ցանցերը17:26, 29 օգոստոսի
Էփշտեյն, բռնաբարության մեղադրանքներ և սկանդալներ․ Նորվեգիայի նոր միապետը գահ է բարձրանում սկանդալներով արատավորված կնոջ կողքին16:57, 29 օգոստոսի

16:36, 29 օգոստոսի
6,2 միլիոն դոլարով բանան գնած միլիարդատերը դատի է տվել նախկին ընկերուհուն՝ 4,5 միլիոն դոլար հարսնացուի փրկագնի պատճառով15:28, 29 օգոստոսի
«Ու՞մ է պետք Rolex-ը». Մահացած միլիարդատեր Չարլի Մունգերի գլխավոր խորհուրդը երիտասարդներին