«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Մաքուր միջավայրում մաքուր մտքեր են ծնվում․ Հակոբ Միկոյանի «ՄաքրաՊատումը»

21:30, 6 սեպտեմբերի

Աղբը սովորաբար տեսնում ենք այնտեղ, որտեղ այն չպետք է լինի՝ փողոցում, անտառում, ճանապարհի եզրին, գետի ափին։ Բայց կա մի աղբ, որը աչքով չենք տեսնում։ Այն կարող է կուտակվել մարդու ներսում՝ մտքերի, վիրավորանքների, հպարտության, չարության, անտարբերության ու անհանդուրժողականության տեսքով։

Հենց այս երկու աշխարհների՝ արտաքինի և ներքինի մաքրությունն է տարիներ շարունակ իրար կապում աղբահավաք Հակոբ Միկոյանը։ Նրա համար աղբ հավաքելը պարզապես շրջակա միջավայրի պահպանության գործողություն չէ։ Այն դարձել է ինքնամաքրման, աղոթքի, ներքին խաղաղության և Արարչին ծառայելու ճանապարհ։

«Մենք բնությունը ստեղծողի հետ պայմանավորվածություն ունենք՝ ես մաքրում եմ Մայր Հողը, Նա մաքրում է մարդկանց մտքերը»,— ասում է Հակոբը։

Մի օր, որ փոխեց ամեն ինչ

Հակոբի կյանքում եղել է մի օր, որը նա առանձնացնում է որպես շրջադարձային՝ 2021 թվականի հոկտեմբերի 24-ը։

Մինչ այդ էլ նա մաքրում էր շրջակա տարածքները, բայց, ինչպես ինքն է ասում, չէր գիտակցում ամենակարևոր մի բան․ արտաքին աղբը մաքրելուն զուգահեռ անհրաժեշտ է մաքրել նաև սեփական ներսը։
Այդ օրվանից սկսվեց նրա ամենօրյա «ՄաքրաՊատումը»։

«Այդ օրվանից սկսած սկսեցի մաքրել նաև իմ միտքը ավելորդ աղբից»,— պատմում է նա։

Այսօր նրա համար բնության որևէ աղտոտված անկյուն մաքրելը միաժամանակ ներքին լռության հնարավորություն է։ Նա հաճախ հեռանում է քաղաքային աղմուկից, գտնում աղտոտված մի վայր և սկսում մաքրել։ Աղբի յուրաքանչյուր պարկի հետ կարծես մեկ այլ գործընթաց էլ է տեղի ունենում՝ մտքերի մաքրում։

«Ինքս ինձ հետ մեկուսանում, խաղաղվում, որքան որ հնարավոր է լինում»։

Մարդը ծնվո՞ւմ է մաքուր

5c4d15c9-a17e-4bb6-afc3-92d83272b76d.jpeg (110 KB)

Հակոբի համոզմամբ՝ այո՛։

«Մարդը ծնվում է մաքուր»,— ասում է նա՝ հիշելով Պարույր Սևակի հայտնի միտքը․ «Աշխարհին մանկան մաքրություն է պետք…»։

Մարդու մտքի ու հոգու վրա, ըստ նրա, հետագայում սկսում է ազդել միջավայրը՝ ընտանիքը, փողոցը, ընկերները, դպրոցը, բանակը, աշխատավայրը։ Նյութական մրցավազքը, ցանկությունները և մշտական պայքարը երբեմն մարդուն հեռացնում են ամենապարզ արժեքներից։
Իսկ մաքրությունը, նրա ընկալմամբ, միայն ֆիզիկական հասկացություն չէ։
Եթե շրջակա միջավայրն աղտոտված է, այդ աղտոտվածությունը ինչ-որ կերպ ներթափանցում է նաև մարդու գիտակցության մեջ։ Ուստի բնությունը մաքրելը նրա համար նաև մարդու ներաշխարհի վրա ազդելու միջոց է։

«Մաքուր միջավայրում մաքուր մտքեր են ծնվում…»

«Բարկությունը նույնպես աղբ է»

Ի՞նչ է անում Հակոբը, երբ հանդիպում է աղբ նետող մարդու։

Նա խոսում է։ Բայց փորձում է չդատել։

Եղել են նաև ագրեսիվ արձագանքներ։ Եղել են իրավիճակներ, երբ մարդիկ նույնիսկ բարեհամբույր խնդրանքին պատասխանել են կոպտությամբ։ Բայց տարիների ընթացքում նրա վերաբերմունքը փոխվել է։

Եթե նախկինում նման իրավիճակները կարող էին բարկացնել, այսօր նա փորձում է այլ կերպ արձագանքել։

«Բարկությունը նույնպես աղբ է»,— ասում է նա։

Երբեմն էլ նա պարզապես լռում է։ Ոչ թե որովհետև հրաժարվել է իր սկզբունքից, այլ որովհետև հասկացել է՝ յուրաքանչյուր կոնֆլիկտի մեջ մտնելը պարտադիր չէ։

Մարդկանց գիտակցելու պահը տարբեր է։

Հակոբը դա համեմատում է մետաղների հալման ջերմաստիճանի հետ․ տարբեր մետաղներ տարբեր ջերմաստիճանում են հալվում, և տարբեր մարդիկ էլ տարբեր ժամանակում են գիտակցում իրենց արարքը։
«Այլևս չեմ շտապում, ամեն ինչ վստահել եմ Արարչին»։

Չդատել մարդուն, քննարկել արարքը

1f7e1596-e600-46db-8b64-31bf1962822b.jpeg (81 KB)

Աղբի նկատմամբ մարդու վերաբերմունքը, իհարկե, կարող է ինչ-որ բան պատմել նրա մասին։ Բայց Հակոբն այստեղ ևս սահման է դնում։
«Ինձ տրված չի այդ իրավունքը, որ դատեմ տվյալ մարդուն։ Կարող եմ քննարկել մարդու արարքը, երբեք ոչ նրան»։

Այս մոտեցման հիմքում նրա հավատն է, որ յուրաքանչյուր մարդու ներսում լույս կա։

Պարզապես երբեմն պետք է գտնել այդ լույսը վառելու ճիշտ ճանապարհը։
Սա է պատճառը, որ Հակոբի համար աղբ հավաքելը պայքար չէ մարդկանց դեմ։ Դա պայքար է անտարբերության դեմ։

Ամեն պարկ աղբը՝ աղոթք

Գուցե ամենահետաքրքիրն այն է, որ Հակոբն իր կատարած աշխատանքը նույնիսկ աշխատանք չի անվանում։
Ամեն հավաքած պարկի մեջ նա տեսնում է մի փոքրիկ աղոթք, մեդիտացիա, ծառայություն։

«Ամեն պարկ աղբ հավաքելը ինձ համար աղոթք է/ մեդիտացիա։ Ով ինչպես ցանկանա, կարող է հասկանալ»։

Նրա համար կարևոր չէ՝ քանի մարդ կտեսնի այդ աշխատանքը, քանի հոգի կփոխվի դրա արդյունքում կամ վաղը նորից աղբ կթափվի, թե ոչ։

«Արդյունքներից կախված չեմ։ Անում եմ այն, ինչ պետք է անեմ»։
Այս մտածելակերպը, թերևս, նրա ճանապարհի ամենաուժեղ կողմերից մեկն է։

Որովհետև երբ մարդը գործում է միայն արդյունքի համար, կարող է արագ հիասթափվել։ Իսկ երբ գործողությունն ինքնին դառնում է արժեք, ճանապարհը շարունակելու ուժը ներսից է գալիս։

Մայր Հողը՝ մոռացված մայր

eb236f67-8889-4822-b2e6-2b2a325b9dc5.jpeg (57 KB)

Հակոբի համար բնության նկատմամբ վերաբերմունքը նաև հասարակության և մարդկանց փոխհարաբերությունների մասին է։

Նա հողը անվանում է «Մայր Հող»՝ մեզ կերակրող մայր, որին, սակայն, իր իսկ զավակների մի մասը հաճախ արհամարհում է։

Եվ այստեղ բնապահպանական խնդիրը վերածվում է շատ ավելի մեծ հարցի։
Եթե մարդը չի կարողանում սիրել այն հողը, որի վրա ապրում է, ինչպե՞ս պետք է կարողանա սիրել մեկ այլ մարդու։

Եթե ներսում կուտակվում է չարություն ու ատելություն, դրանք, ըստ Հակոբի, ի վերջո սկսում են քայքայել հենց մեզ։

«Եթե Սերը հողի նկատմամբ չվերականգնենք, չենք կարող հանդուրժել միմյանց, ատելությունը ու չարությունը ցեցի նման մեզ ներսից կքայքայի»։

Եվ այստեղ նրա «ՄաքրաՊատումը» ստանում է ավելի լայն իմաստ․ մաքրել ոչ միայն այն, ինչ տեսանելի է, այլև այն, ինչ թաքնված է մարդու ներսում։

Ի՞նչ է տվել այս ճանապարհը

Այս տարիներին եղել են հիասթափություններ։ Եղել են կոպիտ արձագանքներ, անտարբերություն, մարդիկ, որոնք շարունակել են անել նույնը։

Բայց Հակոբը ճանապարհից ստացել է մի բան, որը գուցե չէր էլ սպասում ստանալ՝ ներքին փոփոխություն։

Նա խոսում է ներդաշնակության, համբերատարության և խաղաղության մասին։ Բայց ամենակարևոր ձեռքբերումը համարում է սրտի՝ անշահախնդիր և անանձնական սիրով լցվելը։

«Ավելի քիչ դատել, ավելի շատ ներել ու սիրել…»

Միաժամանակ նա չի ասում, թե հասել է վերջնակետին։

Ընդհակառակը՝ գիտակցում է, որ դեռ աճելու տեղ ունի։
«Զգում եմ, որ երբեք այսպիսին չեմ եղել, միևնույն ժամանակ հասկանում եմ, որ էլի տեղ ունեմ… Այդ զգացումը պարզապես հրաշալի է»։

Գուցե հենց սա է ինքնամաքրման ճանապարհի ամենակարևոր գաղտնիքը․ երբ մարդը կարծում է, որ արդեն մաքուր է, երևի սկսում է կանգ առնել։ Իսկ երբ հասկանում է, որ դեռ ճանապարհ ունի անցնելու, շարունակում է աճել։

«ՄաքրաՊատումը այլընտրանք չունի»

ee737d9a-80f9-420c-8f11-9c48cd103b94.jpeg (51 KB)

Հակոբ Միկոյանի պատմությունը միայն աղբ հավաքող մարդու պատմություն չէ։

Այն հարց է՝ ի՞նչ ենք մենք անում այն աղբի հետ, որը կուտակվում է մեր ներսում։

Ո՞վ է մաքրում մեր մտքերը, երբ դրանք լցվում են նախանձով, վիրավորանքով, բարկությամբ, հպարտությամբ։

Գուցե այդ աղբը ոչ ոք չի կարող հավաքել մեր փոխարեն։
Գուցե յուրաքանչյուր մարդ ինքն է պատասխանատու իր ներսի մաքրության համար։

Հակոբի համար այդ ճանապարհը սկսվում է շատ պարզ գործողությունից՝ կռանալ, վերցնել գետնին նետված աղբը և դնել պարկի մեջ։ Բայց այդ փոքրիկ շարժման մեջ նա տեսնում է ավելի մեծ խորհուրդ։

  • Մաքրել շրջապատը՝ մաքրել նաև միտքը։
  • Ծառայել Երկրին՝ ծառայել Արարչին։
  • Ավելի քիչ դատել։
  • Ավելի շատ ներել։
  • Ավելի շատ սիրել։

Եվ գուցե հենց այդտեղ է սկսվում իսկական «ՄաքրաՊատումը»՝ ոչ թե մեր ոտքերի տակ, այլ մեր ներսում։ «Բոլոր բնագավառներում՝ #ՄաքրաՊատումըԱյլընտրանքՉունի»։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search